Դիանա Կարդումյան. «Մեկ կադրը» մաքուր օդ է»

Diana KardumyanՀունիսի 3-10-ը Երևանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի «Մեկ կադր» փառատոնը։ Այս կամերային փառատոնն ավանդաբար անց է կացվում մայրաքաղաքի նորարար-փորձարարական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում և արդեն իր հստակ ձևավորված լսարանն ունի։ Այս տարի այն կմեկնարկի 13-րդ անգամ։ Փառատոնի անցած ուղու, զարգացումների ու հեռանկարների մասին է «Կինոաշխարհի» զրույցը կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ, որ ամեն տարի ոչ միայն մասնակցում է «Մեկ կադր» փառատոնին, այլև անցյալ տարի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակն է շահել։

- Դիանա, քո և քո սերնդի ռեժիսորների համար ի՞նչ նշանակություն է ունեցել ՆՓԱԿ-ի փառատոնը` որպես կինոյի այլընտրանքային հարթակ։
- Ինձ համար ամեն ինչ սկսվեց 2012 թ.` 4 տարի առաջ, երբ փառատոնի տնօրեն Գագիկ Ղազարեն հրավիրեց ինձ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրի։ Ճիշտն ասած` ես նույնպես հաճախ մտածում էի, որ փառատոնը շատ այլընտրանքային է, «փախած», ինչպես ասում են։ Դա շարունակվում էր մինչև այն պահը, երբ գնացի ու տեսա, թե ինչքան կամերային, հաճելի և չափազանց մարդկային փառատոն է։ Այն շատ է տարբերվում մյուս բոլոր հարթակներից, քանի որ այստեղ դու իսկապես քեզ ռեժիսոր ես զգում, քո հանդեպ կա մեծ հետաքրքրություն, ուշադրություն։ Ցուցադրում ես ֆիլմդ, լինում են բուռն քննարկումներ, նույնիսկ վեճեր, որոնք իրականում շատ օգտակար են սկսնակների համար։ Իսկ մյուս փառատոներում այս բոլորի ժամանակը չկա, ամեն ինչ ավելի պաշտոնական է։ Քեզ հետ շփվում են լրագրողները, սակայն երբեք չգիտես, թե հանդիսատեսը քո արածի մասին ինչ է մտածում։ «Մեկ կադրն» ընձեռում է այս ամենը։ Եվ դա շատ հետաքրքիր է։ Բայց մինչ այդ էլ տեղյակ էի, որ ՆՓԱԿ-ում կինոդիտումներ են անցկացվում, ցուցահանդեսներ, ուղղակի այդ ամենն ավելի փակ էր, այսպես ասած՝ ընդհատակում։

2149 (1)
- Լավ, ո՞րն է, ըստ քեզ, դրա նպատակը, առաքելությունը, ուղերձը։
- Փառատոնը մեզ համար է, բոլորիս համար։ Օրինակ` ես երբեմն աշխատում եմ «Ոսկե ծիրանում» ֆիլմերի նախնական ընտրության ժամանակ։ Այնտեղ մենք կարող ենք ընտրել ֆիլմեր, որոնք չեն անցնի մրցութային ծրագիր, բայց ՆՓԱԿ-ում դրանք անպայման կանցնեին։ «Մեկ կադրի» դեպքում չափանիշներն ավելի ազատ են։ Այստեղ կարող ես վերցնել որևէ ֆիլմ, որը ոչ մի ֆորմատի մեջ չի մտնում, էքսպերիմենտ է։ Եվ դրանով է այս փառատոնը հիանալի, հիացմունքի արժանի։ Այն մաքուր օդ է, դու քեզ ռեժիսոր ես զգում, քեզ վերաբերվում են լրիվ այլ կերպ։ Հատկապես՝ արձագանքների, քննարկումների, բանավեճերի ժամանակ։ Կան ուժեղ ֆիլմեր` պրոֆեսիոնալ նկարահանված, կան նաև թույլ ֆիլմեր, բայց դրանց մեջ է հմայքը։ Քանի որ դրանք ընդամենը փորձեր են, փորձեր նկարահանելու որևէ բան, ցուցադրելու այն հանդիսատեսին, խոսելու դրա դրական ու բացասական կողմերի մասին։ Շանս, որը պետք է տալ սկսնակին, որը դեռ սովորում է։ Կինոյի պատմությունից հայտնի է, օրինակ, որ բոլոր մեծ ռեժիսորները սկզբում հաճախ շատ անհաջող ֆիլմեր են նկարահանել։

- Ուրեմն ի՞նչ գործառույթ է կատարում փառատոնն այսօր, հատկապես` երիտասարդության համար։
- Փառատոնի գաղափարը սկզբում հենց «Մեկ կադր, մեկ րոպեն» էր։ Հիմա դրան ավելացել են այլ բաժիններ` մրցութային, արտամրցութային, այլ ծրագրեր։ Սա արդեն իսկ ձեռքբերում է։ Այլ հարց է, որ մենք չենք գնահատում այս ամենը։ Եթե ավելի բաց լինենք, ապա ավելի շատ բան կտեսնենք։ Մենք սովոր չենք նոր բան հայտնագործելու, ինքներս որևէ ջանք թափելու։ Սպասում ենք մինչև մեզ պատրաստի «սկուտեղի» վրա բերեն ու մատուցեն։ Գլխավորն այն է որ երիտասարդները շարունակ նկարահանեն, փորձեն, մասնակցեն, կոմպլեքսներից ձերբազատվեն։ Չէ՞ որ սա ինքնարտահատվելու հրաշալի հնարավորություն է ։

- Այս տարիների ընթացքում փառատոնի ի՞նչ ձեռքբերումներ կարելի է նշել։
- Օրինակ` անցյալ տարվանից փառատոնը սկսեց նաև գումար տալ հաղթողներին։ Նախկինում մրցանակակիրը ստանում էր սիմվոլիկ արձանիկ և գովասանքի խոսքեր։ Հիմա հաղթողը մրցանակի հետ նաև ոչ մեծ գումար է ստանում, որը կարող է օգտագործել իր հետագա աշխատանքի համար։ Բոլոր ոլորտներում էլ, երբ կա ֆինանսական գործոնը, մարդիկ ավելի հետաքրքրված են։ Անցյալ տարի դա տրվեց Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա» կարճամետրաժ ֆիլմին և Սևակ Բաղդասարյանի մեկ կադրով նկարահանված ֆիլմին։ Ի դեպ, Համլետի ֆիլմը շատ նոր էր, շատ թարմ, պոետիկ, մաքուր։ Անկախ կինոն հենց դա է, երբ ընկերներով հավաքվում եք, որ որևէ բան նկարահանեք։ Ու եթե դա հանկարծ ստացվում է, ապա իրոք որ հրաշալի է: Ճիշտն ասած` իմ տեսած ամենափոքր փառատոնը Բաթումիի «Arthouse» շատ կոմպակտ փառատոնն է։ Այն, լինելով շատ փոքր, արդեն կայացած է։ Քանի որ ֆինանսավորում կա, ավելի շատ հետաքրքիր մարդկանց հրավիրելու հնարավորություն կա ։

- Խոսում ենք կինոյում նորարարությունից, փորձարարույթունից, այն ամենից, ինչը հաճախ անվանում են «Другое кино», «Кино не для всех»։ Կա՞ այդ ամենը իրականում, թե՞ հորինված եզրույթներ են ։
- Կինոն համարվում է հանդիսանք, կոպիտ ասած` «հանդիսատեսային» արվեստ։ Սակայն պետք է ավելի ազատ ու բաց լինել, չմտածել այդպիսի հորինված կլիշեներով։ Օրինակ` շատ լավ ֆիլմեր «քնեցվում» են դարակների վրա։ Իսկ ՆՓԱԿ-ի փառատոնն այլընտրանքային հարթակ է ընձեռում։ Մանավանդ որ այստեղ բավական լավ ու որակյալ հանդիսատես է գալիս։ Իսկ նորարարության ու փորձարարության սահմանի մասին խոսելիս, ինձ թվում է, բուն նյութը քեզ պետք է թելադրի, թե այդ ճանապարհով մինչև ուր գնաս։ Սահմանափակումներ չկան, դրանք թվացյալ ու մտացածին են։ Միգուցե թեման այնպիսին է, որ պետք է նորովի օգտագործես կինոյի ավանդական համարվող արտահայտչամիջոցները, կինոլեզվի փորձեր անես։ Հնարավոր է, որ նույնիսկ հայտնագործություններ անես, ինչպես գիտնականը լաբորատորիայում։ Այս դեպքում էկրանին ֆիլմը տեսնելիս կարող ես զարմանալ, տեսնել մի բան, որը երբեք չես տեսել նախկինում, և դա էլ հենց շատ արժեքավոր է։ Կարծում եմ` մենք ինքներս ենք համակարգ կամ դոգմաներ ստեղծում, իսկ հետո էլ չենք կարողանում դրանցից ազատվել։ Քանի որ ազատության ալիքի վրա երկար ժամանակ մնալը շատ դժվար է: Մի բան էլ կա. XX դարն արդեն անցյալում է, այն ուներ իր սպեցիֆիկ կինեմատոգրաֆիկ լեզուն, արտահայտչամիջոցները։ Իսկ այս նոր դարն էլ դեռ նոր է սկսվել, դեռ չի գտել իրենը։ Կարծում եմ` ժամանակի հետ կգտնենք լեզու, ֆորմա՝ արտահայտելու համար նոր դարի իրողությունները ։

- Ուրեմն ի՞նչ ես սպասում, ակնկալում շուտով մեկնարկելիք 13-րդ փառատոնից։
- ՆՓԱԿ-ի փառատոնը շատ անկեղծ հարթակ է, անմիջական։ Այստեղ երբեք գլուխդ չեն շոյի ու ասի, որ դու հանճար ես։ Փոխարենը` այնքան կառուցողական քննադատություն, այնքան բուռն քննարկումներ կլսես, որ դրանք անպայման շատ արդյունավետ կլինեն քեզ համար սովորելու, վարպետանալու տեսանկյունից։ Սա էլ հենց ակնկալում եմ կրկին ու կրկին։ Շատ եմ ուզում, որ էլ ավելի շատ հայ ռեժիսորներ մասնակցեն։ Ակնկալում եմ փառատոնի ֆինանսավորման ավելացում, հովանավորներ այս ազնիվ ու շնորհակալ գործին։ Ու նաև սպասում եմ, որի լրագրողները լուսաբանեն ընթացքը, որ փառատոնն անընդմեջ մեդիայի ուշադրության կենտրոնում լինի։

Զրուցեց Մարիա Թոքմաջյանը

 

Դիտվել է 205 անգամ