Ռուսաստանը խնդրում է Գրինուեյին վերամշակել Էյզենշտեյնի մասին ֆիլմը

Sergey Eyzensteyn

Սերգեյ Էյզենշտեյն

Սերգեյ Էյզենշտեյնի մասին կենսագրական ֆիլմի սցենարը վերամշակման է վերադարձվել բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Պիտեր Գրինուեյին:  Ինչպես տեղեկացրել է «Իզվեստիային» Գոսֆիլմֆոնդի գլխավոր տնօրեն  Նիկոլայ Բորոդաչյովը, հեղինակը «Էյզենշտեյնի ձեռքսեղմումը» ֆիլմի սցենարում ընդգրկել է ռուս մեծ ռեժիսորի անձնական կյանքի դրվագներ, մասնավորապես` հիշատակումներ նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Բորոդաչյովն ասել է, որ եթե Պիտեր Գրինուեյը հրաժարվի սցենարը վերանայելուց, ռուսական կողմը չի մասնակցի նախագծին:

- Ես չեմ ուզում խոսել այդ մասին (համասեռականություն – «Իզվեստիա»), բայց հենց այդ թեման մեզ չի գոհացնում սցենարում,- ասել է Նիկոլայ Բորոդաչյովը:- Ռեժիսորն իր հերթին պնդում է, որ Էյզենշտեյնի կյանքի այդ կողմը կարևոր է կինոնկարի համար: Անշուշտ, հարկ է հաշվի առնել, որ սցենարը գրված է Պիտեր Գրինուեյի ոճով, բայց մենք կուզենայինք քիչ այլ բնույթի ֆիլմ տեսնել: Եթե ինչ-որ  բան այն չլինի, մենք չենք զբաղվի նախագծով:

Պիտեր Գրինուեյը նախատեսում է 2015 թ. նկարահանել կենսագրական ֆիլմ «Էյզենշտեյնի ձեռքսեղմումը» պայմանական անունով, որը ֆինանսավորելու են Շվեյցարիան, Ֆրանսիան և ՌԴ Գոսֆիլմֆոնդը: Կինոնկարը պատմելու է ռուս մեծ ռեժիսորի կյանքի, ստեղծագործության և ճամփորդությունների մասին: Օգտագործվելու են ՌԴ Գոսֆիլմֆոնդում գտնվող արխիվային նյութեր: Նիկոլայ Բորոդաչյովը նշել է, որ սցենարը պետք է «նախ և առաջ համպատասխանի մեր հանդիսատեսին»:

«Իզվեստիան» մեկնաբանությունների համար դիմել է կինոյի ոլորտի փորձագետներին: Կինոգետ և Սերգեյ Էյզենշտեյնի ստեղծագործության  մասնագետ Նաում Կլեյմանն ասել է, որ «մարդու անձնական կյանք խցկվելն անտակտություն է և հիմարություն»:

- Ես կարծում եմ, որ այդ հարցը (համասեռականություն- «Իզվեստիա») կապ չունի հարցի էության հետ: Եթե կենսագրական ֆիլմ է նկարվում մեծ արվեստագետի մասին, հարկ է պատմել նրա ստեղծագործության մասին և այն մասին, թե ինչպես է Էյզենշտեյնի արվեստն ազդել կինեմատոգրաֆի պատմության վրա: Ի՞նչ կապ ունի այստեղ անձնական կյանքը: Ես երբեք կողմ չեմ եղել գրաքննությանը, բայց տվյալ դեպքում խոսքը բարոյականության և տակտի զգացողության մասին է,- ասել է Նաում Կլեյմանը:

Այն հարցին, թե գոյություն ունեն արդյոք վավերագրական  փաստեր Էյզենշտեյնի ոչ ավանդական կողմնորոշման մասին, կինոգետը պատասխանել է, որ «երբեք նման բնույթի հետազոտությամբ չի զբաղվել»:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բուռլյաևը կարծում է, որ արվեստը պետք է վեհացնի մարդուն, ուստի մասսայական կինոյում պետք է խուսափել կասկածելի թեմաներից:

- Ես հստակ դիրքորոշում ունեմ այդ հարցում: Էկրանային արվեստը հսկայական ազդեցություն ունի միլիոնավոր մարդկանց վրա: Ֆիլմ ստեղծելով մեծ մարդկանց մասին, որոնցով կողմնորոշվում են ամբողջ ազգեր, պետք է խուսափել պաթոլոգիկ թեմաներից,- հայտնել է Բուռլյաևը:

Սերգեյ Էյզենշտեյնի համասեռականության մասին տեղեկությունները հիմնված են հիմնականում նրա մտերիմ ընկերուհի Մարի Սետոնի հուշերի վրա: Իր հուշերում նա մանրամասն նկարագրել է մեծ ռեժիսորի կյանքը 1920-ական թվականներին:

Ավելի վաղ մշակույթի մեծ գործիչների ոչ ավանդական հարաբերություննների հարցն արծարծվել է «Չայկովսկի» ֆիլմի կապակցությամբ, որը պետք է նկարեր Կիրիլ Սերեբրեննիկովը: Յուրի Արաբովի սցենարը պատմություն էր մեծ կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանի և նրա հոգեկան տառապանքների մասին` կապված սեռական կողմնորոշման հետ:

Ընդ որում, «Իզվեստիային» տված հարցազրույցում Յուրի Արաբովը հայտնել է, որ Չայկովսկու համասեռականությանը «հավատում են միայն քաղքենիները»:

- Ես չեմ ստորագրի մի ֆիլմի տակ, որը գովազդում է համասեռականությունը: Ոչ այն պատճառով, որ համասեռական ընկեր չունեմ, այլ այն պատճառով, որ այդ ոլորտն արվեստից դուրս է,- ասել է Յուրի Արաբովը:

Ներկայումս Ռուսաստանում գործում է մի օրենք, որն արգելում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն անչափահասների շրջանում: Օրենքի խախտումը հանգեցնում է վարչական տուգանքի մինչև 5 հազար ռուբլի քաղաքացիների և մինչև 1 մլն ռուբլի իրավաբանական անձանց համար:

Պիտեր Գրինուեյը եվրոպական պաշտամունքային կինոռեժիսոր է: Նրա ֆիլմերի թվում են «Պրոսպերոյի գրքերը», «Նկարողի պայմանագիրը», «Գրառումներ սնարի մոտ», «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը» և «Ինտիմ օրագիրը»:

Դիտվել է 66 անգամ