ԲԱՐԻ ԳԱԼՈԻՍՏ 1915


move2


Հանգստյան օրերին Հայաստանում մեծ կինոպրեմիերա էր՝ Ալեք Մուհիբյանի և Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Երևանում ու Գյումրիում: Սա, անշուշտ, սեզոնի ամենակարևոր կինոպրեմիերան էր, եթե ոչ տարվանը: Տրամաբանորեն ֆիլմի կարևորությունը, կշիռը մեծապես պայմանավորված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընթացիկ միջոցառումների, տրամադրությունների գործոնով. պետք է արձանագրել, որ այս տարի գրեթե բոլոր և ոչ միայն կինոսիրող հայերի համար կարևոր էր դարձել տեսնել Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ, որ ստեղծվել է հենց հայերի կողմից (թուրք ռեժիսոր Աքինի և Ռասել Քրոուի վիճահարույց ֆիլմերի մասին քննախոսականները՝ առաջիկայում): Այս առումով «1915»-ը սպասված էր:

Սակայն որոշակի վերապահումով կարելի է ասել, որ «1915»-ը նշանավորվեց ոչ միայն հնչեղ պրեմիերայով.   Այն իր տեղն «ամրագրեց» Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծված համաշխարհային կինոյի գործերի շարքում: Իրականում  ֆիլմը մեծապես «արտասահմանյան» է, չնայած ստեղծողների ազգությանը և, եթե համառեժիսոր Կարին Հովհաննիսյանին մեջբերելու լինեմ (նրա հետ բացառիկ հարցազրույցը՝ շուտով), «գեղեցիկ» է:

Ֆիլմը գեղեցիկ է նախևառաջ իր մատուցմամբ, էսթետիկայով, նաև՝ ուղերձով, որն այնքան էլ «ճակատային» չէ, ինչպես ընդունված է նման ֆիլմերի դեպքում, երբ հայերի մեծամասնությունը հիմնականում Ցեղասպանության շատ պրիմիտիվ ընկալում ունի ու համապատասխան էլ նյութ ու մատուցում է անկնալում: Մի խոսքով, «1915»-ի դեպքում հանդիսատեսին չի հրամցվում կոտորած, բռնաբարություններ, գազանաբարո այլ արարքներ, որոնք միայն առերևույթ են ի ցույց դնում հայերի տառապանքները, իսկ հոգեբանական, խոր հոգեբանական կողմերը գրեթե միշտ երկրորդ պլան են մղվում. լավագույն դեպքում:

Ցեղասպանության թեմայով «ավանդականից» այս աշխատանքում առկա են միայն Ցեղասպանության մասին ֆիլմերի հետ ասոցացվող դերասանը՝ Սիմոն Աբգարյանը (Արսինե Խանջյանը չկա, փոխարենը կադրում հայտնվում են  «դերասաններ» Սերժ Թանկյանը, Արմինե Հովհաննիսյանը՝ ռեժիսորի մայրն ու Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը), և «կպչուն» երաժշտական մոտիվը՝ «Արի իմ սոխակը»: Նման բան կա նաև Տավիանիների «Արտույտների ագարակում»՝ «Ով սիրուն, սիրունի» տեսքով, Աքինի «Սպիում»՝ «Ջանոյ»-ով: Այս դեպքում մոտիվի ընտրությունն ավելի տրամաբանված է, բացատրվում է հանգուցալուծումով. ֆիլմի առանցքում, ըստ էության, հերոսուհու՝ Անժելայի ընտրությունն է: Կփախչի՞ արդյոք ամուսնացած ու երեխատեր հայուհին թուրքի հետ, երբ իրեն հայտնեն, որ բոլոր հայերն անխտիր վերացվելու են, իսկ ինքը, կոպիտ ասած, «շանս» ունի: Անժելայի ընտրության, դրա իրական դրդապատճառները ակնարկվում են ֆիլմի ընթացքում, բայց լրիվ հասկանալի են դառնում միայն ավարտին: Անժելան իր ընտրությունը կատարում է ոչ միայն միակ կենդանի հայը մնալու գայթակղությունից…

Բայց ֆիլմի մի զգալի մասում թվում է` հերոսուհին ավելի շատ մոլագար ռեժիսոր ամուսնու զոհն է, քան վերահաս ցեղասպանության: Ռեժիսոր ամուսինը, որ բեմադրում է «1915» ներկայացումը, Անժելայի հետ վարվում է գրեթե այնպես, ինչպես Հիչքոքը իր դերասանների հետ՝ հոգեգարության դուռը հասցնելով նրան անհրաժեշտ էֆեկտի համար: Գեղագիտությունը, հոգեբանական բեռնվածքը Ցեղասպանության մասին «վավերագրական նյութով» հավասարակշռվում է հին լուսանկարների, անգլալեզու մամուլից վերնագրերի, կադրում հնչող լուրերի թողարկումների միջոցով:

Ամեն դեպքում, գլխավոր դերակատարները` թե′ Սիմոն Աբգարյանը, թե′ Անժելա Սարաֆյանը, տպավորիչ են: Ռեժիսոր Հովհաննիսյանն ասում է, որ ֆիլմի «գաղտնիքը» Սարաֆյանն է: Ես կավելացնեի, որ հենց դերասաններն են, որ լինելով հայ, սակայն արևմտյան դերասանական դպրոցի ներկայացուցիչ,  ֆիլմը դարձնում են «արտասահմանյան»՝ ոչ ստերեոտիպային հայկական: Իհարկե, առաջնահերթ դեր ունի նաև դրամատուրգիան է, որը չնայած որոշ թվացյալ «անհարթություններին» (երբ այնքան էլ հստակ չի ներկայացվում հերոսուհու անձնական ապրումների կապը 1915-ի ողբերգության հետ)` բավականին ուժեղ է,  Հայոց ցեղասպանության թեմայի տեսանկյունից էլ ՝ գուցե խիստ յուրօրինակ: Իսկապես ուժեղ են առանձին երկխոսություններ. և դա չեն կարողացել փչացնել ո′չ թարգմանիչը, ո′չ հայերեն կրկնօրինակողները:

Եվ այս պատմությունն այս կերպ մատուցելու համար թիմն ունեցել է մոտ 2 տարի մտահղացման համար և 20 օր էլ՝ նկարահանման:

Նկարահանման հիմնական վայրը Լոս Անջելեսի հին թատրոններից մեկն է՝ «Լոս Անջելեսը», որի հիմնադիրների թվում է նաև Չառլի Չապլինը: Էսթետիկ առումով շատ գեղեցիկ է ստացվել. ընդհանրապես նման ռետրո թատրոններն ավելի շատ օգտագործվում են տպավորիչ երաժշտական հոլովակներում: Այս առումով ֆիլմն ահագին «քլիպային» գեղեցիկ է: Թատրոնի և ֆիլմի սյուժեի՝ թատերական ներկայացման շուրջ ծավալվելու մասին տեղեկությունը դիտումից առաջ մտավախություն էին առաջացրել, թե կարող եմ «հեռուստաներկայացումների» ֆորմատի ինչ-որ բանի ականատես լինել: Բայց այս «վախերս» բարեբախտաբար չարդարացան: Փոխարենը, ինչը չէի «նախատեսել», ֆիլմը զգալի վնասում է թարգմանությունը՝ տեղ-տեղ ռուսաբանություններով, և այն, որ կրկնօրինակումն արել են տեղի կարկառուն արտիստները. գաղտնիք չէ, որ շատ քիչ հայերեն կրկնօրինակված ֆիլմեր կան, որոնք հնարավոր է հաջող համարել: Ահա, «1915»-ը այդ շարքից չէր:

Մնում է հուսալ, որ մյուս առումներով ռեժիսորներ Մուհիբյանը և Հովհաննիսյանը չեն կիսի իրենց հերոսի՝ ռեժիսոր Սիմոնի ճակատագիրը, որ ֆիլմում խիստ քննադատության է արժանանում հենց հայ հանդիսատեսի, հայության կողմից: Ֆիլմի մասին երկար կարելի է խոսել, որովհետև եզակի ու կարևոր երևույթ է: «1915»-ը բավական նորովի բացատրում է նաև, թե ինչու այնուամենայնիվ թուրքերը կոտորեցին հայերին: Հոգեբանականի մակարդակում ռեժիսորները, պարզ ասած, արձանագրում են, որ հայերը կոտորվեցին, որովհետև թուրքին անընդհատ զգացնել էին տալիս, որ Թուրքիան այնքան էլ իրենց հողը չէ…

Եվ մյուս կողմը՝ «1915»-ը շատ դառը զգացողություն բերեց-ավելացրեց՝ 1915-ի բոլոր -բոլոր բերածներին. հենց այս ֆիլմի դիտման ընթացքում մտածեցի, որ ցեղասպանությունը մղձավանջ է, և այն ազգերը, որոնց դա պատուհասել է, չպիտի հանգիստ ունենան: Երբևէ:

«Բարի գալուստ, 1915», – հենց այսպես է ֆիլմում «Լոս Անջելես» թատրոնի ղեկավարը «հրավիրում» հանդիսատեսին այս մի քիչ այլ 1915:

Դավիթ Պ. Վարդազարյան

Դիտվել է 211 անգամ