Ինձ մի ասեք, թե տղան խելագար էր. Հայաստանի ողբերգությունը բովանդակալից դրամայի է վերածվել

  1. Gedigian's film

The Guardian-ն իր քննախոսականն է հրապարակել ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի՝ Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի վերաբերյալ, որը նախօրեին ցուցադրվել էր Կաննի միջազգային կինոփառատոնում:

Անդադրում Ռոբեր Գեդիգյանը վերադարձել է թրիլլերի բարձր ոճին, որը հաջողված էր նրա 2009-ի «Ոճրի զորքը» ժապավենի դեպքում գերմանացիների կողմից օկուպացված Մարսելի դիմադրության մասին: Նոր ֆիլմը, որի ֆրանսերեն վերնագիրը՝ «Մի խելագարության պատմություն», մի փոքր ավելի սուր է, երեք տասնամյակով հետ է գնում՝ 1970-ականների Մարսել և ներկայացնում հայ ծայրահեղականների պայթեցումների և մահափորձերի ալիքը՝ ընդդեմ թուրքերի, ի պատասխան հայերի ցեղասպանության, որ տեղի էր ունեցել Առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո:
Հաշվի առնելով Գեդիգյանի հայկական ակունքները՝ սա պետք է խորապես անձնական տարածք համարել Գեդիգյանի համար, չնայած ռեժիսորի անզիջում քաղաքական խստությունը բարդացնում է վերջնական խոսք ասելը: Ամեն դեպքում նրան հաջողվել է ներկայացնել ֆիլմ, որն օգտակար «այբբենարան» է հասկանալու համար ինչպես Հայոց ցեղասպանության պատճառած տասնամյակների մորմոքը, այնպես էլ ահաբեկչության քաղաքականությունը 1970-ականներին:
Ֆիլմի ամենասկզբում ներկայացվում է Թալեաթ Փաշայի սպանությունը 1921-ի Բեռլինում: Ապա՝ կտրուկ անցում 1970-ականների Մարսելի հայկական համայնք՝ խանութպան Հովհաննեսի (Սիմոն Աբգարյան) և նրա կնոջ Անուշի (Արիան Ասկարիդ՝ Գեդիգյանի կինն ու գործընկերը) ու նրանց տաքգլուխ որդի Արամի (Սայրուս Շահիդի) միջավայր: Թուրքերի բարբարոսության մասին Անուշի ծեր մոր պատմություններից կշտացած՝ Արամը միանում է «ուրբանիստական ահաբեկչության» թիմին. շուտով նա պետք է պայթեցնեի Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին:
Այս կերպ Գեդիգյանը շատ ավելի բարդ բարոյական դիսկուսիա է հրամցնում: Պայթեցման պահին թուրք դեսպանի մոտ է հայտնվում պատահական հեծանվորդ, և Արամը պետք է որոշի՝ սեղմի՞ կոճակը, թե՞ ոչ: Արամը կատարում է իր ընտրությունը…
Արամը այնուհետև հայտնվում է Բեյրութում` «քաղաքային պարտիզաններին» միանալու մտադրությամբ և մեղքի զգացումից տանջահար: Արամի ակամա զոհը՝ հաշմված հեծանվորդ Ժիլը, Անուշի օգնությամբ բնակություն է հաստատում Արամի իսկ ննջարանում և այդ կերպ ծանոթանում Հայոց հարցին: Իսկ Արամն այդ ընթացքում իր սիրո՝ Անահիտի բերումով էլ ավելի խճճված պատմության առաջ է հայտնվում:
Հոդվածագիրը ներկայացվածը անվանում է «երկու ժամից ավելի բովանդակալից դրամա», որում Գեդիգյանը պարզ ու հստակ բարոյական դիլեմաներ է ներկայացնում: Իսկ կենտրոնական հարցադրումը հետևյալն է. կարո՞ղ են արդյոք անմեղ մարդիկ զոհաբերվել որևէ հարցի, որքան էլ դա անհրաժեշտ թվա: Այս հարցադրումը բացատրում են նաև երկխոսությունները, երբ Ասկարիդի հերոսուհին ասում է, թե «հայերի մեծ մասը նողկանք է տածում բռնության հանդեպ»:
Ամբողջ ֆիլմը ստուդիական նկարահանումների բերումով «հանգիստ» է, սակայն վերջին տեսարաններում, երբ ներկայացվում է Հայաստանը, «հորիզոններ են բացվում»: Գեդիգյանի կինոն միշտ էլ լավն է, եթե անգամ բավականաչափ փայլուն չէ:

Էնդրյու Փալվեր

Թարգմանությունը՝  Դավիթ Պ․Վարդազարյանի

Դիտվել է 300 անգամ