«Բանտարկված հոգիներ»

«Բանտարկված հոգիներ»` Զորյան ինստիուտում պահպանվող իրական մարդկանց պատմությունների հիման վրա ստեղծվող վավերագրական-անիմացիոն ֆիլմաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ: «Կինոաշխարհը» զրուցել է ֆիլմի հեղինակների՝ Իննա Սահակյանի և Վարդան Հովհաննիսյանի հետ:

hovhannisyan_vardan-filmmaker-bioՍցենարի հեղինակ և ռեժիսոր Վարդան Հովհաննիսյան
- Ես երբևէ ցանկություն չեմ ունեցել ֆիլմ նկարահանել ցեղասպանության մասին, որովհետև այլևս ոչնչով չէի կարող փոխել այդ իրավիճակը: Գուցե դա կարելի է համարել բարդույթ, դժվարանում եմ ասել: Բայց ավելի շուտ դա պայմանավորված էր նրանով, որ չկային անհրաժեշտ պայմանները, չկային հերոսներ: Նրանք կա′մ շատ փոքր են եղել այդ իրադարձությունների ժամանակ, կա′մ այսօր շատ ծեր են և դժվարությամբ են հիշում ու պատմում 100-ամյա վաղեմություն ունեցող դեպքերը: Չկան նաև ոճրագործության իրական մեղավորները: Բոլոր հանցագործները մահացել են: Չկային նաև արխիվային կադրեր: Վավերագրական ֆիլմի համար այս ամենը չափազանց կարևոր է: Վերացական, հերթական լացակումած ֆիլմը նկարելու ցանկություն չունեի: Ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմը պետք է ազդի ոչ միայն հայի, այլև յուրաքանչյուր օտար մարդու վրա, որը ոչինչ չգիտի այդ պատմության մասին: Ֆիլմը պետք է ազդի հանցագործների թոռների վրա, որպեսզի հասկական, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այդպիսի ֆիլմ ստեղծելու համար ես նյութ չունեի:
Բայց 1989 թվականին հետաքրքիր բան տեղի ունեցավ: Երբ առաջին անգամ գնացի ԱՄՆ, այցելեցի Զորյան ինստիտուտ: Տեսա, որ այնտեղ տեսագրադարան ունեն, որտեղ պահպանվում էին հարյուրավոր ձայնագրություններ VHS ժապավենների վրա: Մտա այդ սենյակն ու բացեցի պահարանը: Դիտեցի մի ժապավեն, որում մի քանի մեծահասակ մարդիկ պատմություններ էին պատմում: Ժապավենը շատ անորակ էր, որովհետև սիրողական մակարդակով էր արված. Լույսը` վատ, ձայնը` վատ, բայց պատմությունները ֆանտաստիկ էին: Նկարել էին կամավորները: Ձայնագրություներն արվել էին այդ մարդկանց պատմությունները վավերացնելու և պահպանելու համար, որպես իրեղեն ապացույցներ: Դա ոչ թե կինոյի, այլ պատմության համար էր: Մարդկանց ուղղված հարցերն ունեին որոշակի ձևաչափ՝ որտեղի՞ց եք, քանի՞ մարդ կար ձեր գյուղում, ինչպիսի՞ հագուստ էին հագնում կանայք և այլն: Թվում էր՝ սովորական պատմություններ պիտի պատմեին, բայց շշմելու բան էր տեղի ունենում: Անձնական պատմությունների փոքրիկ դրվագները երբեմն այնպես էին տպավորվում, որ փշաքաղվում էի:
Օրինակ՝ մեկը պատմում է թթենու մասին, ինչպես էր մանկության տարիներին թաքնվում այդ ծառի մոտ, պատմում է ծառի հոտի, հողի մասին: Մեկ ուրիշը պատմում է կողպեքի մասին, որը հայրը տնից հեռանալիս հանել էր, որպեսզի թուրքը չկարողանա իր դուռը նույն կողպեքով բացել: Հիմնականում մանկության հիշողություններ էին:
Զորյան ինստիտուտում այդ ձայնագրություններն արվել են 70-90-ական թվականներին: Ցեղասպանության տարիներին այդ մարդիկ երեխաներ են եղել: Երբ պատմում էին, 75-80 տարեկան էին: Դա այն տարիքն է, երբ մարդն իր մանկությանն է վերադառնում և մանկության հիշողություններն ավելի վառ են դառնում: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ այդ տարեց մարդիկ իրենց պատմությունների նույն փոքրիկ հերոսներն են: Այդ ժապավենները շատ հետաքրքիր էին, բայց դրանք օգտագործելն այդ ժամանակ անհնար էր: Բացի այդ, Արցախյան պատերազմն էր սկսվել, ու ես մտածում էի, որ ավելի լուրջ խնդիր ունենք լուծելու:
1991 թվականին կրկին այցելեցի Զորյան ինստիտուտ: Մնում էի հյուրերի համար նախատեսված սենյակում և գիշերները հաճախ իջնում նույն գրադարանն ու դիտում ձայնագրությունները: Նոր ու հետաքրքիր տպավորություններ: Նույնը 93 թվականին ԱՄՆ այցի ընթացքում տեղի ունեցավ:
Մի քանի տարի առաջ, երբ ԱՄՆ-ում էի, նորից այցելեցի Զորյան ինստիտուտ: Տնօրեն Գուրգեն Սարգսյանին հարցրեցի ժապավենների մասին: Ասաց, որ դրանք ձայնագրվել են DVD սկավառակների վրա ու պահպանվում են առանձին պահարանում: Երբ բացեցի այդ պահարանը, տարօրինակ զգացողություն ունեցա: Հազարավոր մարդկանց պատմություններ տարիներ շարունակ փակված են այդ պահարանում, ինչպես բանտարկված հոգիներ: Մարդիկ իրենց ցավն են պատմել, բայց ցավը փակված է մնացել այդ պահարանում: Վերապրողների պատմություններն ինստիտուտում օգտագործվել են գիտական, փաստաբանական նպատակներով, բայց աշխարհն այդ պատմություններին անհաղորդ է: Այդ պատմություններից յուրաքանչյուրը մարդկային մի մեծ ողբերգություն է, որի մասին պետք է իմանան մարդիկ: Զորյան ինստիտուտը հսկայական աշխատանք է արել՝ ստեղծելով այդ արխիվն ու պահելով հիշողությունը, բայց …
Երբ վերդարձա, սկսեցի ավելի հաճախ մտածել այդ արխիվի մասին ու հասկացա, որ դրան չանդրադառնալը հանցագործություն է: Յուրաքանչյուրս պետք է անի իր գործը: Զորյան ինստիտուտն արել ու անում է գիտական հսկայական աշխատանք, մենք էլ պիտի անենք մեր գործը կինոյում:
Ֆիլմի լավագույն արտահայտչամիջոցը վավերագրական-անիմացիոն ժանրն էր: Այդ պատմությունների մանկական գույնզգույն հիշողությունները փոխանցելու միջոցը դարձավ անիմացիան: Ֆիլմը սկսվում է հարցազրույցի կադրերով, բայց շարունակվում է հիշողությունները վերարտադրող անիմացիայով: Կարծում ենք` այս լեզուն հասկանալի կլինի բոլորին: Մոտ տասը ֆիլմ ենք նախատեսում: Ամենայն հավանականությամբ, այդ շարքում կլինեն նաև այլ ցեղասպանությունների նվիրված ֆիլմեր: Հետագայում կաշխատենք օտարազգի տարբեր անիմատորների հետ, բայց առաջին ֆիլմի նկարիչը Հայկ Սայադյանն է:
Իննա ՍահակյանՌեժիսոր Իննա Սահակյան
- Առաջին ֆիլմը ՝ «Ավրորան», նվիրված է Ավրորա Մարդիգանյանին, որի վերաբերյալ նյութեր կան և՛ Զորյան ինստիտուտում, և՛ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում: Բոլոր նյութերը խորությամբ ուսումնասիրել ենք: Զորյան ինստիտուտում պահպանվում է 84-ամյա Ավրորայի 4-ժամանոց հարցազրույցը: Մեր ֆիլմի հիմքում այդ հարցազրույցն է: Ավրորայի թեման այսօր շատ է արծարծվում, բայց հարցազրույցում կան այնպիսի հետաքրքիր դրվագներ, որոնք անգամ նրա հեղինակած գրքում չկան: Ֆիլմում փորձել ենք դրանք ներառել:
Վերապրածների պատմությունները բազմաթիվ են՝ ինքնազոհողության, պայքարի, մաքառման պատմություններ: Մենք փորձել ենք վերցնել ամենահետաքրքիրը: Ինչպես են մարդիկ ամենաանմարդկային պայմաններում գերմարդկային որակներ դրսևորել: Առանձնացրել ենք դեպի բարին, լույսը տանող պատմությունները:
Նկարահանումներ են կատարվել Թուրքիայում: Ֆիլմաշարի սկզբունքներից մեկն է՝ պատմություններն ավարտել այսօրվա Թուրքիայի բնապատկերներով, որոնց հաճախ անդրադառնում են վերապրողները: Դրանք այն ճանապարհներն են, որոնցով անցել են մեր հերոսները: Ֆիլմերում վերացականից տեղափոխվում ես արդի Թուրքիա, որտեղ կան ծառերը, կիսափուլ եկեղեցիները, բայց չկան մարդիկ…
Ամբողջ ֆիլմաշարը նախատեսում ենք ավարտել մինչև 2022 թվականը: Անիմացիայի ժանրը բավականին բարդ է: Մենք ցանկանում ենք աշխատել նաև այլազգի անիմատորների հետ: Չափազանց կարևորում ենք, որ ֆիլմը լինի ոչ միայն հայկական շուկայի համար, այլև՝ միջազգային: Այդ ուղղությամբ ևս այսօր մեծ աշխատանք է տարվում: Առաջին ֆիլմի՝ «Ավրորայի» պրեմիերան նախատեսվում է 2015-ի դեկտեմբերին Երևանում: Ազգային պրեմիերայից հետո ֆիլմը կունենա նաև միջազգային պրեմիերա:

Ալիսա Գևորգյան

Դիտվել է 127 անգամ

Calendar

June 2015
M T W T F S S
« May   Jul »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930