Կարճամետրաժ ֆիլմ՝ «Անմոռուկ»

11157918_741202329326653_73453072_nԵրիտասարդ օպերատոր և ռեժիսոր Վազգեն Համբարձումյանին հետաքրքրել է մի հանգամանք, որը Հայոց ցեղասպանության իրողության տիրույթում լինելով՝ շատերի ուշադրությունից վրիպել է։ Մենք մեծ մասամբ կենտրոնանում ենք Թուրքիայի կողմից ծրագրված ցեղասպանության, տեղահանությունների, հայկական գաղթօջախների ձևավորման, հայ որբերի ճակատագրերի, պահանջատիրության և այլ խնդիրների վրա, բայց Հայոց ցեղասպանությունն ունի ևս մի հետևանք՝ բռնաբարված հայ կանանց կիսով չափ թուրք զավակներ։ Ցավոտ ու տհաճ թեմա է, բայց իրականություն։ Ոչ մի վիճակագրություն չկա, թե անարգված, բայց ցեղասպանությունից հրաշքով փրկված ու ընդամենը ամիսներ անց ծննդաբերած հայ կանանց զավակների քանի տոկոսն է զտարյուն հայ եղել, քանիսը՝ կիսաթուրք կամ կիսաքուրդ։ Այդ երեխաների մեծ մասը հետո հայտնվել է որբանոցներում կամ ապրել անհայտ ճակատագրով։ Այս թեմայով մի քանի գրական ստեղծագործություններ կան ու այսքանը։

Վազգեն Համբարձումյանին այնքան է հետաքրքրել թեման, որ որոշել է գեղարվեստական ֆիլմ նկարել։ Սցենարը գրել են Գայանե Մարտիրոսյանն ու Գոհար Պետրոսյանը։ Սեփական նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով Վազգենը մի քանի ամիս առաջ սկսել է իր «Անմոռուկ» ֆիլմի  նկարահանումները։ Գլխավոր դերում խաղացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը։ Նա մարմնավորել է այն հազարավոր հայուհիներից մեկին, որը դարձել է թուրք բարբարոսի բռնության զոհը։ Ամբողջ ընտանիքին կորցրած ու ցեղասպանությունից փրկված կինը ծննդաբերում է, բայց երեխային խլում են նրանից։ Կյանքի մայրամուտին որդեկորույս մոր հիշողությունից անջինջ են ընտանեկան երբեմնի երջանկության պատկերները, եղեռնի մղձավանջն ու թուրք բռնակալի եղկելի արարքը։ Նա խելագարի պես դեռ իր մանչին է կանչում, որը, փաստորեն, թուրքի զավակ էր։11149044_741202265993326_109395268_n

Վազգեն Համբարձումյանը նաև ֆիլմի օպերատորն է։ Նա պատմեց, որ գլխավոր հերոսուհու դերի համար մի քանի դերասանուհիների էր նախատեսել, սակայն ոչ ոք հանձն չի առել մարմնավորել  հոգեբանական բարդ դրամայով հագեցած կերպարը։ Մեծ դժվարությամբ, բայց ռեժիսորին հաջողվել է համոզել Գրետա Մեջլումյանին։

Ֆիլմի հեղինակները հանրության ուշադրությունը հրավիրում են Հայոց ցեղասպանության  ցավալի հետևանքի վրա. հազարավոր մանուկներ սփռվել են աշխարհով մեկ՝ անտեղյակ, թե ինչ արմատներ ունեն և ումից են սերում իրենք։ Նրանք տարբեր միջավայրերում են հասակ առել, ընտանիք կազմել, բայց գենետիկական անալիզի չեն ենթարկվել։

15 րոպե տևողությամբ կարճամետրաժ «Անմոռուկը» կմասնակցի մայիսի 10-15-ը Սևաստոպոլում կայանալիք «Победиливместе» փառատոնին։

Նաիրա Փայտյան

Դիտվել է 282 անգամ