«Սվազլյան գերդաստանի հավատամքը». ֆիլմ՝ ցեղասպանության թեմայով

VZ1 - ----------Սվազլյան գերդաստանի մասին պատրաստվել է փաստագրական ֆիլմ, որն անմիջականորեն ներկայացնում է նաև Արևմտյան և Արևելյան Հայաստանների քաղաքական, հասարակական պատկերը մինչև Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո։ Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Լաուրա Խառատյանն է։ Բացի Սվազլյան գերդաստանի շառավիղների հարցազրույցներից, ֆիլմում ներառված են նաև օտարերկրյա և տեղացի պատմաբանների, քաղաքագետների, գիտնականների, մշակութային ճանաչված գործիչների ելույթներ, ցեղասպանության ականատեսների կենդանի վկայություններ։ Լաուրա Խառատյանն օգտագործել է արխիվային բացառիկ արժեք ներկայացնող վավերագրական տեսանյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ։Սվազլյան գերդաստանի երեք սերունդները հայտնի են ազգանպաստ գործունեությամբ։ «Սվազլյան գերդաստանի հավատամքը» վերնագրի ներքո ֆիլմում ներկայացվում է արևմտահայ ազգային, հասարակական, քաղաքական հայտնի գործիչ, դիվանագետ ու գրող Միհրան Սվազլյանի (Սվազլը) գործունեությունը Մեծ Բրիտանիայում, ապա ԱՄՆ-ում՝ որպես հայ առաջին լոբբիստական կազմակերպության հիմնադիր-նախագահ։

VZ7Այնուհետև ֆիլմում պատմվում է Միհրան Սվազլյանի որդու՝ գրող, հրապարակախոս, թատերագիր, ազգային-հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի կյանքի ու գործունեության մասին։ Նա Հայ Օգնության Կոմիտեի (ՀՕԿ) Ալեքսանդրիայի մասնաճյուղի հիմնադիր-նախագահն է եղել, ազգանվեր գործունեություն ծավալել Սփյուռքում, կազմակերպել սփյուռքահայերի ներգաղթն Արևելյան Հայաստան։ Նրա գրած «Ներգաղթը» պիեսը բեմադրվել է ու հայրենադարձության մեծ ալիք առաջացրել Սփյուռքի գաղթօջախներում։

«Սվազլյան գերդաստանի հավատամքը» ֆիլմում, ի վերջո, ներկայացվում է Սվազլյանների մերօրյա սերնդին՝ բանահավաք, բանագետ, պատմաբան Վերժինե Սվազլյանի գործունեությունը։ Վերժինե Սվազլյանը տասնյակ գրքերի, հարյուրավոր հրապարակումների հեղինակ է։ Ցեղասպանագիտության մեջ նրա անունը հատկանշվում է այն բանահավաքչական աշխատանքով, որն ինքնին դարձել է Մեծ եղեռնի ապացույց։ Մոտ 60 տարի Վերժինե Սվազլյանն աշխարհի տարբեր անկյուններից հավաքել է ցեղասպանությունը վերապրածների հուշերն ու վկայությունները, դրանք տեսագրել  ու ձայնագրել՝ որպես անհերքելի ապացույց։ Այնուհետև այդ արձանագրությունների հիման վրա Վերժինե Սվազլյանը կազմել է հսկայածավալ գիրք-աշխատություն։VZ5

Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Վերժինե Սվազլյանը դեռ սովետական տարիներին մեկնել աշխարհի տարբեր երկրներ, որոնել Արևմտյան Հայաստանից գաղթած, ցեղասպանությունը սեփական աչքերով տեսած հայերի ու նրանց վկայություններն արձանագրել։ Այդպիսով նա հավաքել է մոտ 1000 պատմություն, միաժամանակ արձանագրել պատմողի անձնական տվյալները, տեսագրել ու լուսանկարել նրանց։ Թուրքիա ներթափանցելու համար նա հիվանդ է ձևացել, անիմաստ վիրահատվել, որպեսզի պառկի հայկական ծերանոցին կից հիվանդանոցում ուկարողանամուտք գործել այնտեղ ու ձայնագրել ապաստանած հայ գաղթականներին։ Նրանք հայերեն և թուրքերեն պատմում են եղեռնի դժոխային պատկերներից, երգում նախճիրը բնութագրող երգեր, նշում հայկական գյուղերի ու քաղաքների անուններ, որոնք ցեղասպանությունից հետո մնացել են թուքական տիրապետության տակ։ Շեշտադրելով Սվազլյան գերդաստանի կյանքի ու գործունեության առանցքային ուղղությունները՝ ֆիլմը յուրօրինակ վավերագրություն է՝ Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց։

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 59 անգամ