Պատրիկ Մալաքյան. «Հայրս ինձ չի պատկանում, նա ձերն է»

IMG_9347Նրա մասին Ժակ Շիրակն ասել է. «Անրի Վերնոյը ֆրանսիական կինոյի մի մասն է»։ Այս տարի ֆրանսահայ ռեժիսորի 95-ամյակն է լրանում։ Հոբելյանի և հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան է ժամանել Անրի Վերնոյի ընտանիքը։ Վերահրատարակվել է Վերնոյի «Մայրիկ» վեպը, որը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սոֆիկ Ավագյանը։ Գրքի հիման վրա է Վերնոյը 1991-ին նկարահանել «Մայրիկ» ֆիլմը։

IMG_9207Վերնոյն ընդհանուր առմամբ  նկարահանել է 42 ֆիլմ, գրել 6 սցենար, նկարահանվել 6 ֆիլմերում, եղել 4 կինոնկարի պրոդյուսեր։ «Մայրիկը» Վերնոյի վերջին ֆիլմն է։

Ֆրանսիացի մի շարք դերասան-դերասանուհիներ առաջին անգամ խաղացել են հենց Վերնոյի ֆիլմերում։ Վերնոյն իր թեթև ձեռքով եղել է շատերի կնքահայրը կինոյում՝ Կլաուդիա Կարդինալեի, Ժան Գաբենի, Ալեն Դելոնի։ Ֆիլմերը նկարահանելուն պես Վերնոյն իր մայրիկին հրավիրել է իր առանձնատան կինոդահլիճ, ու երկուսով դիտել են։ Մայրը որդու առաջին քննադատն է եղել։ «Կարծում եք` տատիկս ֆիլմերը դիտելուց հետո հայրիկիս քննադատո՞ւմ էր։ Ոչ, իհարկե։ Հայ մայրերը հենց դրանով են տարբերվում մյուս մայրերից. նրանք երբեք չեն քննադատում ու վատաբանում իրենց որդիներին։  Տատիկս դառնում էր հորս առաջին հանդիսատեսը, որպեսզի հպարտանա նրանով. սա է գաղտնիքը»,- գրքի վերահրատարակման առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ ասաց Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը։

Նա հուշեր պատմեց, որոնք ընդգծում են  Վեռնոյի մարդկային կերպարը, հայեցի կեցվածքը, բնավորությունն ու խառնվածքը։ Ֆրանսահայ արվեստագետը «Մայրիկ» գրքով ու ֆիլմով սփյուռքահայերի մեջ արթնացրել է ազգային գիտակցությունը, արյան կանչը, շատերին ստիպել վերադառնալ արմատներին։ Պատրիկ Մալաքյանը պատմեց. «Հորս հրավիրել էին հեռուստատեսային մի հաղորդման։ Նա պատմեց իր ընտանիքի ու հատկապես մոր  մասին։IMG_9240

Հաջորդ օրը զանգում են հեռուստատեսությունից ու ասում, թե պարոն Վեռնոյ, Դուք նամակներ ունեք։ Հայրս պատասխանում է, որ կգա կստանա։ Սակայն լսում է շարունակությունը. «Բեռնատար է պետք Ձեր նամակները տանելու համար, պարոն Վեռնոյ»։ Հայրս ապշում է. պարզվում է՝ իսկապես, հսկայական քանակության նամակներ են ուղարկել իրեն։ Բոլորը շնորհակալություն էին հայտնում  հորս՝ ասելով. «Ձեր պատմությունները լսելուց հետո մենք զանգեցինք մեր մայրերին ու հարցրինք՝ բարև, մամ, ո՞նց ես»։

Անրի Վեռնոյի «Մայրիկ» գիրքը երեք մասից է բաղկացած եղել։ Առաջին մասում նա պատմել է ցեղասպանության մասին, երկրորդը նվիրված է եղել Մարսելին, իսկ երրորդը՝ Պարադի փողոց -588-ին։ Գրքի առաջին հատվածն այդպես էլ լույս չի տեսել։

IMG_9297Պատրիկ Մալաքյանը  «Մայրիկը» համարում է նաև իր ֆիլմը, որովհետև ամեն անգամ այն դիտելիս նույն հույզերն է ապրում, հոր մանկությության դրվագներն այսօր էլ նրան ստիպում են արտասվել։ Ցավում է, որ հայրն այդպես էլ իրեն հայերեն չսովորեցրեց, իսկ 51 տարեկանում այլևս դժվար է հայերենը յուրացնել։ Ուրախ է, որ հայրը երբեք չի  միջամտել, չի օգնել իրեն ստեղծագործական ճանապարհ հարթելիս. ամեն ինչ արել է ինքնուրույն։ «Հայրս միշտ գրվել է՝ Անրի Վեռնոյ, իսկ ես՝ Պատրիկ Մալաքյան. ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, որ ես նրա որդին եմ։ Իսկ երբ իմանում էին, արդեն ուշ էր լինում։ Ես հասցրած էի լինում տպավորություն թողնել իմ մասին։ Ու դա շատ լավ է։ Ձգտել եմ ամեն ինչի հասնել սեփական ուժերով։ Երբ երիտասարդ էի, հորս ասացի, որ ուզում եմ ռեժիսոր դառնալ, իսկ նա խորհուրդ տվեց՝ գնա մարկետինգի գծով։ Ես այդպես էլ արեցի։ Կրթություն ստացա, հետո դիպլոմս բերեցի նրան տվեցի ու այդ օրվանից որոշեցի՝ զբաղվելու եմ իմ սիրած գործով՝ ֆիլմ եմ նկարելու։ Երբ նրան պատմեցի իմ կարճամետրաժ ֆիլմի սցենարը, հայրս հավանություն չտվեց, ասաց՝ չնկարես այդ պատմությունը, հաջողություն չի ունենա։ Ես չլսեցի նրան ու նկարեցի։ Պրեմիերայի օրը սրտի դողով սպասում էի, թե ինչ գնահատական է տալու։ Ֆիլմի ավարտին վեր կացավ ու ասաց. «Ես սխալվում էի տղաս, դու ճիշտ էիր, արժեր, որ այս պատմությունը ֆիլմ դառնար»։ Այդպիսին էր հայրս. երբեք չէր վարանում իր սխալը խոստովանել»։

Պատրիկ Մալաքյանը հանդիսատեսի հետ զրույցն այսպես ավարտեց.

-Ես այստեղ եմ՝ Հայաստանում, ու հիմա ճիշտ տեղն ու ժամանակն է ասելու, որ հայրս ինձ չի պատկանում, նա ձերն է։

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 191 անգամ