«Վարդապետի լռությունը». նոր ֆիլմ՝ Կոմիտասի մասին

_MG_2051Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն սկսել է իր նոր՝ «Վարդապետի լռությունը» պայմանական վերնագրով խաղարկային ֆիլմի նկարահանումները: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

  Ստեղծագործական խումբը նոր է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ևս նկարահանումներ են եղել: Փորձելով օգտագործել հայաստանյան ոչ բարեհաճ աշնան ժլատ արևը՝ ուղևորությունից  վերդառնալուն պես վերսկսվել են նաև այստեղի նկարահանումները: Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարվա աշնանը։ Վիգեն Չալդրանյանը շեշտեց, որ «Վարդապետի լռությունը» շարքային ֆիլմ չէ. ստեղծագործական խմբի յուրաքանչյուր  անդամ ջանում է լավագույնս ինքնադրսևորվել ու իր նվիրումն արտահայտել Ցեղասպանության զոհերի և Կոմիտաս վարդապետի հիշատակին:

-Կոմիտասի նկատմամբ համազգային, նաև համաշխարհային ակնածանք կա. այլ կինոռեժիսորներ նույնպես անդրադառնալու են այդ առանցքային կերպարին: Ենթադրելի է, որ Կոմիտասն է Ձեր ֆիլմի գլխավոր հերոսը:

-Գլխավոր հերոսն Էդգար Նովենց անուն-ազգանունով  ժամանակակից ճանաչված մի գրող է, որը «Վարդապետի լռությունը» վերնագրով վեպ է գրում Կոմիտասի մասին: Այսինքն՝ ֆիլմի գլխավոր հերոսն Էդգար Նովենցն է, իսկ նրա վեպի գլխավոր հերոը՝ Կոմիտասը: Նրա գրքի միջոցով հետադարձ հայացք է գցվում 1915, 1935 թվականներին՝ Կոմիտասի կյանքի ողբերգական իրադարձություններին:

-Ովքե՞ր են մարմնավորելու Կոմիասին և Էդգար Նովենցին:

-Կոմիտասի դերակատարի հարցում չեմ կողմնորոշվել: Դեռ բավականին ժամանակ ունեմ: Նկարահանումների մեծ մասը մյուս տարի է նախատեսված: Կոմիտասի 3 «թեկնածու» կա՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյան, որը դեմքով շատ նման է Կոմիտասին, տեր Շահեն քահանա.   նամակ ենք ուղարկել Վեհափառ հայրապետին, որի թույլտվությամբ միայն հոգևորականներն իրավունք ունեն մասնակցել նման նախագծերի: Եվս մի հոգի կա, որը դարձյալ նման է Կոմիտասին: Ու չի բացառվում, որ էլի «Կոմիտասներ» ի հայտ գան: Կոմիտասը ֆիլմում տարբեր տարիքում է հանդես գալիս: Միգուցե բոլորովին այլ դերակատար գտնվի, որին ոչ ոք չգիտե՝ որպես դերասան:  Առաջին պայմանն, իհարկե, արտաքին նմանությունն է: Չեմ ուզում դա ստանալ դիմահարդարման միջոցով, ինչն իմ կինոյում քիչ նշանակություն ունի: Իսկ Էդգար Նովենցի դերը խաղում է Վարդան Մկրտչյանը:

-Շշուկներ կան, որ Կոմիտասի դերում Դուք եք հանդես գալու:

-Այդ դերին այնքան զգուշորեն եմ մոտենում: Չի բացառվում, որ ֆիլմում մի քանի Կոմիտաս լինի կամ միայն մեկը լինի: Այսօր դեռ դժվար է ասել: Այս տարի նկարահանում ենք ֆիլմի այն հատվածը, որը կապված է մեր օրերի հետ, իսկ անցյալի պատմությունը կմնա մյուս տարի:

-Հայտնի է, որ նկարահանումներ եք արել Փարիզում: Կռահում եմ, որ Կոմիտասի հետքերով եք գնացել:

- Շնորհակալություն մեր ԱԳՆ-ին ու Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, որովհետև առաջին անգամ նկարահանումներ ենք արել Փարիզի Վիլժյուիֆի հոգեբուժարանում, որտեղ պառկած է եղել և մահկանացուն  կնքել է Կոմիտասը: Ֆիլմի համար շատ կարևոր դրվագներ ենք նկարահանել: Հայտնի է, որ հոգեբուժարանի արխիվը նկարահանել չի թույլատրվում, բայց մեզ հաջողվեց որոշ դրվագներ նկարահանել հենց Կոմիտաս վարդապետի  հիվանդության պատմությունից, նաև նամակներ, բնագիր ձեռագրեր:  Այցելեցինք այն մասնաշենքը, հիվանդասենյակը, որտեղ Կոմիտասը կյանքի վերջին տարիներն է անց կացրել: Եղանք հիվանդանոցի այգում, որտեղ շրջել է վարդապետը: Հազարավոր հիվանդներ է ունեցել այդ հոգեբուժարանը. այգում միայն մեկի՝ Կոմիտաս վարդապետի կիսանդրին է տեղադրված:

-Փարիզից առաջ նաև Չինաստանում եք նկարահանումներ արել. ի՞նչ կապ կա Չինաստանի ու ձեր ֆիլմի միջև:

-Ես Չինաստան էի գնացել երկու պատճառով: Իմ «Ձայն լռության» ֆիլմը հայաստանյան երեք ֆիլմերից մեկն էր, որ մասնակցեց Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնին: Ի դեպ, իմ և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» 147 ֆիլմերի մեջ ընդգրկվեցին լավագույն 20 ֆիլմերի շարքում: «Մետաքսի ճանապարհը» չունի ժյուրի. լավագույն ֆիլմերի ընտրությունը կատարվում է հանդիսատեսի միջոցով: Իմ՝ Չինաստան մեկնելու առիթը ծառայեց նաև «Վարդապետի լռությունը» ֆիլմին, որտեղ գլխավոր հերոսը՝ Էդգար Նովենցը, մեկնում է Չինաստան՝ իր «Մետաքսի ճանապարհ» վեպով մասնակցելու գրական կոնֆերանսին: Այսպիսով, չինական կինոփառատոնը ֆիլմում վերածվեց նույնանուն կոնֆերանսի, որին մասնակցում է իմ հերոսը:

-Ի՞նչպիսի տեսարաններ կան ֆիլմում, ի՞նչ պատկերներ, կերպարներ:

-Գաղթի ճանապարհ, անապատ, որը գտել ենք Հայաստանում ու պիտի նկարահանումներ անենք այնտեղ, գաղթականներ, թուրք ասկյարներ ու ժանդարմներ. այն ամենն, ինչը կապված է 15 թվականի հետ: Իմ ֆիլմերին բնորոշ են դերասանական առումով նոր բացահայտումները, նոր անունները: Կարծում եմ՝ «Վարդապետի լռությունն» էլ բացառություն չէ: Ունենք հերոսուհի՝ Սոնան, որին մարմնավորելու է Համազգային թատրոնի շատ հետաքրքիր դերասանուհի Անի Ղազարյանը, որի հետ արդեն դերի կեսն անցել ենք: Ինքնատիպ դերակատարում է մեզ սպասվում. առհասարակ անսահման նվիրում կա դերասանների կողմից: Շատ ազդեցիկ տեսարան ենք նկարահանել՝ 250 երեխաների՝ բաց դաշտում: Այդ տեսարանում նկարահանվել են նաև Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի երեխաները:

- Այդ զանգվածային տեսարաններն ի՞նչ նպատակ ու դեր ունեն ֆիլմում:

-Հայտնի է, որ Կոմիտասին 1915 թվականին միշտ մղձավանջային երազ է հետապնդել: Այդ երազը նա իր ընկերոջը՝ Չիթունուն է պատմել: Ասում էր. «Ես հազարավոր հայ երեխաների եմ տեսնում բլրի վրա, որոնք ձեռքները երկինք պարզած՝ «Առավոտ լուսո» են երգում»: Հետո են հասկացել, որ Կոմիտասը 15 թվականի Եղեռնն է կանխատեսել: Այդ տեսարանը մի քանի անգամ կկրկնվի ֆիլմում: Երբ նկարահանումն ավարտեցինք, դիտեցինք, թե ինչ է ստացվել:  Տեսնողները շատ էին հուզվել: Գեղագիտական առումով հետաքրքիր էր ստացվել: Բայց պիտի կրկնեմ կինեմատոգրաֆիստի հայտնի խոսքը՝ էկրանը վերջում ցույց կտա. ամեն ինչ կերևա մոնտաժից հետո՝ վերջնական արդյունքում, երբ այս ամենը գումարվի իրար ու կինո դառնա:

-Հայտնի՞ է, թե ով է երաժշտություն գրելու ֆիլմի համար:

-Վաչե Շարաֆյանը. ասացի, որ նա նաև Կոմիտասի դերի թեկնածուներից մեկն է և անգամ մի քանի դրվագ նկարահանվել է: Առհասարակ մեծ հույսեր եմ կապում Վաչեի հետ: Կարծում եմ՝ նա այս ֆիլմում պիտի անի առավելագույնը՝ որպես կոմպոզիտոր, քանի որ երաժշտությունը չափազանց կարևոր դեր է ունենալու:

-Լիամետրաժ ֆիլմ եք նկարում. Ձեր պատկերացմամբ ֆիլմի բյուջեն բավակա՞ն է գործն ավարտին հասցնելու համար:

-Գումարը շատ քիչ է նման մեծածավալ ֆիլմի համար, այնուամենայնիվ, շնորհակալ եմ մեր կառավարությանը, Ազգային կինոկենտրոնին: Դրսում միշտ հարցնում են ինձ. «Ո՞նց ես կարողանում այդքան քիչ գումարով ֆիլմ նկարահանել»: Դրսում չեմ կարող այդ գումարով ֆիլմ ստեղծել: Այստեղ կարող եմ, որովհետև օգնողներ շատ կան: Դեռ չի եղել մի դեպք, երբ ես որևէ դուռ թակեմ ու մերժվեմ: Շնորհակալ եմ բոլորին: Ի վերջո, այդ մարդիկ գիտակցում են, որ իրենց աջակցությունն ուղղված է Կոմիտասի հիշատակին նկարահանվող ֆիլմին, որն ունի ազգային կարևոր ասելիք:

  -Իսկ մեր ֆիլմերն այդ ազգային կարևոր ասելիքը  կարո՞ղ են դրսում ներկայացնել այնպես, որ հասանելի ու հասկանալի դառնա օտարին:

-Հոլոքոստի մասին մի ֆիլմ ուղղակի  ցնցեց աշխարհը՝ Սպիլբերգի «Շինդլերի ցուցակը»: Հայերս պիտի խոստովանենք, որ նման ֆիլմ չենք կարող նկարել: Վիթխարի գումարներ են ծախսվել, ու բացի դրանից, այդ ֆիլմն ստեղծվել է կինոարտադրության թիվ մեկ երկրում՝ ԱՄՆ-ում՝ Հոլիվուդում: Այսինքն՝ գումարից բացի, կարևոր է նաև, թե ինչ մասնագետներ են աշխատել ֆիլմի վրա: Մենք այսօր չունենք կինոինդուստրիա կոչվածը: Վերջին 20-25 տարում շատ բան կորցրեցինք՝ երկրորդ էշելոնը՝ պրոֆեսիոնալ երկրորդ ռեժիսոր, պրոֆեսիոնալ ասիստենտ, պոմռեժ: Աստիճանաբար ինչ-որ բան փոխվում է. արտադրություն կա: Փորձում են մարտաֆիլմեր նկարել, ոտք գցել  Հոլիվուդի հետ. դա ծիծաղելի է: Այդ համակարգչային քիմիկատներով լցված ֆիլմերից մի օր աշխարհը կհոգնի ու կարիք կունենա տեսնելու քո ազգայինը, այն ինչ կա քո ներսում՝ մարդուն: Դա երբեք մոդայից դուրս չի գա: Ես ոտք եմ գցում միայն  իմ խղճի, իմ հնարավորությունների հետ. իմ կադրում միշտ լինելու է մարդը: Ես փորձելու եմ հասկանալ, թե ով էր Կոմիտասը և փորձելու եմ իմ ֆիլմում նրան ներկայացնել՝ որպես հայ ժողովրդի խիղճ: Կոմիտասյան իմ ուսումնասիրություններն ինձ վստահեցրել են, որ իմ ազգը պիտի վերադառնա Կոմիտասի մշակույթին,, որովհետև այսօր մեզ պակասում է Կոմիտասի նման մտավորականը, որը կմարմնավորի ազգի խիղճը:

Վիգեն Չալդրանյանը վստահ է, որ մենք շատ բան ունենք աշխարհին ներկայացնելու՝ մեր ազգային տեսակով, նկարագրով, մշակույթով ու արժեհամակարգով: Հսկա Չինաստանը միլիարդներ է ծախսում կինոարտադրության ոլորտում, ինչ է թե առաջ անցնի Հոլիվուդից, օգտագործում է տեխնիկայի վերջին հնարավորթյունները: Բայց հուզվում է «Ձայն լռության» ֆիլմից, որովհետև այնտեղ մարդն է: Ու թեև այդ մարդն ազգությամբ հայ է, թվում է՝ միայն մեզ համար ըմբռնելի ու հասկանալի, բայց պարզվում է չինացին էլ է ընկալում նրան, որովհետև բնական մարդ արարածը կինոյում ամենապահնջվածն  ու  փնտրվածն է:

IMG_1840

IMG_0064

IMG_1626

IMG_0016

_MG_5177

 

Հարցազրույցը՝  Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

Դիտվել է 2402 անգամ