Հայ կինոյի մեծերը՝ «Կինոաշնանը» հյուր

IMGL3726«Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը»շարունակվում է: Ըստ նախատեսվածի՝ կինոցուցադրումներից բացի, անցկացվում են նաև հանդիպումներ, քննարկումներ, մրցույթներ, հոբելյանական ցերեկույթներ: Մեծարման հանդիսությունների նպատակն  ուսանողների և ընդհանրապես նոր սերնդի ուշադրությունը հայ կինոյի մեծերի ստեղծագործության վրա հրավիրելն է: Առանց տեսական գիտելիքների և առանց  մեր կինոյի պատմությունն իմանալու,  հեղինակային նոր կինոն հեղհեղուկ ու կարճատև կյանք կունենա: Այս համոզմունքով Երևանի թատորնի և կինոյի պետական ինստիտուտում կինոգետներն ու կինոքննադատներն ուսանողներին ներկայացրին անվանի կինոռեժիսորներ Առնոլդ Աղաբաբյանի, Գենադի Մելքոնյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Արման Մանարյանի մասին հետաքրքիր տեղեկություններ, նրանց խառնվածքն ու ստեղծագործական սկզբունքները բնորոշող պատմություններ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվող աշնանային կինոդիտումնրը, «կլոր սեղաններն» ու քննարկումներն  սպասված  բուհի ուսանողության համար։

բառեվԱռնոլդ Աղաբաբյանի հետ դեռ 90-ականներին հարցազրույց է անցկացրել այն ժամանակ կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողուհի, իսկ այժմ դասախոս, կինոգետ Սիրանուշ Գալստյանը: Նրա հուշերում Առնոլդ Աղաբաբյանը լուսավոր, տաղանդավոր ու պարզ մի արվեստագետ է, որը հայ կինոյի պատմությանը թողեց կուռ և հրաշալի սցենարներ, հեղինակային ինքնատիպ կինո: Առնոլդ Աղաբաբյանի սցենարի հիման վրա նկարահանված  «Բարև, ես եմ» ֆիլմն առաջին և առայժմ միակ հայկական ֆիլմն է, որ մասնակցել է Կաննի կինոփառատոնին: Առնոլդ Աղբաբյանը մտերիմ է եղել ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի հետ, որի կերպարն ամբողջ կյանքում ուղեկցել է նրան: «Բարև, ես եմ» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Արտյոմի նախատիպը հենց Արտեմ Ալիխանյանն է: Իսկ ֆիլմի վերնագիրը հղացել է շատ պատահականորեն: Մոսկվայում առնոլդ Աղաբաբյանը ծանոթ է եղել մի կիսով չափ ռուս, կիսով չափ թաթար մի աղջկա հետ, որն ամեն առավոտ զանգահարելիս է եղել Աղաբաբյանին ու ասելիս. «Здравствуй, это я»:  Հենց այդ պարզ արտահայտությունն էլ դարձել է ֆիլմի վերնագիրն ու հայ ազգային կինոյի նոր էջը:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը ևս հուշեր պատմեց Առնոլդ Աղաբաբյանի մասին, նաև վերլուծեց նրա կինոմտածողությունն ու ստեղծագործական ոճը: Կինոռեժիսորի մի շարք ֆիլմեր հանիրավի մնացել են ստվերում՝ «Գառնի», «Յոթ սարից այն կողմ», «Շեկ ինքնաթիռ»: Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը հայկական միակ բազմասերիանոց աշխատանքն է, որը ներկայացնում է 1937-80-ականների բարդ ու հակասական շերտերը: Ցավոք, Առնոլդ Աղաբաբյանը շատ ռեժիսորների նման չպարպեց իր ստեղծագործական եռանդն ու նվիրումը: «Հայֆիլմը» երկու ձևով կարող է սպանել ռեժիսորին: Տալիս են ֆիլմ, երբ ռեժիսորը բոլորովին պատրաստ չէ նկարահանումներին և չեն տալիս ֆիլմ, երբ նա լիովին պատրաստ է նկարահնումներին»: Լինելով տաղանդավոր սցենարիստ՝ Առնոլդ Աղաբաբյանը երբեք իր սցենարների հիման վրա ֆիլմ չի նկարահանել, որովհետև սկզբունքորեն համոզված է եղել՝ կինոն թիմային արվեստ է, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի:

բագռատԲագրատ Հովհաննիսյանի ստեղծած կինոն ներկայացրեց կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Ռեժիսորը կինոաշխարհ մուտք է գործել «Աղքատի պատիվը» ֆիլմով: Լինելով արտասահմանյան գրականության ու անգլերենի մասնագետ, որը պատրաստվում էր գիտական թեզ պաշտպանել Մոսկվայում՝ Բագրատ Հովհաննիսյանը, սակայն, թողնում է ամեն ինչ ու գալիս Երևան: «Հայֆիլմում» աշխատում է որպես ասիստենտ՝ տարիներ շարունակ աննկատ մնալով շատերի կողմից: Նա երբեք չի բարձրաձայնել իր գիտելիքների մասին. արտասահմանյան գրականության մասնագետը չի փորձել օտարագիր որևէ գրական երկ սցենարի վերածել ու ֆիլմ նկարահանել, այլ կինոհայացք է գցել հայ գրականությանը՝ Հրանտ Մաթևոսյանին: Բագրատ Հովհաննիսյանն ընդամնը 4 լիամետրաժ ֆիլմ է նկարահանել. ընդունված չափանիշներով այդ թիվը բավական չէ տաղանդավոր կինոռեժիսոր համարվելու համար, բայց նրա ստեղծած արվեստն այնքան որակյալ ու արժեքավոր է, որ բավական է հեղինակային կինոյի վարպետ համարվելու համար:

գենաԳենադի Մելքոնյանի հետ մտերիմ է եղել կինոգետ Գարեգին Զաքոյանը: Նա հիշում է. «1990-ականներին փողոցում հանդիպեցի Գենային. շատ տխուր ու մտահոգ էր: 10 տարի ֆիլմ չէր նկարել, որևէ հեռանկար էլ չկար, թե մի օր կկանգնի նկարահանման հրապարակում: Ասացի՝ արի կալանավայրերի մասին ֆիլմ նկարենք: Շատ ուրախացավ, ոգևորվեց: Անընդհատ հորդորում էր, որ սցենարն արագ գրեմ, ու նկարահանումներն սկսենք: Նա 12 տարեկանից կինոյում էր եղել ու ծանր էր տանում կինոյից դուրս ապրելը»: Գարեգին Զաքոյանը ցավով նկատեց, որ հայկական  միջավայրը միշտ խանգարել է տեղծագործող մարդուն, արհեստական խոչընդոտներ ստեղծել: «Թթենին» Գենադի Մելքոնյանի դեբյուտն է, որի վրա սկսել է աշխատել Մոսկվայում: Հայաստան վերադառնալով՝ կինոռեժիսորը բախվել է բիրտ իրականությանը, որը ոչ միայն չի նպաստել ստեղծագործական գաղափարների իրականացմանը, այլև ճզմել է ինքնատիպ մտածողությունն ու ներշնչանքը:

տյվժիկԱրման Մանարյանի առումով նույնպես կինոգետները նույնը նկատեցին: «Տժվժիկը» կինոռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, որը մտահղացել է Մոսկվայում սովորելիս: Վազգեն Առաջին Վեհափառը, Գոհար Գասպարյանը, Վիլյամ Սարոյանը, Մարտիրոս Սարյանն այդ փոքրիկ ֆիլմը համարել են շրջադարձային էջ մեր կինոյում, որից մեկ խազ անգամ իջնելն անթույլատրելի կլիներ: Բայց Հայաստան գալով՝ Արման Մանարյանի առաջ հերթով սկսել են փակվել դռները: Նա Օդեսայում նկարահանելիս է եղել «Արտիստը» ֆիլմը: Անբարենպաստ եղանակի պատճառով վերադարձել է Երևան: «Հայֆիլմում» ֆիլմը փակել են ու հայտարարել, որ թույլ չեն տա նկարահանումները շարունակել: Անգամ Սերգեյ Գերասիմովն ու Լև Կուլիջանովն են փորձել բարեխոսել, որպեսզի «Արտիստը» շարունակի նկարահանվել Գորկու անվան կինոստուդիայում: «Հայֆիլմից» պատասխանել են, թե Ֆիլմի նեգատիվն այրվել է: Արման Մանարյանը՝ չնայած այդ ամենին, նկարահանել է«Կարինե» օպերետը, որի մասին հիացմունքով է խոսել Ռուբեն Մամուլյանը: Իսկ «Հեղնար աղբյուր», «Ընկեր Փանջունի» կինոնկարներով, ինչպես նաև  անիմացիոն ֆիլմերով  Արման Մանարյանը նոր խոսք է ասել հայ կինոյում:

 

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 255 անգամ