«Անբան Հուռին»՝ օգոստոսյան կինոէկրանին

10351447_738841256202924_5935896775868356771_nՀովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանվող «Անբան Հուռի» անիմացիոն ֆիլմն օգոստոսին էկրան կբարձրանա։ Այս կինոնախագիծը հանրության շրջանում բավականին մեծ արձագանք ստացավ  հատկապես երբ բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանը հասարակական աջակցության ակնկալիքով www indiegogo.com-ում տեղադրեց «Անբան Հուռի» մուլտֆիլմից մի հատված։  Ինտերնետային այս հարթակի արվեստի բաժնում «Անբան Հուռին» զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Մոտ 500 մարդ արձագանքել է և  հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերել նախագծին։ Արթուրը «Անբան Հուռին» համարում է համահայկական նախագիծ, թեև մուլտֆիլմին աջակցել են նաև օտարազգիներ, օրինակ՝ ֆինլանդացի մի մուլտիպլիկատոր 500 դոլար է հատկացրել։ Ընդհանուր առմամբ կինոնախագիծը կարժենա մոտ 35 հազար դոլար, որի 30-40 տոկոսը տրամադրելէ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մնացած գումարը հավաքվել է հանգանակությամբ։ Արդյունքում 2011 թվականին մեկնարկած մուլտ-նախագիծը շուտով պատրաստ կլինի։ Ստեղծագործական թիմն օրնիբուն աշխատում է, հնչյունային աշխատանքները դեռ չեն ավարտվել. օգոստոսին հանրության դատին կներկայացվի մուլտֆիլմի առաջին տարբերակը՝ 14 րոպե տևողությամբ։ «Անբան Հուռին» կունենա նաև քիչ ավելի երկար՝ 17 րոպեանոց տարբերակ։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մոսկվա» կինոթատրոնի հետ, ըստ որի՝ օգոստոսյան պրեմիերայից հետո «Անբան Հուռին» պարբերական սեանսներով որոշ ժամանակ կցուցադրվի՝ որպես դրամարկղային ֆիլմ։ Արթուր Միքայելյանը հավանական է համարում նաև մասնակցությունը տեղի և դրսի կինոփառատոներին ու մրցույթներին։

10424346_724653400955043_1081329361902307943_n«Կարծում եմ, որ այս մուլտֆիլմը դեռ երկար ժամանակ կհետաքրքրի հասարակությանը. այն դինամիկ, ուրախ, շատ գունեղ ֆիլմ է, որը կսիրեն թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ «Անբան Հուռին» դիտվում է մի շնչով։ Եթե ֆիլմը թարգմանվի, կարելի է ներկայացնել նաև օտարազգի հանրությանը։ Ես ընտրեցի մյուզիքլի ժանրը, որովհետև երաժշտությունը, վոկալային առանձին ստեղծագործությունները կարելի է օգտագործել նաև մուլտֆիլմից դուրս։ Իսկ կերպարները, իմ կարծիքով, գրավիչ ու հաջողված են։ Ամեն ինչ ինքս եմ ընտրել. թեև մի ամբողջ թիմ է աշխատում, բայց վերջնական որոշումը բոլոր հարցերում իմն է եղել։ Այդ պատճառով էլ ամեն ինչի համար միայն ես եմ պատասխանատվությունը կրելու։ Դուր գա մուլտֆիլմը հանդիսատեսին, թե դուր չգա՝ ես եմ պատասխան տալու»,- մուլտֆիլմի արձագանքներին պատրաստ՝ նկատեց Արթուրը։

«Անբան Հուռին» պատճառ է հանդիսացել, որպեսզի հիմնադրվի «Արտմուլտ+» ստուդիան, որի առաջին արտադրանքն էլ համարվում է այս մուլտֆիլմը։

Վերհիշելով, թե սկզբից ևեթ ինչ ճանապարհ է անցել մուլտֆիլմը՝ բեմադրող ռեժիսորը երեխտագիտությունն է հայտնում այն էնտուզիաստներին, որոնք կանգնեցին իր կողքին՝ երիտասարդ, անփորձ նկարիչներ, դերակատարներ ու երգիչ-երգչուհիներ։ Նրանք առաջին անգամ են ներգրավվում նման կինոնախագծում, բայց բեմադրող ռեժիսորի կարծիքով՝ որակյալ գործ է արվել։ «Անբան Հուռին» նաև Արթուրի առաջին մեծածավալ աշխատանքն է. մինչ այդ նա նկարահանել է «Հարբած հավերը» կարճամետրաժ մուլտֆիլմը, որը «Ես եմ» կինոփառատոնին 3 մրցանակի է արժանացել։ Իսկ «Անբան Հուռին» նա համարում է անհամեմատ լուրջ ու պրոֆեսիոնալ գործ, որի վրա հիմնական ստեղծագործական խումբն արդեն 3 տարի աշխատում է։  Խմբին միացել են նաև կամավորները։ Անբան Հուռու դերակատարուհին Էկա Հոստկան է, մոր դերում հանդես է գալիս Աստրիդ Էքսուզյանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Գեղայր Խլղաթյանը, երաժշտությունը գործիքավորել է Գագիկ Ատոմյանը, սցենարն Արթուր Միքայելյանինն է։ Հիմնական նկարիչներն են Գայանե Բաբայանը և Իգոր Պատրինը։  Փեսայի դերակատարը Արսեն Գևորգյանն է։ Ձայնագրման ստուդիան անվճար տրամադրել է Միքայել Մարգարյանը։ Արթուրն աշխատում է բոլոր աջակիցների անունները մտաբերել, որովհետև  առանց նրանց, մուլտնախագիծն իրականացնելն անհնար կլիներ։ Օգնության ձեռք են մեկնել անհատներ ու կազմակերպություններ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, որը տպագրական ու գովազդային աջակցություն է ցուցաբերել, Աշոտ Մխոյանը, որը մուլտֆիլմի պրոդյուսերն ու տեխնիկական խորհրդատուն է։10424346_724653400955043_1081329361902307943_n

Մուլտֆիլմը դասական անիմացիայի կանոններով նկարահանված մյուզիքլ է։ 1 վայրկյանի համար նկարիչները 15-16 կադր են նկարել։ Ընդհանուր առմամբ 15 հազար նկար է ստացվել մուլտֆիլմից։ «Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր կադրին. այնպես ենք արել, որ դրանցից ամեն մեկը գեղարվեստական առանձին նկարի նշանակություն ունենա»,- ասում է Արթուրը։

Մուլտֆիլմում տեքստը նվազագույնի է հասցված. գերակշռում են երգերը, որոնց բառերը գրել են Արթուր Միքայելյանը, Արուսիկ Սիմոնյանն ու Հասմիկ Առաքելյանը։ Ընդհանուր առմամբ մուլտֆիլմում երաժշտական 9 միավոր ստեղծագործություն կա, որոնցից 6-ն առանձին երգեր են։ ։

Թումանյանի հեքիաթը բեմադրվել է առանց շեղումների, ավելացել են որոշ կերպարներ՝ գործողություններն առավել դինամիկ, պատկերավոր ու տպավորիչ դարձնելու համար։ Անբան Հուռին ամենևին էլ տգեղ, պեպենոտ, փնթի չէ, այլ գեղեցիկ, նրբիրան աղջիկ է, որը պարզապես ալարկոտ է։ Մուլտֆիլմի վերջում Հուռիին դուր է գալիս աշխատելը. նա դառնում է ոչ այն է աշխատասեր, սակայն ոչ առաջվա պես անբան ամուսնացած կին։

 

Պատրաստեց՝   Նաիրա Փայտյանը

Դիտվել է 218 անգամ