Դավիթ Մուրադյան. «Մարդուն չես կարող տաղանդ նվիրել, բայց պրոֆեսիոնալիզմ տալ   կարող ես»

kԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը վերջերս նշեց հիմնադրման 70-ամյակը:  Սա առիթ էր, որ այցելեինք ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, որ  այդ պաշտոնն ստանձնել է մի քանի ամիս առաջ, սակայն նրա մանկավարժական գործունեությունն այս բուհում գերազանցում է երկու տասնամյակը: Արդյոք երկարամյա  պրոֆեսորը հին ու նոր սերունդների համեմատություններ անո՞ւմ է, ինչո՞վ է առանձնանում  այսօրվա  ուսանողը: Այսպես սկսվեց մեր զրույցը:

- Համարձակությամբ: Նոր սերունդն այսօր ավելի ազատ է, որովետև ապրում է այլ իրականության մեջ: Նրա առջև բաց է ամբողջ աշխարհը: Դժվար է այսօր գտնել մի  երիտասարդի, որը համակարգիչն ու համացանցը չի համարում իր կյանքի անբաժանելի մասը: Իսկ դա փոխում է տեսադաշտը, կյանքի ընկալումը, ճանաչողությունը, որը,  իհարկե, ունի իր խնդիրները, բայց երիտասարդին օգնում է ավելի ազատ մտածել:

- Իսկ այդ նոր՝ տեխնիկական մտածողությունն ինչպե՞ս է անդրադառնում մասնագիտության վրա: Չէ՞ որ արվեստագետի համար մարդկային շփումները, ի վերջո, կարևոր են:

- Սոցիոլոգներն ու մշակութաբաններն  ասում են, որ մշակութային քաղաքակրթությունն ավարտվում է և մարդկությունը հայտնվում է տեխնոգեն հարթության մեջ, բայց դա մի օրվա բան չէ, դա գործընթաց է, որը հետագայում գուցեև կունենա իր ոսկեդարը: Բոլոր դեպքերում այսօրվա ուսանողն ավելի շատ բան է տեսնում, քան 90-ական թվականներին, թեև 90-ականների ուսանողն ավելի շատ էր գիրք կարդում: Պիտի փորձենք այս ամենը հավասարակշել: Միաժամանակ պետք է նշեմ, որ այսօր էլ ունենք ուսանողներ, որոնք  հետաքրքրված են աշխարհի գրողներով և հատկապես իրենց սերնդի գրականությամբ: Ընդհանրապես արվեստը նորանում է նոր սերնդի հետ:

1024px-Yerevan_State_Institute_Of_Theater_And_CinematographyՎերջերս, երբ նշում էինք բուհի հոբելյանը, ունեինք հյուրեր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Նրանք ասում էին, որ շատ զարմացած  և հիացած են,  թե ինչպիսի մեծարանքով, հարգանքով  ու գուրգուրանքով են բուհի ավագ սերնդի ներկայացուցիչները շրջապատված երիտասարդների կողմից: Դա կարևոր բան է, որովհետև արվեստում այբուբենը չի փոխվում, ինչպես և լեզուն: Տառերը միշտ նույնն են: Այլ բան է, որ նույն տառերով դու կարող ես տարբեր տեքստեր շարադրել: Այսինքն՝ և՛ կինոյում, և՛ թատրոնում, և՛ բեմանկարչության մեջ, արվեստի գրեթե բոլոր  ճյուղերում հիմքը արժեհամակարգն է, որը նոր սերնդին փոխանցում են ավագները: Եվ տա՛ Աստված, որ նոր սերունդը նույն տառերով կարողանա նոր տեքստեր գրել:

Մեր ինստիտուտում աշխատում են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Երվանդ Ղազանչյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Վիլեն Գալստյանը, Ռաֆայել Ջրբաշյանը: Վերջին ուսումնական տարվա ընթացքում նրանց կողքին  ավելացել են երիտասարդ սերնդի դասախոսներ, նոր անուններ, որովհետև դա էլ է պետք: Նրանք էլ պիտի գան ասպարեզ այնպես, ինչպես մենք ենք եկել ժամանակին:

- Ի՞նչ է փոխվել բուհում Ձեր պաշտոնավարման  ընթացքում, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

- Կարևոր քայլերից մեկը բուհը միջազգային շրջանառության մեջ դնելն էր: Վերջերս պայմանագիր կնքեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատերական ինստիտուտի հետ՝ դառնալով կատարողականարվեստներիբարձրագույնկրթությանցանցիանդամ, ինչը համագործակցության  լայն հեռանկարներ է բացում: Այժմ բանակցություններ ենք վարում Վարշավայի Ադամ Միցկևիչի անվան ինստիտուտի հետ: Նրանց մասնագետները մեզ մոտ կանցկացնեն հատուկ դասընթացներ: Կինոֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը օրերս վերադարձավ Մոսկվայից, որտեղ մասնակցում էր Համառուսական կինոինստիտուտի հոբելյանին: Միաժամանակ նա այնտեղ բանակցություններ էր վարում, որպեսզի եկող տարի պրոդյուսինգի նրանց լավագույն մասնագետներից մեկը  մեր բուհում անցկացնի  արագացված դասընթացներ: Դա այսօրվա կարևորագույն մասնագիտություններից է և ժամանակի պահանջը, այնպես որ այս ուղղությամբ ևս պետք է աշխատել: Սրանք, կարելի է ասել, բուհը միջազգային շրջանառության մեջ դնելու առաջին քայլերն են: Դրսից պիտի մասնագետներ գան, մերոնք պիտի գնան, որպեսզի կարողանանք ավելի մեծ քայլեր անել:

Այս ընթացքում կարևոր քայլերից մեկն էլ ուսումնական թատրոնի վերակազմավորումն էր ուսանողական թատրոնի: Ուսումնական թատրոնը զուտ նրա համար է, որ ուսանողը կարողանա դիպլոմային աշխատանքներ պատրաստել, իսկ ուսանողական թատրոնը հնարավորություն է տալիս բեմադրելու  խաղացանկային ներկայացումներ և խաղալու այդ ներկայացումներում: Գարնանն արդեն կմտնենք այդ գործընթացի մեջ,  սպասում ենք հետաքրքիր առաջարկների:

Բուհի նախորդ ռեկտորի օրոք պայմանագիր էր կնքվել Համաշխարհային բանկի հետ, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում կինոյի և թատրոնի ինստիտուտն այսօր համալրվում է նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա աշխատելու նոր պայմաններում:

Պետք է շնորհակալություն հայտնեմ  կառավարությանը, որն այս ընթացքում լուծեց բուհի ֆինանսական խնդիրները: Բուհի  2015-ի բյուջեն այս տարվա բյուջեի համեմատ ավելացել  է,  և 2015 ուսումնական տարի մենք մուտք կգործենք ավելի բարվոք վիճակում:

- Դերասանի մասնագիտությունն այսօր մի տեսակ նորաձև է դարձել: Շատերն են ավարտում   կինոյի և թատրոնի ինստիտուտը: Նրանց  մի մասին  հաջողվում է մտնել թատրոն, մի մասն էլ մասնագիտական կարիերան սկսում է հեռուստասերիալներից: Ըստ Ձեզ` որտե՞ղ է դերասանը դերասան դառնում:

- Մարդուն չես կարող տաղանդ նվիրել, բայց պրոֆեսիոնալիզմ տալ   կարող ես: Իսկ դա տալիս է նախ բուհը, հետո դերասանը թրծվում է աշխատանքի մեջ, ինքնազարգացմամբ: Մեծ հաշվով դերասանն ի վերջո կայանում է մեծ դրամատուրգիայի շնորհիվ: Դերասանը դերասան է դառնում` թատրոնի դասական խաղացանկի բարդ հոգեբանական կերպարները հաղթահարելով: Նա վարպետություն է ձեռք բերում ա՛յդ  ճանապարահով: Անշուշտ,  իր տեսակի մեջ հեռուստասերիալը ևս ֆենոմեն է: Եթե բավարարվում են այս ժանրի  բոլոր պահանջները, հեռուստասերիալում ևս հնարավոր է դերասանական դպրոց ձևավորել: Օրինակ՝ ԱՄՆ-ում կինոաստղերը մի հանրույթի մաս են կազմում, սերիալային աստղերը՝ մեկ այլ հանրույթի: Իսկ ո՞վ գիտի՝ որտեղ է այժմ մեր նոր Փելեշյանը…

- Ինչպիսի՞ն է նոր սերնդի կինոմտածողությունը.  Ձեր` կինոգետի կարծիքը:

- Երիտասարդ սերունդն այսօր շատ բան է տեսնում, շատ են շփումները: Հայկական կինոմիջավայրը բավականին հարստացնում է «Ոսկե ծիրանը», բայց այլ  խնդիր կա: Երբ 60-ականների նոր սերունդը եկավ՝  Հենրիկ Մայլան, Ֆրունզե Դովլաթյան, Արտավազդ Փելեշյան, Փարաջանով, նրանց  ֆիլմերը մեր ժողովրդի հետ սկսեցին խոսել նրա  ով լինելու, նրա հոգեբանական հասցեի, այս աշխարհի հետ նրա հարաբերությունների մասին: Դա XX դարի  ինքնագիտակցությունն էր հայ կինոյում, որը ստեղծեց այդ սերունդը: Այժմ մեզ պակասում է մի հոսք, որը կխոսի ա՛յս ժամանակի՝ XXI դարի ինքնագիտակցության անունից՝ նոր գեղարվեստական լեզվով, նոր ասելիքով:

Հարցազրույցը Ալիսա Գևորգյանի

Դիտվել է 212 անգամ