Ձեր կադրը՝  «Մեկ կադրում»

kadrՀունիսի 3-ին կմեկնարկի «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ կինոփառատոնը, որին մասնակցելու է 31 երկիր։ «Մեկ կադր»  բոլորին հրավիրում է ՆՓԱԿ-ի կինոդահլիճ՝ հունիսի 3-10-ը դիտելու բազմաոճ ու բազմերանգ կարճամետրաժ ֆիլմեր։

Փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն ոգևորությամբ է շեշտում, որ Հայաստանը ներկայացնող ֆիլմերը գերակշռում են և, որ ամենակարևորն է, որակյալ գործեր են ներկայացված։  «Շատերը չեն էլ ճանաչում այդ երիտասարդ ռեժիսորներին, բայց նրանք այնքան տաղանդավոր են, փայլուն կինոմտածողություն ունեն։ Ուզում եմ, որ հատկապես մասնագիտական բուհերի ուսանողները, սկսնակ ռեժիսորները գան ու դիտեն այդ ֆիլմերը, ծանոթանան իրենց կողքին ապրող ու ստեղծագործող երիտասարդների հետ։ Շատ կարևոր է, որ ստեղծվի արվեստի մթնոլորտ, որտեղ կմեկտեղվեն հետաքրքիր գաղափարներ, մտքեր։ Թող հնչեն նաև քննադատական խոսքեր։ «Մեկ կադրը» միշտ տալիս է այդ հնարավորությունը՝ ֆիլմերից հետո կարծիքներ փոխանակել, վերլուծել աշխատանքը։ Նման մթնոլորտում են ծնվում նոր մտահղացումները։ Մինչև չլինի այդ կենսադաշտը, նոր տաղանդներ չեն բացահայտվի։ Հատկապես այս տարվա ֆիլմերը վկայում են, որ հայկական կինոյում նոր խոսք կա, նոր շունչ ու մտածողություն։ Ամենակարևորը՝ ֆիլմերը նկարահանված են կինոյի լոզվով՝ գրագետ՝ ավելացրած հեղինակային ընդգծված ոճն ու ճաշակը։ Հետաքրքրիր, յուրօրինակ կինոհայացք ունեն մեր երիտասարդները։ Նրանք շատ մոտ են կանգնած մեր հասարակությանը, շոշափում են նրա խնդիրները և հասարակության ներսից հանում օրվա հերոսին, օրվա թեման։204

Ֆիլմերի ենթագրերում կարդում ես անուններ, որոնք ուղղակի գտել են իրար, հեղինակային խումբ, թիմ են կազմել ու ներկայացրել լավ կինո՝ բոլոր առումներով՝ թե՛ օպերատորական, թե՛ սցենարական, թե՛ ռեժիսուրայի տեսանկյուններից։ Սա շատ է ուրախացնում ու ոգևորում։ Ինձ ցավ է պատճառում այն, որ մեր հասարակությունը նրանց չի ճանաչում ու «հայկական կինո» ասելով՝ հասկանում է միայն 30-40 տարի առաջ ստեղծված, բոլորին քաջ հայտնի ֆիլմերը։ Մի խոսքով՝ վստահ եմ, որ շատ դիտարժան ֆիլմեր ենք տեսնելու»,- նկատեց Գագիկ Ղազարէն։

«Մեկ կադրն» ունի նաև այսպես ասած՝ հավատարիմ մասնակիցներ ու հավատարիմ հանդիսատես, որոնք մեծապես հետաքրքրված են այս փառատոնով։

«Մեկ կադր» փառատոնին շուրջ 780 մասնակցության հայտ է ներկայացվել, որից ընտրվել է 140-ը։  «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում կմրցի 33 ֆիլմ, որոնցից 17-ը՝ Հայաստանից։ «Կարճ ֆիլմեր» անվանակարգում ներկայացվել է 25 ֆիլմ, 9-ը՝ մեր երկրից,  իսկ «Կինո՝ առանց սահմանի» անվանակարգում 13-ից 3-ը դարձյալ հայկական ֆիլմ է։

Գագիկ Ղազարէի կարծիքով՝  հայկական ֆիլմերը բոլոր անվանակարգերում էլ լուրջ հավակնություններ ունեն։

Փառատոնի կազմակերպիչները ջանում են բացի մրցանակից, որը Գեղամա լեռներում հայտնաբերված 5 հազար տարվա ժայռապատկերի բրոնզաձույլ կրկնօրինակն է,  լավագույն ֆիլմերի հեղինակներին ոգևորել ու խրախուսել նաև դրամական պարգևով։ Անցյալ տարի, օրինակ, «Մեկ կադրի» բարեկամները դրամական հանգանակությամբ ստեղծեցին մրցանակային ֆոնդ, իսկ այս տարի փառատոնին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Ոսկե ծիրան» փառատոնը, որոնք «Մեկ կադրին»  հատկացրել են 100.000-ական դրամ։ Փառատոնի բարեկամները ևս նրանց են միացել։ Մրցանակային ընդհանուր գումարը կազմել է 300.000 դրամ, որից 200.000 դրամը կհանձնվի «Կարճ ֆիլմեր»,  իսկ 100.000-ը՝ «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգերի  լավագույն հայկական ֆիլմերի հեղինակներին։

Նաիրա Փայտյան

Դիտվել է 108 անգամ