«Թևանիկ»

tevanikՀայ ռեժիսոր և սցենարիստ Առնոլդ Աղաբաբովը «Թևանիկ» սցենարը գրել էր դեռ 1990-ականներին, բայց տարբեր պատճառներով ֆիլմն այդպես էլ չնկարահանվեց նրա կենդանության օրոք: Արդեն 2014-ին հայկական էկրաններին հայտնվեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը»: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ Ավետիսյանը ձևափոխեց սցենարը՝ դարձնելով այն եռամաս պատմություն ռազմական գործողությունների կենտրոնում հայտնված արցախյան սահմանամերձ գյուղի մեկ օրվա կյանքի մասին: Կինոնկարն արժանացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի գլխավոր մրցանակին:

Ի  տարբերություն Ավետիսյանի նախկին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմին (2013 թ.)՝ «Թևանիկը» զերծ է կեղծ ու կույր հայրենասիրական պաթոսից, ինչը, անշուշտ, լավ հատկանիշ է: Պետք է նաև նշել, որ որոշ տեսարաններ օպերատորական աշխատանքի առումով բավականին գրագետ են նկարահանված, և ընդհանրապես տեղ-տեղ հանդիպում են հետաքրքիր մանրուքներ: Այնուամենայնիվ «Թևանիկը» չի հաջողվել թե՛ սցենարական, թե՛ ռեժիսորական տեսանկյունից:

«Թևանիկի» երեք կինոնովելները նպատակ ունեն պատկերել գյուղի մեկ օրվա կյանքը երեք տարբեր դիտանկյուններից, որոնք տրամադրում են գյուղի երեխաները՝ Արամը, Աստղիկն ու Թևանիկը: Սա մի հնարք է, որը համաշխարհային կինոյում բազմիցս ապացուցել է իր ազդեցիկ լինելը: Սակայն «Թևանիկի» դեպքում հենց այս անճարտար բաժանումն է գերան գցում ֆիլմի անիվների տակ ու ի վերջո անվերադարձ քայքայում այն, ինչը համարվում է գեղարվեստական ստեղծագործության հիմնարար տարր՝ դրաման: Խնդիրն այն է, որ եթե ֆիլմում կա երեք փոխկապակցված նովել, ապա դրանք պետք է հարստացնեն, նոր խորություն հաղորդեն միմյանց: Իսկ «Թևանիկի» նովելների միջև կապն այնքան մակերեսային է, որ դրաման ուղղակի կտրատվում ու քայքայվում է՝ վերածելով ֆիլմը կցկտուր փաստերի կուտակման: Կոպիտ ասած, ֆիլմն ուղղակի սահմանափակվում է «գեղարվեստական փաստեր» ներկայացնելով:  «Թևանիկի» արծարծած թեմաների պարագայում դա անընդունելի է…

Առաջին նովելում պատանի Արամի ընտանիքի պատմությունն է: Հայրը հայ է, մայրը՝ ադրբեջանցի, որ ենթարկվում է տեղական գյուղացիների ճնշմանն ու սպառնալիքներին, ինչը երևում է մեկ անգամ երկրորդ նովելում, երբ գյուղի երեխաները քարկոծում են Արամի տան պատուհանները: Որոշ գյուղացիներ էլ Արամին քամահրանքով ասում են «թուրքի լակոտ»: Հայրը ցավով որոշում է կայացնում ուղարկել սիրելի կնոջն Ադրբեջան Արամի կրտսեր եղբոր հետ: Իսկ ինքն ու Արամը մնում են Արցախում…

Պետք է հասկանալ, որ Արամի ընտանեկան իրավիճակն ուղղակի «նշան» է, որը գեղագիտական իմաստավորման ու ձևավորման դեպքում միայն կարող է վերաճել դրամայի: Ֆիլմը, բնականաբար, ուզում է, որ հանդիսատեսն ապրումակցի այս ընտանիքին: Բայց ինչպե՞ս ապրումակցենք մարդկանց, որոնց առաջին անգամ ամենաշատը 20 րոպե առաջ ենք տեսել ու որոնց մասին համարյա ոչինչ չգիտենք: Եվ ամենակարևորը՝ ո՞նց ապրումակցենք, եթե տեղյակ ենք, որ իրենք իրական չեն, այլ մտացածին կերպարներ, ու յուրաքանչյուր նոր տեսարան միայն ամրապնդում է այդ համոզմունքը: Սա իրական կյանքը չէ, որտեղ վերոնշյալ փաստն ինքնին հերիք կլիներ ականատեսի մեջ ապրումակցում առաջացնելու համար: Իր ճշմարտացիությունն ապացուցելու համար գեղարվեստական ստեղծագործությունը պետք է մի քանի քայլ ավելի գնա, որսա բոլոր այն թելերը, որոնք ի վերջո հանգեցնում են նրան, որ Արամի հայրը որոշում է ուղարկել կնոջն ու կրտսեր որդուն թշնամական երկիր: Հանդիսատեսը պետք է ճանաչի այս մարդկանց ու նրանց պես համոզվի, որ ընտանիքի բաժանումը խնդրի միակ լուծումն է, այլ ելք չկա: Միայն այս դեպքում կծնվի դրամա և ապրումակցում: Բայց «Թևանիկում» այս ծանր որոշումը կայացվում է միանգամից՝ առանց հանդիսատեսին նախապատրաստելու: Ու զգացվում է, որ հեղինակներն էլ առանձնապես խորը չեն մտածել իրավիճակն ավելի հիմնովին դիտարկելու մասին, քանի որ առաջ են գալիս որոշակի բացթողումներ: Օրինակ՝ եթե հայերն ակնհայտ թշնամանք են դրսևորում իրենց համագյուղացու ու նրա ադրբեջանուհի կնոջ հանդեպ, ապա ի՞նչ հիմք ունի Արամի հայրը կարծելու, թե նույնը չի լինի սահմանից այն կողմ: Նա որոշում է մնալ հայրենի գյուղում՝ բաժանվելով ընտանիքից, բայց չի՞ վախենում, որ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին «հայի լակոտ» կասեն կրտսեր որդուն, իսկ մորն էլ կհետապնդեն հայի կին լինելու համար: Ըստ երևույթին սա նրա մտքով էլ անգամ չի անցնում:

Բոլոր այս պատճառներով էլ ընտանիքի հրաժեշտի պահը ազդեցիկ չի դառնում:

Պատերազմը քայքայում է ընտանիքն ու բաժանում սիրող էակներին: Սա ինքնին մի ամբողջ ֆիլմի թեմա է, որին երևի չի կարելի իմիջիայլոց անդրադառնալ: Սակայն քանի որ «Թևանիկի» հեղինակները նախընտրել են կինոնկարը բաժանել մի քանի մասի, «Արամ» նովելին հատկացվում է ընդամենը 20-25 րոպե: Այս կարճ ժամանակահատվածում էկրանով անցնում են բազմաթիվ միակողմանի կերպարներ, մասնավորապես՝ Արամի պապը, որ քանի տարի է՝ հրաժարվել է որդուց ադրբեջանուհի հարս տուն բերելու համար, և Արամի հորեղբայրը, որ ջանում է հաշտեցնել հորը եղբոր հետ, բայց ապարդյուն: Այս տեսարանը կոչված է ներկայացնելու ընտանեկան ծանր իրավիճակը, բայց անում է դա բավականին կոպիտ խաղարկված երկխոսության միջոցով: Կերպարները քննարկում են իրավիճակը, բայց նրանց զրույցը մնում է անհետևանք: Ստացվում է, որ տեսարանն ավելի շատ ծառայում է հանդիսատեսին տեղեկություն փոխանցելու խնդրին, քան դրամայի խորացմանը: Նովելի վերջում կա ակնթարթային տեսարան, որտեղ շուրջ մեկ տասնամյակ խռովությունից հետո պապը մտնում է որդու տուն, բայց արդեն ուշ է. այդ պահին Արամի հայրն արդեն ուղեկցում է կնոջը՝ սահման: Որքան էլ փորձում է արտակադրային մեղեդին զգացմունքայնություն հաղորդել կադրին, տեսարանի գեղագիտական կատարումը՝ դերասանի ցուցադրական խաղը, կադրի «տափակությունը», ընդհանուր դրվագի ռիթմիկ աններդաշնակությունը (միաժամանակ տեսնում ենք ամուսինների հրաժեշտը սահմանին), թույլ չեն տալիս, որ այս պահը որևէ կերպ արժևորվի:

Երկրորդ նովելում փորձ է արվում խորացնել Արամի ընտանիքի դրաման՝ ներկայացնելով ամուսինների խոսքառատ զրույցը, որը տեղի էր ունեցել նախքան հրաժեշտը: Սակայն այս զրույցն էլ չի պարունակում այնպիսի բան, ինչը չէր կարելի իմանալ առաջին նովելից: Նման տեսարանները  ստիպում են ենթադրել, որ հեղինակները հույսը դրել են խոսքի, ոչ թե պատկերային արտահայտչականության վրա:

Ողջունելի է, իհարկե, որ ֆիլմում հերոսները խոսում են տեղական բարբառով, բայց երբեմն տպավորություն է, թե որոշ դերասաններ անվստահ են արտաբերում այս լեզուն, կարծես համոզված չեն՝ ճիշտ արտասանեցին, թե ոչ: Այս անվստահությունը զգալու համար անպայման չէ լեզվի մասնագետ լինել: Իհարկե, կան նաև դերասաններ, որոնք չափազանց բնական են արտահայտվում ղարաբաղյան բարբառով:

Երկրորդը նովելներից ամենաանմեղն է, ինչը, գուցե, Աստղիկի դերակատարուհու արժանիքն է: Դերասանական ունակությունները, անշուշտ, դեռ լավ հղկման կարիք ունեն, բայց դեռահաս աղջկան տրված է բավականաչափ անձնական հմայք, որ թեկուզ սայթաքելով, բայց կարողանա մի կերպ տանել իր ուսերին այս նովելը:

Հետաքրքիր է, որ երկրորդ մասում ոչ մի էական բան չի կատարվում: Փոխարենը կան որոշակի կենցաղային դիտարկումներ, որոնք, այնուամենայնիվ, այն աստիճան կենդանի չեն պատկերված, որ փոխարինեն ամուր դրամային:

Ուղղակի Աստղիկն է՝ թռչկոտում է գյուղի մի ծայրից մյուսը: Հանդիպում է տատիկին, մորը: Իմանում ենք, որ ընտանիքի բոլոր տղամարդիկ այժմ ռազմի դաշտում են: Աստղիկն էլ, ըստ երևույթին, անտարբեր չէ պատանի Թևանիկի նկատմամբ, բայց այս գիծն էլ ոչ մի տեղ չի գնում: Աստղիկենց տանն է ապրում նաև տեղական հայկական ջոկատի սփյուռքահայ հրամանատարը, որ այժմ պատանի Թևանիկի հետ հետախուզման է գնացել: Այնպես է ստացվում, որ Աստղիկի ձեռքն է ընկնում հրամանատարին հասցեագրված նամակը: ԱՄՆ-ից գրում է հրամանատարի կինը: Աստղիկն իմանում է, որ կինը  համաձայն չի եղել ամուսնու` խաղաղ Ամերիկան թողնելու և Արցախ մեկնելու որոշմանը: Սակայն այժմ զղջում է ու խոստանում շուտով միանալ սիրելի ամուսնուն

Նամակի ընթերցման դրվագը կարող էր հուզիչ լինել: Ցավոք, ռեժիսորը խաչում է Աստղիկի կադրերն այլ կադրերի հետ, որտեղ գյուղի երկչոտ բնակիչը մեքենան է նստեցնում երկու որդիներին ու մեկնելու պատրաստություններ տեսնում: Մինչ հնչում է մեղմիկ մեղեդին, հրամանատարի կնոջ արտակադրային ձայնը շարունակում է կարդալ նամակը երկու կադրերի վրայով: Ակնհայտ է, որ հեղինակները կոնտրաստ են ստեղծում. ոմանք արտասահմանից են գալիս պայքարելու, իսկ որոշ տեղացիներ նախընտրում են հեռանալ: Բայց եթե հրաժարվեին այս հրապարակախոսական, ակնհայտ մետաֆորից և փոխարենն իրենց ուժերը կենտրոնացնեին գեղեցիկ, զգացմունքային դրվագ ստանալու վրա, ապա ֆիլմն անկասկած  կշահեր: Իսկ երկու պերսոնաժների կոնտրաստն ամեն դեպքում ինքնիրեն կլիներ:

Երրորդ նովելը մեծ մասամբ հիմնված է Աղաբաբովի օրիգինալ սցենարի վրա, և սա զգացվում է, որովհետև այն կարծես առանձին՝ բոլորից անկախ պատմություն լինի: Անկախ, բայց, ցավոք, ոչ ամբողջական…

Ֆիլմի այս մասը նախևառաջ աչքի է ընկնում չափազանց լղոզված ռեժիսորական աշխատանքով: Նովելը սկսում է մարտական տեսարանով, որի ընթացքում չես հասկանում՝ ով է հայ, ով՝ ադրբեջանցի, ով ում վիրավորեց և այլն…

Պատանի Թևանիկը շարքից հանում է թշնամու տանկը: Համագյուղացիներն ուրախ են, բայց ջոկատի փորձառու հրամանատարը բարկանում է, որ Թևանիկի պատճառով իրենք կորցրին աշխատող զրահատեխնիկային տիրանալու հնարավորությունը: Նա որոշում է դաս տալ Թևանիկին ու տանում է պատանուն իր հետ անտառ՝ հետախուզման: Այստեղ բուն է դրել դիպուկահարը ու միանգամից խլում է առաջ ընկած հրամանատարի կյանքը: Մահվանից մեկ ակնթարթ առաջ հրամանատարը նկատում է թշնամուն ու շրջվելով բղավում` Թևանի՛կ: Անհնար է, որ դիպուկահարը սա տեսած ու լսած չլինի, անհնար է՝ չկռահի, որ մոտակայքում մի հոգի էլ կա: Բայց հակառակ տրամաբանությանը՝ դիպուկահարն իջնում է բնից, գաղտագողի ուսումնասիրում հրամանատարի մարմինն ու գնում մոտակա ջրվեժը լողանալու: Թևանիկը՝ հետևից: Որքան լարված ու հետաքրքրաշարժ տեսարանի կարող էր վերածվել այս գաղտնի հետապնդումը, բայց լղոզված ռեժիսուրայի ու ծեծված սրտաճմլիկ երաժշտության պատճառով այն ուղղակի վերածվում է երկար ու միապաղաղ անտառային թափառման:

Ինչևէ: Ջրվեժը: Դիպուկահարը սկսում է արձակել շորերը և հանկարծ, ի զարմանս մեզ ու քարերի հետևը պախկված Թևանիկի, կին է: Ընդ որում` գուցե Թևանիկի տեսած առաջին մերկ կինը: Այս իրավիճակն ինքնին այնչափ հետաքրքիր ու խոստումնալից է, ու մնում է միայն Թևանիկի պես բացել բերանն ու սպասել զարգացումներին: Կինը նկատում է պատանուն ու ռուսերեն բղավում: Ի վերջո, երկուսը դուրս են գալիս դեմ դիմաց՝ զենքերը պարզած և… Էկրանը սևանում է, հնչում է կրակոց: Ֆիլմն էլ ավարտվում է նրանով, որ Արամի հորեղբայրը, որ նաև հրամանատարի տեղակալն էր, հիշելով հրամանատարի իբր թե իմաստուն խոսքերը, դուրս է գալիս խրամատից ու տանում իր զինվորներին թվով գերակշռող թշնամու դեմ…

Ֆիլմերն, անկասկած, իրավունք ունեն այսքան կտրուկ ու անորոշ ավարտվելու: Սակայն այս տեսակ ֆինալները չեն կարող լինել հենց այնպես: Դրանք պետք է վաստակել: Նման ավարտն ինքնին պետք է իմաստային շեշտ կրի: Ավարտին նախորդածն էլ պետք է այն աստիճան ազդեցիկ ու հագեցնող լինի, որ բացառի բոլոր այլ տեսակի ֆինալները:

«Թևանիկի» ավարտը կարծես ծաղր լինի, քանզի ֆիլմը վերջանում է հենց այն պահին, երբ պետք է սկսվեր, երբ գործողությունները հազիվ ստացան անսպասելի հետաքրքրական երանգ:

Եվ սա, ըստ էության, կարելի է ասել ֆիլմի բոլոր սյուժետային գծերի մասին: Ինչպես Թևանիկի արկածը, այնպես էլ Արամի ընտանիքի դրաման ու հրամանատարի սիրո պատմությունը մնում են կիսատ ու եզրափակվում են ճիշտ այն պահին, երբ նոր-նոր պետք է սկսվեին: Դրամատուրգիական հնարքը (մեկ օրը՝ երեք տեսակետից) սահմանափակել է հեղինակներին՝ ստիպելով խցկել այս նուրբ թեմաները 25-րոպեանոց թերի նովելների մեջ: Բայց չէ՞ որ այս թեմաներն ավելիին էին արժանի: Ու չէ՞ որ ի սկզբանե Աղաբաբովի սցենարը, ըստ երևույթին, ուներ ավելի դասական կառուցվածք: Գուցե պետք էր հետևել այդ կառուցվածքին: Իհարկե, երաշխիք չկա, թե այդ դեպքում ավելի լավ կստացվեր: Բայց փոխարենը պարզ է, որ «Թևանիկը»՝ իր ներկայիս տեսքով, ցավոք սրտի, չի հաջողվել: «Ցավոք սրտի»-ն էլ քաղաքավարության խոսք չէ, քանզի իսկապես ցավալի է, որ նման պոտենցիալ ունեցող գաղափարները չեն ստացել արժանի կինոարտահայտում:

Արթուր Վարդիկյան

 

Դիտվել է 851 անգամ