Հայկ Օրդյանի նոր կինոնախագիծը՝ նվիրված անկախության 25-ամյակին

Հայկ Օրդյան_2«Օրդֆիլմ» ընկերությունը նոր կինոնախագիծ ունի. ֆիլմ է նկարահանում անկախության ճանապարհն ընտրած մեր երկրի դառն ու քաղցր օրերի մասին։ Սցենարը ռեժիսոր Հայկ Օրդյանը գրել է դեռևս 15 տարի առաջ՝ հույս փայփայելով, թե մի օր կհաջողվի մեծածավալ կինոկտավը ներկայացնել հանրությանը։ Բայց քանի որ ֆիլմը խաղարկային է և լիամետրաժ, մեծ բյուջե է պահանջում ու մինչև այժմ հնարավոր չի եղել նկարահանել այն։
«2016-ին անկախության 25-ամյակն է։ Շատ եմ ուզում, որ այս ֆիլմը հենց այդ առիթով ցուցադրվի, որովհետև այն հենց մեր մասին է, մեր երկրի անցած ճանապարհի։ Յուրաքանչյուր հայ իրեն կտեսնի էկրանին, հետադարձ հայացքով կգնահատի իր անցյալը, կարժևորի ամենաթանկ ու նվիրական իղձերը, որոնց իրագործումը բազմաթիվ կյանքեր խլեց, բացահայտեց մեր մարդկային ու քաղաքացիական հատկանիշները։ Այս ֆիլմը մեզ ստիպում է 25 տարվա հեռավորությունից հասկանալ անկախության գինը»,- իր նոր կինոնախագծի մասին պատմեց Հայկ Օրդյանը։
Երկու դեռահաս տղաների կերպարով ֆիլմը խտացնելու է անկախություն կերտող մեր ժողովրդի նկարագիրը։ Մի ամբողջ ազգ, մեկ մարմին ու մեկ հոգի դարձած, ապրում է նույն կյանքով, նույն ցավով և նույն ուրախությամբ։ Ֆիլմում հաճախ ենք տեսնելու խորհրդանշական պատկերներ, որոնք ավելի հուզական են դարձնելու կինոպատմությունն ու գաղափարական ընդհանրացումների են հանգեցնելու։ Հույս, հույզ, լավատեսություն, սպասումներ. անկախության ճանապարհն ընտրած մեր ժողովուրդն ապրել ու տարել է աննկարագրելի դժվարություններ, սակայն նրա սպասումները դեռ կես ճանապարհին են, դեռ չեն իրագործվել։
«Ես ֆիլմի սինոփսիսը տարբեր սեռի, տարբեր տարիքի ու մասնագիտության մարդկանց եմ տվել կարդալու։ Բոլորը նույնն են ասել. «Այս ֆիլմը կարծես իմ մասին լինի, սա կարծես իմ պատմությունը լինի»։ Հենց սրան էի ձգտում ես, որ բոլորի զգացողություններն էկրան բարձրացնեմ, ու եթե անգամ կինոդիտողը հայ չլինի, միևնույն է, հասկանա, ըմբռնի մեր զգացածն ու ապրածը»,- ասաց Հայկ Օրդյանը։
Անգամ ֆիլմի վերնագիրն է խորհրդանշական՝ «Քաղաքում ժապավեններ կային»։
Դեռահաս եղբայրներն ու նրանց ընկերները տարբեր իրավիճակներում, կյանքի տարբեր պայմաններում են հայտնվում, նաև պատերազմ են տեսնում։ Նրանք ներկա են լինում կռվի դաշտից տուն բերվող զոհված ազատամարտիկների հուղարկավորությանն ու ամեն անգամ թաղման թափորի հետ գնալիս սև ժապավեն կապում իրենց գլխին, կանգնում մայթերին ու բռունցքված ձեռքը վեր պարզում։ Եղբայրեները պատկերացում անգամ չունեն, որ մի օր վերջին ժապավենը կապելու են իրենց հոր հուղարկավորության ժամանակ։ Պատմության հանգուցալուծումն այն է, որ ֆիլմի վերջում բոլոր ժապանները միանգամից թափվում են տանիքներից ցած՝ ազդարարելով, որ պատերազմն ավարտվեց։ Սև ու սպիտակ պատկերների ու զգացողությունների համադրությունն ու հակադրությունն ավելի շոշափելի են դարձնելու ֆիլմի ասելիքը։
Արդեն սկսվել և շարունակվում են քասթինգը։ Ֆիլմի գլխավոր հերոսների՝ դեռահաս եղբայրների կերպարների փնտրտուքը դեռ շարունակվում է։ Շարունակվում է նաև Հայաստանում գործընկերներ գտնելու որոնումը։ Արտասահմանյան գործընկեր կա, որը հանձն է առել ֆինանսավորել մի մասը, սակայն հարկ է, որ Հայաստանից էլ աջակցություն լին. ի վերջո ֆիլմը մեր երկրի անկախության 25-ամյակին է նվիրվում։ Դրսի գործընկերոջ պայմանն է ֆիլմը ներկայացնել արտասահմանյան կինովարձույթում։ Մեր պայմանները կթելադրվեն, երբ ֆիլմն ունենա հայաստանյան գործընկեր։
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

 

Դիտվել է 90 անգամ