«Փարաջանով՝ անվերջ ռեժիսոր». Տիգրան Մանսուրյանը «Նռան գույնի» երաժշտությունը գրելու մասին

Tigran-MansuryanԿոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մտերմությունն ու միմյանց նկատմամբ պատկառանքը պտուղներ է տվել նաև կինոյում: Երաժշտության ու պատկերների այնպիսի համաձուլվածք, ինչպիսին «Նռան գույնը» ֆիլմում է, մեկ անգամ ևս շեշտում է երկու վարպետների կինոզգացողության ներդաշնակությունը:  Սերգեյ Փարաջանովի հետ յուրաքանչյուր հանդիպումը, յուրաքանչյուր րոպեն Տիգրան Մանսուրյանը տասնամյակներ անց հիշում է նույն վառ գույներով ու խանդավառությամբ, հիացմունքով ու մեծարանքով: Խաչվել են երկու անհատականությունների ստեղծագործական ու մարդկային ուղիները. այդ հանդիպումները կրում են անհատականության դրոշմը, լի են հումորով, արվեստով, անսովոր երանգներով, բռնկումներով: Ստեղծագործական մղումները ներդաշնակվել են լուռ համաձայնությամբ:

- Ես 30 տարեկան էի, իսկ 30-ում ինքնավստահ են լինում: «Նռան գույնի» երկրորդ ռեժիսորը հանդիպեց ինձ ու ասաց, որ Փարաջանովն ուզում է`  ֆիլմի երաժշտությունը ես գրեմ: Դիտեցի ֆիլմն  ու ասացի՝ գիտեմ ինչ պիտի անեմ: Պայմանավորվեցինք, որ պիտի սկսեմ աշխատել: Ժամանակն անցնում էր, բայց գործնական ոչ մի նորություն չկար: Նկատեցի, որ նա նույն հարցով ուրիշ կոմպոզիտորների էլ է դիմում: Հրաժարվեցի. ասացի, եթե այդպես է, ուրեմն չեմ գրի երաժշտությունը: Մի օր էլ ինձ իր մոտ կանչեց Կոմպոզիտորների միության նախագահը: «Ամեն մարդու բախտ չի վճակվում աշխատել Փարաջանովի հետ, ինչպե՞ս թե հրաժարվում ես»,- ասաց: Պատճառաբանեցի, թե առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարող աշխատել: Մի խոսքով, համոզեց. պայմանավորվեցինք, որ կգրեմ երաժշտություն: Նա անմիջապես զանգեց Փարաջանովին ու հայտնեց, որ համաձայն եմ: Հետո լսափողը դրեց ու ասաց. «Փարաջանովը քեզ շնորհավորում է, որ իր հետ պիտի աշխատես»: Պայմանավորվեցինք Փարաջանովի հետ, որ հենց երաժշտությունը պատրաստ լինի, հեռագիր տամ, որ գա: Այդ պահից  ես վառվեցի ստեղծագործական եռանդով:arkayadustr Anna

Տարօրինակ «երաժշտություն»՝ տարօրինակ ֆիլմի համար

- Գնում էի «Հայֆիլմի» ձայնագրման արտադրամաս՝ звукоцех: Սուրճ էին խմում, հանգիստ՝ իրենց համար: «Կանենք, էլի, ինչո՞ւ ես շտապում»,- ասում էին աշխատողները: Իսկ ես ոգևորված, խանդավառված՝ այս ու այն կողմ էի վազվզում: Տանը թղթի վրա ձայների դիագրամմա էի նկարում. դա կոնկրետ երաժշտության պարտիտուրա էր: Ոչ թե սովորական երաժշտություն՝ նոտաներով, մեղեդայնությամբ, այլ աղմուկ, ձայն, որոնք հանդիպում էին միմյանց, շարունակում իրար, հետո ընդհատվում, բարձրանում ու իջնում: Տարօրինակ երաժշտություն էր, ինչպես ֆիլմն էր տարօրինակ: Ինչպես Փարաջանովն էր տարօրինակ պատկերները դրել շրջանակի մեջ, այնպես էլ ես էի տարօրիանկ ձայները հավաքել ու դրել շրջանակի մեջ: Ձայնն ուրիշ ուժ ունի: Աչքը տեսնում է այն, ինչ ցույց ես տալիս. աչքն ավելին տեսնել չի կարող: Իսկ ականջը որսում է ձայներ, շշուկներ, շնչառություն: Կոմպոզիտորները ձայնի որսորդներ են: Պիտի լսես ոչ թե ականջով, այլ մտքով: Ձայնով ցույց ես տալիս կերպարի բնավորությունը, հոգեվիճակը: Ու այստեղ մոնտաժն առավել քան կարևոր է: Պիտի հասցնես ձայները կտրել ու իրար կպցնել, քանի դեռ էներգիան նրանց մեջ է, քանի դեռ նրանց  միջից չի հասցրել թափվել: Խնդիրն այն է, որ ձայնը պիտի ծառայեցնես կադրին:

Final

Ձայնի անվերջ փնտրտուք՝ ավելի տարօրինակ, քան «Նռան գույնն» է

- Ես սկսել եմ աշխատել ֆիլմի վրա 1969 թվականի հունվարի 2-ին և գործս ավարտել եմ մարտի 2-ին: Մինչ այդ՝ սկսած 1964-ից, տարբեր ֆիլմերի համար էի երաժշտություն գրել, բայց դրանք փաստավավերագրական, կարճամետրաժ  էին: «Նռան գույնն» առաջին գեղարվեստական ֆիլմն էր իմ պրակտիկայում: Ինձ պետք էր երկարատև «շ՜»՝ ծովի ձայն: Հետո հայտարարեցի, որ պետք է նաև դարձյալ երկարատև «ս՜»: Անմիջապես հասցրել էին Փարաջանովին, թե Մանսուրյանը ծովի ձայն է ուզում: Նա էլ թե՝ ի՞նչ ծովի ձայն, իմ ֆիլմում ծով չկա: Բայց չմիջամտեց, վստահեց ու թույլ տվեց, որ անեմ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Հետո պետք էր նաև երեխայի ձայն: Հապա ինչպե՞ս. ես այդպես էի տեսնում ֆիլմը: Կադրում Սայաթ-Նովայի սիրելի Աննայի կուրծքը հուզմունքից վերուվար է լինում: Հենց այդտեղ էր պետք երեխայի ձայնը, որովհետև Աննան կին է, ու որպես կին բնական է, որ հղիանալ է ուզում, ուրիշ էլ ի՞նչ:Musa

Աշխատեցի, փնտրեցի, գտա, պահանջեցի. մի խոսքով՝ եկավ այն օրը, երբ Փարաջանովը պետք է ֆիլմը նայեր: Շատ հուզված էի: Հնչյունային ռեժիսոր Յուրի Սայադյանի հետ էր եկել: Մինչ դիտելն ասաց. «Բոլորս գնանք զուգարան, որ հանկարծ չասենք՝ կարիք ունեի, դուրս էի եկել, դրա համար էլ լավ չեմ լսել երաժշտությունը»:

Դիտելու ընթացքում մի քանի անգամ շրջվեց իմ կողմը, բութ մատով նշան արեց, թե լավն է: Վերջում էլ այդ նույն ժեստով գոհունակությունը հայտնեց: Մինչ այդ բոլորը Փարաջանովի «Նռան գույնի» մասին էին խոսում, հետո սկսեցին իմ երաժշտության մասին խոսել. մի քիչ նեղվել էր Վարպետը դրանից:

monakhinya-greshnica

 

Ու դարձյալ Փարաջանով՝ ոտքից գլուխ անկանխատեսելի, անսովոր ու հանճարեղ

- Նա ամենուր «Նռան գույնի» մասին էր խոսում, պատմում էր, ցույց էր տալիս, արտիստիկ շարժումներով, հորդացող պլաստիկայով գերում էր բոլորին: Շուրջը միշտ հավաքվում էին նույն մարդիկ, որ անընդհատ նրա հետ էին: Նրանք արվեստի հեղափոխականներն էին: Ես էլ էի այդ խմբի մեջ: Կռիվ էր անում սրա-նրա հետ, պատմում, բացատրում անվերջ: Փարաջանովն էր՝ խենթ, տարօրինակ, բացառիկ: Անկարելի բաներ էր ուզում ֆիլմի համար՝ 70 հատ լամա, ուղտեր: Մի կադր կա, որտեղ աղջկա կրծքի վրա գինի է թափվում: Պահանջում էր, որ այդ կադրը նկարելու համար բերեն վրացական ամենաթանկարժեք գինին: Գալիս էր, աջուձախ գոռգոռում՝ լավ չեք աշխատում, ինչու այսպես չեք արել, ինչու այնպես չեք արել: Հետո հասկացանք, որ պատրաստ չէր նկարահանման, իր անելիքը լավ չէր պատկերացնում, գաղափարը, փաստորեն, դեռ չէր հասունացել, դրա համար էլ անվերջ վիճում էր:

Գեղեցիկ իրեր շատ էր սիրում: Ամբողջ օրն իրերի հետ էր. իրերի գիժ էր իսկական: Դողում էր գեղեցիկ առարկաների համար: Սեղանին էր դնում դրանք, դասավորում, այս ու այն կողմ տանում-բերում, հետո տալիս էր, ասում՝ դե հիմա դու դասավորիր, տեսենմ՝ քո արածից ինչ է ստացվում: Ուկրաինայում շուկա էր գնացել ու գուցուլական վերմակներ գնել՝ գունագեղ կտորներից կարված: Ցույց էր տալիս իր հյուրերին, հիանում, պատմում, ներկայացնում: Ես նրան գիտեի, նրա հոտը գիտեի, նրա հագուստի հոտը ճանաչում էի. անվերջ  հետևում էի շարժումներին, խոսքին: Ռեժիսոր էր ամեն տեղ, ամեն ժամ: Փարաջանովից սովորեցի տեսնել գեղեցիկը, այն, ինչը սովորական աչքով նայելիս չես տեսնի երբեք: Շենք է, թվում է՝ սովորական, բայց հենց Փարաջանովի աչքերով ես նայում, տեսնում ես, թե ի՜նչ սիրուն է, ի՜նչ խորհրդավոր:  Փարաջանով՝ անվերջ ռեժիսոր:

Պատրաստեց՝  Նաիրա Փայտյանը

Լուսանկարները  «Կինոաշխարհին» է տրամադրել Ս.Փարաջանովի տուն-թանգարանը

Դիտվել է 746 անգամ