Հայաստանի ազգային կինոկենտրոն. երեկ և այսօր

img_5607650815_img_3093102592_img_2938178670_LOGO_3Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որ հիմնադրվել է 2006 թ., Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է, ՀՀ մշակույթի նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Կինոկենտրոնը, առանցքային դեր կատարելով կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղականության իրականացման գործում, իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով` կինոնկարների արտադրության աջակցում, ազգային կինոծրագրերի իրականացում, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ, կինոփառատոների և կինոշուկաների մասնակցության ապահովում:
Այդ գործունեության հիմնական նպատակներն են` կինոարվեստի ավանդույթների պահպանումը, զարգացումն ու տարածումը, հայրենական բարձրարժեք խաղարկային ու մուլտիպլիկացիոն կինոնկարների ստեղծումը` միջազգային չափորոշիչներին համապատասխան, կինոնախագծերը մրցույթային հիմունքներով ընտրելու համար հավասար պայմանների ապահովումը, երեխաների և պատանիների համար մուլտիպլիկացիոն և մանկական ֆիլմերի, ինչպես նաև կինոդեբյուտների ստեղծումը, միջազգային կինոկազմակեպությունների հետ համատեղ կինոծրագրերի իրականացումը, միջազգային կինոփառատոներին և միջազգային այլ կինոմիջոցառումներին մասնակցության ապահովումը, կինոնկարների, որպես Հայաստանի մշակութային ժառանգության անքակտելի մասի պահպանումը, արտատպումն ու վերականգնումը, ստեղծագործական գործունեության ձևերի ու մեթոդների, զարգացման հիմնական ուղղությունների սահմանումը, կինոարվեստի բնագավառում պետական ծրագրերի մշակումը, կինոկենտրոն ներկայացվող կինոնախագծերի քննարկումն ու ընտրությունը և այլն:
Կինոկենտրոնի ենթակառույցներից են Հենրիկ Մալյանի անվան թատրոնը և Կինոդերասանի ստուդիան, ինչպես նաև Մուլտֆիլմերի ստեղծագործական միավորումը:
1991 թ. անկախանալուց հետո Հայաստանը քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային դժվարին շրջան էր անցնում, որին ամենևին պատրաստ չէր, իսկ դիմակայման ռեսուրսներն ավելի շատ ուղղված էին կենսական խնդիրների լուծմանը. պատերազմ, աղետի գոտի, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, կաթվածահար տնտեսություն, համատարած գործազրկություն, հազարավոր փախստականներ ու անօթևան մնացած մարդիկ: Հայկական կինոն, որ 1990-ականներից ընդամենը մի քանի տարի առաջ թռիչք էր ապրում, սկսեց արագ տեմպերով նահանջել: Ֆիլմ նկարելու գաղափարն առնվազն ծիծաղելի էր, երբ երկրում յուրաքանչյուր ոք հացի խնդիր, մեկ օր ավելի գոյատևելու հարց էր լուծում:
hayfilmՆախկինում Հայաստանն ուներ կինոարտադրություն՝ ինքնաբավ միջոցներով ու հնարավորություններով: «Հայֆիլմ» կինոստուդիան, որ Սովետական Միության առաջնակարգ կառույցներից էր «Մոսֆիլմից» հետո, սկսեց քայքայվել: «Հայֆիլմը» 1200 աշխատող ուներ, բոլորն էլ` հաստիքով՝ սկսած ռեժիսորից, կինոօպերատորից մինչև բանվոր, ձայնագրման, ձայնադրման, հնչյունավորման, գունադրման արտադրամասեր, հագեցած տեխնիկա, մասնագետներ: «Հայֆիլմը» հսկայական լաբորատորիաներով, տաղավարներով մի կառույց էր, որ կինոքաղաք էր հիշեցնում: Մարդը կարող էր սցենարը ձեռքին մտնել «Հայֆիլմ» կիոնոստուդիա և որոշ ժամանակ անց այնտեղից դուրս գալ՝ պատրաստի ֆիլմի կինոժապավենը ձեռքին: Ցանկացած կինոնախագիծ սեփական ռեսուրսներով կարող էր կյանքի կոչվել ու մրցունակ լինել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ավելին՝ փոքրիկ Հայաստանի ներկայացրած կինոարտադրանքն իր որակով ու հեղինակությամբ չէր զիջում «Մոսֆիլմին» ու «Լենֆիլմին»: Տարեկան 4 խոշոր ֆիլմ, 2 հեռուստատեսային ֆիլմ ու 2-3 անիմացիա էր նկարահանվում: Այդքան եռուն, բեղմնավոր կյանքից հետո կայծակնային անկում: Սովետական Միության փլուզումը 1990-ականներին ենթադրում էր ամբողջ համակարգի վախճանը, որը ոչնչացրեց նաև լավն ու դրականը:
«Հայֆիլմի» հսկայական կառույցը պահելն այլևս անհնար էր: Չկար գումար, չկային մասնագետներ, կինոտեխնիկան կամաց-կամաց շարքից դուրս եկավ, տաղավարներն ու արտադրամասերը՝ նույնպես. և այդպես մինչև 2005 թվականը, երբ որոշվեց պետական «Հայֆիլմը» վաճառել: Պետությունն այլևս չէր կարող պահել-պահպանել եղածը. միակ տարբերակը վաճառելն էր: «Գաֆեսճյան» հիմնադրամը «Հայֆիլմը» գնեց ընդամենը 600 հազար դոլարով՝ պարտավորվելով այն դարձնել իսկական Հոլիվուդ. գնել նոր, ժամանակակից սարքավորումներ, եղած ֆիլմերը թվայնացնել, ստուդիան ծաղկացնել ու շարունակել «Հայֆիլմի» ավանդույթները նոր ժամանակների պահանջով: Անգամ համատեղ ֆիլմեր նկարահանելու ծրագրեր ներկայացվեցին: Տարիներն անցան, քարը քարի վրա չդրվեց, խոստումները մնացին թղթի վրա: 2006 թ. ժամանակի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց ստեղծել ազգային կինոկենտրոն, որը կդառնար «Հայֆիլմի» իրավահաջորդը, կաջակցեր հայրենական ֆիլմարտադրությանը և ձեռքը կպահեր ազգային կինոյի զարկերակի վրա: Եվ 2006-ին ստեղծվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը կամաց-կամաց, բայց մշակված, հստակ քաղաքականությամբ սկսեց նորաստեղծ կառույցի շուրջը հավաքել հայ կինոյի բախտով հետաքրքրված մարդկանց, ու հետզհետե երևացին նոր ժամանակների հայկական կինոյի հիմքերը դնելու ուղիները: Ազգային կինոկենտրոնը հանձն առավ կինոյին հատկացված պետական սակավ միջոցներով աջակցել նոր կինոնախագծերի իրականացմանը՝փորձելով վերականգնել համաժողովրդական սերն ու ակնածանքը մեր կինոյի նակատմամբ:
Երիտասարդներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռելու առաջին քայլերն Ազգային կինոկենտրոնը փաստորեն սկսեց ծանր 90-ականների չգնաժամից հետո, երբ գրեթե 10 տարի կինոյում դրական տեղաշարժը շատ աննշան էր: Սովետական համակարգը, որով առաջնորդվում էին մշակույթի բոլոր ճյուղերը, այդ թվում՝ կինոն, փլուզվել էր և շատերին ձեռնունայն թողել: Կինոգործիչների այն սերունդը, որը խորհրդային տարիներին ակտիվ գործում էր, 1990-2000-ականներին այլևս չկար: Չկային կամ քիչ էին նրանց փոխարինողները:
Հայկական կինոյի բարի ավանդույթները խտացված են Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Առնոլդ Աղաբաբյանի և մյուս կինոռեժիսորների արվեստում: Նրանց գործը շարունակելը, նշաձողը բարձունքին պահելը դժվար էր: Բայց արդեն ասպարեզ էր եկել կինոռեժիսորների նոր սերունդը, որը փորձում էր թարմ շունչ բերել հայկական կինոյին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մշակույթին հատկացված պետական սուղ բյուջեի իր մասնաբաժնով ձգտում է առավելագույն աջակցություն ցուցաբերել. այնքան, որքան ներում են հնարավորությունները: Բայց և հնարավոր չէ ափսոսանքով չնշել, որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով հաճախ որոշ ծրագրեր ուղղակի մերժվում կամ հետաձգվում են: Բավական է նշել, որ կինոկենտրոնի տարեկան բյուջեն 293 մլն դրամ է (մոտ 700 հազար ԱՄՆ դոլար), որով նկարահանվում են 10-ից ավելի լիամետրաժ խաղարկային, կարճամետրաժ, դեբյուտային ֆիլմեր: Առանձին 65 մլն դրամ էլ (160 հազար դոլար) տրամադրվում է անիմացիային: Կինոկենտրոնը տարեկան 4 դեբյուտային և նույնքան էլ ուսանողական ֆիլմերի է աջակցում: «Գումարը շատ փոքր է, համենայն դեպս երիտասարդ ռեժիսորներին ինքնադրսևորվելու հնարավորւթյուն է ընձեռվում: Օտարազգի կինոգործիչների համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է 10-20 հազար դոլարով ֆիլմ նկարահանել, բայց եթե այդ գումարին ավելացնենք այն էնտուզիազմը, որ բնորոշ է երիտասարդներին, կստացվեն այն ֆիլմերը, որոնք նկարահանվում են Հայաստանում»,- ասում է կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը նաև օգնում է տեղի ռեժիսորներին գործընկերներ գտնելու դրսում: 2010 թ. կինոկենտրոնն առաջին անգամ Կաննի կինոշուկայում ունեցավ իր տաղավարը: Կառույցի ղեկավար Գևորգ Գևորգյանը նկատում է, որ եթե 2010-ին իրենք ներկայացել էին անփորձ ուսանողի նման, ապա հետագա տարիներին կարողացան շարժել տարբեր երկրների հիմնադրամների և ընկերությունների հետաքրքրությունը, իսկ 2014-ին հայկական տաղավարն ամենամարդաշատներից էր: Եթե նախորդ տարիներին հայ սցենարիստներն ու ռեժիսորները ջանք ու եռանդ էին թափում օտարազգի ներդրողների ուշադրոությանն արժանանալու համար, ապա վերջին երկու տարում արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցությունը նկատելիորեն հեշտացել է շնորհիվ ձեռք բերված փորձի ու ներկայացրած հետաքրքրիր ու ինքնատիպ սցենարների: Վստահությունն աճել է. փորձը ցույց տալիս, որ հայկական նախագծերը Եվրոպայի համար անսովոր ու գրավիչ են: Կաննի կինոշուկայում Հայաստանն ամեն տարի 10-17 կինոնախագիծ է ներկայացնում: Ջիվան Ավետիսյանը, Մարիա Սահակյանը, Արամ Շահբազյանը, Հովհաննես Գալստյանը Կաննի կինոշուկայում փնտրեցին ու գտան գործընկերներ՝ ներդնողներ, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ նկարահանվեցին համատեղ ֆիլմեր:
Այն գործառույթը, որ իրականացնում է կինոկենտրոնը, արժանացել է եվրոպական կառույցների ուշադրությանն ու գնահատանքին: Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2014-ի դեկտեմբերին ընդգրկվել է Եվրոպայի կինոկառույցների հիմնադրամների տասնյակում: Նախկինում հարյուրյակում էր: Այս նորությունը շատ է ոգևորել կինոկենտրոնի ղեկավարներին: Սա նշանակում է, որ չնայած կինոկենտրոնի ունեցած սուղ միջոցներին, գնահատվել է նրա քաղաքականությունը, այն է` խրախուսել, աջակցել հայ կինոյի զարգացմանն ու տեղական կինոարտադրությանը:
Անցած դեկտեմբերին Բրյուսելում քննարկվեց համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ դառնալու հարցը: Բոլորը դրական կարծիք են հայտնել Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Սա կինոյի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, հայ և օտարազգի կինոարտադրողների առաջ նոր հեռանկարներ կբացի:
Հայաստանը ֆրանսիական CNC-ի հետ համագործակցության պայմանագիր ունի, ինչը համատեղ ֆիլմարտադրության և ֆինանսավորման հնարավորություն է ստեղծում: Հայաստանը նաև Բեռնի կոնվենցիայի անդամ է:
Հայաստանի համար 2015-ը նշանակալից տարի է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերում առանձնահատուկ տեղ ունեն այդ թեմային վերաբերող ֆիլմերը, որոնց մեծ մասը դարձյալ համատեղ արտադրություն են: Ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սերժ Ավետիքյանը «Արտստեպստուդիայի» հետ նկարահանում է անիմացիոն ֆիլմ հայ հերոս կանանց մասին, որոնք գաղթի ճամփեքով դեգերելով՝ «Մշո ճառընտիր» գիրքը փրկում են կորստից: Ֆիլմն ընդգրկվելու է «Comer Work» ստուդիայի «WW1» ֆիլմ-ալմանախի ծրագրում: Այն ցուցադրվելու է աշխարհի տասնյակ երկրներում ու ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը՝ փրկված գրքի օրինակով:
Չեխերն Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ փաստավավերագրակն ֆիլմ են նկարահանում: Այդ նախագծով հետաքրքրված են եվրոպական մի շարք երկրներ: Հեռուստատեսային տարբերակը կցուցադրի նաև Կանադան: Իրանցի կինոարտադրողները ևս համագործակցության նախագիծ են առաջարկել՝ նոր ֆիլմ Մեծ եղեռնի հետքերով:
Ցեղասպանության մասին ֆիլմերի մի մասը պատրաստ կլինի 2015-ին՝ 100-ամյակի կապակցությամբ, մյուսները շարունակական նախագծեր են և ավարտին կհասցվեն հաջորդ տարիներին:
Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը մասնակցում են միջազգային կինոփառատոների ու մրցույթների:
Կինոկենտրոնի գերակա նպատակներից մեկն էլ տեղական կինոարտադրանքը՝ որպես ազգային մշակութային արժեք, տարածելն է սեփական երկրում: Կոմերցիոն նպատակ ու շահույթ չհետապնդելով՝ իրականացվում են հայ կինոյի հանրառչակման կրթադաստիարակչական ծրագրեր, որոնց թիրախը հատկապես Հայաստանի մարզերն ու սահմանամերձ բնակավայրերն են: «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը հայկական հին ու նոր ֆիլմերով արդեն 5 տարի այցելում է հեռավոր քաղաքներ ու գյուղեր և տեղում ցուցադրում նախկին «Հայֆիլմի», ինչպես նաև մեր օրերում նկարահանված ֆիլմեր:
Ընդհանրապես պետական հովանավորությունը ենթադրում է ազգային շեշտադրումներով ֆիլմերի ստեղծում ու հանրահռչակում: Հայ կինոն, որքան էլ փորձում է ժամանակի պահանջները, թեմաների բազմազանությունը, աշխարհընկալման շերտերը ներառել, այնուամենայնիվ նախապատվությունը տալիս է ազգային հոգեկերտվածքի ու խնդիրների արծարծմանը: Ազգայինը` համամարդկային, այսինքն` բոլորին հասանելի լեզվով ու մոտեցմամբ, երբ ազգային առանձնահատկությունը դառնում է յուրօրինակ ու հետաքրքիր գլոբալացվող ու համահարթեցվող աշխարհում:
Այն, ինչ ստեղծվել է անցած 10 տարիների ընթացքում, անշուշտ, դեռ հեռու է մեծ կինո կոչվելուց, բայց հայկական կինոյի նոր վերելքի նախադրյալներ է թաքցնում, քանի որ պահպանում է տեսակը, ազգային նկարագրի ինքնատիպ երանգները:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 232 անգամ