«Հայֆիլմ» non-stop

1Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սկսել է «Հայֆիլմ» non-stop նոր նախագիծը, որը նվագախմբի նախորդ ծրագրերի՝ Holywood non-stop-ի և Cartoon non-stop-ի շարունակությունն է: Մտահղացումը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: «Հայֆիլմ» non-stop համերգային ծրագրի սցենարի հեղինակը Երևանի փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանինն է:

Նախորդ երկու՝ Holywood non-stop  ու Cartoon non-stop նախագծերը  լավ են ընդունվել արվեստասեր հանրության կողմից, սակայն Հայֆիլմ non-stop-ն աննախադեպ հաջողություն է գրանցել։

«Մենք տեսնում ենք այն, ինչ երևում է էկրանից, այն, ինչ ներկայացնում են դերասանները, սակայն էկրանից այն կողմ աշխատել է մի թիմ, որի համակցված, ներդաշնակ աշխատանքի արդյունքում են ստացվել հայկական կինոյի գլուխգործոցները: Եվ այդ թիմն առանց կոմպոզիտորների, ուղղակի անհնար է պատկերացնել»- համոզված է Սերգեյ Սմբատյանը: Տիգրան Մասուրյան, Արամ Խաչատրյան, Մարտին Վարդազարյան, Արտեմի Այվազյան, Առնո Բաբաջանյան, Յուրի Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան. անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով «Հայֆիլմի»կինոնկարներն ընդգծված առանձնահատկություններ են ձեռք բերել: Նրանց գրած կինոերաժշտություններն այնքան կատարյալ են, որ որտեղ էլ դրանք հնչեն, նույնացվում են ֆիլմերի հետ:

«Մեր նպատակն է ցույց տալ այն հրաշալի, անգնահատելի աշխատանքն ու նվիրումը, որ ցուցաբերել են մեր կոմպոզիտորները: Նրանք այնքան ներդաշնակ են ստեղծագործել, զգացել կադրի, հերոսների, թեմայի ներքին կապը, և արդյունքում ստացվել են ֆիլմեր, որոնցով հիանում ենք անգամ տասնամյակներ անց: Դրանք դասական գործեր են՝ դասական կինոերաժշտությամբ: Ցավում եմ, որ հիմա նման երաժշտություն չի գրվում: Դա փաստ է. վերջին ժամանակներում գրված կինոերաժշտությունները չեն տպավորվում հանրության շրջանում, իսկ «Հայֆիլմի»  նկարահանած ֆիլմերի երաժշտությունները անբացատրելի ուժով գրավում են մարդկանց: Մեզ թվում էր, թե «Հայֆիլմ» non-stop-ը կսիրվի հատկապես միջին և ավագ սրնդի կողմից, բայց զարմանալիորեն աշխույժ էին երիտասարդները: Սա նշանակում է, որ այսօրվա երիտասարդությունը մեծերից ոչ պակաս սիրահարված է «Հայֆիլմի»կինոնկարներին ու շատ լավ տեղեկացված է թե՛ դերասանների, թե՛ կոմպոզիտորների, թե՛ ռեժիսորների մասի», – ասում էԵրիտասարդական նվագախբի դիրիժորը:

«Հայֆիլմ» non-stop համերգային նախագիծը կներկայացվի նաև Սփյուռքի հայաշատ քաղաքներում: Միայն թե այնտեղի հանդիսատեսը ևս պետք է լավ տեղեկացված լինի հայ կոմպոզիտորների մասին ու ճանաչի «Հայֆիլմի»նկարահանած ֆիլմերը, այլապես հնչող ստեղծագործություններն ու համերգի ժամանակ էկրանին ցուցադրվող կադրերը ոչ մի զգացում ու հույզ չեն արթնացնի հանդիսատեսի մեջ, այն ազդեցությունը չեն ունենա, ինչն զգացել է երևանյան արվեստասերը: Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ առաջիկա ծրագրերից մեկն էլ վերաբերում է ռուսական կինոյին: Մոսֆիլմի ղեկավար Կարեն Շահնազարովի հետ բանավոր պայմանավորվածություն կա համերգային հաջորդ նոր ծրագրով ներկայացնել «Մոսֆիլմի»նկարահանած ֆիլմերի կինոերաժշտությունը:

 

_LUS2180 G2mtdzQrdHHbijD1PBp1GwXmVG nbRut1W2wm3p1meRe7pmvwef57 NK O18RCvgY6ss8Q5maAirFXTtzxX

Նաիրա Փայտյան

Դիտվել է 55 անգամ