«Երկար վերադարձի» երկար ջանքերը

11651098_902251916479968_1098588563_nՀայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ռակուրս» ֆիլմարտադրող ընկերության, «AP cinema» կազմակերպության համատեղ ջանքերով դեռ 2014 թվականից նկարահանվում է ռեժիսոր Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը։

Ստեղծագործական խումբը նոր է վերադարձել հերթական նկարահանումներից ու պատրաստվում է 3-րդ փուլն սկսել, որի համար ամառային եղանակ է հարկավոր։ Սակայն Արցախյան պատերազմի, Սումգայիթի, Բաքվի ջարդերի  դրամատիկ իրադարձությունների կիզակետում հայտնված մարդկանց ճակատագրերի մասին պատմող լայնածավալ ֆիլմը շարունակելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, իր նախատեսածի համաձայն, գումար տրամադրել է, բայց դա բավարար չէ ֆիլմն ավարտելու համար։ «Երկար վերադարձը», մեր հնարավորությունների համեմատ, թանկարժեք ֆիլմ է, թեև մի քանի հարյուր հազար եվրոն դրսի ֆիլմարտադրողներին կարճամետրաժների համար է բավարարում միայն։

11637924_902256796479480_1081267167_nԱյնուամենայնիվ, «Երկար վերադարձի» ստեղծագործական խումբը հույս ունի, որ ֆինանսական միջոցներ կգտնի ու կվերսկսի նկարահանումները։ Զանգվածային ու ամենաբարդ տեսարանները, պատերազմական պատկերները նկարահանված են. պարզորոշ գծագրված է ֆիլմի տեսլականը։ Բոլորի նպատակը մեկն է՝ ամեն գնով «Երկար վերադարձը»  կինոէկրան բարձրացնել։

Ֆիլմի պրոդյուսեր և երկրորդ ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանը «Կինոաշխարհին» ներկայացրեց արված աշխատանքն ու խոսեց այն մտահոգությունների մասին, որոնք համընդհանուր է մեր կինոաշխարհի համար։

   -Ինչպե՞ս կգնահատեք մինչև այժմ ունեցած արդյունքը։ Գո՞հ եք նկարահանումներից, ստացված նյութից, սստեղծագործական աշխատանքից։ Արդարանո՞ւմ են Ձեր սպասումները։

- Ընդհանուր առմամբ բոլորս էլ գոհ ենք, որովհետև նվազագույն պայմաններով ստացել ենք առավելագույնը, ինչը մեծ ջանքեր, ներուժ, էներգիա, առողջություն է պահանջում։ Կարծում եմ՝ «Երկար վերադարձը» Արցախյան պատերազմի թեմայով մինչև այժմ նկարահանված հայկական ֆիլմերից ամենածավալունն ու տարողունակն է։ Այնպիսի զանգվածային  տեսարաններ, պատերազմական նկարագրություններ, ինչպիսիք մենք ենք նկարահանել, ոչ մի այլ ֆիլմում չեք տեսել։ Դրանք ամենաբարդն են, պահանջում են կազմակերպչական ահռելի աշխատանք, ընդ որում՝ թե՛ նախապատրաստական, թե՛ բուն նկարարահանման փուլերում։ Երբ գործ ունես մի քանի տասնյակ մարդկանց հետ նկարահանման մեծ հրապարակում, որտեղ իսկական պատերազմ է ընթանում ու յուրաքանչյուր կերպար ֆիլմի հերոս է՝ իր ասելիքով ու նշանակությամբ, կազմակերպչական, ստեղծագործական բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջվում։ Շնորհակալություն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որի աջակցությամբ ֆիլմին տրամադրվել է ռազմական տեխնիկա։ Քչերը գիտեն, թե ինչքան դժվար է զանգվածային տեսարանների համար մասնագետ գտնելը։ Ռեժիսորը նկարահանման հրապարակում հաճախ է կանգնում փաստի առաջ։

  11639177_902250883146738_219598160_o (1) -Դերասանների խա՞ղը չի բավարարում, թե՞ դժվար է կառավարելը մարդկանց, երբ նրանք շատ են ու գործ ունես բոլորի, բայց միաժամանակ՝ յուրաքանչյուրի հետ առանձին։

- Կինոմասնագետ պատրաստող երկու բուհ ունենք, բայց չունենք կինո սպասարկող մասնագետներ՝ տեխանձնակազմ, դիմահարդարներ, լուսավորողներ։ Եթե Հայաստանում միաժամանակ երկու գեղարվեստական ֆիլմ նկարահանվի, ուրեմն ռեժիսորներից մեկը կկանգնի փաստի առաջ, որովհետև նշածս մասնագետները եզակի են. եթե այս ֆիլմում աշխատեն, ուրեմն մյուսի ռեժիսորը կմնա ձեռնունայն, իսկ այլընտրանքի դեպքում ստիպված ոչ լավ մասնագետի հետ կաշխատի։ Չունենք զանգվածային տեսարանների քասթինգի ստուդիաներ, որոնք համապատասխան դերասաններ կառաջարկեն նմանատիպ ֆիլմերի ռեժիսորներին։ Թեև դերասաններն արտաքինով համապատասխանում են  ֆիլմի կերպարներին,  պատերազմի տեսարաններ նկարահանելիս տեսնում ես, որ կռվել, զենք բռնել, անգամ վազել չգիտեն։ Սակայն,  դժվարություններով հանդերձ, ստացել ենք մեր ուզածը։

   -Կա՞ն դերասաններ, որոնց նորովի բացահայտեցիք ֆիլմում, ու ֆիլմն էլ նրանց ինքնաբացահայտման նոր հնարավորություն տվեց։

-Ֆիլմում շատ գույներ կան. կերպարները մեկը մյուսին նման չեն։ Յյուրաքանչյուրն իր տեսակը, իր որակը, իր կոլորիտն ունի։ Մեր նպատակն է ստեղծել մարդկային բնավորության, խառնվածքի, անհատականության տարբեր նկարագրեր։ Նման կերպարների համար մեծ դժվարությամբ ենք ընտրել դերասաններին։ Բոլորն էլ արդարացրել են մեր սպասումները, իսկ ոմանք ուղղակի գերազանցել են իրենց։ Նրանց տաղանդը մեզ համար էլ էր բացահայտում, օրինակ՝ Գյումրու թատրոնի դերասաններ Հովհաննես Հովհաննիսյանը, Արկադի Ղարագուլյանը։ ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը յուրաքանչյուր ֆիլմում զարմացնում է իր տաղանդով, մեր ֆիլմում՝ ևս։ Իսկապես նվիրյալներ կան՝ արվեստի, կինոյի նվիրյալներ, որոնք ամբողջ էությամբ են զգում ու խաղում դերը։ Ափսոսում ես, որ նրանցից ոմանք հաճախ չեն ինքնադրսևորվելու առիթ ունենում,  մինչդեռ փայլուն դերեր կկերտեին։

11652008_902251599813333_1311546473_n-  «Կինոաշխարհի» հետ ֆիլմի ռեժիսոր Շավարշ Վարդանյանի նախորդ հարցազրույցում, որը տեղի ունեցավ աշնանը՝ մինչև ֆիլմի նկարահանումները, մանրամասն ներկայացվեց ֆիլմի սյուժեն։ Այն փոփոխության չի՞ ենթարկվել՝ ելնելով թեկուզև տեխնիկական, ֆինանսական սուղ պայմաններից։ 

- Եթե պետք է եղել, նկարահանման դեկորացիաներ ենք պատրաստել, ամեն ինչ արել, որպեսզի 1990-ականներին տեղի ունեցող դեպքերը՝ ժամանակաշրջանի ոգով ու շնչով, պատմական փաստերի լեզվով, մարդկային հոգեբանության բնական դրսևորումներով փոխանցենք կինոդիտողին։ Աշխատել ենք ամեն ինչ բարձր պրոֆեսիոնալիզմով անել, ոչ թե հարմարվելով իրադրության հետ։ Մենք գիտենք, որ նման ֆիլմ նկարահանելու համար փոքր գումարով չես բավարավի. լուրջ ներդրում է պետք, որովհետև մեր մոտեցումն էլ լուրջ է։  Գուցե և հնարավոր լիներ  մեծ թերություններով ու ակնհայտ սխալներով գեղարվեստական ֆիլմ նկարել՝ սահմանափակվելով չնչին բյուջեով։ Բայց դա մեր սկզբունքներին դեմ կլիներ։ Մեր նպատակն է էկրան բարձրացնել լավ կինո, որը կթարգմանվի ռուսերեն, ֆրանսերեն, այլ լեզուներով ևս ու կներկայացվի դրսում։ Սա ազգային թեմա է, մեր պատմությունը, մեր անցյալը, որը ներկայացված է մեծ կտավի վրա։ Արցախյան հերոսամարտը մեր պատերազմն է, ճիշտ է, բայց այս ֆիլմը հասանելի ու հասկանալի կլինի տարբեր ազգերին։

Նկարահանումների մի փոքրիկ մասը տեղի կունենա  Փարիզում, եթե հաջողվի համալրել մեր ֆիլմի բյուջեն, իսկ եթե ոչ, ստիպված ենք Փարիզ «ստանալ» Երևանում։

   11653384_902252039813289_1718737746_n-Ներդրողներ կամ հովանավորներ գտնելու համար Դուք և՞ս շատ ռեժիսորների նման, որոնք ճռճռան անուն չունեն, փակ դռների եք հանդիպում։

-Մենք նկարահանում ենք ֆիլմ Արցախյան պատերազմի մասին, հետևաբար լիմոնադ, մակարոն, պաղպաղակ գովազդել չենք կարող։ Իսկ հովանավորը հարցնում է. «Ես ի՞նչ ակնկալիք ունենամ այդ ֆիլմից, իմ շահը ո՞րն է լինելու, որտե՞ղ է երևալու իմ արտադրանքի գովազդը»։ Տրամաբանական հարց է, որին պատասխան չունենք։ Իսկ երբ ասում ես՝ ֆիլմի ծախսերը տոմսերի վաճառքից դուրս կգա, հարցնում են՝ իսկ եթե ֆիլմը պահանջարկ չունենա՞։ Ազգային կինոյի դեպքում դա չի բացառվում, որովհետև հասարակությանը հիմա կարճ կյանք ունեցող կոմեդիաներն են հետաքրքրում, իսկ ներդրողն էլ շահագրգռված է հենց այդպիսի ֆիլմերի վրա գումար ծախսել, որպեսզի արագ եկամուտ ունենա։

   -Այդ դեպքում ի՞նչ է մնում. ազգային կինո չնկարե՞լ, հասարակությանը միայն ծիծաղեցնե՞լ, զվարճացնել ու զրկե՞լ նրան մտածելու, հուզվելու, իմաստավորված ապրելու հնարավորությունից։ Ո՞ւր է այլընտրանքը, ի վերջո, ո՞վ է որոշել, որ բոլորը հենց այդպիսի ֆիլմեր են սիրում։ Ինչո՞ւ են մի քանիսը որոշում կայացնում բոլորի անունից ու իրենց ցածր ճաշակը պարտադրում։ Ինչ-որ ելք պե՞տք է այս իրավիճակից դուրս գալու համար։

-Կարծում եմ՝ ազգային կինոն պետք է միայն ու միայն պետական հովանավորություն ունենա։ Ազգայինը մնայուն արժեք է ու սերունդներին է պետք։ Եվ այս դեպքում չպետք է կարևորվի՝ ազգային կինոն փող կբերի՞, թե ոչ։ Ազգային կինոն փող բերելու համար չէ։ Օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններ տալ ազգային կինոն հովանավորողին, կարծում եմ, սխալ է։ Այդ դեպքում բոլորը կսկսեն ազգային կինո նկարել, այսինքն՝ ֆիլմում  որոշ ազգային տարրեր կպահպանեն ու էլի ինչ ուզեն, կնկարեն ազգային կինոյի անվան տակ։ Հարկ վճարողը պետք է հարկ վճարի, որպեսզի երկրի տնտեսությունը զարգանա։ Պետք չէ նրան ազատել հարկերից՝ ֆիլմ հովանավորելու համար։ Այլ կերպ եմ տեսնում լուծումը։ Ֆիլմարտադրությանն աջակցելու դիմաց ընկերությունը կստանա որոշակի քանակությամբ տոմսեր։ Այսինքն՝ դեռ ֆիլմը չնկարահանած՝ նա արդեն գնում է տոմսերը։ Այդպիսով կլուծվի նաև հանդիսատեսի խնդիրը. ազգային կինոն կունենա հանդիսատես, որը  մինչ այդ միայն թեթև հումորային ֆիլմերի էր սովոր։ Կվերականգնվի կինոէկրանին լավ ֆիլմ դիտելու ավանդույթը, ինչը, ակնհայտորեն, դաստիարակչական, կրթական նշանակություն ունի ու կստեղծի ազգային արժեհամակարգ։

   11653314_902250996480060_1130527370_n-Հիմա դուք աջակիցների կարիք ունեք. ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։ Չէ՞ որ ֆիլմը մեծ մասամբ նկարահանված է ու պետք է այն ավարտին հասցնել։

-Ես պատրաստել եմ 10 րոպե տևողությամբ հոլովակ, որը լիարժեք պատկերացում կտա, թե կինոյի ինչպիսի որակի, լեզվի, մտածողության մասին է խոսքը։ Այն հանրային դիտման համար չէ, բայց կցուցադրենք նրանց համար, ովքեր, կարծում ենք, կարող են օգնել մեզ։ Միգուցե հաջողվի ազգային գաղափարներով ոգևորել նրանց։ Համենայն դեպս, հույս ունենք, որ կստացվի։ Հիմա մեզ համար ցանկացած օգնություն մեծ արժեք ունի, անգամ՝ ոչ ֆինանսական։

   Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, «Երկար վերադարձ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը պատրաստ կլինի 2016-ին ու էկրան կբարձրանա մեր ազգային տոներից մեկի առիթով:

 

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

 

 

 

-

 

 

Դիտվել է 591 անգամ

Calendar

June 2015
M T W T F S S
« May   Jul »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930