Գերմանացիները Հայաստանի մասին ֆիլմ են պատրաստել

unnamedԳերմանիայում անց է կացվում «Խոսել սահմանների մասին» նախագիծը, որի շրջանակում Հայոց ցեղասպանության թեմայով տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում։ Օրինակ՝ Նյուրնբերգի պետական թատրոնում ապրիլին 200 դերասաններ ընթերցելու են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Նրանք հենց բեմի վրա միմյանց փոխարինելով՝ կարդալու են վեպը, և դա կտևի 40 ժամ։ Այդ կերպ գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն ու Նյուրնբերգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը ցանկանում են իրազեկել գերմանաբնակ հասարակությանը հայոց ցեղասպանության մասին։

«Խոսել սահմանների մասին» խորագրի ներքո Քրիստիան Պապկեն պատրաստում է ֆիլմ Հայաստանի մասին։ Նա առաջին անգամ մեր երկիր է այցելել 2014-ին։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին նրան պատմել է Հայաստանի, հայոց ցեղասպանության, մեր մշակույթի մասին։ Գերմանացի ռեժիսորը մեծապես հետաքրքրվել է հայ ժողովրդի անցյալով ու որոշել ֆիլմ նկարել։ Մինչ այդ Պապկեն ֆիլմեր է պատրաստել Սև ծովի ավազանի, բալկանյան երկրների մասին։ Իսկ հիմա նա հետաքրքված է Կովկասով։ Գերմանացի կինոռեժիսորը 5 անգամ եղել է Հայաստանում, ճամփորդել, նկարահանել իր բացահայտումները և օտարազգիների համար հետաքրքրիր տեղեկություններ հավաքել մեր երկրի մասին։ Ներկայացնելով մեր պատմությունը՝ Քրիստիան Պապկեն անդրադառնալու է նաև հայոց ցեղասպանության իրողությանը։ Թեմային խորությամբ տիրապետելու համար նա ուսումնասիրել է նաև գերմանական արխիվները։

«Հայաստան. ստվերների երկար ճանապարհ» վավերագրական ֆիլմն օտարազգիներին կծանոթացնի մեր պատմությանն ու մշակույթին, կենցաղին ու ազգային ավանդույթներին։ Այն ճանաչողական նշանակություն ունի։ Ապրիլի 21-ին ֆիլմը կցուցադրվի Գերմանիայի առաջնակարգ հեռուստատեսությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ավստրիայի հեռուստատեսության հետ։ «Հայաստան. ստվերների երկար ճանապարհ» ֆիլմը Ավստրիան կհեռարձակի ապրիլի  23-ին։

Ստեղծագործական խումբը ջանացել է, որպեսզի ֆիլմը մինչև ապրիլի 24-ը պատրաստ լինի և ցուցադրվի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։

Քրիստիան Պապկեն պատրաստակամ է. եթե հայաստանյան հեռուստաընկերությունները ցանկանան ֆիլմը ցուցադրել, ինքը մեծ սիրով այն կտրամադրի նրանց։

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 50 անգամ