Իրանը`տարածաշրջանային նոր կինոգործընթացների նախաձեռնող 

Mshakujt_MH_GevorgGevorgyanԻրանի կինոյի և աուդիովիզուալ գործերի կազմակերպության նախաձեռնությամբ,   «Ֆաջըր» 33-րդ  միջազգային կինոփառատոնի շրջանակներում (ապրիլի 27-մայիսի 2), տեղի է ունեցել ֆորում՝ նվիրված կինոյի ոլորտում միջազգային համագործակցության նոր ուղիների որոնմանն ու համատեղ կինոարտադրության զարգացմանը։

Ֆորումին հրավիրված են եղել ՌԴ-ի,  Աֆղանստանի, Քուվեյթի, Տաջիկստանի, Վրաստանի, Հայաստանի, Սիրիայի, Ղազախստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Սենեգալի, Իրաքի, Սինգապուրի, Լեհաստանի, Ադրբեջանի կինոարտադրության պատասխանատուները։ Հայկական կողմից  համաժողովին մասնակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևոգյանը։

Վերադարձից հետո պրն Գևորգյանը հայտնեց իր տպավորությունները` նշելով մասնավորպես, որ այդ ֆորումի կազմակերպումը կարևոր ազդակ է տարածաշրջանում լուրջ գործընթացներ սկսելու առումով, մանավանդ որ նախաձեռնությունը գալիս է հենց Իրանի նման  մշակութային ավանդույթներ ունեցող հզոր պետության կողմից։ Նրա խոսքով` ֆորումի մասնակիցները բարեկամական մթնոլորտում քննարկել են մի շարք հարցեր կինոյի վերաբերյալ, որոնք  կդյուրացնեն ու կնպաստեն հետագա համագործակցությանը մասնակից երկրների միջև։

Գ․Գևորգյանը, հանդես գալով ֆորումում, համոզմունք է հայտնել, որ  համատեղ արտադրությունը կարող է  ազգային ֆիլմերը հետաքրքիր և հասանելի դարձնել  լայն լսարանի համար: «Ըդհանուր առմամբ, ազգային արտադրության ֆիլմերը մեծ մասամբ հետաքրքրություն են առաջացնում արտադրող երկրի հանդիսատեսի շրջանում` հիմնականում լուսաբանելով տեղական խնդիրները և մարտահրավերները, սակայն համարտադրությունը կարող է լայնացնել հետաքրքրության շրջանակները և գրավել արտասահմանյան ունկնդրին»,- ասել է նա իր խոսքում:

Ազգային կինոկենտրոնի տնօրենն անդրադրձավ նաև ֆորումի նախագահ, Իրանի մշակույթի փոխնախարար,  Իրանի կինոյի և աուդիովիզուալ գործերի կազմակերպության պատասխանատու պարոն  Հոջաթոլլահ Այուբիի ելույթին` որակելով այն  կառուցողական։ Մասնավորապես պրն Այուբին ասել է, որ ներկա պահին մասնակից երկրների համագործակցությունը կինոյի ոլորտում բավարար չէ, և հավելել, որ  ֆորումի կազմակերպումը հենց  առաջին քայլն է  կինոգործիչների փորձի փոխանակման և համատեղ կինոարտադրության զարգացման գործում։

Ֆորումի մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում աշխատել մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ որոշակի քայլեր ձեռնարկել տեսալսողական ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար, աջակցություն տրամադրել մասնակից երկրների կինոարտադրությանը, աջակցել ընդհանուր տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը,  ընդունել Իրանի` համատեղ արտադրության մշտական քարտուղարական կենտրոն ստեղծելու առաջարկը, կազմակերպել գործնական ու կրթական փորձի փոխանակում մասնակից երկրների միջև։ Բացի այդ, որոշվել է ուսումնասիրել Իրանի առաջարկը  ընդհանուր համագործակցության հիմնադրամի ստեղծման մասին և հետագայում ներկայացնել մասնակից երկրների տեսակետներն ու մեկնաբանությունները։

Կինոաշխարհ

 

Դիտվել է 35 անգամ