Ցեղասպանության մասին՝ կինոյի լեզվով. «Այլևս երբեք…»

ալևս երբեքԱշխարհի մի շարք երկրներում կցուցադրվեն Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր տարիների ֆիլմեր: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք…» խորագրով: Կինոցուցադրությունները մեկնարկել են «Քեզ հետ, Հայաստա՛ն» և հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցահանդեսային ծրագրերին զուգահեռ:

Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն խաղարկային և վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր՝ հաշվի առնելով ֆիլմի քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները:
«Կինոն արվեստի մատչելի լեզուներից է, որով հնարավոր է հստակ ասելիք փոխանցել: Մենք մի շարք երկրներում կունենանք կինոդիտումներ, որոնք զուգորդված կլինեն նաև ներկայացումներով: Մի շարք Հեղինակավոր մարդիկ կանցկացնեն սեմինարներ: Ներկայացվելիք ֆիլմերը բազմազան են: Շատ կարևոր է նաև այն, որ այս նախագծի շնորհիվ արտասահմանյան մամուլը կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը»,- ծրագրի մասին ասում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

unnamed (3)

«Այլևս երբեք…» ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Միսնկում:  Հայագիտական «Անիվ»կազմակերպության աջակցությամբ Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողների համար ցուցադրվել է Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը: Ցուցադրությունից առաջ Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ են ունեցել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: «Այլևս երբեք…» ծրագրի նպատակները և ընթացքը ներկայացրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը: Կառլա Կարապետյանը, որ նույնպես հյուրընկալվել էր Մինսկում, ներկայացրել է իր ֆիլմը և ավարտից հետո պատասխանել հանդիսատեսի հարցերին:

unnamed (7)
Փետրվարի 25-ին Մինսկի «Միր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Այլևս երբեք…» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը և ռեժիսորի մասնակցությամբ ցուցադրվել է «Ճչացողները» ֆիլմը: Բացման արարողությանը ներկա էին տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝ Ճապոնիայի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Իրանի, Տաջիկստանի, դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական և մշա¬կույթի գործիչներ: Ընդհանուր առմամբ, Բելառուսում ցուցադրվել է լիա¬մետ¬րաժ, կարճամետրաժ և վավերագրական 7 ֆիլմ, այդ թվում Սյուզան Խարտալյանի «Տա¬տիկիս դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում», Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցա¬հան¬դեսում» և Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմերը:

unnamed (1)

«Այլևս երբեք…» ծրագիրն այնուհետև մեկնարկել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Մարտի 7-ին Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն «Այլևս երբեք…» ծրագիրը Բեռլինում կազմակերպում է Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ: Ծրագրի համադրողը նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն է:
«Այլևս երբեք…» ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվեց հայկական մշակույթի մեկամսյակի` «Պաղատանք» խորագրով: Ծրագրում ընդգրկված են ներկայացումներ, համերգներ և կինոդիտումներ: Կինոցուցադրությունների բացման արարողությունից առաջ հայտնի պատմաբան Էլկե Շողիկ Հաթմանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության պատմական ակնարկով: Ցուցադրվել են Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պահպանված հատվածը և Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները»: Մաքսիմ Գորկու թատրոնի հրավերով բացման արարողությանը մասնակցել և ֆիլմերը ներկայացրել է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

unnamed (6)
Մարտի 8-ին մեկնարկել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը նույնպես ներառված է «Պաղատանք» ծրագրում: Հատուկ հրավիրյալների թվում էին նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը, որոնք ներկայացրել են տեսաինստալյացիա` նվիրված «Հոշոտված Հայաստան» ֆիլմի գլխավոր դերակատար և սցենարի հեղինակ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին: Մաքսիմ Գորկու թատրոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն մինչև ապրիլի 7-ը:
Այս տարի մինչև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը «Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում ցուցադրություններ տեղի կունենան նաև Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում: Ցուցադրություններ կլինեն նաև «Ոսկե ծիրան» փառատոնից հետո:

Բացի դրանից, այս տարվա երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք հատուկ ծրագրեր կանցկացվեն: «Փառատոնի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու ցեղասպանության թեմային: Չորս ծրագիր ենք ունենալու՝ տարբեր խորագրերով: Մեկը կոչվում է «Մենք կանք»: Երկրորդը՝«Ճիչ»: Ծրագրում ընդգրկված են հիմնականում վավերագրական ֆիլմեր: Երրորդը` «Երախտիքի տուրք», որն այն մարդկանց և կազմակերպություների մասին է, որոնք այդ տարիներին օգնել են հայ ժողովրդին: Վերջապես, մի հետաքրքիր ծրագիր ունենք ընդհանրապես ցեղասպանությունների մասին, որը կոչվում է «Այլևս երբեք»,- նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
«Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը:

Ռ. Գ. Ռ

Դիտվել է 55 անգամ