13-րդ «1 կադրի» մեկնարկը

5Հունիսի 3-ին մայրաքաղաքի նորարար-փորձարարական արվեստի կենտրոնում ( ՆՓԱԿ) մեկնարկեց «1 կադր» կարճամետրաժ ֆիլմերի 13-րդ փառատոնը։ Դահլիճում հավաքվել էին կինոգործիչներ՝ ռեժիսորներ, արտադրողներ, կինոքննադատներ, արվեստասեր լայն հասարակություն։ Սակայն ամենից ուրախալին այս փառատոնում թերևս այն է, որ  այն իր շուրջն է համախմբում երիտասարդներին, որոնց ներկայությունը զգալի է թե′ փառատոնի պաշտոնական հատվածում, թե′ առհասարակ փառատոնի ողջ ընթացքում։ Եվ այս  տարին նույնպես բացառություն չէ։ Այն թարմությունը, վառ գույներն ու խանդավառությունը, որ իր հետ բերում է նոր սերունդը, նկատելի ու շոշափելի էր նաև բացման արարողության ժամանակ ։

Բացման խոսքով հանդես եկավ ՆՓԱԿ-ի կինոյի ու թատրոնի բաժինների վարիչ, «1 կադրի» ծրագրերի ղեկավար Վահրամ Ակիմյանը: Նա համառոտ  ներկայացրեց գալիք փառատոնի ծրագիրը, ժյուրիի կազմն ու նաև արտամրցութային բաժինը։ Ակիմյանը նշեց, որ բացի հայկական ու արտասահմանյան կարճամետրաժներից, ծրագրում ընդգրկված են նաև կարճ ֆիլմերի հատուկ ընտրանիներ տարբեր երկրներից՝ Videominuto փառատոնի ծրագիրն Իտալիայից, ֆրանսիական «Գիշերվա նշանները» (Signes de nuit) ու բրիտանական BAFTA-ի հատընտիրը։ Հանդիսատեսին նաև կերպարվեստի և լուսանկարչության ցուցահանդեսներ են սպասում. նախատեսված է գեղանկարչության և Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը, որոնք ստեղծված են դեռևս անցյալ դարի 30-ականներից հայտնի ռեզինոտիպ տեխնոլոգիայով։

1Անդրադարձ կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին,   նաև լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Իրաքից տեղահանված փախստական եզդիներին, որն իրականանում է «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կողմից։ Կանդրադառնան նաև արվեստագետ Դավիթ Կարեյանի աշխատանքներին։ Հատուկ երեկո է սպասվում հայ կինոյի հիմնադիր Համո Բեկ-Նազարյանի պատվին, որի ընթացքում կդիտենք նրա «Խասփուշ» ֆիլմը։ Անդրադարձ կլինի նաև ռեժիսորներ Տիգրան Խզմալյանի ու Վահե Գևորգյանցի ֆիլմերին։ Փառատոնին իր մասնակցությունը կբերի նաև Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիան։

Հանդիսատեսին ներկայացվեց նաև փառատոնի ժյուրիի կազմը: «1 կադր 1 րոպե» անվանակարգում մասնակիցների աշխատանքները գնահատելու են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանը, ռեժիսոր Դիանա Կարդումյանն ու ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանը։ «Կարճամետրաժ ֆիլմերի» մրցույթում  ներկայացված աշխատանքները կգնահատեն կինոգետ, կինոքննադատ Սիրանույշ Գալստյանը, արձակագիր, դրամատուրգ և դերասան Հովհաննես Թեքգյոզյանը, կինոռեժիսոր և արտադրող Վահե Գևորգյանցն ու ռեժիսոր Լուսինե Սարգսյանը։

9«Կարճամետրաժ ֆիլմերի մասին թերևս պետք է կարճ խոսել։ Ուրախ եմ այսօր այստեղ լինել, այնտեղ, որտեղ հավաքված է մեր մշակութային ու հոգևոր կյանքի բևեռը։ Եվ փառատոնն էլ այս շատ խիզախ նախաձեռնություն է, դիմադրության շարժում, քաղաքացիական ակտ՝ ցույց տալու համար, որ մենք կանք, մենք ապրում ենք ու արարում։ Կարճամետրաժ ֆիլմը դպրոց է, որով բոլորս էլ անցնում ենք։ Կոնկրետ ինձ համար շատ թանկ է դրա բերած անկեղծությունն ու ճշմարտությունը։ Քանի որ այսօրվա տոտալ ստի, կեղծիքի ու քարոզի ժամանակ վերադարձն առ ակունքներ, դեպի պարզ կինոլեզուն, դրա սպեցիֆիկ արտահայտչամիջոցները, դեպի մաքուր կինոն առահասարակ կարող է մեզ բոլորիս համար փրկօղակ դառնալ։ Մեծ սպասումներ ունեմ փառատոնից և իսկապես հրաշքներ եմ ակնկալում»,- իր խոսքում նշեց «1 կադր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ Տիգրան Խզմալյանը:

11Փառատոնի մյուս անվանակարգի՝ «Կարճ ֆիլմերի» ժյուրիի նախագահ կինոգետ, կինոքննադատ Սիրանույշ Գալստյանը նույնպես իր խոսքում փորձեց լակոնիկ լինել. «Ինչպես ասում են, հակիրճությունը հանճարեղության քույրն է։ Ուստի կփորձեմ կարճ խոսել։ Կինոն ընդհանրապես հայացք է մեզ, մեր կյանքին ու մեր իրականությանը։ Հայացք՝ ուղղված մարդու գոյությունը։ Իսկ կարճամետրաժ կինոն էլ մեկ այլ յուրատեսակ երևույթ է, երբ ամեն ինչ խտանում է մի փոքր կինոնկարի մեջ, որը երբեմն կարող է հանճարեղ մարգարիտ դառնալ։ Այնպես որ կարճամետրաժ կինոն անընդհատ ստիպում է մեզ զարմանալ ու հիանալ և երբեք չկորցնել մեր հետաքրքությունը»։

12Ելույթները եզրափակեց ՆՓԱԿ-ի գեղարվեստական ղեկավար և գործադիր տնօրեն Գագիկ Ղազարեն: Նա հատուկ մատնանշեց` շատ ուրախ է, որ կրկին, ինչպես և անցյալ տարիներին, այսքան ծանոթ ու հարազատ մարդիկ նորից մեկ հարկի տակ են՝ տոնելու կինոյի այս փոքրիկ տոնը։ Գագիկ Ղազարեն շատ հուզված էր և միայն ավելացրեց, որ այս տարին մեր ազգի համար խորհրդանշական է և պետք է պատվով դուրս գանք այս ամենից։ Նա նաև պատմեց ներկաներին, որ նախորդ երեք ամիսներին ՆՓԱԿ-ի պատերից ներս «Կինոյի եռամսյա դասընթացներ» է կազմակերպել երիտասարդների համար։ Եվ որոշել է, որ հենց այս երեկոյի ընթացքում պետք է մասնակիցներին՝ Սոնա Արսենյանին և Օֆելյա Թովմասյանին հանձնել իրենց վկայականները։

14Ղազարեն ավելացրեց, որ շատ է կարևորում երկխոսությունը սերունդների միջև, որը կոչված է մի նոր որակ ի հայտ բերելու, մեկը մյուսին ճանաչելու։ Եվ վերջում նաև հատուկ մրցանակ շնորհեց հնչյունային ռեժիսոր Անահիտ Կեսայանին ի նշան երախտագիտության կինոյի ոլորտում ունեցած վաստակի և ներդրման համար։ Գագիկ Ղազարեն հասցրեց նաև շնորհակալություն հայտնել ՆՓԱԿ-ի հիմնադիրներ Էդուարդ և Սոնյա Պալասանյաններին, որոնց ջանքերով Հայաստանում գործում է նման նորարար-փորձարարական կենտրոն, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն զբաղվելու իրենց սիրելի գործով, ստեղծագործելու և արտահայտվելու արվեստի լեզվով։

10Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ՆՓԱԿ-ն առանձնացել էր յուրատեսակ լուծումներով` կազմակերպելով շատ ինքնատիպ, ոչ սովորական երեկո` ջերմ, բաց, հյուրընկալ ու անչափ մարդկային, որին առանձին երանգ տվեց «Խազեր» երաժշտական երգչախումբը՝ Անի Նավասարդյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացում երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև «Հատիկ» քանոնահարների քառյակը՝ Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ։  Այս երաժշտական կատարումները, ի դեպ,  հիանալի ներդաշնակվում էին էկրանին  ցուցադրվող կադրերին։

4Երեկոյի ավարտին ներկաները դիտեցին Վալերի Մելքոնյանի «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցված վագրը»  հաջողված տրագիկոմիկ կարճամետրաժը` ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքի։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

30

1621

Դիտվել է 122 անգամ