Ազգագրություն՝ ըստ Փարաջանովի

3201Համաշխարհային հռչակ վայելող շատ ֆիլմերում հաճախ կարող ենք տեսնել ծիսական պատկերներ, որոնք ազգագրական, բանահյուսական արժեք են ներկայացնում. համենայն դեպս, այդպես է թվում ֆիլմը դիտողին: Հիշենք, օրինակ, Կուստուրիցայի ֆիլմերը: Ազգագրական, ժողովրդական ավանդույթների  նկարագրությունների ենք հանդիպում նաև Փելեշյանի ֆիլմերում: Իսկ Փարաջանովի ֆիլմերում դրանք առանցքային նշանակություն ունեն: Այդ պատկերները նաև մասնագետների՝ ազգագրագետների ուշադրությունն են գրավել:

Լևոն Աբրահամյանը երիտասարդ տարիներին, ծանոթանալով Փարաջանովի հետ, ոչ միայն փոքրիկ դերակատարում է ունեցել «Նռան գույնը» ֆիլմում, այլև հետագա տարիներին եղել է Վարպետի կողքին, վայելել նրա վստահությունն ու ընկերակցությունը: Նա մոտիկից՝ դեռ նկարահանման հրապարակից կամ Փարաջանովի բանավոր սցենարնից է ծանոթացել Վարպետի յուրօրինակ գեղագիտությանը: Գեղեցիկը տեսնելու և ընկալելու ունակությամբ Փարաջանովը վարակել է նաև իր շրջապատին: Ազգագրագետները փաստում են, որ Փարաջանովը գեղեցիկը  մատուցելու ձգտումով նույնիսկ ազգագրական պատկերներ է ստեղծել, ծեսեր հորինել: Լևոն Աբրահամյանը՝ որպես ազգագրագետ, ուսումնասիրել է Փարաջանովի ֆիլմերի ծիսական, ժողովրդական արարողությունները, նկատի ունեցել դրանց ոչ միայն գեղագիտական ազդեցությունները, այլև ազգագրական հենքը:

Հորինված ու համոզիչ ազգագրություն

- Փարաջանովի ամենաազգագրական ֆիլմը գուցուլների մասին է՝ «Մոռացված նախնիների ստվերները»: Ռոբերտ Ֆլայերտիի ֆիլմում հնդկացի էսկիմոսներն իրենք իրենց են նկարահանում. կինոխցիկը կցված է նրանց, ու ստացվել են հնդկացիների կյանքը նկարագրող չմիջնորդավորված պատկերներ:  Ազգային տարազ հագած, լեռներում ապրող գուցուլները ևս իրենց ազգային նկարագիրը, ծեսերը, առանձնահատուկ բարքերն ու կենցաղն ունեն: Հենց դրանք են հետաքրքրել Փարաջանովին: Այդ ավանդույթներին Փարաջանովն ավելացրել է իր գաղափարները, իր հորինած ծեսերը և այնքան վարպետորեն, որ ոչ ոք չի էլ կասկածում, թե դրանք հորինված են:

Փարաջանովը ժամանակակից ազգագրական կինոյում նոր ուղղություն հիմնադրեց: Մարդաբանական նկարագրություններին նա հանդիսավորություն, գեղագիտություն է հաղորդել: Նա նախ և առաջ գեղեցկություն է փնտրել յուրաքանչյուր պատկերում ու ցանկացել հենց գեղեցիկն ընդգծել: Եթե Ֆլայերտիի «Նամուկը Հյուսիսից» ֆիլմում Նամուկը չի խաղում որպես դերասան, այլ ուղղակի ապրում է իր առօրյա կյանքով, իսկ կինոխցիկն ամեն ինչ արձանագրում է՝ որպես սցենարով չկանոնակարգված ազգագրություն, ապա Փարաջանովի ֆիլմերում ազգագրությունը վերարտադրված է: Փարաջանովը միջամտել է ազգագրական ծեսերին, ավանդույթներին, ինքն էլ հենց ազգագրություն ստեղծել՝ հանուն գեղեցիկի ու վիզուալ տպավորության:

Ազգագրություն՝ հանուն գեղեցիկի

- Փարաջոնվին ոչ թե պետք էր իր ֆիլմերում ցույց տալ ազգագրություն, այլ դեկորացիաներով, զանազան իրերով, նոր արտահայտչամիջոցներով ցույց տալ գեղեցիկ, անկրկնելի պատկերներ: «Նռան գույն» ֆիլմում մատաղի տեսարանը հորինված ծես է, հորինված ազգագրություն: Այդպիսի մատաղ չի լինում: Ֆիլմում այդ տեսարանը կարծես շուկա լինի, որտեղ գունեղ հագնված տատիկները մարդկանց «էստի՜ համեցեք» են անում: Հետո կանայք իրար հետ կռվում են, գոռգոռում: Իրական ազգագրության մեջ նման բան չկա: Բայց գյուղացի կանայք մտնում են դերի մեջ, ասես իրական ծիսակարգ են ներկայացնում: Մատաղն աղբյուրի վրա են անում. նման ավանդույթ գոյություն չունի: Մորթվող կենդանիների արյունը հոսում է՝ կարմիր ներկելով շուրջը: Հիշում եմ` Երևանում ֆիլմի պրեմիերայի օրն անվանի մի պատմաբան ասաց, որ ազգագրության առումով ամեն ինչ անթերի է: Փաստորեն, Փարաջանովն այնքան համոզիչ էր ներկայացրել, որ անգամ մասնագետներին էր խաբել ու վստահեցրել, թե իր պատկերածը ազգագրություն է:

Ազգագրություն՝ պայմաններից ելնելով

- Փարաջանովը նաև ծեսեր էր հորինում, ու հաճախ , չգիտես ինչպես, դրանք համապատասխանում էին իրականությանը: «Աշուղ Ղարիբ» ֆիլմում հերոսներն իրար վրա բրինձ են սրսկում: Նկարահանման օրը ցուրտ էր. դերասանները կմրսեին, եթե միմյանց վրա ջուր լցնեին: Փարաջանովը տեղում փոխեց սցենարն, ու ջուրը փոխարինեց բրնձով: Այդպիսի ծես նույնպես գոյություն չունի, բայց Վարպետն այնքան ճիշտ էր զգացել արարողության նրբերանգը, որ ակամա դու էլ ես սկսում հավատալ, թե ժողովրդական ծեսի ժամանակ մարդիկ իրար վրա բրինձ են լցնում:

«Վերականգնված» ազգագրություն

- Փարաջանովը հորինեց  գուցուլների հարսանիքը: «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում լուծը դրվում է հարսի ու փեսայի ուսերին: Նման ծես այլ ազգերի ավանդույթների մեջ կա: Ֆիլմից հետո գուցուլները սովորություն դարձրին հարսանիքի ժամանակ լուծը դնել հարս ու փեսայի ուսին: Մինչ ֆիլմը նրանք նման ավանդույթ չեն ունեցել: Բայց Փարաջանովն այնքան համոզիչ էր ներկայացրել այդ ծեսը, որ գուցուլները կարծեցին, թե այն իրենց նախնիների հարսանեկան մոռացված արարողություններից է, և Փարաջանովն այն վերականգնել է:  Այսօր էլ գուցուլները կտարում են այդ ծեսը հարսանիքների ժամանակ:

Լևոն Աբրահամյանը բախտ է ունեցել ներկա լինելու նաև Փարաջանովի կազմակերպած թատերական հանպատրաստից արարողություններին: Վարպետը շատերին է իր ձեռքով պատրաստած նվերներ մատուցել, շատերից էլ ընդունել նվերներ:

- Հարավային Ամերիկայից մի ուսանող Վարպետին հայելիներով ու ինչ-որ կտորներով պատրաստված մի իր էր նվիրել: Հարցրի՝ ի՞նչ է սա, ինչի՞ համար է: Փարաջանովն իմ հարցերից այնպես բարկացավ, թե ի՞նչ կարևոր է՝ ինչի համար է: Կարևորը՝ գեղեցիկ է:

Այդպիսին էր Փարաջանովը. նա  գեղեցիկով էր իմասատավորում ամեն ինչ՝ կյանքում, թե կինոյում:

 

 

4d3b969a928731ff6f47a96a8fe4ae83

ten

87491

gH07fxUU7SDmbGZelyPGOq14Bp

Պատրաստեց՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ

Դիտվել է 168 անգամ