Կաննի փառատոնում ներկա լինել ցանկալի է, շատերի համար` երազանք, բայց ոչ անվտանգ

Depositphotos_9340616_s_600x400_defaultՄայիսի 5-ին Ֆրանսիայի Լազուրե ափին` Կաննում, չորս դիամակավորներ` զինված ատրճանակներով, ներխուժել են հանրաճանաչ Cartier ոսկերչական խանութ: 10 րոպեի ընթացքում նրանք սրբել-տարել են խանութի արտաքին և ներքին ցուցափեղկերում եղած ողջ ոսկերչական իրերն ու ժամացույցները:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ նման գրոհ է կազմակերպվում Կրուազետ լողափին, որտեղ խտացած են ոսկերչական իրերի, հագուստի, կաշվե գալանտերեայի նշանավոր ապրանքանիշների ավելի քան 80 խանութներ: Ամենայն հավանականությամբ, հանցագործները հենց այդ ժամանակ էին որոշել հայտնվել Cartier խանութում, քանի որ Կաննի փառատոնի նախօրեին նոր խմբաքանակ էին բերել:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Կաննը նշանավորվում է խոշոր կողոպուտներով: Նախանցած տարի` 2013 թ.` 66-րդ Կաննի փառատոնի ընթացքում, կարելի է ասել, «կողոպտաշար» տեղի ունեցավ: Փառատոնի երրորդ օրը գողերը «Novotel» հյուրանոցի համարի պատից պոկեցին-տարան չհրկիզվող պահարան` Chopard-ի 1,4 մլն դոլար արժողությամբ զարդերով:  Այնուհետև Կաննի գողերի թիրախը դարձավ Չինաստանի կինոարդյունաբերության երկրորդ մարդը` China Film Group ընկերության փոխնախագահ Չժան Ցյանը. հյուրանոցի համարից գողացան նրա ամբողջ ուղեբեռը:  Ապա գողերի հարձակման ենթարկվեց այն առանձնատունը, որը վարձակալել էին «Սի-այ-թի գրուփ» (CIT Group) և «Սիլվըր Փիքչըրս» (Silver Pictures) ընկերությունների ղեկավարները: Մինչ առանձնատան վարձակալները մասնակցում էին փառատոնային միջոցառումներին, կողոպտիչները, ջարդելով տանիքը, սողոսկել էին առանձնատուն, գողացել թանկարժեք իրեր և կանխիկ դրամ` թողնելով միայն անձնագրերը և կրեդիտքարտերը:  Կաննի չորրորդ կողոպուտի զոհը դարձավ Սաուդյան Արաբիայի հյուրը. գողացան նրա «Ֆեռարի» բացառիկ մոդելի մեքենան:  Վերջապես, «Hotel du Cap-Eden-Roc» հյուրանոցում կայացած երեկույթի ժամանակ հափշտակեցին 2,5 մլն դոլար արժողությամբ մանյակ: Հանդիսավոր ընդունելությանը, որ կազմակերպվել էր «De Grisogono» ոսկերչական ընկերության 20-ամյակի կապակցությամբ, ներկա էր մոտ 700 հյուր:
Դրանից հետո տեղի առևտրականներն ու փառատոնի կազմակերպիչներն ուժեղացրել են անվտանգության միջոցները և ավելի սերտ համագործակցություն հաստատել ոստիկանության հետ: Հավանաբար դրա շնորհիվ էր, որ անցյալ տարի Կրուազետ լողափին աղմկոտ հանցագործություններ չարձանագրվեցին: Ըստ ամենայնի, հանցագործներն էլ ձեռքները ծալած չեն նստել և չեն պատրաստվում հրաժարվել Կաննի նման «յուղոտ պատառից»: Պարզապես մարտավարությունն են փոխել:

 

 

Դիտվել է 22 անգամ