Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

10891713_810935765632121_6326645873017086935_n«Կինոաշխարհը»  շնորհավորում է իր ընթերցողների` կինոսիրողների ու կինոգործիչների Ամանորը, մաղթում խաղաղ տարի  մեր հանրապետությունում, սիրով ու եռանդով լի տարի անձնական կյանքում և ստեղծագործական կռիվներ ու հաղթանակներ մասնագիտական ոլորտում:

Ցանկանում ենք, որ աշխարհն ավելի ու ավելի նմանվի լավ, խորունկ, մտածել տվող ու բացահայտումներ անող, բարի, հոգեպես խթանող ու հավատ ներշնչող կինոյին, ու կինոն էլ ավելի ու ավելի  շատ առիթներ ունենա պատկերելու մի աշխարհ, որտեղ թագավորում են Հույսը, Հավատը և Սերը:

Վերջապես ինքներս մեզ մաղթում ենք, որ գալիք տարում բազմապատիկ ավելի շատ առիթներ ունենանք գրելու և տեղեկացնելու հայկական կինոյի  ձեռքբերումների մասին:

Եվ սիրով զետեղում ենք մեր  գործընկերների ու ընթերցողների շնորհավորանքները, որոնք ստացել ենք Ամանորի նախօրեին:

 

1Հայկական կինոն դանդաղ, բայց առաջ է շարժվում, փորձում է ինտեգրվել համաշխարհային գործընթացներում։ 90-ականների պարտադրված դադարից հետո կինոն պահպանվեց ու հիմա նորից սկսում է զարգանալ։

Այս տարին Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար բարեհաջող էր հատկապես արտաքին հարաբերությունների դաշտում. տարեվերջին հայտնի դարձավ, որ կինոկենտրոնն ընդգրկվել է եվրոպական 10 լավագույն կինոհիմնադրամների ցանկում։ Ի դեպ, արդեն մի քանի տարի է` Հայաստանի ազգային կինոկենտրոնն ընդգրկված է Եվրոպայի 100 լավագույն կինոհիմնադրամների կատալոգում։

2015 թ. սկզբին Հայաստանը կանդամակցի Եվրիմաժին, քանի որ 2014 թ. այդ ուղղությամբ տարվել են մանրակրկիտ աշխատանքներ։

Տարին բարեհաջող էր նաև ֆիլմերի արտադրության առումով: 2015-ին ընդառաջ այս պահին իրականացվում է 10-ից ավելի կինոնախագիծ՝ համատեղ արտադրությամբ։

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի տոնեց 5-ամյակը, ինչը նշանակում է, որ այն արդեն սպասված ու կայացած է։

Տարին նշանակալի էր նաև kinoashkharh.am կայքի համար, այն արդեն գրավել է իր խորշը լրատվական դաշտում, ունի ընթերցողների հոծ բանակ, որոնք մշտապես հետևում են կինոոլորտի նորություններին ու կապ պահպանում կայքի պատասխանատուների հետ։ Ցավոք, 2014 թ. ֆինանսական խնդիրների պատճառով «Կինոաշխարհը» չտպագրվեց, սակայն հուսանք, որ գալիք տարում հնարավոր միջոցների առկայության պարագայում կփորձենք շարունակել թերթի տպագրությունը, գոնե տարվա մեջ երեք անգամ:

Շնորհավորում եմ «Կինոաշխարհի» խմբագրակազմին, բոլոր կինոգործիչներին, կինոսերներին, իմ բոլոր հայրենակիցներին և մաղթում եմ բոլորիս, որ եկող տարին ամփոփելիս ավելի շատ ու ավելի նշանակալի ձեռքբերումների մասին խոսելու առիթ ունենանք:

Գևորգ Գևորգյան

 

imagesՏարեվերջյան այս տողերը գրում եմ դեկտեմբերի 28-ին: Սա հենց այն օրն է, երբ Լյումիերների գնացքն արշավեց առաջին կինոհանդիսականների վրա: Դեպքը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Փարիզում, 1895 թվականին՝ փաստորեն ազդարարելով XX դարի մուտքը, թեպետ XIX-ը համոզված էր, որ դեռ շարունակվում է:

Այդպես է: Կինոն ոչ միայն արտացոլում է ժամանակը, այլև, շատ դեպքերում, ստեղծում: Մենք դա մեր փորձով էլ գիտենք , հատկապես՝ արդեն վաղեմի 60 – ականների մշակութային հիշողությամբ, երբ հայ մարդը վերահայտնաբերում էր իր Ես -ը՝ Մենք-ի հետ: Եվ իր հայկական տեղանքը՝ նորովի: Ու դարի բնակիչ լինելը՝ նույնպես:

Ուրեմն իմ առաջին մաղթանքը հասցեագրվում է մեզ՝ կինոգործիչներիս` երեց թե երիտասարդ, որպեսզի նոր տարվա հետ հարստանա ու նորանա մեր կինոաշխարհը: Մանավանդ որ 1915-ը յուրահատուկ է: Այն հուշում է համախմբվել մեր արժեքների շուրջ, խոսել դրանց անունից, բայց արդեն բոլորովին ուրիշ՝ XXI դարի հետ: Եվ նրան հասկանալի լեզվով, որը, վերջին հաշվով, մեկն է՝ իսկական ու թարմաշունչ արվեստ: Ուստի տա Աստված, որ կրկնապատկվեն յուրաքանչյուրիս ստեղծագործական ուժերը և հաջողությունը անմասն չպահի մեզ իր ժպիտներից:

Իսկ հաջորդ մաղթանքս կինոսիրողներին է, որովհետև նրանք էլ են «Կինոաշխարհի» հավատարիմ ընթերցողներ ու բոլորն էլ ցանկանում են հիանալու և հպարտանալու առիթներ ունենալ մեր կինոյով: Կարծում եմ, որ նրանց նվիրվածությունը, հավատն ու պահանջկոտությունը պակաս լիցքեր չեն հաղորդի այն հոգեբանական մթնոլորտին, առանց որի դժվար է պատկերացնել որևէ կինոզարգացում: Ուրեմն և մարդկային պարզ երջանկություն ձեզ և գեղարվեստական հայտնությունների բերկրանք:

Եվ վերջինը՝ այս տեքստում: Արդեն՝ անհատականացված: Սպասվող տարին հոբելյանական է իմ երեք տաղանդավոր ընկերների ու արվեստակիցների համար: Հարություն Խաչատրյանը դառնում է 60 տարեկան: Ռուբեն Գևորգյանցը՝ 70: Իսկ Սուրեն Հասմիկյանը նշելու է իր 80 – ամյակը: Նրանք երեքն էլ հարստություն են մեր կինոյի համար: Ստեղծագործական երկարակեցությո՛ւն նրանց:

Միով բանիվ՝ շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Դավիթ Մուրադյան
downloadՀայկական կինոյի համար 2014 թվականը ձեռքբերումների տարի էր: Տեղի ունեցան չորս լիամետրաժ դեբյուտային ֆիլմերի պրեմիերաներ՝ Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը», Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը», Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» և Շողիկ Թադևոսյանի ու Արսեն Ազատյանի «Ռոմանտիկները»: Այդ ֆիլմերը մի քանի փառատոներում մրցանակների էլ արժանացան: Այս տարի երկու վավերագրական ֆիլմեր արժանացան շատ կարևոր մրցանակների. Արմեն Խաչատրյանի «Երկաթե դարպասները» գլխավոր մրցանակի արժանացավ Լիսաբոնի միջազգային կինոփառատոնում և Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը»՝ «Թուրինի» միջազգային կինոփառատոնում: Տարին հաջող էր նաև կարճամետրաժ ֆիլմերի համար:
Մաղթում եմ, որ 2015-ը ևս հագեցած լինի երիտասարդ ռեժիսորների դեբյուտներով ու մրցանակներով, իսկ Ձմեռ պապիկին ողջ կինոհանրության անունից խնդրում եմ կինոյի մասին օրենքի մի լավ նախագիծ, որին կողմ չքվեարկելն անհնար լինի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Րաֆֆի Մովսիսյան

 

8a_Photo_Gevorg-HaroyanԴարից ավելի է` աշխարհն առանց կինո չի լինում պատկերացնել: Ավելին` դարից ավելի է` կինոն փոխել է աշխարհն ու կարծես ստեղծել լոկ իր գոյությամբ պայմանավորված մի նոր աշխարհ` կինոաշխարհ: Մենք էլ ունենք կինո մեր լավուվատից ստեղծած աշխարհում, և ո՞վ իմանա, գուցե գալիքի մի լուսավոր կետում հայ կինոգիտական միտքն առանց «Կինոաշխարհի» հնարավոր չլինի պատկերացնել: Հույսս հետզհետե վերածվում է համոզմունքի, ուզում եմ, որ ընթացքդ անկասելի լինի իմ «Կինոաշխարհ»:

Արմեն Օհանյան

 

sona Հրեական առածն ասում է` խուլը լսել է համրի պատմածն այն մասին, որ կույրը տեսել է կաղի վազելը: Աշխարհում չգիտեմ` որքան է նման երևույթի ճշմարտացիությունը, բայց կինոաշխարհում այն կարող է լինել հավաստի, ընդունելի ու նույնիսկ խրախուսելի:
Կինոն արվեստ է, տոն, իրարանցում, բիզնես, քաղաքականություն, որն ունի տեսություն, շքեղություն, պայմանականություն, փառքի և կառավարելու ուղի և այս ամենին մեզ տեղեկացնում և մասնակիցն է դարձնում հավատարիմ դեսպանի կոչում վաստակած «Կինոաշխարհը»:
Մաղթում եմ, որ 2015 թվականին «Կինոաշխարհում» հաղթող ու հրեական առածի իսկությանը գերազանցող լուրերը շատ լինեն, և եթե այս տարի աշխարհի նորությունները կամակոր այծի նման պետք է լինեն, ապա թող «Կինոաշխարհի» նորությունները միայն զարմանալի ու հետագա սերունդների համար հիշվող լինեն:

Սոնա Տոնականյան

download (1)Սիրելի «Կինոաշխարհ», տարին ամփոփելով` ուզում եմ «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության անունից շնորհակալություն հայտնել մեր դրական համագործակցության համար և շնորհավորել աշխատակազմի ամանորը: Ուրախալի փաստ է, որ դուք արձագանքում եք այսօրվա հայկական կինոարտադրության ձեռքբերումներին ու հաջողություններին, հասկանալի է նաև, որ կիսում եք մեր կինոյի բոլոր հոգսերն ու խնդիրները: Սրտանց ցանկանում եմ, որ 2015-ին առաջիններն ավելանան, իսկ երկրորդները նվազեն: Թող միջոցների սղությունը նպաստի երևակայության վերելքին, իսկ ազատ խոսքն ու առողջ տրամաբանությունը հաղթանակեն նեղ շահին ու փոքրոգությանը:
Անկեղծ բարեմաղթանքով ձեր`

Հովհաննես Գալստյան և «Պարալլելս ֆիլմի» թիմ

 

hovԵս ողջունում եմ kinoashkharh.am կայքի պրոֆեսիոնալ և անաչառ անձնակազմի աշխատակիցներին և ստեղծողներին: Շատ կարևոր է նման կայքի առկայությունը կինոսիրողների համար, կարևոր է հայերեն տեղեկություններ ու գնահատումներ կարդալ հայ և համաշխարհային կինոյի մասին: Ցանկանում եմ` գալիք տարում ավելի մեծանա կայքի օգտատերերի և ընթերցողների թիվը, քանի որ կինոն մեր կյանքի հայելին է:

Հովհաննես Հովհաննիսյան

 

 

Սիրելի «Կինոաշխարհ», անչափ ուրախալի և գովելի է, որ ձեր ֆեյսբուքյան կայքէջը կա, որովհետև կինոյի արվեստը սիրում են բոլորը, կինոյի աշխարհն անծայրածիր է և ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում մեր կյանքում: Անհագ ուշադրությամբ եմ կարդում ձեր էջի նյութերը, որտեղ տրվում է դերասանի կենսագրությունը, զետեղված են կադրեր նրա առավել հայտնի դերերից, մտորումներ այսօրվա կինեմատոգրաֆի մասին… Անվերջ կարելի է խոսել կինոարվեստի մասին:
Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել ձեր գալիք Ամանորը և ցանկանալ ստեղծագործական մեծ վերելք:

Քրիստինե Սարգսյան

 

Guj_Tadevosyan«Կինոաշխարհ» կայքն այսօր Հայաստանում միակ գործող արհեստավարժ կայքն է, որի գործունեությունը բացառապես նվիրված է հայկական և համաշխարհային կինոյի լուսաբանմանը: «Կինոաշխարհը» մշտապես անդրադառնում է Հայաստանում նկարահանվող նոր ֆիլմերի արտադրական ընթացքին, հոդվածներ է հրապարակում կինոռեժիսորների, ինչպես նաև երիտասարդ կինոռեժիսորների նոր ֆիլմերի, միջազգային ամենատարբեր կինոփառատոներում նրանց մրցանակների և հաջողությունների մասին:
2015 թ. Ամանորի նախօրեին շնորհավորում եմ «Կինոաշխարհ» կայքի խմբագրակազմին և ցանկանում եմ` գալիք 2015 թվականը նրանց համար լինի առավել բեղմնավոր աշխատանքային տարի:

Գուժ Թադևոսյան

արեն-150x150Հայկական կինոն, ըստ իս, հիմա  նման է  փոքրիկ երեխայի, որին ճիշտ դաստիարակություն է հարկավոր: Սխալ մոտեցման դեպքում այն կշեղվի ճանապարհից: http://kinoashkharh.am/ կալքը հնարավորություն է տալիս մեզ հետևելու և դատելու նրան ուղղորդող կինոգործիչների քայլերին: Ես շնորհավորում եմ կայքի Նոր տարին և Սուրբ ծնունդը ու ցանկանում կանաչ ճանապարհ նրա անչափ կարևոր գործունեությանը:

Արեն Վաթյան

 

 

 

Դիտվել է 241 անգամ