Հայտնի է դարձել, թե ովքեր են հայտարարելու «Օսկարի» հավակնորդների անունները

OskarՀունվարի 15-ին ռեժիսորներ Ջեյ Ջեյ Աբրամսը և Ալֆոնսո Կուարոնը կհայտարարեն Ամերիկայի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության  հավակնորդների անունները: Այդ մասին երեկ` հունվարի 9-ին տեղեկացրել է շոուի պրոդյուսեր Քրեյգ Զադանը:

Աբրամսը և ԿուարոնըՍեմյուել Գոլդուինի թատրոնի բեմ կբարձրանան ԱՄՆ Արևմտյան ափի ժամանակով 05:30-ին և կհնչեցնեն ոսկե արձանիկի հավակնորդների անունները 11 անվանակարգերում, ներառյալ` «Լավագույն վավերագրական ֆիլմ»,«Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն տեսողական էֆեկտներ»: Դրանից հետո դերասան Քրիս Փայնը և ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն-Այզեկսը կհայտարարեն մնացած 13 անվանակարգերի հավակնորդների անունները, ի թիվս որոնց` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն օտարալեզու ֆիլմ», ինչպես նաև «Օսկարի» հավակնորդների անունները բոլոր դերասանական անվանակարգերում:

Հայտարարության համար վաղ առավոտն է ընտրվել այն նկատառումով, որ նորությունները հայտնվեն համաշխարհային բոլոր հիմնական լրահոսներում:

87-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոս Անջելեսում` Hollywood and Highlandժամանցի կենտրոնի Dolbyթատրոնում: Շոուն վարելու է կատակերգակ դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը:

Դիտվել է 25 անգամ