«Հայկական կինոմիտք». հայ կինոքննադատության անցած ուղին` մեկ ժողովածուի մեջ

Հայկական կինոմիտքՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը նոր գիրք է ընծայել, որն ամփոփում է հայ կինոքննադատական մտքի զարգացման ընթացքը՝ սկսած անդրանիկ քայլերից մինչև վերջին ժամանակները: «Հայկական կինոմիտք» երկլեզու (հայերեն և ռուսերեն) ժողովածուն կինոսերների դատին հանձնվեց մարտի 11-ին: Նախագծի հեղինակն է միության նախագահ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը: «Այսօր հայկական ֆիլմերը պարգևների են արժանանում բազմաթիվ կինոփառատոներում, նշվում են անվանի դերասանների, ռեժիսորների, օպերատորների հոբելյանները, բայց մոռացության է մատնված կինոքննադատության ոլորտը: Այնինչ կինոգետների դերը բավականին շոշափելի էր 20-30-ական և հատկապես հայ կինոյի վերելքի ժամանակ՝ 60-70-ական թվականներին: Հենց նրանց կողմից էին մշակվում այն չափանիշները, որոնք ֆիլմերի գնահատման գործում որոշիչ դեր էին խաղում: Այսօր ասպարեզում է կինոգետների նոր սերունդ: Ոմանք ներկայացված են այս ժողովածուում: Սակայն հասարակության կողմից կարծես ընդհանրապես արհամարհված է կինոքննադատությունը, կորել է հետաքրքրությունը վերլուծական հոդվածների հանդեպ: Հենց դրանով կարելի է բացատրել մեր օրերում տարածված հեղհեղուկ պատկերացումները ժամանակակից հայ կինոյի մասին: Այս գիրքը ոչ միայն հարգանքի տուրք է անվանի կինոգետներին, այլև մի յուրահատուկ փորձ՝ տեղից շարժելու լճացած քննադատական միտքը և նոր թափ հաղորդելու հայ կինոյի զարգացմանը»,- այսպես է առաջաբանում բացատրում Ռուբեն Գևորգյանցը ժողովածուի հրատարակման շարժառիթը: Ժողովածուում ընդգրկված են քննախոսականներ, տեսական վերլուծականներ, երևելի արվեստագետների դիմանկարներ, հուշերի պատառիկներ և այլն, ընդհանուր` 23 հեղինակների մտքեր: Գրքի խմբագիրներն են Էմանուել Մանուկյանը և Անետա Երզնկյանը: «Մենք մեր միությունում մեր կինոմիտքն ինչ-որ կերպ արտահայտելու մտահղացում ունեցանք: Շնորհակալություն եմ հայտնում այն խմբին, որի հետ աշխատել ենք գիրքը ստեղծելու համար: Այս գիրքը և՛ հայերեն է, և՛ ռուսերեն: Կան նաև հոդվածներ, որոնք շատ հետաքրքիր են եղել, և հատուկ հայերեն ենք թարգմանել: Միայն նախորդ տարի միությունը կինոյի վերաբերյալ 10 գիրք է տպագրել»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Ռուբեն Գևորգյանցը: Ժողովածուն հասցեագրված է մասնագետներին, արվեստաբան ուսանողներին, կինոսերների լայն շրջանակին:

Ռ. Գ. Ռ

Դիտվել է 82 անգամ