Գնահատանքի խոսքեր հրաժեշտի ժամին

Կարեն ՋանիբեկյանՆա վճռել էր ապրել 89 տարի. հարցազրույցների ժամանակ շեշտում էր, որ ինքն իր հետ պայմանավորվել է՝ 89-ին հասնելու է։ «Հոբելյաններ չեմ սիրում, չեմ էլ պատկերացնում, որ ինձ մեծարեն, բեմ բարձրացնեն, ծափահարեն։ Դրա համար էլ 90 չեմ ուզում. շատ վերամբարձ է հնչում ու պարտադրող։ Հոբելյանական կլոր տարիք չլինի, գործ չունեմ էդ բաների հետ, իմ 89-ն ինձ հերիք է»,- շարունակում էր ու խռպոտ ծիծաղում։ Աչքերը կորչում էին մորուքի ու թավ հոնքերի մեջ։
Կարեն Ջանիբեկյանը նույնիսկ 78-ին չհասավ։
Աղմկոտ, մարդաշատ հանդիսություններին հազվադեպ էր ներկա լինում, բայց փոքրիկ, մտերմիկ շրջապատում զգում էր իրեն, ինչպես ձուկը՝ ջրում։ Գալիս էր կնոջ՝ Լիանայի հետ, ու շուրջը լցնում իր բամբ ձայնի ելևէջներով, ծիծաղով ու հումորով։
Մի քանի ամիս առաջ կամերային թատրոն եկավ. հենց ներս մտավ, բոլորը շուրջը հավաքվեցին։ Ամենատարեցն էր, բայց ամենաեռանդունն ու աշխույժը։ Նստեց բեմեզրին, գորովանքով նայեց կնոջն ու ասաց. «Էսպիսի կնոջ կողքին մարդ ամենաքիչը 100 տարի պիտի ապրի։ Ես ինձ հիմա ամենաշատը 50 տարեկան եմ զգում. դեռ էնքա՜ն գործ կա անելու, պիտի խաղամ, բեմադրեմ, աշխատեմ, սիրեմ, ապրեմ։ Ես էս քաղաքի տղերքից եմ եղել ու էդպիսին էլ կմնամ. քաղաքին սեր է պետք, արվեստ է պետք։ Այ էս լավ մարդիկ, որ հիմա հավաքվել են կամերային թատրոնում, նրանք բոլորը պետք են էս քաղաքին ու նաև ինձ։ Ես նրանց ցավը տանեմ»,- ասաց ու բարձր ծիծաղեց։
Մարտի 25-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարդաշատ էր։ Արվեստագետները, մտավորականները, մեր համաքաղաքացիները եկել էին՝ վերջին հրաժեշտը տալու ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին։ Բոլորի համար էր անսպասելի սիրված դերասանի մահը։

Մայրանուշ Գրիգորյան (դերասանուհի, Կարեն Ջանիբեկյանի խաղընկերուհին «Աշնան արև» ֆիլմում»)

- Անկանխատեսելի՝ կյանքում, արվեստում, անգամ՝ մահանալիս։ Անակնկալ էր Կարենի մահը։
Հախուռն ու բռնկվող էր. կռիվ էր տալիս սցենարիստի, ռեժիսորի, նկարչի հետ։ Այդ տեսակն էր նա՝ չհանդուրժող ու չենթարկվող։ Բայց Բագրատ Հովհաննիսյանին սուսուփուս ենթարկվեց, երբ նրան ասացի, որ Կարենի հետ անկողին չեմ մտնի։ Պատճառաբանեցի, որ շատ անկանխատեսելի է Կարենը, ի՞նչ իմանամ՝ անկողնում իրեն ինչպես կպահի։ Բագրատն էլ հասկացավ ինձ ու Կարենի հետ անկողնային տեսարանը շատ նուրբ բեմադրեց։ Կարենի ու իմ խաղացած կտորներից շատերը դուրս մնացին «Աշնան արևից». գետի տեսարան կար, դա էլ հանվեց։ Սովետ էր, պետք է զուսպ տեսարաններ ցուցադրվեին։
Կարենը շատ լավ խաղաց Սիմոնի դերը։ Մինչև հիմա զարմացած ու հիացած եմ. ախր իրականում ինքն ու Սիմոնը ոչ մի ընդհանրություն չունեին, անգամ այդ հող ու ջրի մարդ չէր նա, ինչպե՞ս մտավ կերպարի մեջ ու այնպես խաղաց, ասես ինքը Սիմոնն էր, որ կար։ Սիմոնը հենց Հրանտ Մաթևոսյանի հոր կերպարն էր։
Կարենը կինոյի մարդ էր, նրանն էկրանն էր։ Կարենից բացի, Սիմոնի դերում ուրիշ մեկին չեմ կարող պատկերացնել։

Անահիտ Ղուկասյան (դերասանուհի, «Աշնան արև» ֆիլմում Կարեն Ջանիբեկյանի խաղընկերուհին)

- Շատ շռայլ էր Կարենը թե՛ էությամբ, թե՛ արվեստով։ Անհաշտ բնավորություն ուներ, բայց օժտված դերասան էր։ Միասին խաղացել ենք «Աշնան արև» և «Ապրիլ» ֆիլմերում։
Հիշում եմ. «Աշնան արևի» նկարահանումները նոր էին սկսվել։ Գնացինք Հրանտ Մաթևոսյանենց տուն, ծանոթացանք նրա մոր՝ Արուսի և հոր՝ Իգնատ դայու հետ։ Կարենի աչքով ընկան Իգնատի հագուստները։ Բագրատ Հովհաննիսյանին անմիջապես առաջարկեց. «Ուզում եմ էս շորերը հագնեմ, նոր նկարվեմ նրա դերում։ Էս շորերն ինձ շատ կօգնեն. ես պիտի Իգնատ-Սիմոնի մաշկի հոտն զգամ, մաշկի մեջ մտնեմ, որ ճիշտ խաղամ այդ դերը»։
Ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննսիյանն այդպես էլ արեց. Կարեն Ջանիբեկյանին նկարահանեց Իգնատ դայու շորերով։

Լևոն Մութաֆյան (թատերագետ, արվեստի վաստակավոր գործիչ)

- Կարեն Ջանիբեկյանը թատրոնում քիչ խաղաց, իսկ կինոյում 30-ից ավելի դեր ունի։ Նա մեր կինոարվեստի մեծերի շարքում է։ Հետաքրքիր արտահայտչականություն, զուսպ, լուռ խաղ, ներքին կուտակումների, մարդկային ճակատագրերի դրսևորումներ. Կարեն Ջանիբեկյանը պատկերում էր փոքր մարդկանց ողբերգությունը, մարդիկ, որոնք ապրում էին աննկատ, նրանց ներկայությունն ընդգծված ու ցայտուն չէր։ Նրա կերպավորած հերոսներից յուրաքանչյուրն ունի արարքների հոգեբանական ճշմարիտ բացատրություն. հիշենք «Աշնան արևը», «Շեկ ինքնաթիռը»։ Ինքնատիպ է Կարեն Ջանիբեկյանի խաղը, բազմաշերտ ու բազմերանգ։

Կարինե Ջանջուղազյան (դերասանուհի)

- Կարենի հետ խաղացել եմ Համազգային թատրոնում։ Ցավում եմ ու ափսոսում, որ նրա պոտենցիալը լիարժեք չօգտագործվեց, մինչդեռ նա ավելին կարող էր ու ավելիին էր պատրաստ։ Ինքն էլ լավ գիտեր իր տաղանդի չափն ու աստիճանը. դրա համար էլ չէր հանդուրժում միջակություններին։ Իմ խորին համոզմամբ՝ մեր իրականությունն ի զորու չէր Կարենին ավելի մեծ հնարավորություններ տալու, մինչդեռ նրա սպասելիքներն ու պահանջներն ավելին էին։
Կարենը բռնկուն էր, փոթորկուն, խենթ, բայց քնքուշ. նա ոտքից գլուխ սեր էր, սեր՝ կյանքում, թատրոնում, կինոյում։

Հակոբ Ղազանչյան (Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ)

- Դեռ փոքր տարիքից Կարեն Ջանիբեկյանին առանձնահատուկ եմ վերաբերվել։ Ու դրա պատճառն ունեի. Կարենն ու մայրս՝ Գալյա Նովենցը, նույն թվականին ու նույն օրն են ծնվել՝ 1937 թ. հուլիսի 1:
Վառ անհատականություն էր նա՝ դերսանական արվեստի երանգապնակում չկրկնվող ու իր նմանը չունեցող գույն։ Այդպիսիների մասին խոսելիս նրանց անցած ճանապարհը վերլուծելու անհարժեշտություն չկա։ Կարեն Ջանիբեկյանը մինչև վերջ մնաց դերասանի բովանդակության ու ձևաչափի մեջ։
Նրա հետ լավ ընկերություն եմ արել, չնայած հորս և մորս տարեկիցն էր։ Այդպիսին էր Կարենը. նրա համար գոյություն չուներ տարիքային տարբերություն ասվածը։ Եթե ընդհանություններ էր գտնում մեկի հետ, ուրեմն մտերմությունը ձևավորված էր։

Մարտին Վարդազարյան (կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ)

- Դեռ դպրոցական տարիներից ենք ճանաչել իրար. զուգահեռ դասարաններում էինք սովորում, ինքը՝ ռուսական, ես՝ հայկական։ Ամեն օր մի նոր, անսպասելի արարք. բոլորը գիտեին` եթե Կարենն այդտեղ է, ուրեմն մի հետաքրքիր իրադարձություն պիտի տեղի ունենա։
Հետագայում էլ նրա ինքնատիպությունը դերսևորվեց, բայց արդեն թատրոնում ու կինոյում։ Նրա համար չկային մեծ ու փոքր դերեր. Կարենը կարողանում էր բոլոր դերերին իր էներգիան, բնավորությունն ու խառնվածքը ներարկել։
Չեմ կարող չշեշտել Կարենի ձայնի բացառիկությունը։ Համաձայնեք, որ նրա ձայնն առանձնակի հմայք ու ինքնատիպություն է հաղորդում կերպարին ու դերին։ Եթե նույնիսկ ինքը չկա, չի խաղում ֆիլմում, բայց հնչում է նրա ձայնը, Կարենն է հնչյունավորում, ուրեմն անմիջապես զգացվում է նրա ներկայությունը։ Սա բացառիկ զգացողություն է, երբ ձայնը գերակա ներկայություն է դառնում։ Այդպես է Ֆրունզե Դովլաթյանի երկու ֆիլմերում՝ «Մենավոր ընկուզենիում» և «Կարոտում»։
Կարենը մի քիչ նեղացած էր Դովլաթյանից, որովհետև ինքն էր ուզում խաղալ Առաքելի կերպարը «Կարոտ» ֆիլմում։ Բայց այդ դերում խաղաց գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը։ Կարենը հնչյունավերց այդ կերպարը, և այն, ինչ տեղի ունեցավ ֆիլմում, ավելին էր, քան ուղղակի հնչյունավորումը։ Կարենն այդ դերն զգում էր այնպես, ասես ինքն է խաղում, ոչ թե Ռաֆայել Աթոյանը։ Այդ դերը նա իրենը դարձրեց իր ձայնով ու ապրումների արտահայտչականությամբ։ Կարենն իրենով լրացրեց, լցրեց ու ամբողջականացրեց Առաքելի կերպարը։
Հայկական էկրանը մեզ միշտ կհիշեցնի այդ սքանչելի դերասանի մասին։

Կարեն Ջանիբեկյանը մի առիթով ասաց. «Շնորհակալ եմ Սոս Սարգսյանին։ Եթե նա չհրաժարվեր «Աշնան արևում» խաղալուց, ես ևս մի չխաղացած ու չկայացած դեր կունենայի։ Սոսը հրաժարվեց, ու Սիմոնի դերը Բագրատ Հովհաննիսյանն ինձ առաջարկեց։ Շնորհակալ եմ երկուսին էլ»։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

 

Դիտվել է 180 անգամ