«Բըրդման». գիտակցությունից և անգիտակցությունից անդին

1«Ես իմ ներսում մի ձայն ունեմ, որն ինձ ճշմարտությունն է ասում, և դա ինձ հանգստություն է պարգևում»։

Հունվարի 22-ից հայաստանյան վարձույթ է մտել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի այնքան երկար սպասված «Բըրդման» կինոնկարը։ Հիշեցնենք, որ սա անցյալ տարվա Վենետիկյան կինոփառատոնի բացման ֆիլմն էր և ներկայացված էր հիմնական մրցութային ծրագրում, բացի այդ, մրցանակներ է ստացել այս տարվա «Ոսկե գլոբուսի» մի շարք անվանակարգերում, աշխարհի կինոքննադատների բազմաթիվ ու բազմապիսի գիլդիաների կողմից ճանաչվել տարվա լավագույն ֆիլմ, իսկ այժմ էլ մրցելու է Բրիտանական կինոակադեմիայի BAFTA և ամերիկյան կինոակադեիայի «Օսկար» պատվավոր մրցանակների համար։

Բոլորին է հայտնի, որ լատինամերիկյան գրականության բումը արվեստագիտության մեջ ստացավ «մոգական ռեալիզմ» անվանումը: Միգել Անխել Աստուրիաս, Գաբրիել Գարսիա Մարկես, Մարիո Վարգաս Լյոսա, Խոսե Լուիս Բորխես, Կաrլոս Ֆուենտես, Խուլիո Կորտասար։ Սակայն հարկ է նշել, որ տվյալ ուղղությունն իր արտահայտությունն է գտել նաև կերպարվեստում ու կինեմատոգրաֆում։ Գիլյերմո Արրիագա, Գիլյերմո Դել Տորո, Կառլոս Ռեյգադաս, Ալֆոնսո Կուարոն, Ալեխանդրո Խոդորովսկի. և այս շարքում իր արժանի տեղն է զբաղեցնում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի անունը, որ իր նոր ֆիլմով ևս մեկ անգամ տուրք տվեց «մոգական ռեալիզմին»։

Նա մեզ մեծ էկրանից տաք, երբեմն հեղձուցիչ, իսկ ավելի հաճախ մռայլ, թունավոր, սյուրռեալիստական տոներով պատմում է ժամանակակից մարդու ողբերգության մասին՝ չմոռանալով մատնանշել, որ «այս կյանքը թատրոն է, իսկ մենք բոլորս՝ դերասաններ», և ի վերջո կյանքը, արվեստի մեջ վերակենդանանալով, անժամանակ մեռնում է։ Եվ ամենևին էլ կարևոր չէ՝ նրա համար որպես նյութ ծառայում են թատրոնի բեմի լույսերն ու ետնաբեմի մոլորեցնող խավարն ու ինտրիգնե՞րը, սովորական գրասենյա՞կը, թե՞ մարգինալ հետնախորշերը։ Այո, մաքուր ողբերգություն, որպիսին հասկանում էին հին հույները, ժամանակակից աշխարհում չկա, մերօրյա պայմաններում չի կարող գոյություն ունենալ նման ֆորմա, փոխարենը կա տրագիկոմիկ ֆանտասմագորիա, որը հումորի, փիլիսոփայական ներհայեցման, իսկ հաճախ էլ ցինիզմի ու սարկազմի դիմակի տակ թաքցնում է մարդկային հոգևոր վթարները։ Դրանցից զերծ չէ նաև «Բըրդմանը»՝ մարդ-ծիտը, իսկ ավելի ստույգ՝ դերասան Ռիգգան Թոմսոնը, որ նախկինում Հոլիվուդում շատ մեծ հաջողությամբ մարմնավորել է այսօր արդեն մոռացության գետում խեղդված սուպերհերոսի՝ մարդ-թռչուն Բըրդմանին։ Սակայն անցյալն այլևս մոխիր է, որի վրա «փարթամ կանաչ դաշտեր էլ չեն գոյանա»։ Իսկ փոխարենն այժմ Ռիգգանը հայտնվել է Նյու Յորքում՝ այդ հսկա մեգապոլիսում, որտեղ երկնաքերների բարձրության ու ծանրության տակ մարդն իրեն բառի բուն իմաստով ոչնչություն է զգում։

kinopoisk.ruՌիգգանն աշխատում է Բրոդվեյի թատրոններից մեկում, խելքը տվել է փիլիսոփայական հիմք ունեցող հոգեբանական թատրոնին, որն իր բնույթով մինիմալիստական լինելով՝ զերծ չէ նատուրալիզմի անսքող ու խայթող մերկությունից։ Ինչպես Չեխովի պարագայում, «եթե առաջին գործողության մեջ բեմում հրացան է կախված, ապա երրորդի վերջում այն անպայման կկրակի»։ Ռիգգանը պիեսներ է բեմադրում։ Ու հիմա էլ ձեռքի տակ մի նոր գործ է՝ Ռայմոնդ Կարվերի «Ինչ՞ ենք խոսում, երբ խոսում ենք սիրո մասին» պիեսը. չոր սխեմա, որին նա պիտի միս ու արյուն տա, մարմնավորի ուժերի ներածին չափով։

Դերասանը հուսահատ է, հասկանում է, որ փառքի, իսկ ավելի շուտ սնափառության այդ ողորմելի, բայց այդքան բաղձալի տոնահանդեսը վաղուց է, ինչ ավարտվել է իր համար։ Մոմերը հանգել են, վարագույրն իջել է, ծափերն ավարտվել են, հանդիսատեսն էլ լքել է տեղերը։ Պերճանք և թշվառություն: Հաց և հանդիսություն. ահա թե ինչ է պետք այսօրվա հանդիսատեսին։ Իսկ Ռիգգանը փակվել է իր «արվեստի կաճառում»՝ իր նոր աշխատանքով փորձելով վերադարձնել գոնե երբեմնի ճանաչումը։ Ինյարիտուն հեգնում է. ժամանակակից աշխարհում կարելի է հայտնի դառնալ ավելի հեշտ ճանապարհով, օրինակ՝ լուսանկարել սեփական մերկ հետույքը և տեղադրել դա համացանցում։ Վայրկաններ և հայտնի ես: Բայց ինչպե՞ս, ի՞նչ գնով։

Ռիգգանը միայնակ նստած է իր հանդերձարանում՝ ընդունելով ու ճանապարհելով անցյալի կպչուն ստվերները։ Իսկ պատուհանից այն կողմ կյանքն է, որը նա մերժել է, կամ որն իրեն է մերժել, մոռացել, թաղել ամուլ հողում։ Մարդկային խելացնոր ամբոխը դեռ հիշում է իր երբեմնի սիրելի սուպերհերոսին և ժամանակ առ ժամանակ լուսանկարվում դերասանի հետ փողոցում։ Բայց էկրանի արքան այլևս չկա։ Իսկ ի՞նչ կա. հուսահատված, իր երազանքները խորտակած անհատ, որ թատրոնի բեմի մի քանի քառակուսի մետրի վրա ջանում է իրական արվեստ արարել, արվեստ կյանքի ու մարդկանց մասին, որի հետ նա չի շփվում, չի ճանաչում անգամ։ Բայց չէ՞ որ ժամանակին աշխարհն էր իրենը, իսկ ինքը՝ աշխարհինը։ Նա պատկանում էր բոլորին և միաժամանակ ոչ ոքի։ Նույնիսկ ընտանքին ու դստերը։ Հիմա էլ մեղքը քավելու ժամանակն է։ Դուստրը՝ Սեմը, գուցե իր անտարբերությունից, ընտանեկան հարաբերությունների «չեռնոբիլից», կամ էլ գուցե երիտասարդության մահվան հետ անվերջ խաղեր խաղալու, ու նաև կյանքի ունայնությունն իր ողջ ողբերգականությամբ ընկալելու պատճառով թմրամոլ է դարձել, այստեղ-այնտեղ ազատորեն մարիխուանա էր ծխում։ Եվ ահա մայրը բերել է նրան թատրոն, որպեսզի աշխատի այստեղ, հոր ասիստենտը լինի և գոնե այդպես ապաքինվի, կյանք վերադառնա։

Ամեն օր նայելով դստերը՝ Ռիգգանը կարծես իր կյանքի ջարդված հայելին է նորոգում, գուցեև չի էլ նորոգում, այլ հաշտվել է, որ հայելին շատ վաղուց և անվերադարձ կոտրվել է, ու այսուհետ իրականությունն իր արտացոլմամբ միշտ էլ ծուռ է լինելու։ Չասված խոսքեր, չարված գործեր, որոնք կվերակագնեին դստեր աչքերում իր երբեմնի ով լինելը, հույսն ու հավատը։ Երևի սերն է պակասել… Ռիգգանը նույնիսկ նրա համար հերոս չէ այլևս, այլ ընդամենն անօգնական անհաջողակ, փոքրոգի խղճուկի մեկը, ուր մնաց թե անդեմ ամբոխի համար, որն ամեն օր նոր կուռքեր է արարում, իսկ հաջորդ օրը դավաճանում նրանց, խաչում ու մոռանում՝ վազելով նորերի հետևից, որ նրանց էլ մի օր կործանի, տապալի ու գցի բարձր պատվանդանից։ «Անցիր ակնթարթ, դու տհաճ ես»,- բացականչում է Ռիգգանի ներքին ես-ը։ «Դու սերը խառնում ես խոնարհման հետ»,- արտաբերում է դերասանի նախկին կինն ու հեռանում հանդերձարանից։ Ներքին մենախոսություն, մտքերի ու հույզերի անվերջ հորդացող ընթացք։

Ռիգգանը հիմա այնքան շատ է ուզում մենակ մնալ, նրան ո՛չ դրախտ է պետք, ո՛չ դժոխք, այլ պարզապես հանգիստ, միգուցե և անէություն։ Փոխարենը հայտնվում է թատերական կեղծ ու շինծու իրականության մշտապես վառ, լուսավոր ու գունավոր հեքիաթից հյուսված մոլեռանդ պարահանդեսում, որտեղ ամեն ինչ իրար է խառնվել, տարկնուվրա շուռ եկել։ «Դու գոյություն չունես, հասկանո՞ւմ ես»,- անվերջ դառն ու սին ճշմարտություններ է շպրտում նրա դեմքին դուստրը՝ սուր ծակող ածելիով հերձելով հոր վիրավոր, մահվան շեմին հայտնված հոգին։ Բայց եթե մարդ ունակ է ցավ զգալու, ուրեմն դեռ կա, ապրում է։ Եվ որ ամենակարևորն է՝ նա մարդ է։ Վշտի ու ոչնչի միջև Ֆոլկների հերոսն ընտրում էր վիշտը։ Եվ Ռիգգանն էլ ասես արդեն պատրաստ է մոխրի միջից հաղթական փյունիկ թռչունի պես վերածնվել, հարություն առնել, հաղթականորեն համբառնալ դեպի երկինքների հեռուները։ Բայց հրաշքը տեղի՞ է ունենում։ Իր հոգեբանական թատրոնի փայլուն պրեմիերայից հետո դերասանը դուրս է նետվում պատուհանից։ Սեմը երկար նայում է դուրս, փնտրում ու չի գտնում հորը։ Եվ մի պահ էլ իր մեծ, օվկիանոսի պես խորն ու անհատակ աչքերի հայացքը վեր է ուղղում և…

8Ինյարիտուի այս ֆիլմը սեփական ստեղծագործական դիմանկարն է, պոստմոդեռնիստական դիմանկար խելագարության շեմին։ Իսկ ավելի շատ սա արվեստագետի, տվյալ դեպքում ռեժիսորի մտորումն է ժամանակակից աշխարհի ու մարդու մասին։ Մեզ բոլորիս մասին։ Եվ մասնագիտությունը բնավ նշանակություն չունի։ Ինյարիտուն փորձում է տեղավորել անցյալը ներկայի մեջ, իմաստավորել այն և կանխագուշակել ապագան։ Անցյալն անցյալ է՝ իր բոլոր հաղթանակներով ու պարտություններով, ճիշտ արարքներով ու անվերջ սխալներով, բերկրանքով ու ցավով, ուրախությամբ ու դառնությամբ։ Այն հետ չես բերի և չես նետի աղբարկղը, չես ջնջի հիշողության լաբիրինթոսից։ Դա ընդամենը իրերի կարգաբանված ընթացք է, մի ամուր ու անընդհատ շղթա, ոչինչ չես փոխի, որովհետև այդպիսով անվերադարձ կփոխվի նաև ներկան ու ապագան։ Այդ դեպքում թող որ լինի այն, ինչ լինելու է։

Մեր ներկան հյուսված է անցյալից, որտեղ հաճախ մտովի թափառում ենք։ Իսկ ապագան մեզ չի պատկանում, դա անհայտի տիրույթն է, որ միշտ էլ մշուշոտ է։ Ռեժիսորը ստեղծագործական հոգեվարքի մեջ է։ Տրագիկոմեդիայով նա սեփական ստեղծագործական անպտղությունն է արձանագրում։ Սա լուրջ հեղինակային կինոյի պարտության գիտակցումն է կոմերցիոն կինոինդուստրիայի առջև։ Սակայն իր բարձր վարպետության շնորհիվ Ինյարիտուն կարողանում է սեփական «ֆիասկոն» դարձնել կինոյի ու կյանքի տոն՝ դրամայի աչքերին նայելով հիստերիկ ծիծաղով, տեսնելով ողբերգությունը կատակերգության դիմակի տակ, կարողանում է խաբել մահվանը և հաղթել իր ներսի դևերին կամ գոնե զինադադար կնքել։

Առանձին հիշատակության է արժանի ֆիլմի օպերատոր Էմանուել Լյուբեցկու վարպետ աշխատանքը։ Նա հայտնի է Ալֆոնսո Առաուի, Ալֆոնսո Կուարոնի, Ռոդրիգո Գարսիայի, Թիմ Բերթոնի, Թերենս Մալիքի մի շարք ֆիլմերից։ Լյուբեցկին նկարահանել է նաև մանուկ և պատանի սերնդի պաշտամունքային «Լեմոնի Սնիկետ. 33 դժբախտությունները» կինոնկարը՝ Ջիմ Քերիի և Էմիլի Բրաունինգի գլխավոր դերակատարումներով։ Նա փայլուն է ստեղծել նաև «Բըրդմանի» պատկերաշարը, վիտուոզ կերպով մարմնավորել ռեժիսորի տեսլականը։ Տեսախցիկը նրա ձեռքում օձի պես գալավում է գլխավոր հերոսի պարանոցին, կպչում նրան, կրնկակոխ հետևում ամեն ժամ, ամեն վայրկյան։

kinopoisk.ru

Լյուբեցկին հատուկ լուսա- և գունազգայուն ոսպնյակների միջոցով կարողանում է ստեղծել ուռուցիկ քանդակային կերպարներ, երբ տեսախցիկը տպավորիչ խոշոր պլաններ է որսում։ Եվ սա կրկնակի արտահայտիչ է, երբ դիտում ես ֆիլմը մեծ էկրանին։ Ոչ մի սարք հանդիսատեսին չի փոխանցի այդ զարմանահրաշ զգացողությունը։ Մեր առջև տեսախցիկի ամենատես աչքի միջով մեծ քաղաքի համայնապատկերն է, որն ասես հավաքվում է ամբողջական խճանկարի մասնատումից, տրոհումից։ Անծայրածիր աշխարհն իր անսահման հնարավորություններով, և մարդիկ, որոնք այս մեգապոլիսում՝ ասես մրջնանոցում, ամեն օր գնում-գալիս են։ Ու նաև արվեստի աշխարհը, ներսից «փտած» բոհեմը, թատերական կուլիսները… Ով ում հետ քնեց, ով ումից երեխա ունեցավ, ով ում դավաճանեց, ով ում սպանեց։ Այս հարցերն անվերջ են և պատասխան գրեթե երբեք չեն գտնում, ինչպես և արվեստի անսպառ հարցերը, որոնք հաճախ ավելի թանկ են, քան միամիտ, պարզունակ ու անցողիկ պատասխանները։ Եվ անվերջ ստեղծագործական վեճեր։ Այս ամենը տեսախցիկն ամրագրում է այնքան մոտիկից, որ կարծես ամեն ինչ գլխավոր հերոսի ներսում է կատարվում կամ նրա հիվանդ երևակայության մեջ։ Ռիգգանի անվերջանալի տառապանքը, տվայտանքերը կուլիսների լաբիրինթոսում, սկզբից էլ առաջ և վերջից էլ հետո կառուցված դեկորացիաներ, բուտաֆորային ռեկվիզիտ, որն անվերջ կոտրվում, փշրվում է, կարծես հաստատելու համար, որ այն կեղծ է, սարքված։ Եվ փնտրելով իրականը՝ մեր հերոսը թափառում է փողոցում։ Այս ամենը սկզբունքորեն կարևոր է կերպարի բացահայտման համար, այսպես ասած, նրան բոլոր հնարավոր ռակուրսներից, դիտանկյուններից տեսնելու, ուսումնասիրելու համար։

Այս անգամ Ինյարիտուն հրաժարվել է իրականությունը ձևախեղելու իր սկզբունքից, ժամանակի հետ վարվող դաժան խաղերից, երբ մոնտաժի միջոցով փոխում էր ռեալությունը։ Այս դեպքում հեղինակներն ամեն ինչ մեկ կադրով են նկարահանել, մեկ երկար, անվերջանալի տանջող ու ձգվող պլանով, երբ ոչինչ չի ընդհատվում, այլ ամեն ինչ անընդհատ ու հարափոփոխ ընթացքի մեջ է, ասես քաոսում կամ տոտալ անարխիայի վարկածին հետևելով։ Ուստի կինոլեզվի և արտահայտչականության տեսանկյունից նրանք արժեքավոր գյուտեր են արել։ Նկարահանման հենց այս յուրահատուկ ձևը հնարավորություն է տալիս էլ ավելի ցայտուն պատկերելու վեհ իդեալների և ստոր նպատակների բախումը՝ իր ողջ դրամատիզմով։

Ինյարիտուն ֆիլմ է նկարել այն մասին, թե ինչու արդեն քանի տարի չի կարողանում իրեն վայել լուրջ ու խորը ֆիլմ նկարել։ «Մեզ բոլորիս էլ սեր է պետք, բայց հաճախ մեր էգոն խեղաթյուրում է ամեն ինչ, քանզի մարդիկ փորձում են օգտագործել սերը, զգացմունքը, որպեսզի իշխանություն ունենան ուրիշների հանդեպ, իշխեն ու նաև ճնշեն մեկմեկու»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է նա։

«Ինյարիտուի բոլոր ֆիլմերն ուժեղ անհատների մասին են։ Այն մասին, թե մարդկանց համար ինչ դժվար է հաղթահարել այս կյանքի փորձությունները։ Ըստ իս, նրա բոլոր ֆիլմերում մարդիկ փորձում են հաղթահարել անհաղթահարելի հանգամանքերը։ Նրանք անվերջ կռվում են դրանց դեմ։ Ռեժիսորի հերոսները խնդիրներ են լուծում, իսկ աշխարհը նորից ու նորից է նրանց կանգնեցնում խնդիրների առջև. մեն-մենակ, դեմ հանդիման։ Սակայն այդ պայքարը, այդ փորձն արդեն իսկ թանկ արժե։ Նրանք ձեռքները ծալած չեն նստում, չեն համակերպվում, չեն հաշտվում եղելության հետ»,- պատմում է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ դերասան Էդվարդ Նորթոնը։

«Բըրդմանը» ներկայացված է «Օսկարի» 9 գլխավոր անվանակարգերում։ Նույնքան անվանակարգերում՝ Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտը»։ Ինյարիտուն 3 տարին մեկ է ֆիլմ նկարահանում, արդեն 5 խոշոր աշխատանք ունի, որոնք միշտ էլ առաջադրվել են ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին, բայց երբեք չեն հաղթել։ «Բըրդմանը» դժվար թե կարողանա հալեցնել այդ սառույցը։ Ինչպես երևում է, ակադեմիկոսները սիրում են Ինյարիտուին սմոքինգով նստեցնել դահլիճի ամենապատվավոր տեղում և ամեն անգամ թողնել առանց մրցանակի։ Միգուցե նրանք ավելին են սպասում լատինամերիկյան կինոյի այս վունդերկինդից: Դժվար է ասել, սակայն փաստը մնում է փաստ։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ պատմությունը կկրկնվի, քանզի Ռիչարդ Լինքլեյտերն արդեն հանդիսատեսի դատին է հանձնել իր դարակազմիկ, նորարարական-փորձարարական «Պատանեկությունը»։

Իսկ հայաստանյան հանդիսատեսին մնում է վայելել «Բըրդմանի» դիտումը, քանզի, ինչպես վերն արդեն նշել ենք, այն հայաստանյան վարձույթում է և մեծ էկրան է բարձրացել բոլոր կինոթատրոններում։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

Դիտվել է 146 անգամ