100-ամյա ցավն ու 100-ամյա մեղքը՝ «Ոսկե ծիրանում»

«Ոսկե ծիրան» ասուլիս_2Երեկ` մայիսի 12-ին, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առաջին մամլո ասուլիսը, որը նվիրված էր ընթացիկ 2015 թվականի ամենից հրատապ թեմային՝ Հայոց ցեղասպանությանը, այն միջոցառումներին, որոնք փառատոնի աշխատակազմն արդեն իսկ հասցրել է անցկացնել և որոնք դեռևս պիտի կայանան։

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրության համապարփակ ծրագիրը խորհրդանշական խորագիր ունի՝ «Այլևս երբեք»։ Համադրողը կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն է։ Ծրագրի իրականացմանը գործուն մասնակցություն են բերել ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը։ Տարեսկզբից սկսած` «Ոսկե ծիրանը» աշխարհի տարբեր երկրներում թեմատիկ կինոցուցադրումներ է նախաձեռնել, որոնք ուղեկցվում էին նաև հանդիպումներով, սեմինարներով, քննարկումներով։ Ընտրված ֆիլմերը (թե′ հայ, թե′ օտարազգի հեղինակների խաղարկային, վավերագրական ու հեռուստատեսային) նվիրված են հայոց 100-ամյա ցավի և թուրքերի 100-ամյա մեղքի թեմային։

Իրենց խոսքում կազմակերպիչները նշեցին, որ տարբեր երկրների համար տարբեր կինոնկարներ են ընտրել` հաշվի առնելով շատ գործոններ՝ քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութային ու կրթական։ Ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացումն աշխարհի մի շարք երկրներում հնարավոր դարձավ շնորհիվ այն հանգամանքի, որ այսքան տարիների ընթացքում երևանյան փառատոնը բազմաթիվ գործընկերներ ու կապեր է ձեռք բերել։ Այն, որ միջազգային հեղինակություն վայելող փառատոներն իրենց արտամրցութային պաշտոնական ծրագրերում հյուրընկալել են «Այլևս երբեք»-ը, բանախոսն արդեն իսկ մեծ հաղթանակ է համարում։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ կինոցուցադրություններն արդեն 7 երկրներում են իրականացվել՝ Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուքիայում։ Բելառուսում իրենց շատ են օգնել «Լիստոպադ» կինոփառատոնի կազմակերպիչները։ Բանախոսը նշեց, որ կինոն եղել և մնում է փոքր երկրների զենքը աշխարհի գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում, ազգայինը տարածելու, գաղափարներ հասցնելու, խնդիրներ լուծելու անփոխարինելի միջոց։ Կինոն նաև զարմանալի վավերագրություն է, ժամանակի դրոշմ ու կնիք։ Եվ դրա վառ ապացույցն այն բուռն արձագանքն է, որ ծրագիրն ունեցավ նշված 7 երկրների 12 քաղաքներում։ Ըստ Խաչատրյանի` այս լուրջ ու մեծածավալ ակցիան իսկապես մի ամբողջ ժողովուրդ միավորեց ու ոտքի կանգնեցրեց։
Գերմանիայում_2Գերմանիայում ֆիլմերը ցուցադրվել են Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, ինչին մեծապես նպաստել է թատրոնի տնօրեն Շերմին Լանգհոֆը։ Նա թատրոնի հայտնիԳերմանիայում պրոդյուսեր է, ազգությամբ թուրք, որ Գերմանիա է տեղափոխվել դեռևս մանուկ հասակում։ Ֆիլմացանկի համադրողը նշանավոր ռեժիսոր և կինոօպերատոր Ֆրեդ Քելեմենն է։ «Պաղատանք» խորագիրը կրող ծրագրից բացի, Բեռլինում կազմակերպվել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Իսկ Երևանի ՄԿՓ-ի պատվավոր նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը հանդես է եկել «Գերմանիան և ցեղասպանությունը» դասախոսությամբ։ Ցուցադրություններին ներկա է եղել նաև գերմանաբնակ, ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը։
Շվեյցարիայում_2«Այլևս երբեք» ծրագիրը շարունակվել է Շվեյցարիայում: Նյոն քաղաքի «Վիժըն դյու Ռեել» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված 1915 թ. մեծ աղետին։ Այստեղ ևս ընթացել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայացը` նվիրված նրա 60-ամյա հոբելյանին։
Ծրագիրը շարունակվել է Փարիզում, որտեղ 17 ֆիլմ է ցուցադրվել։ Այս ծրագիրը կազմակերպվել է «Եվրոպա ֆիլմ ակտ» կինոփառատոնի շրջանակներում։ Մեկնարկը տրվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարով։
Բուլղարիայում՝ Սոֆիա, Պլովդիվ ու Վառնա քաղաքներում, նույնպես ծրագիրը ջերմ ընդունելության է արժանացել։
Լիտվայում_2Սուսաննա Հարությունյանը հատուկ խոսեց Լիտվայում կայացած ծրագրի մասին: Այնտեղ իրենց մեծապես աջակցել է Բուլղարիայում_2Վիլնյուսի «Կինոգարուն» կինոփառատոնը, որը շատ մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ թվով հանդիսատես ունի։ Ֆիլմերից առաջ ելույթներով հանդես են եկել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և «Կինոգարունի» տնօրեն Վիդա Ռամաշկիենեն։ Ցուցադրումներին ներկա է եղել նաև Լիտվայի Սեյմի պատգամավոր Ալգիս Կաշետան։ Իսկ ֆիլմացանկի համադրողը կինոռեժիսոր Մարատ Սարգսյանն է, որ արդեն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Լիտվայում։ Նա նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի մրցանակակիր է։
Րաֆֆի Մովսիսյանը հանգամանորեն խոսեց Թուրքիայում իրականացված ծրագրի մասին։ Այն անցկացվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Հարյուրամյա ցավը» խորագրով։ Ֆիլմերից բացի, այստեղ կազմակերպվել են նաև հանդիպումներ, կլոր սեղաններ։ Եվ քննարկումները երբեմն այնքան բուռն են եղել, որ կազմակերպիչները հասկացել են` լռության ժամանակներն այլևս անցյալում են։ Ըստ բանախոսների` աշխարհում և մասնավորապես Թուրքիայում, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է։

Լիտվայում
Ստամբուլում ցուցադրվել են Գյուլում Քլերի «Թուրքիա. լռության ժառանգություն» և Հաջի Օրմանի «Homo Politicus» ֆիլմերը։ Վերջինս, որ Սուսաննա Հարությունյանի խոսքով` շատ հետաքրքիր դրամատուրգիական կառուցվածք ունի, պատմում է Յոհաննես Լեփսիուսի և Էնվեր փաշայի պատմական հանդիպման մասին:
Հայկական ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաև արդեն ավանդական Հայ-թուրքական կինոպլատֆորմի երկօրյա սեմինարը, որին մասնակցել է 10 ֆիլմ-նախագիծ։ Հաղթող է ճանաչվել Սեդար Օնալի «Մայրիկ Դերդոն և նրա ընկուզենին» վավերագրական նախագիծը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ փրկված մի հայ կնոջ՝ Դերդոյի մասին, որը շարունակել է ապրել Թուրքիայում, պահպանել է իր ազգային ինքնությունը՝ լեզուն, կրոնը, մշակույթը, աննահանջ պայքարել իր իրավունքների համար։ Ըստ Մովսիսյանի` հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ երիտասարդ սերնդի ռեժիսորները շատ համարձակ են դարձել. հայ և թուրք ստեղծագործողներն արդեն իսկ մի շարք հաջողված ֆիլմեր են նկարահանել, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են Հայոց հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմային տարբեր տեսանկյուններից։

Այս ամենը ծրագրի միայն առաջին փուլն է, որը կավարտվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, այս տարվա հունիսին։ Իսկ երկրորդը կկայանա 2015 թ. օգոստոսից, երբ պաշտոնապես կավարտվի «Ոսկե ծիրան-2015»-ը։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

Դիտվել է 91 անգամ