«Անահիտը»

default2015 թվականի տարեմուտին Հայաստանում վարձույթ մտավ Դավիթ և Լյուլյա Սահակյանցների «Անահիտը»՝ արժանանալով հանդիսատեսի և շատ լրագրողների հավանությանը: Սա հայկական արտադրության երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմն է՝ ստեղծված ՀՀ մշակույթի նախարարության պատվերով ու մասնակի ֆինանսական աջակցությամբ: Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարված այս երաժշտական մուլտֆիլմն արտադրության մեջ էր շուրջ 5 տարի, իսկ բյուջեն, ըստ տարբեր աղբյուրների, կազմել է 600-900 հազար դոլար:

Մուլտֆիլմը պատմում է Վաչագան արքայի (ձայնը՝ Խորեն Լևոնյանի) ու նախրչու աղջիկ Անահիտի (Նազենի Հովհաննիսյան) մասին, և թե ինչպես թագավորի հորեղբայր Ազարը (Ռաֆայել Քոթանջյան) չար ոգիների օգնությամբ փորձում է գահընկեց անել զարմիկին:

1947 թվականին՝ հետպատերազմյան «սակավաֆիլմության» ժամանակ, «Հայկինո» ստուդիան թողարկել է մեկ այլ «Անահիտ»՝ ոչ անիմացիոն: Շատերը համարում էին, որ սա հայ լավագույն ռեժիսորներից մեկի՝ Համո Բեկնազարյանի ամենաթույլ ֆիլմն է, և մինչ օրս այս կարծիքը գերիշխում է հայ մասնագետների շրջանում: Կինոնկարն իսկապես բազմաթիվ ակնհայտ թերություններ ունի՝ սկսած գրագետ, բայց պարզամիտ սցենարից և վերջացրած չափազանց թատերական դերասանությամբ: Այնուամենայնիվ Բեկնազարյանին հաջողվել է որոշակի հմայք և արժանիք տալ ժապավենին:

Հերիք է երկու «Անահիտ»-ները կողք կողքի դիտենք, որ միանգամից պարզ երևա ոչ միայն մուլտֆիլմի գեղարվեստական սնանկությունը, այլև այն, թե որքան են մեր օրերում արժեզրկվել չափանիշները, եթե Սահակյանցների ստեղծագործությունը, որն ամեն ինչով զիջում է Բեկնազարյանի ամենաթույլ կինոնկարին, բազմաթիվ մշակութային լրագրողներ որակում են «որոշակի թերություններով, բայց ընդհանուր առմամբ լավ ու հաջողված ֆիլմ»:

Երկու «Անահիտ»-ներում» էլ կա Վաչագանի և Անահիտի հանդիպման տեսարանն աղբյուրի մոտ: Երկու ֆիլմում էլ այդ պահին հնչում է գրեթե նույն բովանդակությամբ երկխոսություն: Սակայն մեկի դեպքում այն հավաստի է ու գրավիչ, իսկ մյուսի դեպքում՝ կեղծ ու վանող:

Այս տեսարանը տեղի է ունենում Սահակյանցների ֆիլմի սկզբից մոտ 20 րոպե անց: Վաչագանը մոտենում է աղբյուրին ու կյանքում առաջին անգամ տեսնում գեղջկուհի Անահիտին, որը շատ ճիշտ պահ է ընտրում տպավորիչ շրջվելու և ապակյա աչքերն ու քարացած ժպիտն ուղղելու արքային: Վերջինս անմիջապես՝ ճիշտ այդ պահին սիրահարվում է. «Ո՞վ ես դու, չքնա՛ղ դիցուհի»,- ապա ջուր է խնդրում աղջկանից: Անահիտը ջուրը միանգամից չի տալիս, այլ մի քանի անգամ լցնում ու դատարկում է կուժը, ապա սկսում է երկար-բարակ բացատրել իր արարքի պատճառները: Ընկերուհիները սկսում են գովերգել Անահիտին, իսկ Վաչագանն առաջարկում է նրան դառնալ թագավորության երկրորդ դեմքը: Բայց Անահիտը՝ նույն «բարյացակամ» ժպիտը երեսին, Նազենի Հովհաննիսյանի ձանձրացած ու բառերը զոռով արտաբերող առոգանությամբ, չոր ու ցամաք բացատրում է երիտասարդին, որ «այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի», որ պետք է մի որևէ արհեստ սովորի, որպեսզի շահի իր ձեռքը: Այսինքն՝ տեղի է ունենում ոչ թե մարդկային շփում, այլ ուղղակի ձանձրալի ճառերի փոխանակում՝ չոր ու ցամաք էքսպոզիցիա:

Բեկնազարյանն ու սցենարիստ Վլադիմիր Շվեյցերը նախընտրել են բացել ֆիլմն այս տեսարանով: Այսինքն՝ հանդիսատեսն այդ պահին ոչինչ չգիտի Անահիտի ու Վաչագանի մասին, հետևաբար ապրումակցել էլ չի կարող: Փաստորեն, Սահակյանցները, կարելի է ասել, ավելի շահավետ դիրքում են, քանզի ժամանակ են տալիս մեզ ճանաչելու և սիրելու ապագա սիրահարներին, որպեսզի երբ հանդիպման պահը գա, ամբողջ սրտով կամենանք տեսնել նրանց միացումը: Ավաղ, հեղինակներն այդ 20 րոպեն վատնում են բուն պատմությունից ուշադրությունը շեղող դետալների, անտեղի ու գռեհիկ կերպարների և կատակների վրա: Հենց Անահիտն ու Վաչագանը չափազանց միակողմանի ու դատարկ հերոսներ են: Մյուս կերպարները երբեմն խոսում են նրանց արիության ու խելքի մասին, բայց ըստ էության՝ ո՛չ մեկն ենք տեսնում, ո՛չ մյուսը: Սա կարելի է ասել բոլոր կերպաների մասին, որոնցից ոչ մեկը չի զարգանում, այլ հպարտորեն կրում է այն միակ հատկանիշը, որն իրեն տրվել է ֆիլմի մեկնարկին:

1947-ի Վաչագանը՝ Ֆրունզե Դովլաթյանի կատարմամբ, եղջերվի որսի է դուրս եկել ու վախեցնում է աղբյուրի մոտ նստած Անահիտին անփութորեն արձակած նետով: Նա չի սիրահարվում միանգամից, այլ ուղղակի հավանում է սիրունիկ աղջկան ազնվության համար: Իհարկե, պետք է նշել, որ Մետաքսյա Սիմոնյանի Անահիտը նույնպես երբեմն ասես «կյանքից կտրված» լինի, բայց նրա շուրթերին դող կա, աչքերում փայլ կա, ձայնի մեջ էլ ինչ-որ զգացմունք է շոշափվում, ինչը չի կարելի ասել մուլտիպլիկացված Անահիտի մասին: Բեկնազարյանի հերոսների զրույցը շատ ավելի առույգ է և կենդանի: Նրանք երկար ճառեր չեն արտասանում, այլ իրոք երկխոսում են: Վաչագանը վերադառնում է պալատ՝ գինարբուքի, սակայն մտքում անընդհատ նախրչու աղջիկն է ներխուժում: Այս տեսարանը հատկապես արտահայտիչ է հրաշալի լուսավորության և մտածված օպերատորության շնորհիվ. խցիկի ամեն մի շարժում հստակ նպատակ ունի: Երիտասարդ արքան որոշում է առավոտյան էլի գնալ աղբյուրի մոտ՝ Անահիտին կրկին տեսնելու: Եվ մի քանի օր անց է միայն Անահիտի մոտ ուղարկում հորեղբորը՝ թանկարժեք նվերներով ու թագուհի դառնալու առաջարկով: Աղջիկը նոր է գլխի ընկնում, որ երիտասարդն արքա էր, և միայն այդ ժամանակ է խնդրում նրան վարպետանալ որևէ արհեստում:

Իհարկե, երկու կերպարների հարաբերությունների հավաստիությանը նպաստում է ոչ միայն գրագետ սցենարը, այլև Բեկնազարյանի ռեժիսուրան, թեկուզ հերոսներին շրջապատող երբեմն չափազանց թատերական, բայց պատշաճ մթնոլորտ ստեղծող դեկորացիաները և այլն:

Հակառակ սրան՝ մուլտֆիլմի ֆոները հաճախ միապաղաղ են ու ձանձրալի: Դրանց համար իսկապես որոշակի աշխատանք է տարվել, բայց դրանք խիստ հակասության մեջ են քայլող (ավելի ճիշտ՝ սողացող, քանի որ հեղինակներն այդպես էլ չեն կարողացել հավաստի շարժում ստանալ) անհոգի ու տհաճ կերպարների հետ (հատկապես տգեղ է, երբ նույն պատկերի մեջ են 2D հերոսն ու 3D շրջակա միջավայրը): Մանավանդ կերպարների դիմային անիմացիան այնքան անփույթ է, որ երբեք չես հավատում, թե տվյալ բառերը տվյալ հերոսների բերաններից են դուրս գալիս: Խոսքը ոչ միայն վերոհիշյալ տեսարանի, այլև ողջ մուլտֆիլմի մասին է: Այս պերսոնաժների մեջ կյանք չկա. մեռած հայացք, մեխանիկական շարժումներ, որոնք շատ հաճախ միանման են… Իսկ լույսի և ստվերի խաղ կարծես ընդհանրապես գոյություն չունի այս աշխարհում:

Խնդիրն ամենևին այն չէ, որ անիմացիան պարզունակ է կամ մանրամասն դետալիզացիա չկա: Խնդիրն այն է, որ այս ամենի մեջ կյանք չկա, հոգի չկա: Բայց առանց դրա` ի՞նչ կինո: Մինչդեռ նկարը կարելի է կենդանացնել նույնիսկ ամենապարզ արտահայտչամիջոցներով: Այն արդարացումը, թե գումարը չի հերիքել կամ անձնակազմը փոքր էր (24 մարդ), ոչ միայն չպետք է հետաքրքրի հանդիսատեսին, այլև անհեթեթ է: Քի՞չ են համացանցում ցածրաբյուջե անիմացիայի օրինակները, որտեղ հեղինակը մեն-մենակ կարողանում է ընդամենը մեկ կոր գծով կամ մեկ կետով տրամադրություն և մթնոլորտ ստանալ: Ի՞նչ իմաստ ունի 24 հոգով փորձել այն, ինչն ԱՄՆ-ում նույնիսկ հարյուրավոր մարդկանց աշխատանքի դեպքում միշտ չէ, որ լավ է ստացվում: Ինչո՞ւ սեփականը որոնելու, նշմարելու փոխարեն ընդօրինակել արտասահմանյանին, որը հայաստանյան պայմաններում վերարտադրելն ուղղակի անհնարին է:

Կարճ ասած՝ 1947-ի «Անահիտում» ամեն ինչ նպաստում է նրան, որ հավատաս, երբ կերպարներն իրար սեր են խոստովանում: Իսկ Սահակյանցների «Անահիտում», երբ գլխավոր հերոսուհուն հայտնում են, որ չար ուժերն առևանգել են Վաչագանին, նա էլ գոչում է, թե պատրաստ է կյանքը տալ հանուն նրա, անմիջապես հարց է ծագում՝ ինչո՞ւ, ո՞վ է Վաչագանը քեզ համար. կյանքում մի անգամ ես տեսել, այն էլ՝ 5 րոպեով: Ինչ է թե հերոսներն ասում են, որ սիրահարված են, չի նշանակում, որ հանդիսատեսը պետք է դրան անմիջապես հավատա:

Կարելի է առարկել, թե «Անահիտը» հեքիաթ է, իսկ հեքիաթներում կերպարների խորը բացահայտման կարիք չկա. հեքիաթներում սիրո ծնունդը պետք է որպես պայմանականություն ընդունել: Սակայն գրական սկզբնաղբյուրում հերոսները հազար անգամ ավելի խորն են ու առույգ: Եվ առհասարակ Սահակյանցները նպատակ են ունեցել ոչ թե հեքիաթ ստեղծելու, այլ ակնհայտորեն անհաջող նմանակում են դիսնեյան լիամետրաժ մուլտֆիլմերի բանաձևին, իսկ վերջիններս, ինչպես ցանկացած կինոնկար, պահանջում են լավ բացահայտված, ամուր պերսոնաժներ, հետաքրքրաշարժ պատմություն ու դրան համապատասխան անիմացիա:

Կարելի է նաև առարկել, որ թեև օրիգինալ հեքիաթից համարյա բան չի մնացել, բուն վերոնշյալ տեսարաններում մուլտֆիլմի երկխոսություններն ավելի մոտ են Աղայանի տեքստին, քան ֆիլմում: Այո: Սակայն դա էլ է խնդիրներից մեկը, քանի որ այն, ինչ լավ է նայվում թղթի վրա, անպայման չէ, որ էկրանին էլ լավ լինի:

Բայց մեր օրերի «Անահիտը» նույնիսկ թղթի վրա, այսինքն` սցենարով է ձախողված: Ու խոսքը բնավ այն մասին չէ, որ մուլտֆիլմը քայլ առ քայլ չի հետևում իր գրական բնօրինակին: Էկրանավորումներն այդ իրավունքը, անշուշտ, ունեն: Խնդիրն այն է, որ հեղինակների ավելացրածը (փաստացի՝ ամեն ինչ, բացի վերնագրից ու որոշ տեսարաններից) ոչ միայն խեղաթյուրում է Աղայանի գեղեցիկ հեքիաթի ասելիքը, այլև որպես անկախ ստեղծագործություն կցկտուր է, անիմաստ ու գռեհիկ:

Եթե պարզ խոսենք, Աղայանի ստեղծագործությունը՝ հետաքրքրաշարժ ու հնարամիտ սյուժետային զիգզագներով, իսկապես հասցնում է ընթերցողին աշխատասիրության ու խիզախության առաքինության պարզ գաղափարը: Եվ գորգագործի արհեստում վարպետանալն իսկապես փրկում է թագավոր Վաչագանի կյանքը:

Չնայած մուլտֆիլմի ստեղծողները պնդում են, որ իրենց ստեղծագործությունն ի վերջո գալիս է նույն եզրակացությանը, իրականում իմաստային շեշտերը լրիվ ուրիշ են:

Մուլտֆիլմում աշխատասիրությունը չի փրկում թագավորին, այլ բախտն ու կախարդանքը:

Չարքերն առևանգում են արքային (ինչը չափից դուրս հեշտ է նրանց հաջողվում): Ծերունի Պետրոսն ասում է Անահիտին. «Հետևիր սրտիդ և կգտնես արքային»: Եվ… այդպես էլ լինում է: Աղջիկն ուղղակի շրջում է թագավորությունում և կռահում, թե որ քարանձավում են չարքերը պահում Վաչագանին:

Սակայն քարանձավի մուտքն ահռելի մի ժայռ է փակում: Ինչպե՞ս են մեր հերոսները հաղթահարելու այս խոչընդոտը: Գուցե մի հնարամիտ լուծո՞ւմ գտնեն: Ո՛չ: Անահիտը, նժույգ Անդոկին հեծած, ուղղակի խոյահարում ու ծակում է ժայռը… Մի տեսարան առաջ ամենակարող կախարդական քարերն օժտել էին սուպեր ունակություններով…

Ընդհանրապես ամեն ինչ չափազանց հեշտ է տրվում հերոսներին: Մի պահ չկա, որ անհանգստանաս նրանց ճակատագրի համար: Հետևաբար ապրումակցում էլ չկա:

Ահա ճակատամարտը՝ ֆիլմի կուլմինացիոն պահը` մեր հերոսներն ընդդեմ չարքերի ահռելի բանակի: Բնականաբար, բարին պետք է հաղթի: Բայց կարելի է, չէ՞, այս ամենն այնպես ներկայացնել, որ զգացվի, թե ինչքան դժվար է տրվում բարուն հաղթանակը, թե ինչքան վտանգավոր, նենգ ու երբեմն նաև գայթակղիչ կարող է լինել չարիքը: Ոչ թե 1-2 րոպեում արագ բոլոր հրեշների հարցերը լուծել… Մեր հերոսները ոչինչ չեն զոհաբերում հանուն բարու հաղթանակի: Այդ պատճառով էլ նրանց սխրանքը շատ աննշան է թվում: Չես զգում, որ ինչ-որ արտասովոր կամ էական բան է տեղի ունենում:

Հնարավորություն կար հետաքրքիր կոնֆլիկտ ստեղծելու Վաչագանի և Ազարի միջև: Ի վերջո, արյունակիցներն են դուրս եկել իրար դեմ. թշնամին ընտանիքի մեջ է: Ցավոք, այս գիծը նույնպես հում է և որևէ նշանակալից ազդեցության չի հասնում, մնում է ուղղակի մերկ փաստի մակարդակում:

Եվ չպետք է ասել, թե սա մուլտֆիլմ է, երեխաների համար է ու անպայման չէ այդքան խորանալ: Walt Disney Studios-ի մուլտֆիլմերը, որոնց և ընդօրինակում են Սահակյանցները, լի են նման մռայլ պահերով (հիշենք «Առյուծ արքան», «Բեմբին», «Հերկուլեսը» և այլն): Հեռու չգնանք. Աղայանի հեքիաթը նույնպես միշտ չէ, որ միանշանակ է:

Չէ՞ որ, ի վերջո, հեքիաթների իմաստը ոչ թե երեխաներին խաբելը կամ ուղղակի զվարճացնելն է, այլ, կոպիտ ասած, նախապատրաստելն իրենց հասկանալի լեզվով: Ուստի իսկապես արժեքավոր հեքիաթ գրելն այնքան հեշտ չէ, ինչքան կարող է թվալ: Բայց «Անահիտի» հեղինակներին, ըստ երևույթին, սա չի մտահոգել, եթե այս աստիճան թեթևամիտ են մոտեցել իրենց գործին:

Երբ լուր է գալիս Վաչագանի առևանգման մասին, մարդիկ որոշում են գնալ արքային փրկելու (իրենք էլ երևի, Անահիտի նման, սրտներին հետևելով են իմանում, թե որտեղ է բանտարկված թագավորը): Եվ թվում է, թե ժողովուրդը որոշիչ դեր կխաղա չարքերի դեմ ճակատագրական մարտում՝ գուցե արտահայտելով միասնության գաղափարը: Բայց ո՛չ: Մարդիկ, քարանձավ չհասած, իմանում են, որ գլխավոր հերոսները հեշտությամբ լուծել են բոլոր խնդիրները: Երգում են ու ցրվում:

Հանուն ազնվության պետք է ասել, որ մուլտֆիլմի երաժշտական բաղադրյալը մի դրական կողմ ունի: Հեղինակները հասկացել են, որ մյուզիքլներում երգերը պիտի ոչ թե հենց այնպես լինեն, այլ միահյուսվեն սյուժեի հետ ու առաջ տանեն այն: Իսկ բացասական կողմն այն է, որ այդ երգերի մեծ մասն այնքան անկենդան է ու այնքան սովորական, որ լսելիս ակամա պատկերացնում ես՝ ինչպես են կոմպոզիտորն ու երգիչներն իրենց հոնորարը ստանում ու կանգնում խոսափողի առաջ՝ պատվերը կատարելու:

Ընդ որում, երաժշտությունը գեթ մեկ ակնթարթ չի լռում: Բառի բուն իմաստով յուրաքանչյուր տեսարան նվագակցվում է որևէ «մեղեդիով»: Այսպես հանդիսատեսին ուզում են հրամցնել այն տրամադրությունը, որը չեն կարողացել կերտել սցենարով և պատկերաշարով: Նույնիսկ այն պահերին, երբ հնարավորություն կա քիչ թե շատ հուզիչ տեսարան ստանալու (ասենք՝ Վաչագանի ու նրա ուսուցիչ Սերոբի (Հրանտ Թոխատյան) զրույցը բանտախցում), ամեն ինչ փչացնում է ականջ քերծող, իբր թե սրտաճմլիկ ֆոնային մեղեդին:

Սակայն երաժշտության բացակայության դեպքում էլ դժվար կլիներ փրկել այդ տեսարանները, քանի որ խեղաթյուրվում է նաև գործող անձանց խոսքը: Բոլորը խոսում են չափածոյով: Սա պետք է զվարճալի լինի, բայց ավելի շուտ տհաճ է: Հանգավորումը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէ: Ահա՛ մի քանի օրինակ. «Ազարը հորս եղբայրն է / Կամ որ նույն բանն է՝ իմ հորեղբայրն է»: Կամ. «Արքան չկա, կորել է անհայտ / Ազարն է մեր երկրի տերը բացահայտ»: Եվ այսպես ողջ մուլտֆիլմի ընթացքում: Ու թեև շփման լեզուն հիմնականում հայերենն է, սպեցիֆիկ, ժամանակակից օտար առոգանությամբ հայերենն է՝ ձայնավորները սղված, բաղաձայնները` կոշտացած և այլն:

Բացի զուտ սյուժետային փոփոխություններից, մուլտֆիլմի հեղինակներն իրենց պատումը լրացրել են նաև «պոստմոդեռնիստական հղումներով»: Սրանք այն պահերն են, երբ հին ժամանակների մասին մուլտֆիլմի հերոսները կոտրում են «չորրորդ պատը»՝ դիմում են դահլիճում նստած հանդիսատեսին, խոսքեր են ասում և գործողություններ են կատարում, որոնք միայն այսօրվա հանդիսատեսը կարող է հասկանալ և այլն:

Օրինակ՝ երբեմն հերոսները ռուսերեն ֆրազներ են գործածում խոսքի մեջ: Սա, բնականաբար, կատակի համար է արված: Սակայն կատակն ինքն իրենով չէ ազդեցիկ, այլ՝ որոշակի կոնտեքստում: Պատահական չէ, որ նույն կատակը երկու տարբեր անձանց մեկնաբանությամբ կարող է տարբեր արձագանք առաջացնել: Միևնույն կատակը մի շրջապատում պատմես՝ կծափահարեն, մյուսում՝ կապտակեն:

Եթե ռուսերեն այս արտահայտություններն ավելի նուրբ հյուսված լինեին կերպարների խոսքին, մատուցման ռիթմը ճիշտ լիներ, ապա այսքան ականջ չէին ծակի ու գուցե նաև զվարճալի լինեին: Սակայն թե՛ սցենարիստները, թե՛ հնչունավորող դերասաններն այնպես են վարվում ռուսերեն ֆրազների հետ, այնպես են ուռճացնում այդ մանրուքները, որ թվում է, թե դրանք մուլտֆիլմի կարևորագույն տարրն են: Ասենք` մի պահ Ազարը գոչում է` к чертовой бабушке (այնպես, որ հենց այդ բառերը կրեն նախադասության տրամաբանական շեշտը), հետո էլ սկսում է բացատրել իր օգնական Էնվերին (Դավիթ Բաբայան), որ սա օտար լեզու է և նա դրա մասին դեռ չգիտի:

Այս և այլ՝ պատկերային հղումները հիմնականում տրամադրում են թագավորական գամփռ Զանգին (Վարդան Զադոյան) ու Անահիտի նժույգ Անդոկը (Մկրտիչ Արզումանյան): Սրանք կարծես գոյություն ունենան ժամանակից դուրս, ճամփորդում են տարբեր ժամանակաշրջաններ, որոշ կախարդական ունակություններ ունեն և այլն: Երգերից մեկում նրանք ասում են, թե օգնեցին կառուցել բուրգերն ու «Ավարայրի հաղթանակը սարքեցին բարոյական»:

Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերում պոստմոդեռնիստական տարրեր նույնպես կային: Այնուամենայնիվ սկզբունքային տարբերությունն այն է, որ Սահակյանցի ստեղծագործությունները կարճամետրաժ էին և կարծես «թմրանյութային», պսիխոդելիկ ուղևորություններ լինեին, որոնք, եթե նույնիսկ հիմնված էին որոշակի գրական սկզբնաղբյուրի վրա, չունեին ու չպետք է ունենային տրամաբանական գործողություն, այլ ուղղված էին որոշակի մթնոլորտ ստեղծելուն ու հանդիսատեսի մեջ որոշակի զգացողություններ առաջացնելուն:

Դավիթ և Լյուլյա Սահակյանցներն ընտրել են ավելի ավանդական պատմելաոճ, այդ իսկ պատճառով այդ հղումներն ուղղակի անտեղի են ու խափանում են սյուժեի սահուն, ռիթմիկ զարգացումը: Մուլտֆիլմի ողջ ընթացքը կարծես ակնթարթորեն արգելակվում է, երբ էկրանին պատահում է հղումներից մեկը:

Այնպիսի տպավորություն է, թե հեղինակները սցենարի ուրվագիծն են ունեցել միայն, ու ինչ մտքներին տվյալ պահին եկել է, խցկել են մուլտֆիլմի մեջ՝ կորցնելով ռիթմի ու չափի զգացողությունը: Հենց ռիթմի բացակայությունից ու ցաքուցրիվ, լղոզված կառուցվածքից է, որ մուլտֆիլմը կարծես խեղդում է դիտողին, շունչ քաշել չի տալիս: Որոշ ֆիլմերում սա կարող է և դրական հատկանիշ համարվել, բայց «Անահիտն» այդ դեպքը չէ:

Սակայն ամենակարևորն այն է, որ Ռոբերտ Սահակյանցը գիտակցում էր, որ ցանկացած տեսակի ստեղծագործության մեջ, այդ թվում և ֆիլմում, դետալները պետք է մնան դետալ, և ռեժիսորը պետք է կարողանա տարբերել առաջնայինն ու օժանդակը: Եվ եթե «Անահիտի» հեղինակներն էլ նման վերաբերմունք ցուցաբերեին իրենց մուլտֆիլմի հանդեպ, գուցե ավելորդ հարցեր էլ չծագեին: Սակայն ակնհայտ է, որ նրանք չափազանց գոհ են այս «պոստմոդեռնիստական հղումներից» և կարծես ամեն գնով ուզում են, որ հանդիսատեսը նկատի, թե որքան «սրամիտ» են դրանք: Հանուն այս ցուցամոլության էլ զոհաբերվում են թե՛ պերսոնաժների բացահայտում կոչեցյալը, թե՛ մուլտֆիլմի առանց այդ էլ փխրուն ամբողջականությունը, թե՛ խեղճ Ղազարոս Աղայանի հեքիաթի գաղափարը:

Տեսարան կա, որ մինչ Վաչագանն ու Սերոբը զրուցում են, Զանգին անցնում է թագավորական պալատի սյուների հետևը, դրանք երևանյան մետրոյի դռներ են դառնում, բացվում են, ներս թողնում շանը, ու մետրոն շարժվում է… Իսկ երբ Սերոբը խոսում է Վաչագանին ամուսնացնելու մասին, Զանգին օդից մի համակարգիչ է նյութականացնում, մտնում ծանոթությունների կայք, որտեղ զարմացած տեսնում է «Եվրատեսիլ» մրցույթում հաղթանակած մորուքավոր Կոնչիտա Վյուրսթի նկարը (այլ անուն է գրած, բայց ակնարկն ակնհայտ է): Մեկ այլ տեսարանում Զանգին՝ սև կոստյումը հագին, նստած է մի սրճարանում, որտեղ նվագում է մտացածին The Bitlis խումբը: Շունը տեղափոխվում է պալատ, դեն գցում կոստյումը, ու այս պահն այլևս երբեք չի հիշատակվում:

Հասկացանք, The Bitlis – The Beatles, իրոք նման են հնչում: Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը պատմության հետ: Եթե այս հղումները գոնե ինչ-որ տրամաբանական կապ ունենային, ավելի նուրբ ինտեգրված լինեին պատումի մեջ, ապա գուցե և զվարճալի լինեին: Սակայն այս տեսքով, այս մակարդակի կատարմամբ, ուղղակի հիշեցնում են ամերիկյան էժանագին, իբրև թե երգիծական ֆիլմերը, ինչպես, օրինակ՝ Meet the Spartans, Date Movie, Superhero Movie և այլն: Սրանց հեղինակները նույնպես կարծում են, թե անպայման չէ, որ կատակը որակյալ լինի: Կարևորը, որ մարդիկ իրենց ծանոթ մի բան տեսնեն (մետրո, Կոնչիտա Վյուրսթ, Բիթլիս) ու արդեն իրենք իրենց կխաբեն, թե դա սրամիտ է ու ծիծաղելի: Այնինչ այս համատեքստում այդ ամենն ավելի քան գռեհիկ է:

Սակայն դրանից է՛լ ավելի գռեհիկ են քաղաքական հղումները: Պատահական չէ, որ Ազարի խրտվիլակ ու ճղճիմ օգնականի անունն Էնվեր է: Թուրքի կարմիր փափախը միշտ գլխին է, վերջում էլ յաթաղան է հանում Վաչագանի դեմ: Դրանից առաջ էլ, երբ Վաչագանը հիշատակում է Կոնստանդնուպոլիս քաղաքը, Զանգին մռայլվում է ու գռմռալով ասում, թե «մի քանի դար հետո այդ քաղաքը կոչվելու է Ստամբուլ»…

Այս պահերի խնդիրն ամենևին այն չէ, որ թուրքերը վատ կամ լավ լույսի ներքո են ներկայացվում: Ուղղակի չէ՞ր կարելի հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը գոնե մանկական մուլտֆիլմում չարծարծել: Առավել ևս` այսքան մակերեսային ու պարզունակ ձևով, ասես դպրոցականը գրած լինի: Սա սրամիտ երգիծանք չէ: Մի՞թե ակնհայտ չէ, որ որքան հաճախ այս թեմաներն արծարծվեն նման ֆիլմերում, այնքան շուտ նրանք կարժեզրվկեն: Ոնց է զգացվում, որ «Անահիտն» ու «Kill Dim»-ը նույն հեղինակն ունեն:

Իրականում «Անահիտ» մուլտֆիլմի բոլոր թերությունները նկարագրելու համար շատ մեծ մակերես կպահանջվի, այդ իսկ պատճառով բավարարվենք այսքանով:

Ամենացավալին, սակայն, այն չէ, որ ֆիլմը բոլոր առումներով կատարյալ ձախողում է, այն չէ, որ ապականվել է հայ ժողովրդի գրական ժառանգության հրաշալի նմուշներից մեկը: Վատ ֆիլմեր կինոյի գոյության բոլոր հանգրվաններում էլ եղել են:

Իսկապես ցավալին այն է, որ հայ հանդիսատեսը, ինչպես և Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեպքում, ի սրտե հավանում է «Անահիտն» ու շարունակ ծափահարում յուրաքանչյուր սեանսի ավարտին: Որ երեխաներն են հավանում, զարմանալու բան չկա. այդ տարիքում ինչ ֆիլմ էլ դիտենք, գլուխգործոց կթվա: Բայց որ մեծահասակներն են հավանում ու դասարաններով տանում երեխաներին սա դիտելու, այ դա արդեն լուրջ խնդիր է` հանդիսատեսի խնդիր է:

Մենք կորցրել ենք կինոն «ընթերցելու» ունակությունը: Կորցրել ենք մեր հանդիսատեսին (և ինչպե՞ս կարող էինք չկորցնել, եթե արդեն 25 տարի է` կինոթատրոն չունենք):

Խորհրդային տարիներին գրաքննիչներն «Անահիտի» նման ֆիլմը թույլ չէին տա` էկրան բարձրանար: Ոչ թե քաղաքական, այլ գեղագիտական, երևի նույնիսկ մարդասիրական պատճառներով: Իսկ այսօր այս ֆիլմերն արժանանում են ջերմ ընդունելության ու իրադարձություն են դառնում:

Արթուր Վարդիկյան

Դիտվել է 1270 անգամ