Միլոշ Ֆորման. «կախարդական փոխակերպման գաղտնիքը»

239686-MilosFormanMilosFormanbyAbeFrajndlich«Հիսուսին` Յան Թոմաշից, Բալկան 1 փողոցից, Չասլավ քաղաք:

Սիրելի Հիսուս, ահա թե ինչ եմ ցանկանում ստանալ Սուրբ Ծննդին.

մի վզնոց, փոքրիկ գիրք եղնիկ Սիսիի մասին` 30 կրոն արժողությամբ, մի տուփ գունավոր մատիտ, մի վզկապ` Ռեքսի համար, մի վերարկու, մի զույգ կոշիկ և մեկ էլ, որ հայրիկը տուն վերադառնա»:

Ութ տարեկան էր Յան Թոմաշը, երբ նամակ էր գրում Հիսուսին: Հետագայում աշխարհը նրան Միլոշ Ֆորման անունով կճանաչի: Իսկ այդ ժամանակ 8 տարեկան Յանը կորցնում է ծնողներին: Նրանց տանում են համակենտրոնացման ճամբար: Փոքրիկի հիշողության մեջ ծնողներից շատ քիչ բան է մնում: Հիշում է` ինչպես 1937 թ. մի երեկո ծնողներն իրեն տանում են «Պոկրոկ» կինոթատրոն: Էկրանին Սմետանայի «Վաճառված հարսնացու» ֆիլմի համր տարբերակն էր: Դահլիճում լռություն էր, ինչպես եկեղեցում: Մեկ էլ գյուղական հրապարակի տեսարանում, երբ երգչախումբը երգում ու պարում է, դահլիճը միանում է նրան: Միլոշի համար դա անմոռանալի տեսարան էր: Հետագայում հասկանում է, որ երբեմն էլ «այո՛, երգո՛վ ես դեմ դուրս գալիս Հիտլերին, Մուսոլինիին»: Իսկ այդ օրը մտածում է. «Ահա ինչ է կինոն` գալիս ես կինոթատրոն, երգում ու պարում»: Այսօր այդ կինոթատրոնը «Միլոշ Ֆորման» անունն է կրում:

Մանկությունից մի տեսարան էլ էր հստակ հիշում: Դպրոցում դասվարը դուրս է կանչում: Հայրը կանգնած է միջանցքում: Կռանում, ծրար է տալիս որդուն. «Վազիր տուն, տուր մորդ: Շուտով կգամ: Ոչ մի բանից մի վախեցեք»: Միլոշն ուրախ էր. կարելի էր դասին չնստել ու տուն փախչել: Տանը մայրը բացում է ծրարն ու լաց լինում: Ամուսնուն տարել էին համակենտրոնացման ճամբար: Դրանից հետո մայրը որդու հետ օրը երկու անգամ դիմավորում էր Կոլինից ժամանող գնացքները: Միլոշը չէր հասկանում` ինչ է կատարվում: Պարզապես սիրում էր կանգնել երկաթգծի կամրջակի վրա ու վերևից նայել` ինչպես է գնացքից ծուխ բարձրանում: Շուտով մորն էլ են տանում համակենտրոնացման ճամբար: Հորն այդպես էլ չի տեսնում: Մոր հետ հանդիպում է մեկ անգամ միայն:

«Պրահայի շքեղ բանկային շենքը դարձել էր հարցաքննությունների վայր,- պատմում է Ֆորմանը,- մորս բերել էին էդտեղ, 15 րոպեով… Մենք երեք ժամ սպասեցինք. ես, եղբայրս` Պավելը, հորեղբայրս: Հետո մորս բերեցին: Այդ 15 րոպեն վերջինն էր, որ մորս տեսա… Մեկուկես տարուց ավելի համակենտրոնացման ճամբարում էր, բայց երբ հանդիպեցինք, խոսում էինք այնքան առօրեական բաներից: Օրինակ` մայրս հարցնում էր. «Իսկ այս տարի ծիրանենիները լա՞վ են բռնել: Պանի Պրոխասկովան ձեզ կօգնի մուրաբա պատրաստել. նրա պատրաստած մուրաբաները շատ համեղ են»: Կամ. «Պեպինկայի գործերը ո՞նց են»: Ես նստել էի նրա գոգին, 10 տարեկան էի: Եվ մենք այնպես Էինք խոսում, ասես հենց նոր հանդիպել ենք «Բոկոլերնոյի տաղավարում»: Տարօրինակ ժամանակներն էին… Ինչերի′ են ընդունակ մարդիկ` ինձ համար առ այսօր առեղծված է»։

Մարդը և համակարգը, մարդը և հասարակարգը: Մարդը ճակատագրի տե՞րն է, թե՞ զոհը: Հարցադրում, որը հետագայում կդառնա Ֆորմանի արվեստի առանցքը:

Հարևանները տղային հանձնում են Չասլավի գիշերօթիկ դպրոց: Այս կրթարանը Չեխիայում հայտնի էր իր անվանի սաներով: Դպրոցի թատերական խմբակում Միլոշը ծանոթանում է լավագույն ընկերների՝ Իվան Պասերի և Միրոսլավ Օնդրժիչեկի հետ: Նրանք դառնալու էին չեխական կինոյի լեգենդները` կինոռեժիսոր Ֆորմանը, սցենարիստ Պասերը, օպերատոր Օնդրժիչեկը: Ֆորմանի գրեթե բոլոր կինոնկարներում այս եռյակը միասին է: Պատերազմից հետո Օնդրժիչեկը Միլոշին նվիրում է 16-միլիմետրանոց կինոխցիկ: Ու հետագայում Օնդրժիչեկը հենց դրանով է նկարում Ֆորմանի գրեթե բոլոր կինոնկարները: 17-18 տարեկանում Ֆորմանը դեռ իրեն կինոռեժիսոր չի պատկերացնում, բայց ուզում է թատրոնում ուժերը փորձել: Ընդունելության քննություններին հանձնարարում են էտյուդ ցույց տալ՝ «Մարդկության պաքարն ընդդեմ պատերազմի» թեմայով: Շվարում է, քննությունը ձախողում: Փոխարենը՝ միաժամանակ ընդունվում է երեք տարբեր բուհեր` իրավաբանական համալսարան, լեռնամետալուրգիայի ինստիտուտ և կինոակադեմիայի դրամատուրգիայի բաժին: Ընտրում է դրամատուրգիան:

«Հանրակացարանի սենյակի համար պիտի վճարեի, և զուգահեռ աշխատանքի անցա հեռուստատեսությունում: Սա աբսուրդի լավ դպրոց էր,- պատմում է ռեժիսորը։- Ուղիղ եթերի ժամանակ նախապես պետք է գրված լիներ ամեն բառը, որը պիտի հաստատեր հանձնաժողովը: Ցուցադրման ժամանակ ամեն բառ իր տեղում պիտի լիներ: Մեզ հյուր էին եկել խորհրդային կրկեսի ձեռնածուներ: Ինձ հանձնարարել էին հարցազրույց վերցնել: Երբ ներկայացրի թուղթը, ասացին. «Բայց այստեղ միայն քո հարցերն են, նրանց խոսքը չկա»: «Չկա, որովհետև չեն խոսում, միայն ցուցադրում են: Գնդակներն օդ են նետում ու ասում են՝ հո՛պ-լա, հո՛պ-լա»: «Այդպես էլ գրի»,- ասացին: Վերցրի թուղթն ու ավելացրի` «հո՛պ-լա, հո՛պ-լա, հո՛պ-լա»: Ներկայացրի: «Ա՛յ, սա ուրի՜շ բան է»,- հավանություն տվեցին ու «հո՛պ-լա»-ն հաստատեցին: …Կինոակադեմիայում հանդիպեցի շատ հետաքրքիր մարդկանց ու տեսա շատ-շատ կինոնկարներ: Կարող էինք ամբողջ գիշեր նոր տեսած կինոյից խոսել: Ու ես հասկացա, որ ամենից շատ կինոն եմ սիրում և ամենից շատ կուզեի կինոյի միջոցով ինչ-որ բան պատմել»:

1963 թվականին ռեժիսորը նկարահանում է իր առաջին կարճամետրաժները` «Մրցույթ» և «Եթե մեղեդի չլիներ»: «Մրցույթում» նկարահանում է իր առաջին կնոջը` Վերա Կրժեսադլովային: Այդ ժամանակ նա արդեն հատնի դերասանուհի էր Չեխիայում: Որդիների` Պետերի ու Մաթեի ծնունդից քիչ անց նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Սև Պետրոսը»: Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում այն «Ոսկե ընձառյուծի» է արժանանում: Նրա հաջորդ` «Շիկահերի սիրավեպն» ու «Այրվիր, իմ օրիորդ» ֆիլմերն առաջադրվում են «Օսկարի»` որպես լավագույն օտարերկրյա կինոնկարներ: «Ինչ որ առումով բախտս բերել է,- ծիծաղում է ռեժիսորը,– չինովնիկները շատ բաների վրա էին աչք փակում, քանի որ կինոնկարներս «երկրորդ կարգի» ֆիլմեր էին` կատակերգություններ»:

1814392,jcljwOB2OIsbP41U1p2p0MyMNwNEXfVN7alspi_frmSZ1YBpC4LAl0B08KlAs5+OoZ3mg1v7zmM6FT4OEYIxHQ==

Միլոշ Ֆորմանի առաջին ֆիլմը, որի համար ոչ պրոֆեսիոնալ դերասանական կազմ է ընտրվում, նկարվում է Չեխիայում 1967-ին: «Պրոֆեսիոնալներն առավոտյան ռադիոյում էին, երեկոյան` թատրոնում: Միակ ելքը փողոցից մարդկանց որսալն էր: Նրանք կարող էին 24 ժամ քեզ հետ աշխատել»,- պատմում է Ֆորմանը:
«Հրշեջների պարահանդես» տրագիֆարսը հին ու նոր սերնդի մասին է: Քաղքենի հասարակությունը սրբացնում է առօրյա պայմանականությունները: Այդ պատճառով հաճախ իրականությունը զավեշտական է դառնում: Ֆիլմի ստեղծման պահից Ֆորմանը դառնում է «չեխական կինոալիքի առաջնորդ»: Իսկ ֆիլմը պաշտոնապես փակվում է: Կինոնկարի շուրջ առաջացած աղմուկն այնքան մեծ էր, որ վտանգավոր էր թվում: «Հրշեջների պարահանդեսը» արգելվում է ցուցադրել Չեխիայում` «բոլոր ժամանակների համար փակ» հրահանգով և ավելի հանրահայտ է դառնում:

Կինոնկարի նախնական դիտումից հետո, երբ դրա հանրային ներկայացումն արգելվում է, ֆիլմի համապրոդյուսեր Կառլո Պոնտին դահլիճից հեռանում է` Ֆորմանից պահանջելով իր ներդրած 85 հազար դոլարը: Չվճարելու դեպքում ռեժիսորին տասը տարվա ազատազրկում էր սպասում` պայմանագիրը խախտելու և «հասարակությանը սաբոտաժի ենթարկելու համար»: Մեղադրանքը ծանրակշիռ էր: Այդ ժամանակ Ֆրանսուա Տրյուֆոն և Կլոդ Կարիերը որոշում են գնել ֆիլմը: Պոնտին ստանում է գումարը, Միլոշը` պահպանում իր ազատությունը: Դրանից շատ տարիներ անց Ֆորմանը կկատակի, թե «չեմ հասկացել` Տրյուֆոն ինչու էդպիսի քայլի գնաց, ե՞ս էի որպես ռեժիսոր դուր եկել, թե՞ ֆիլմը»: «Գուցե երկուսը միասին»,- կծիծաղի նրա ընկերը՝ Ժան Կլոդ Բերին: «Երևի,– կհամաձայնի Ֆորմանը,- այդուհանդերձ հետագայում առողջ բանականությունը գլուխ բարձրացրեց, և այդ նույն Տրյուֆոն ինքն արդեն Կաննում արգելեց ֆիլմի ցուցադրումը»։

Ֆիլմում ներդրված գումարները հետ բերելու համար «Ֆիլմէքսպորտը» «Փարամաունթին» նամակ է գրում Միլոշ Ֆորմանի անունից: Մեքսիկայից հրավիրում է լավագույն ընկերոջը` Ժան Կլոդ Բերիին, և Միլոշ Ֆորմանը Ամերիկայում սկսում է աշխատել «Ընդհատում» ֆիլմի վրա:

60-ական թվականներն էին, համաշխարհային մշակույթի «ոսկե դարաշրջանը»: Ազատության ու թռիչքի տարիներ: Երկու երիտասարդ որոշում են հիփիների մասին ֆիլմ նկարել: Իրադարձություններով գերհագեցած կյանքի համեմատ` սցենարը շատ խղճուկ է թվում: Ամեն օր ժան Կլոդ Բերին ու Միլոշ Ֆորմանը գնում են Կալիֆոռնիայի հիփիների թաղամաս՝ իբր ուսումնասիրելու «ազատատենչ» երիտասարդների կյանքը: Ռեժիսորը հիփիների մասին ֆիլմը նկարում է ավելի ուշ: «Վարսեր» կինոնկարը հետագայում ռոքի բոլոր սիրահաների, հիփիների համար դառնում է օրհներգ: Հետագայում այն իր հաստատուն տեղն է զբաղեցնում համաշխարհային կինոմյուզիքլների լավագույն տասնյակի մեջ: Բայց Միացյալ Նահանգները հեղինակին մեղադրում է ոչ ավելի, ոչ պակաս «կոմունիստ» լինելու մեջ:

l-hair-5ea595c0

…Երիտասարդ հիփիներից մեկն ընկերոջ փոխարեն մեկնում է Վիետնամ: Մեկնում է, որպեսզի ընկերը կարողանա հանդիպել սիրած աղջկա հետ: Կայազորում հայտարարում են արտակարգ դրություն, ու նա, հագնելով ընկերոջ զինահագուստը, մեկնում է մարտի: «Ես հավատում եմ Տիրոջը: Տերը հավատում է Կլոդին: Ու Կլոդը ես եմ»,- երգում է երիտասարդը: «Կլոդը ես եմ, դու ու բոլորը»,- ֆիլմով երգում է Ֆորմանը: Ամբողջ կինոնկարը պատանեկան մի ցնծալի խենթություն է, որ անսպասելիորեն ողբերգական ավարտ է ունենում: Կլոդի փոխարեն մարտի մեկնած ընկերը զոհվում է: Այս անսպասելի վերջը հնչում է որպես բոլոր երազների ու հույսերի մահվան երգ: Հնչում է որպես հոգեհանգստի աղոթք: Բոլոր անմեղ ապստամբների` «անառակ որդիների» համար, նրանց, ովքեր չգիտեն` հանուն ինչի են պատերազմում ուժեղների աշխարհում: Ու ֆիլմը պատերազմի դեմ յուրօրինակ մանիֆեստ է դառնում: 1979 թվականին Ֆորմանն այսպես «վերահանձնում» է իր առաջին ձախողած ընդունելության քննությունը:

1968-ին Ֆորմանը և ընկերները «Ընդհատում» ֆիլմի համար նյութեր հավաքելիս անսպասելիորեն իմանում են, որ Չեխիայի կինոակադեմիան «Հրշեջների պարահանդեսը» ներկայացնում է Կաննի փառատոնին: Ֆորմանը Բերիին այս անգամ առաջարկում է մեկնել Ֆրանսիա, և այդ տարիքին հատուկ անհոգությամբ ընկերները Ամերիկայից մեկնում են Եվրոպա: Կաննի փառատոնում «Հրշեջների պարահանդեսի» ցուցադրումից անմիջապես առաջ ֆիլմն արգելվում է: Ու վարագույրը փակվում է: Ֆիլմի ներկայացումը չի հաջողվում նաև Փարիզի կինոթատրոններից մեկում. կինոնկարի սկսվելուց րոպեներ առաջ բռնկվում է կինոթատրոնի շենքը: Երկու անգամ միևնույն ֆիլմի տապալումից հետո ֆիլմի ռեժիսորին այլևս դժվար էր նոր բան վստահել: Ֆորմանն ու Բերին որոշում են գնալ Չեխիա:

1968 թվականն է: Խորհրդային տանկերը ներխուժում են Չեխիա: Եվ ընկերները հասկանում են, որ հավանաբար ճիշտ չեն արել: «Ժան Կլոդը և Արևմուտքից շատերը կանխորշում էին` ինչ է տեղի ունենալու,- պատմում է Միլոշ Ֆորմանը։- Այդ օտարեկրացիներն ամեն ինչ հստակ տեսնում էին, իսկ մեր աչքերն ասես քողով ծածկված լինեին: Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ ռուսներն ընդունակ են նման հրեշավոր գործողությունների: Եվ Ժան Կլոդն ասաց` վե՛րջ, վերադառնում ենք Ամերիկա»:

Ֆորմանի կինը` Վերան, կտրականապես հրաժարվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Հայրենիքում ճանաչված դերասանուհին օտար երկրում չի պատկերացնում իր կարիերան: Իր հերթին Ֆորմանը հասկանում էր` եթե գրպանումդ գրոշ չունես, անմտություն է զույգ որդիներին տանել մի երկիր, ուր լեզու չգիտես, կապեր չունես ու անորոշ է ապագադ: Հստակ էր միայն «ստեղծագործելու անհագ ցանկությունը»: Ընդամենը: Եվ ռեժիսորն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնում առանց ընտանիքի:
Մայքլ Դուգլասն ասում է. «Ամենասադրիչ հարցը, որ ինձ տալիս են, այն է, թե ինչպես կարողացավ Միլոշ Ֆորմանը դառնալ «Թռիչքի» ռեժիսորը: Արևելյան Եվրոպայից այդ չեխը, եթե կարծում եք, թե տարօրինակ շեշտադրությամբ է խոսում, պետք է լսեիք նրան տարիներ առաջ` ինչպես էր խոսում, երբ բեմադրում էր ամերիկյան կինոյի այս դասական նկարը»:

one-flew-over-the-cuckoos-nest-17

Դեռևս Լեհաստանում մի երեկոյի ժամանակ Քըրք Դուգլասն առաջարկում է Ֆորմանին ուղարկել «Թռիչք կկվի բնի վրայով» գիրքը, որի հեղինակային իրավունքները գնել էր Քեն Քիզիից: Պայմանավորվում են ուղարկել փոստով: «Դրանից հետո ես ամեն օր բացում էի փոստսարկղս, բայց այն դատարկ էր»,- հետագայում պատմում է Ֆորմանը: Տասը տարի անց միայն Ամերիկայում հանդիպում է Քըրք Դուգլասի որդուն` Մայքլին, և պարզ է դառնում` ԱՄՆ-ի հետախուզական վարչությունը պարզապես «մաքրել» էր ռեժիսորի փոստը:
Մեկ տարի է պահանջվում, որ Ֆորմանը գիրքը սցենարի վերածի: Հետո ուղիղ մեկ տարի սպասում է, որ այն ժամանակ դեռ ճանաչում չունեցող Ջեք Նիքլսոնն ավարտի իր նախկին նախագիծն ու կարողանա խաղալ: Մեկ տարի էլ փնտրում են կլինիկայի գլխավոր բժշկուհու դերակատարին: Ընկերները մեղադրում են ռեժիսորին ծուլության մեջ: Դժգոհում են, որ ամիսներով հյուրանոցի համարից դուրս չի գալիս ու ոչինչ չի անում, որ մերժում է բազմաթիվ նախագծեր: Իսկ ռեժիսորն այս ֆիլմի մեջ ներդնում է իր ողջ ունեցվածքը` մինչև վերջին սենթը: Պարտքը հասնում է աստղաբաշխական թվերի, քանի որ պրոդյուսերների ներդրածը բավարար չէր: Ֆիլմը վճռելու էր նրա ճակատագիրը. անհաջողության դեպքում կորցնում էր ամեն ինչ: Եվ ֆիլմը նկարվում է: Ընդամենը մի քանի շաբաթում: Իսկական հոգեբուժարանում, իրական հիվանդներով և իրական բժշկական անձնակազմով: Ամենաապշեցուցիչը` մեկ դուբլով:

1976_iconic_picture_douglas_director_forman_actress_fletcher_actor_nicholson_picture_douglas

Ֆիլմը ֆանտաստիկ հաջողություն է ունենում: Հինգ «Օսկար», վեց «Ոսկե գլոբուս», բրիտանական BAFTA-ի վեց գլխավոր մրցանակ… Երկու էջ պետք կլինի մրցանակները թվարկելու համար: «Դա երազանքների իրականացում էր: Անգլիացիներն ասում են՝ «կառչի՛ր երազանքներիցդ, և ամեն ինչ կստացվի,- ասում է ռեժիսորը։- Ես կարծում եմ՝ «Օսկարը» ոչ այնքան քեզ է փոխում, որքան քեզ շրջապատող իրողությունները: «Օսկարի» նշանակությունը հասկանում ես ավելի ուշ: Մարդիկ սկսում են պատասխանել զանգերիդ: Այնպիսի դռներ են բացվում, որ առաջ չէին բացվի: Արժեքդ անմիջապես բարձրանում է: Եվ մեծ գումարներ է սկսում բերել: Սա շատ կարևոր է, որովհետև փողն ազատություն է բերում: Ազատ ես անելու այն, ինչ ցանկանում ես»: «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ֆորմանն իր երկու որդիներին Չեխիայից կանչում է Միացյալ Նահանգներ: Հոր ֆիլմի մրցանակբաշխությունը որդիները դահլիճում քնած են անցկացնում: «Ահա թե ինչպես են հորը սիրում, չեն դիմանում ու քնում են աթոռներին»,- ծիծաղում է Ֆորմանը:

img-182056-98f1370821

Շուտով ռեժիսորին հրավիրում են դասավանդելու Կոլումբիայի համալսարանում: 1982-ից նա աշխատում է նաև Ամերիկայի կինոռեժիսորների գիլդիայի խորհրդում: «Վարսերի» մեծ հաջողությունից հետո Ֆորմանը նկարում է «Ռեգթայմ» երաժշտական ֆիլմը, որը սևամորթների և սպիտակների սիրո դրամատիկ պատմություն է: Այն մեծ աղմուկ է հանում: Մյուզիքլը ութ տարբեր անվանակարգերով ներկայացվում է «Օսկարի»: Սակայն 1984 թ. ռեժիսորի նկարահանած «Ամադեուս» կինոնկարն է ութ անվանակարգերով «Օսկար» շահում: Այն հարցին՝ ո՞ւմ կերպարն է իրեն առավել հարազատ` Մոցարտի՞, թե՞ Սալյերիի, վարպետը պատասխանում է. «Երկուսն էլ: Մեզանից ամեն ոք, որ ուզում է ինչ-որ բան արարել, պիտի հավատա, որ ստեղծում է ինչ-որ չքնաղ, բարի մի բան: Այդ ժամանակ նա իրեն Մոցարտ կզգա: Բայց երբ քննի ուրիշի ստեղծածը, կարող է և Սալյերի դառնալ: Ես սիրում եմ Սալյերիին, խորապես ցավում եմ նրա համար: Տանջալից է, երբ երազում ես գեղեցիկի մասին, բայց հասկանում ես, որ անզոր ես այն ստեղծել»:

 

1261820185_a7484acf0e79eca3276ed23ee8f102f4«Ամադեուսը» ֆանտազիա է` հիմնված իրականության վրա»,– ծիծաղելով ասում է ֆիլմի սցենարիստ Փիթեր Շաֆերը: Այս հորինված 069f27f4c9096b26280c88b6911պատմությունն այնքան վարպետորեն է նկարված, որ հավաստիությանը ոչ ոք չի կասկածում: Սալյերին միակն է, որի համար ակնհայտ է՝ Մոցարտը հանճար է: Միակն է, որ հասկանում է` այս հանճարի թռիչքի համար սահմաններ չկան: Ու չի կարողանում ներել նրան հենց դրա համար: Միջակության ողբերգությունը: Այս դրաման բոլոր ժամանակների 100 մեծ կինոնկարների շարքում է: «Ամադեուսն» առ այսօր որպես երաժշտական ֆիլմ համարվում է չգերազանցված:

90-ականներին ռեժիսորը մեծ նախագիծ է սկսում «Կոլումբիա փիքչըրսի» հետ` ճապոնական համակենտրոնացման ճամբարների սարսափների մասին պատմող մեծակտավ գործ: «Դժոխային ճամբար». այսպես էր կոչվելու ֆիլմը: Նկարահանումները պաշտոնապես արգելվում են սկսելուց մի քանի օր անց: Ֆորմանն իր կինեմատոգրաֆում այդ բացը լրացնում է շատ ավելի ուշ «Գոյայի ուրվականը» կինոպատումով: Իսկ 1996 թվականին ռեժիսորը նկարահանում է «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» կինոնկարը: Լարի Ֆլինթը` 70-ականների դարաշրջանի սեքսուալ հեղափոխության խորհրդանիշը, թմրամոլների ու մշակութային կատակլիզմների կրողն էր: Նա հասկանում էր, որ այս հասարակությունն այլևս հեռուստատեսությամբ ու հանգստյան օրերին քաղաքից դուրս գալով չի բավարարվում: Նա այլ տիպի զվարճանք է ուզում: Ու ինքը կստեղծի դա: Կստեղծի ու կդառնա դրա տերն ու զոհը:

Կինոնկարն արժանանում է երկու «Ոսկե գլոբուսի», ներկայացվում է «Օսկարի»: Այս ֆիլմում Ֆորմանը համագործակցում է Սքոթ Ալեքսանդրի և Լարի Կարաշևսկու հետ: Նրանց հետ նկարահանում է և հաջորդ` «Մարդը լուսնի վրա» ֆիլմը: Լարի Ֆլինթի պես այս ֆիլմի հերոսը նույնպես ապրում է հանուն հանդիսատեսի զվարճանքի: Ջիմ Քերիի համար սա բացարձակապես նոր դեր էր. Էնդրյուն 80-ականների ամերիկյան կատակերգակ է: Նա գիտի իր անբուժելի հիվանդության մասին: Եվ որոշում է մահից առաջ «ծիծաղել ու ծիծաղեցնել» ամենքին: Հիվանդության մասին գիտեն միայն ինքը և իր բժիշկը: Ողբերգականից կատակերգականն ու հակառակը, այս սահմանին կանգնած մարդու հայացքն է կյանքին, որ շատ անգամ գրոտեսկային է թվում: 1998-ին Ֆորմանին շնորհում են Ջոն Հյուսթոնի անվան մրցանակ` որպես «եզակի վարպետի»: Հաջորդ տարին, իր խոսքով, ստանում է «կրկնակի մրցանակ»` երկրորդ ամուսնությունից ծնվում են երկրորդ երկվորյակները` Էնդրյուն և Ջեյմսը:

239671-MilosFormanGoya39sGhosts2006DirectorMilosFormanWritersMilosForman2006 թ. Ֆորմանը նկարում է «Գոյայի ուրվականները»: Միջնադարյան իրականությունն է` քաոս, մղձավանջ հիշեցնող: Գոյայի կերպարը ֆիլմում հպանցիկ է: Առաջին պլանում նրա արվեստում արտահայտված ծուռ իրականությունն է: Իրականություն, որը հաճախ այնքան դժոխային է, որ մարդկային կերպարանքից ոչինչ չի մնում:
«Տվե՛ք ինձ մեկ միլիոն դոլար, և ես կստեղծեմ մեկմիլիոնանոց նկար, տվեք ինձ տասը միլիոն դոլար` կնկարեմ տասմիլիոնանոց ֆիլմ: Տվեք ինձ հարյուր միլիոն դոլար, ու ես այն կծախսեմ»,- կատակում է ռեժիսորը: Ֆորմանի ֆիլմերի նախապատրաստությունը տարիներ է տևում: Իսկ կինոհրապարակում աշխատում է գիշեր ու զօր: Կարող է չքնել այնքան, քանի դեռ չի նկարվել ֆիլմի վերջին կադրը, քանի դեռ չեն սպառվել վերջին ուժերը: «Այս կախարդական փոխակերպման գաղտնիքը մի բառ է,- ծիծաղելով ասում է ռեժիսորը,- այն ակնթարթն է, երբ արտաբերում եմ` մոտո՛ր»:

Ու մի բառ էլ կա. վարպետն այն վեր է դասում բոլոր- բոլոր բառերից. «Երբ տղաներս տուն են գալիս ու դուռը թակում են, իմ հարցին, թե ով է, այդ բառն են արտաբերում՝ ընտանիքը:

309727-original1-07axs

 

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Հակոբյան

Դիտվել է 295 անգամ