«Ճամբարում»

248Աշոտ Հակոբյանի «Ճամբարումը», ստեղծողների պնդմամբ, անկախ Հայաստանի առաջին մանկապատանեկան ֆիլմն է: Ըստ մտահղացման՝ մի խումբ դեռահասներ հայտնվում են ամառային ճամբարում, որտեղ արագ ընկերանում են ու միասին զանազան արկածներ ունենում: Երեխաները, մի խելացի աղջկա` Լյուսիի գլխավորությամբ, «պատերազմ» են հայտարարում իրենց ծաղրող մյուս ճամբարականներին, այնուհետև մարտահրավեր նետում ճամբարի կարծրամիտ, բայց բարեսիրտ պետին: Ֆիլմի գլխավոր դերերում են դեռահաս երգիչներ Դալիթան ու Կարեն Օհանյանը:

g_image

Հարկ է նշել, որ եթե գործ ունենք մանկապատանեկան կինոնկարի հետ, դա չի նշանակում, որ գնահատման չափանիշներն ավելի մեղմ պետք է լինեն, ինչ է թե ֆիլմը նախատեսված է երեխաների համար: Ընդհակառակը՝ կարելի է ասել, որ հենց այդ պատճառով էլ քննադատությունը գուցե պետք է ավելի խիստ լինի, քան այլ ֆիլմերի դեպքում: Լավ մանկապատանեկան կինոն հասցեագրվում է ևʹ երեխաներին, ևʹ մեծահասակներին, բայց նրա առաջնային հանդիսատեսը, իհարկե, երեխաներն են, որոնք դեռ նոր են սկսել ճաշակ ու աշխարհընկալում ձևավորել, որոնց գիտակցությունը, ըստ էության, ֆիլտր չունի ու բաց է ցանկացած գաղափարի համար: Փաստորեն կինոգործիչն անձնական պատասխանատվություն է կրում, թե ինչ «տեղեկատվություն» կփոխանցի այդ գիտակցությանը և ինչպես: Ըստ էության՝ նման պատասխանատվություն են կրում բոլոր արվեստագետները բոլոր տարիքների մարդկանց հանդեպ: Ուստի մանկապատանեկան ֆիլմերի համար մեղմացուցիչ հանգամանքներ հորինելու կարիք չկա:

Չենք կասկածում, որ «Ճամբարումի» հեղինակներն ունեին բարի մտադրություններ՝ ներկայացնել ընկերության ու միասնության թեման և, ինչպես իրենք են ասում, ցույց տալ երեխաներին, որ առանց համակարգչի էլ կարելի է լավ ժամանակ անցկացնել: Ցավոք, պետք է ասել, որ բարի մտադրություններից այն կողմ կարծես թե չեն անցել…

Տասնամյակների ընթացքում ամերիկյան դրամատուրգիան ձևավորել է ընդհանուր մի բանաձև նման կինոնկարների համար, ու «Ճամբարումը» հետևում է այդ բանաձևին, բայց մակերեսորեն: Այսինքն՝ հայտնի է, որ ըստ բանաձի՝ եթե սկզբում Լյուսին ատում է ճամբարը, ապա ֆինալում պետք է սիրի այն, եթե սկզբում ճամբարականները ծաղրում ու զրպարտում են նորեկներին, ապա վերջում պետք է ընկերանան նրանց հետ, եթե պետը սկզբից չար ու անարդար է թվում, ապա վերջում պետք է պարզվի, որ իրականում բարի ու բարյացակամ մարդ է և այլն: Բայց թե ինչպես են հերոսները մի կետից հասնում մյուսին, այդպես էլ չի բացատրվում: Մինչդեռ փոփոխության ընթացքն ու դրդապատճառները միշտ հազար անգամ ավելի հետաքրքիր են, քան բուն փոփոխությունը: Չորուցամաք փաստը կարելի է լրահոսից էլ իմանալ, իսկ արվեստի գործը գրավիչ ու արժեքավոր է նրանով, որ ներկայացնում է կամ գոնե փորձում է ներկայացնել, թե ինչ է թաքնված փաստից այն կողմ:

«Ճամբարումն» ուղղակի ակնկալում է, որ հանդիսատեսը, առանց ավելորդ հարցերի, կընդունի վերոնշյալ մետամորֆոզները: Օրինակ՝ ամփոփիչ դրվագում, երբ Լյուսին ընկերների հետ արդեն պատրաստվում է լքել ճամբարը, նրանց մոտենում են հարևան ջոկատի երեխաները, որոնք ողջ ֆիլմի ընթացքում միմիայն ծաղրել ու նվաստացրել էին նրանց: Բայց հիմա, չգիտես ինչու, բոլորը սիրալիր գրկախառնվում են ու ի սրտե բարի ճանապարհ մաղթում միմյանց: Գուցե բանաձևային սկզբունքը սա արդարացնում է, սակայն ֆիլմում իրադարձությունների զարգացման տրամաբանությունը՝ ոչ: Նույն ամփոփիչ դրվագում ճամբարի բուժքույրը հանկարծ, առանց որևէ պատճառի, դրական է արձագանքում ճամբարի մարզչի սիրահետմանը, չնայած մինչ այդ անողոք մերժում էր: Ընդ որում, բավական «արտահայտիչ» էր մերժում՝ նողկանք արտահայտող հայացքներով, բղավոցներով ու սպառնալիքներով: Կարճ ասած՝ տպավորություն է, թե որոշ չափազանց կարևոր տեսարաններ մնացել են «մոնտաժային սեղանին»:

1956862_769916239713620_3493286534902623468_o

Սյուժեի զարգացումն անտրամաբանական է, հետևաբար պերսոնաժներն են անտրամաբանական: Այս կերպարները մարդ չեն, ու ֆիլմից դուրս կյանք չունեն: Ճանաչելի մարդկային բնավորությունների փոխարեն նրանց տրված է մի-մի տարօրինակություն կամ քմահաճություն: Ասենք` երեխաներից մեկը ճարպոտ է, և դա նրա՝ որպես կերպարի, միակ «հատկանիշն» է, նա անընդհատ ուտել է ուզում: Մյուսն էլ րոպեն մեկ միզելու կարիք ունի: Ու չնայած այս երկուսն էլ միշտ գլխավոր հերոսուհու կողքին են, մասնակից են ճամբարականների արկածներին, միևնույն է, առեղծված է, թե ինչ տիպի մարդիկ են, ինչն է դրդում նրանց անել այս կամ այն գործողությունը: Ֆիլմի առաջին մասում, օրինակ, պետն ապատեղեկատվության պատճառով պատժում է Լյուսիին, բայց աղջկա ընկերները (այդ թվում և վերոհիշյալ երկուսը) որոշում են կիսել նրա հետ պատիժը: Մինչ այդ իրենք մի քանի աննշան տեսարանում  էին իրար հետ և հանկարծ արդեն ընկերնե՞ր են: Ո՞նց ծնվեց այս ընկերությունը: Կրկնենք, բանաձևը սա արդարացնում է, բայց ֆիլմի ներքին տրամաբանությունը՝ ոչ:

Ու երեխաներն էլ իրենց ընկերների նման չեն պահում: Հաճախ ինչ-որ զվարճալի դիմախաղեր են անում, դիմում են ծայրահեղ թատերական էքսպրեսիվության, բայց հիմնականում  կարծես անվստահ են խցիկի առաջ, ուղղակի մեխանիկորեն արտասանում են լավ անգիր արած երկխոսությունները: Երբեմն խոսելիս իրար երեսի էլ չեն նայում:

Սակայն ազնվության համար պետք է նշել, որ դերասաններն ընդամենն անում են այն, ինչ գրված է սցենարում, և այնպես, ինչպես ասում է ռեժիսորը: Ամենատաղանդաշատ արտիստին էլ դժվար կլիներ արժանապատվությամբ դուրս գալ այս երկխոսությունների տակից: Տեսարաններից մեկում, օրինակ, մի աղջիկ, որ պետք է ընկալվի որպես բացասական կերպար, բարձրաձայն բողոքում է իրենց ջոկատի ղեկավարից. «Ինքն ո՞վ ա, որ ինձ ասի՝ ես ինչ անեմ»: Լյուսին, որ հարգում և սիրում է ղեկավարին, պատասխանում է մոտավորապես այսպես. «Դու կարո՞ղ ես ինձ ասել՝ ինչ է նշանակում «մաքրություն» բառը»: Աղջիկը մի պահ լռելուց հետո շփոթված հայացք է նետում կողքին նստած ընկերուհուն, որ նույնպես ապշած է ու չգիտի՝ ինչ ասի: Լյուսին էլ հետո այնպես է ժպտում, կարծես մտածում է՝ լավ դրանց պորտները տեղը դրի…

Նման օրինակներ շատ են: Կան դրվագներ, որոնք  լրիվ ավելորդ են: Տղաներից մեկն ասում է մյուսին, որ չի կարող գտնել որոշ իրեր, որոնք երեխաներին անհրաժեշտ են պատրաստվող չարաճճիության համար: Այնուհետև  նրանք վազում են Լյուսիի մոտ ու ճշտությամբ կրկնում նրա համար նույն տեղեկատվությունը: Երևի պետք էր սահմանափակվել այդ երկրորդ տեսարանով, երբ խնդրի մասին իմանում է Լյուսին: Կարիք չկա, որ հանդիսատեսը լրիվ նույն բանն իրար հետևից երկու անգամ լսի:

10448610_769915373047040_3248381827419451900_o

Դրամատուրգիական թերություններին զուգահեռ՝ քաոտիկ տպավորություն է թողնում և վիզուալ պատումը: Հաճախ հանդիպող արագացված ու դանդաղացված կադրերը, զանազան հնչունային էֆեկտները, որոնք կոչված են ծիծաղ առաջացնելու, փոխառված են արտասահմանյան նմանատիպ ֆիլմերից: Փոխառությունն ինքնին նորմալ երևույթ է: Սակայն «Ճամբարումի» դեպքում այս հնարքներն ուղղակի կան լինելու համար ու ակնհայտ էկլեկտիկություն են հաղորդում ամբողջ ֆիլմին:

Օպերատորական ու մոնտաժային աշխատանքի տեսանկյունից էլ դրանց որակն առնվազն կասկածելի է, և սա վերաբերում է ոչ միայն տվյալ դրվագներին, այլև ողջ կինոնկարին: Պատկերը կարծես դատարկ է ու անհրապույր: Այն խորություն չունի: Տպավորություն է, որ ետին պլաները լիովին մոռացված են և պատահական մարդկանցով ու առարկաներով են լցվել: Շատ են օրինակները, երբ միևնույն տեսարանի սահմաններում  երկու կադրերի արանքում կտրուկ փոխվում է պատկերի լուսավորությունը: Տեսարաններից մեկում, ըստ սցենարի, գիշերվա ժամը 4-ն է, բայց շենքի ներսում պատուհաններից այնպիսի լույս է թափում, որ ինքնըստինքյան ենթադրում ես` սա կաʹմ վաղ առավոտ է, կաʹմ վաղ, ամպաշատ երեկո:

Ձայնային ձևավորումը նույնպիսի  ցայտուն խոտաններ ունի, որոնք շարքային հանդիսատեսն էլ կնկատի: Դարձյալ միևնույն տեսարանի սահմաններում մարդկանց ձայները հանկարծ փոխում են ուղղությունը: Ամփոփիչ դրվագներում մերթ ընդ մերթ ինչ-որ օտար խշշոց է խառնվում հերոսների ձայներին, մասնավորապես՝ պետի ելույթի ժամանակ: Ինչպես և պատկերը, ձայնը լրիվ հարթ է, խորություն չունի:

Առանձին խնդիր է երաժշտական ձևավորումը: Այն, ըստ երևույթին, հապճեպ, առանց «խմբագրումների» կամ «վերընթերցումների» իրականացված աշխատանք է: Չնայած «Ճամբարումի» սաունդթրեքն օրիգինալ է, այն կարծես հազար անգամ արդեն լսած լինես: Սա այն «ագրեսիվ» սրտաճմլիկ սաունդթրեքներից է, որոնք կարծես հրամցնում են այն վերաբերմունքը, որը, ըստ հեղինակների, պետք է ունենա հանդիսատեսն այս կամ այն տեսարանի նկատմամբ՝ տեղ չթողնելով անձնական մեկնաբանությանը: Գրագետ կիրառված կինոերաժշտությունն ավելի շուտ առաջարկում կամ ուղղորդում է, քան հրամցնում: Տարբերությունը գուցե հեղհեղուկ է, բայց՝ սկզբունքային:

«Ճամբարումի» տեխնիկական թերություններն անթիվ են ու անհամար: Վերոշարադրյալը դրանց փոքր տոկոսն է միայն: Բայց ֆիլմի հիմնարար խնդիրը դրամատուրգիան է: Լրատվամիջոցները, անրադառնալով ֆիլմին, որպես գովասանք նշում են, որ «Ճամբարումը» լի է հակասական կերպարներով: Իրականում նրանք ոչ թե հակասական են, այլ, ինչպես պարզեցինք, ուղղակի թերի: Մեծահասակ պերսոնաժներից ոմանց տրամադրությունն այնքան անսպասելի, արագ ու անհիմն է փոխվում, որ նրանց պահվածքն ընդհանրապես կարելի է հոգեկան հիվանդություն որակավորել: Պատմության ու պերսոնաժների թերության պատճառով էլ ֆիլմում ծնվում են ընկերության, սիրո և այլնի բավականին կասկածելի ու տարօրինակ դրսևորումներ: Հիշենք բուժքրոջ ու մարզչի «սերը», ճամբարականների հանկարծակի ընկերական վերաբերմունքը ֆիլմի ավարտին և բազմաթիվ այլ սյուժետային գծեր, որոնք այստեղ հիշատակված չեն:

Արթուր Վարդիկյան

Դիտվել է 519 անգամ