«Փրկության քարտեզ»` ֆիլմ ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին աջակցած կանանց մասին

13.filmi ashxat.fotoՆոր ֆիլմ է ստեղծվում, որը ներկայացնելու է XIX դարավերջի և XX դարասկզբի համամարդկային ողբերգությունները, հատկապես` Հայոց ցեղասպանության հետևանքով բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժումը: «Ման Փիքչրս» ստուդիան (Հայաստան), Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ, նկարահանում է «Փրկության քարտեզ» պայմանական անվանումով, խաղարկային դրվագներ պարունակող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ: Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, որոնք տեսել են հայերի կոտորածները: Ֆիլմի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը ներկայացնում է մանրամասներ «Փրկության քարտեզ» ֆիլմի մասին:

6.filmi ashxat.fotoner

- Ինչի՞ մասին է «Փրկության քարտեզ» ֆիլմը և ովքե՞ր են կինոնկարի հերոսները:
- Ֆիլմը պատմելու է համամարդկային ցավի, մի ազգի պատուհասած փորձությունների մասին աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ: Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող և խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է և՛ համայն աշխարհում սփռված հայությանը, և՛ նրանց բախտակից մյուս ազգերին, և՛, իհարկե, նրանց, ովքեր դեռ երկմտում են «Հայոց ցեղասպանություն» ձևակերպման շուրջ: Կինոկարի հերոսները հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն և Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա):

Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմանդիրները: Խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, գալով հայոց հող` նվիրվել են այդ ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց:

11.filmic kadrՖիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը` նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, իսկ բեմադրող օպերատորը` Արթուր Ղարայանը:

 

- Ինչպե՞ս առաջացավ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:
- 2011-12 թթ. էր, ցանկանում էի ինչ-որ մի բան անել, ֆիլմ նկարահանել, որը նվիրված լիներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ ժամանակ դեռ ուրիշ գաղափարներ ունեի, մտածում էի, որ պետք է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանվեն՝ նովելներ և միավորվեն մեկ ֆիլմում: Մտածում էի, որ դրանք պետք է նկարահանեն այլազգի ռեժիսորները: Փնտրտուքների մեջ էի, և այնպես ստացվեց, որ հանդիպեցի գրող Հակոբ Սողոմոնյանին, և երբ նա իմացավ, թե ինչ եմ փնտրում, ասաց, որ գիրք է հրատարակել հումանիստ երախտավորների մասին: Որոշեցի նման կինոնկար պատրաստել և անդրադառնալ այդ երախտավորներին: Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանի ջանքերով նախագիծը հաստատվեց և ֆինանսավորում ստացավ:

7.filmi ashxat. fotoner- Ինչո՞վ է առանձնահատուկ լինելու այս ֆիլմը:
- Ֆիլմը ցեղասպանության մասին է պատմում, սակայն մեր ֆիլմի հերոսուհիների միջոցով մարդասիրական լույսի տակ է ներկայացվում: Մենք ցույց ենք տալիս ֆիլմի հինգ հերոսուհիների՝ հումանիստ կանանց պատմությունը, անգնահատելի օգնությունը հայ ժողովրդին և նրանց պատմությունով փորձում ենք ներկայացնել այն իրական փաստերը, որոնք կարողացել ենք նկարել և ստանալ մի շարք երկրների թագավորական գրադարաններում, թանգարաններում, անձնական պահոցներում, պետական  ու տարբեր կազմակերպությունների արխիվներում: Ֆիլմի հերոսներն իրական մարդիկ են, նրանք ցեղասպանության ականատեսներն են: Հանդիսատեսն անպայման հուզվելու է` տեսնելով այդ կինոնկարը, քանի որ կանանց ճակատագիրը շատ դրամատիկ է: Ֆիլմը վարում է ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը, որ գնում է հերոսուհիների առաքելության հետքերով:

- Հայտնի է, որ ֆիլմն անգլերենով է լինելու, այնուհետև թարգմանվելու է այլ լեզուներով: Փաստորեն փորձելու եք տարածել կինոնկարն այլ երկրներում:
- Այո, բնագիրն անգլերեն է լինելու: Մեր ֆիլմը վարողը ևս տիրապետում է անգլերենին: Սակայն այն անպայման կթարգմանենք: Ենթագրեր չեն լինելու, որովհետև դրանք խանգարում են հանդիսատեսին: Ֆիլմը դիտարժան, դինամիկ է լինելու, ավելորդ եմ համարում, որ հանդիսատեսին շեղենք: Մենք մեր առջև նպատակ ենք դրել ֆիլմը հասցնել դրսի հանդիսատեսին: Այս ֆիլմը պետք է տարածվի:

filmi ashxat.fotoner- Ինչպե՞ս հաջողվեց համագործակցել Սվանտե Լունդգրենի հետ:
- Նրա թեկնածությունը մեզ առաջարկել է ֆիլմի խորհրդատուներից մեկը: Ի դեպ, ֆիլմը շատ խորհրդատուներ ունի: Սվանտե Լունդգրենը հրաշալի մարդ է, ոչ մի դժգոհություն չի արտահայտել, ինքը պատմաբան է, ցեղասպանագետ, և այս ամենը հետաքրքրում է իրեն: 26 օր մեզ հետ էր, մեզ հետ հավասար աշխատում էր, հիմա էլ անհանգիստ է, թե երբ ենք շարունակելու նկարահանումները: Լավ չէ, երբ ռիթմից ընկնում ես: Մեր նկարահանող խումբը կազմված է պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք շատ շնորհալի են, ճանաչված և առանձնահատուկ նվիրվածությամբ են վերաբերվում կինոնկարին: Կարծում եմ, որ մեր ֆիլմի հերոսուհիների էներգետիկան մեզ ուժ էր տալիս, սակայն կինոնկարն առաջ չի գնում, կառավարության որոշմանն ենք սպասում ֆիլմը շարունակելու համար: Սպասում ենք` մեզ գումար հատկացնեն, որ կարողանանք ավարտել նկարահանումները գոնե մինչև դեկտեմբերի վերջը, որպեսզի ապրիլին այն ներկայացնենք հանրությանը: Ֆիլմի բյուջեն համալրելու համար նաև դրամահավաք կկազմակերպենք: Շատ կարևոր է, որ ֆիլմն ավարտին հասցնենք մինչև 2015-ի ապրիլը:

1.filmi ashxat. fotoner- Քանի՞ դերասան է ներգրավված կինոնկարում:
- Նկարահանումներին մասնակցել են 15 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ: Խաղարկային դրվագներով ֆիլմ է, սակայն դերասանները խոսք չունեն, ընդամենը պատմական իրավիճակն են ներկայացնում: Խոսք միայն ֆիլմը վարողն ունի: Բոլոր դերասաններն արտասահմանցի են, գտել ենք և համոզել նկարահանվել: Երբ մարդիկ իմացել են` ինչի մասին է ֆիլմը, սիրահոժար համաձայնել են:

- Հնարավո՞ր է, որ ֆիլմը ներկայացվի նաև փառատոների:
- Դեռ ոչինչ չեմ կարող ասել, սպասենք ավարտին, բայց կարծում եմ, որ ֆիլմը կարող է մասնակցել փառատոների: Ցուցադրումներ շատ վայրերում պետք է կազմակերպվեն, ինչպես նաև պրեմիերաներ տարբեր երկրներում:

Գ.Ռ.Գ.

Դիտվել է 669 անգամ

Calendar

November 2014
M T W T F S S
« Oct   Dec »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930