«Մեկ կադր» փառատոնի հայկական ներկայությունը

2149 (1)Երևանյան նորարար-փորձարարական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում ավարտվեց «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որն այս տարի զգալի հայկական ներկայություն ուներ։ Հիմնական մրցութային 71 ֆիլմերից 29-ը ներկայացնում էին Հայաստանը։ Հայազգի ռեժիսորները բավական ակտիվացել են և շատ աշխույժ մասնակցում են փառատոնին։ Ի դեպ, նրանցից 17-ը հայաստանաբնակ են, իսկ մնացած 12-ը՝ ազգությամբ հայ, սակայն ապրում են արտասահմանում։

8

«1 կադր 1 րոպե» մրցույթ

Երիտասարդ ռեժիսոր Արմինե Թովմասյանը ներկայացրել է իր «Միասնության ուժը» ֆիլմը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյանկին։ Նա վերջին երկու տարվա ընթացքում արդեն հասցրել է նկարահանել 2 կարճամետրաժ ֆիլմ՝ «Կյանք» և «Լույս», մասնակցել է «WEB ծիրան» առցանց կինոփառատոնին, նաև՝ իռլանդական վիսկիի հանրահայտ Jameson բրենդի անցկացրած ամենամյա կինոմրցույթին («Քնած գեղեցկուհին» ֆիլմով), որի գլխավոր պայմանն այն է, որ մասնակիցը վերստեղծի որևէ հայտնի ֆիլմ ընդամենը 1 րոպեում։

Արփինե Կիրակոսյանը ցուցադրրել է իր «Ժամանակ» ֆիլմը։ Արփինեն սկսել է ֆիլմեր նկարահանել վերջին 2 տարվա ընթացքում։ Նա «Այբ» կրթահամալիրի մեդիա թիմի նկարահանող-մոնտաժողն է։ Սիրում է նաև լուսանկարել։ Ըստ նրա` իր ֆիլմը մարդու կյանքի ընթացքի մասին է, հոսող ժամանակի։

Էդգար Կալոյանն էլ մանկության տարիներից է երազել լինել դերասան։ Եվ իր ներկայացրած «Պատուհան» ֆիլմը դեբյուտային է։ Կալոյանն ասում է, որ այս ֆիլմը նվիրվում է բոլոր այն մարդկանց, որոնք միայնակ են։

Միայնության թեման շարունակում է Ռուզան Պետրոսյանի ֆիլմը՝ «Մի թող»։ Չէ, այն նկարահանված չէ Ժակ Բրելի հանրահայտ համանուն երգի մոտիվներով, չնայած որոշակի աղերսներ գուցեև կան։ Պետրոսյանն ապրում է Ֆրանսիայում` Տուլուզ քաղաքում։ Ֆիլմն էլ նկարահանել է Ֆրանսիա-Գերմանիա ուղևորության ճանապարհին։ Այն թերևս օտարության մեջ հայ լինելու ու մնալու մասին է։

Թեհմինե Ենոքյանն էլ նկարահանել է «Սեր» ֆիլմը։ Ենոքյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել Ainemra վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ու նաև մի շարք լրատվական կայքերում որպես լրագրող։ «Բնության հաշվեհարդար», «Դեկտեմբերի 2-ի թղթապանակ», «Հաջորդը՝ դու». սրանք հեղինակի նախորդ աշխատանքներն են։ Այս ֆիլմը հատված է ակտիվիստ Շանթ Հարությունյանի դատավարությունից, որը դուրս է քաղաքական խաղերից ու դատաիրավական կատեգորիաներից։ Կյանքն ինչպես որ կա. երկար սպասված հանդիպում որդու հետ՝ կենդանի, անմիջական, անկեղծ ու զգացմունքային։ Մարդկաին պարզ հարաբերություններ։

Սիրո թեման շարունակում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գևորգ Հարությունյանի «Սերը մեկ կադրում» ֆիլմը։ Սա նորարարական ֆիլմ-էքսպերիմենտ է, որում մնջախաղի տպավորիչ արտահայտչամիջոցներով ցուցադրվում է աղջկա և տղայի սերը` առանց խոսքի, մաքուր կինոյի լեզվով։

Իսկ Դավիթ Հասրաթյանն էլ ներկայացնում է մեզ «Մի խանգարեք իմ անդորրը» կարճ ֆիլմը։ Հասրաթյանը պատմաբան է, նախկինում՝ պատմության ուսուցիչ։ Աշխատել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ժառանգավորաց վարժարանում։ Հիմա զբոսավար է աշխատում։

Նանե Իսրայելյանը նույնպես բազմազբաղ անձնավորություն է. գրում է, նկարում ու լուսանկարում։ Սովորում է ՀՊՄՀ-ի հեռուստալրագրության բաժնում։ Իր «Մեկ րոպե՝ մեկ դար» ֆիլմը նա նվիրում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին։ Սա պատմություն է՝ ապրված երիտասարդի աչքերով։

Իրեն սիրողական նկարող է համարում Մոնիկա Գևորգյանը, որ նախկինում իր մի շարք տեսանյութերով մի քանի մրցույթների է մասնակցել։ Իր «Ժամանակի ճանապարհը» կարճամետրաժում նա պատմում է իր կյանքն ապրած մարդու մասին, որ մի պահ հետ է նայում, վերհիշում իր մանկությունը, առերեսվում անցյալի հուշերի հետ և շարժվում առաջ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Օնիկ Հովհաննիսյանն իր «Մոռացված նախնիների հետքը» ֆիլմում պատմում է անցյալի ստվերների մասին։ Թե ինչպես մի երիտասարդ որպես ժառանգություն տուն է ստանում, սակայն իսպառ մոռացել է սեփական արմատները։ Իսկ անցյալի ուրվականները դեռ շրջում են այդ կողմերում, հիշեցնում իրենց մասին։

Մասնագիտությամբ նկարիչ Սևակ Բաղդասարյանը ակնհայտ սեր ունի դիցաբանական սյուժեների նկատմամբ։ Անցյալ տարի նրա «Քիմերայի կապանքներում» ֆիլմն այս նույն փառատոնում գլխավոր մրցանակի արժանացավ։ Այս տարի նա ներկայացրել է «Օրփեոս» և «Մետամորֆոզներ» կինոնկարները։

Պատրիկ Ազատյանն էլ ապրում է ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում։ Նա մուլտիմեդիա նկարիչ է, լուսանկարիչ, ձևավորող-մոդելավորող, զբաղվում է վիդեոարտով ու նաև գրում է։ Փառատոնում նա ներկայացրել է իր «Անվերնագիրը»։

Իսկ ահա արդեն 3 ֆիլմերի հեղինակ 9-ամյա Աղավնի Ղազարյանը ցուցադրել է «Մենք կարող ենք» կարճամետրաժը։ Երեխան սովորում է Հ. Կոջոյանի անվան արվեստի դպրոցի 4-րդ դասարանում, նաև՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ազգային նվագարանների բաժնի քանոնի դասարանում։

Աննա Թերզիկյանը, որ ավարտել է ԵԳՊԱ-ի արդյունաբերական դիզայն ֆակուլտետը, ներկայացնում է սիրո 4 արարումներին նվիրված «Ինչ-որ բան» ֆիլմը։ Հանդիպում, կիրք, բաժանում, միացում և վերադարձ ի շրջանս յուր։ Նշենք, որ Թերզիկյանը նկարում է, լուսանկարում և զբաղվում երաժշտությամբ։ Ահա այսպիսի սինթեզ։

Վավերագրող ռեժիսոր Սեյրան Ակոբովն իր «Առողջություն» ֆիլմով պատմում է իր «մի սցենարիստի պատմությունը.: Ակոբովը Հայաստանում և Ռուսաստանում բազմակողմանի կրթություն է ստացել արվեստի, հեռուստատեսության և մեդիայի ասպարեզում։

Յուրատեսակ աուդիովիզուալ աշխատանք է նաև փառատոնի հիմնադիր-տնօրեն Գագիկ Ղազարեի ու նրա փոքրիկ դստեր՝ Արփիի համատեղ «Բալետը», որն ավելի շատ կենտրոնացած է այս հրաշալի մանկան վրա։

Այս տարի ուշագրավ ֆիլմեր ուներ նաև Արթուր Շառոյանը Գևորգ Գրիգորյանի և Նարեկ Սարոյանի հետ համատեղ։ Ու նաև իր ինքնուրույն «Տանտերը» ֆիլմը։

3

«Կարճ ֆիլմերի» մրցույթ

Վահան Իշխանյանն ու Վիգեն Գալստյանը ներկայացրին «Միքայել հրեշտակապետի կանայք» տպավորիչ աշխատանքը։

Ռեժիսոր և լուսանկարիչ Արամ Կիրակոսյանն էլ ցուցադրեց «Գեղեցիկ դեմքեր» ֆիլմը։

Իսկ Գոռ Մարգարյանի «Մի հարկ ներքև»-ը յուրատեսակ մտորում-առակ է հին վերելակի ու դրա ուղևորների մասին։

Ադրինե Գրիգորյանն իր «Բավական» ֆիլմով վեր է հանում մեր հասարակության ավանդապաշտ մտածելակերպի թերությունները։

Գագիկ Մադոյանն ու Տաթև Հակոբյանը 2014 թ. ավարտել են Ռոման Բալայանի Բարձրագույն ռեժիսորական կուրսերը: Նրանք ներկայացրին իրենց գոյաբանական, էքզիստենցիալ մոտիվներով համեմված «Ճանապարհ» և «Օտարը» ֆիլմերը։

Լուսինե Շահգելդյանն էլ, որ ԹՈՒՄՈ կենտրոնի սան է, ներկայացրել է «Քանդելով պատերը» սոցիալական դրաման միայնակ մոր ու նրա հաշմանդամ երեխաների մասին։

Դավիթ Պ. Վարդազարյանի ֆիլմն էլ  դարձյալ  ցեղասպանության թեմայով է։

Իսկ Ռոբերտ Դավիդյանի «Քայլերթ դեպի ժողովրդավարություն» ֆիլմը քաղաքացիական գիտակցության բարձրացման ու պայքարի ոգու մասին է։

Դիտարժան են նաև Դավիթ Կոջոյանի «Շարժվիր արագ, կյանքը կարճ է» չափազանց դինամիկ և «Ուվալնյատի օրը»  սկանդալային գրքի հեղինակ Հովհաննես Իշխանյանի զուսպ, մինիմալիստական «Ընտանեկան ալբոմ» ֆիլմերը։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

Դիտվել է 158 անգամ