«Սերը,  ընտանիքը ինձ համար միշտ ավելի կարևոր են եղել,  ուստի չեմ զղջում չստացված դերերի համար»

486957Հայրենիքում  ընդհատված ու աշխարհի մեկ այլ անկյունում շարունակվող ևս մեկ կենսագրություն՝ հային խիստ բնորոշ: Կարինե Քոչարյան.  սկսենք նրա ստեղծագործական ուղուց:

- Երբ խոսքը վերաբերում է իմ ստեղծագործական կյանքին, ես մեծ հպարտությամբ ու սիրով պատմում եմ կյանքիս այս դրվագը: Ես սովորել եմ Վարդան Աճեմյանի կուրսում, որը, ի դեպ, նրա վերջին կուրսն էր: Ընդունելության ժամանակ նիհար, աշխարհի վրա զարմացած մեծ-մեծ աչքերով աղջիկ էի: Երբ արտասանությունս ավարտեցի, Վարդան Նիկիտիչն ասաց. «Մո՛տ արի, ե՞րբ ես ավարտել դպրոցը»:  Ասացի ՝ մեկ տարի առաջ: Ասաց. «Իսկ ի՞նչ էիր անում այս մեկ տարվա ընթացքում, ինչո՞ւ չէիր գալիս»: Ինձ ասել էին, որ ասեմ, թե սպասում էի` ինքը կուրս հավաքեր, որպեսզի գայի իր կուրսը, բայց  չցանկացա ստել:  Պատմեցի, որ  առաջին տարին գործերս տվել եմ արևելագիտական: Հարցեց՝ ի՞նչ լեզուներ գիտեմ, ասացի՝ շատ լավ ֆրանսերեն գիտեմ, ռուսերեն:  Հարցրեց. «Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ էիր անում»:  Պատասխանեցի, որ պարապում էի, որպեսզի բժշկական ընդունվեմ: «Քիմիայից ի՞նչ ես ստանում»: Ասացի՝  հինգ:  «Ֆիզիկայի՞ց ինչ ես ստանում»: Հինգ: «Մաթեմատիկայի՞ց»:  Հինգ: Ասաց. «Դե ասա խելոք աղջիկ ես, ինչո՞ւ ես եկել թատերական»: Ասացի, որ ամենից շատ թատրոնն եմ սիրում:

Առաջին քննությունից ոգևորված, որ Աճեմյանն այդքան ժամանակ տրամադրեց ինձ, խոսեց ու ասաց, որ անցնում եմ հաջորդ փուլ, գնացի տուն: Հետո ընկա, պոչուկս կոտրեցի ու չկարողացա գնալ քննության: Քույրս, որն ինձնից 12 տարով մեծ էր, գնացել էր ինստիտուտ ու ասել, որ այսպիսի դեպք է պատահել, ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի  հետո քննություն հանձնեմ: Աճեմյանն ասել էր. «Նրան կասեք, որ սեպտեմբերի 1-ին գա դասի»:  Ինստիտուտի պատմության մեջ սա բացառիկ դեպք էր, որի մասին երկար ժամանակ խոսում էին: Նման բան միայն Վարդան Աճեմյանը կարող էր անել: Ես չորս տարի սովորեցի նրա կուրսում: Երկրորդ կուրսում, 19 տարեկանում  ամուսնացա Վովա Քոչարյանի հետ, նա էլ 20 տարեկան էր: Ավարտելուց հետո պիտի գնայի Սունդուկյանի անվան թատրոն, բայց հրաժարվեցի, որովհետև Վովան Գյումրիի  թատրոնում իր դիպլոմային աշխատանքն էր անելու՝ Բրեխտի «Կուրաժ մայրիկը», որտեղ ես պիտի խաղայի: Աճեմյանն ասաց. «Հերիք չի առանց ինձ հարցնելու ամուսնացար էդ  բոյով տղու հետ, հիմա էլ առանց ինձ հարցնելու գնում ես Գյումրիի թատրոն»: Գյումրիում մոտ 4 տարի աշխատեցի Երվանդ Ղազանչյանի մոտ: Խաղացի բավական լուրջ  դերեր:  Տղաս արդեն ծնվել էր,  ես և Վովան կրկին հրավեր ստացանք Աճեմյանից: Սակայն մինչ մեր Երևան գալը նա մահացավ: Չեմ կարող նկարագրել, թե դա ինչ ծանր հարված էր ինձ համար, ողբերգություն, կարծես հորս էի կորցրել:

maya 2Սունդուկյան թատրոնում սկզբում բավականին շատ խաղացի Նիկոլայ Ծատուրյանի բեմադրություններում,  «Ծիրանի ծառ», «Կատաղի փողեր» և այլն, խաղացի հայ բեմի մեծ վարպետների հետ՝ Մուրադ Կոստանյանի, Մհեր Մկրտչյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Բաբկեն Ներսիսյանի…

Խաղացի մինչև 90-ականները, երբ մայր թատրոնը հայտնվեց շատ ծանր վիճակում: Ողջ տարվա ընթացքում բեմադրվում էր ընդամենը մեկ ներկայացում, դերասանները պարապուրդի  էին մատնված: Ամեն ինչ գնում էր դեպի անկում: Այդ տարիներին տղաս արդեն տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ սովորելու: Ես գնում-գալիս էի: Այդ ժամանակ դասավանդում էի Երևանի թատերական և մանկավարժական  ինստիտուտներում: Եթե նախկին ուսանողներս կարդան այս տողերը, կհաստատեն, որ խենթի պես սիրում էին ինձ, և ես դրանով էի ապրում: Երբ հարցնում էին` ընկե՛ր Քոչարյան, Դուք չե՞ք տեղափոխվի ԱՄՆ,  ես պատասխանում էի՝ եթե Հայաստանում մնա  ընդամենը մեկ հոգի, դա կլինեմ ես: Այն միտքը, որ խոստումս չեմ կատարել, ինձ  տանջում է մինչև այսօր, բայց ուզում եմ, որ բոլորը իմանան՝ եթե չլինեին իմ առողջական ծանր խնդիրները, ես կկատարեի իմ խոստումը: ԱՄՆ-ում շուրջ ութ տարի պայքարում էի ողջ մնալու համար:

Երկրորդ բանը, որն ինձ սարսափելի ցավ է պատճառում, իմ հարազատ Սունդուկյան թատրոնի վիճակն է: Երկու օր առաջ այցելեցի թատրոն, որտեղ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումն էր: Սարսափելի իրարամերժ զգացումներ ունեցա: Տարիներ առաջ այդ ներկայացումը սկսվեց Վովա Քոչարյանով, որ Սողոմոն Թեհլերյանի դերակատարն էր, իսկ ես Թալեաթի կնոջն էի մարմնավորում: Ովքեր այդ տարիներին (1988-89 թթ.) դիտել են  ներակայացումը, կարող են վկայել, թե ինչ էր կատարվում դահլիճում: Ազատության հրապարակը կարծես տեղափոխվում էր Սունդուկյանի անվան թատրոն, նստելու, անգամ կանգնելու տեղ չկար: Ներկայացումից հետո հնարավոր չէր դուրս գալ  թատրոնից: Վովային, կարելի է ասել, ձեռքերի վրա էին տանում: Մի անգամ գյուղացի մի պարզ կին հարցրեց Վովային՝ էդ Թալեաթի կնիկը ինչի՞ է կանգնել կողքիդ: Վովան ասաց՝ էդ Թալեաթի կնիկը իմ կինն է: Կինը ասաց. «Վա՜յ,  քոռանամ ես, Սողոմո՛ն ջան, մարդ չգտա՞ր, էդ այլանդակ թուրքի կնկան առար»:

227769

Վլադիմիր Քոչարյանը «Ձիավորը, որին սպասում են» ֆիլմում

Վովայի   մահից երեք օր առաջ այդ ներկայացումն էր: 89 թվականի հունիսի 9-ի առավոտյան գնաց ստւդիա և այլևս հետ չեկավ: Անձրևոտ օր էր, ճանապարհն անցնելիս մեքենան հարվածել էր նրան:

Կինոյում առաջին փորձը «Հեղնար աղբյուր» ֆիլմում հարսի դերն էր: Սկզբում փորձել էին Հեղնարի դերում, բայց չէին ընտրել:

- Մանարյանի պատճառաբանությունն այսպիսին էր. «Ախր շատ մեռոնն երեսիդ սուրբ երես ունես»: Այն ժամանակ ինձ թվում էր, որ նրանք  անարդար են, բայց հիմա,  երբ նայում եմ ֆիլմը, հասկանում եմ, որ Հեղնարն իսկապես պիտի փորձառու լիներ: Ես   տարիքով փոքր էի, այդ տարիքում  չէի կարող Սոսի կինը լինել:

maya 4Նման մի պատմություն էլ «Ժայռի» հետ է կապված: Պիտի խաղայի Թերեզի դերում: Արդեն հագուստներս էին կարում: Պարզվեց, որ հղի եմ: Աճեմյանն ասաց, որ պիտի ազատվեմ երեխայից, որովհետև ես դերասանուհի եմ և զոհողության պիտի գնամ: Ես հրաժարվեցի, որովհետև հանուն դերի պատրաստ չէի նման զոհաբերության: Սակայն այդ երեխան  չծնվեց, ես կորցրի նրան այլ պատճառով: Գոհար պիտի խաղայի «Մխիթար Սպարապետում», դա՛ էլ չստացվեց մեկ ուրիշ պատճառով:

Սերը,  ընտանիքը ինձ համար միշտ ավելի կարևոր են եղել,  ուստի չեմ զղջում չստացված դերերի համար: Չեմ ուզում նեղացնել մեր ռեժիսորներին, բայց կինոն ինձ համար սկսվում ու ավարտվում է Հենրիկ Մալյանով, չնայած մինչ օր էլ չեմ կարողանում  բացատրել  նրա առեղծվածը: Նկարահանման հրապարակում թվում էր, թե նա ամենավերջին մարդն է, այնքան լուռ էր, այնքան հանգիստ, այնպիսի նրբությամբ էր հաղորդում իր ասելիքը: Ինչպե՞ս էր ծնում այդ ֆիլմերը, որոնք դիմացան ժամանակի փորձությանը:

Մալյանի «Հայրիկ» ֆիլմում ես խաղացի Մայայի դերը: Խաղում էի Մհեր Մկրտչյանի հետ: Լինելով չափազանց դժբախտ մարդ` նա իր շուրջն անընդհատ ուրախություն էր սփռում: Ֆիլմում մի տեսարան կա, երբ ողջ գերդաստանը երգում է «Երազ իմ երկիր»-ը: Այդ տեսարանում ես կանգնած եմ ՝ երեխայի բարուրը ձեռքիս: Նկարահանման ժամանակ Ֆրունզը մոտեցավ ինձ ու ասաց. «Կարի՛կ ջան, Շերենցի գլխին ուզում եմ մի օյին խաղալ»:  Մոտեցավ Շերենցին, թե. «Դու խիղճ ունե՞ս, էս աղջիկը քանի ժամ բարուրը ձեռքին կանգնած է, մի քիչ էլ դու գրկիր»: «Վուուուու՜»,- ասաց Շերենցն ու բարուրը ձեռքիցս վերցրեց: Ամբողջ կրկեսի արենայով մեկ երգելով ու բարուրը օրորելով ման էր գալիս: Իսկ բարուրն իրականում երկաթի կտոր էր՝ բարձով փաթաթված: Ողջ խումբը ծիծաղից ուշաթափվում էր: Ու հանկարծ Շերենցը զգաց, որ  մի բան այն չէ: Զգուշորեն «բարուրը» բացեց ու տեսավ, որ սովորական բարձ է: Շերենցն առավ բարուրը, որն այդքան երկար ժամանակ նրա հոգածությանն էր արժանացել, ու ընկավ Ֆրունզիկի հետևից, բռնեց` տուր թե կտաս:

Ես չեմ սիրում քննադատել այսօրվա Հայաստանը, մանավանդ  որ նրա մեջ չեմ, բայց շատ կուզեի, որ Ֆրունզիկի , Սոսի, Մետաքսյայի նման մարդիկ ապրեին այսօրվա սերնդի գիտակցության մեջ, նրանց համար օրիանակ լինեին:

hqdefault (1)Դերասանուհին սիրով է հիշում իր ստեղծագործական կյանքի այն էջը, որն առնչվում է հեռուստաթատրոնին: Մեծ երախտագիտությամբ նշում է Թամարա Բիտյուցկայա- Էլիբեկյանի անունը, որի շնորհիվ  խաղացել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում: Վերջին ներկայացումը հեռուստատեսությունում «Ընկած բերդի իշխանուհին» էր: Թատերական կյանքը շարունակել է նաև 1994 թ. Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո: Բեմադրել է,  խաղացել  մի շարք ներկայացումներում: Ավելի ուշ Նյու Յորքում հիմնել է «Արձագանք» հեռուստահանդեսը, որն այժմ կոչվում է «Սփյուռքի ձայն»:

- Այժմ մի մեծ ծրագրի վրա եմ աշխատում`  Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նախագծի: Բեմադրում եմ թուրք գրող Քյամալ Յալչնի ստեղծագործությունը՝ նվիրված Թուրքիայում ապրող հայերին, որոնք ողջ կյանքում վախեցել են բացահայտել իրենց ինքնությունը:

Ինձ հաճախ հարցնում են՝ երջանի՞կ եմ արդյոք Նյու Յորքում: Կարծում եմ, որ կարող էի երջանիկ լինել, եթե չլիներ իմ սրտի մեծ կորուստը, որը թատրոնն է, և կոնկրետ  Սունդուկյանի անվան թատրոնը: Ես երազում եմ այս թատրոնում խաղալ Բրեխտի «Կուրաժ մայրիկ»-ում, որը հակապատերազմյան լավագույն  պիեսն է: Ես հաճախ նայում եմ այդ ներկայացումը և ամեն անգամ մտածում, որ ես կարող եմ դա անել:

atv003-0308-2g

Ձախից երկրորդը` Հայկ Քոչարյան, երրորդը` Կարինե Քոչարյան

«Կինոաշխարհի» հետ զրույցում Կարինե Քոչարյանը պատմեց նաև որդու՝ Հայկ Քոչարյանի մասին, որ Նյու Յորքում զբաղվում է լուսանկարչությամբ, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ: Գրում է երգեր, երեք խտասկավառակների հեղինակ է:  Նկարահանում է ֆիլմեր, որոնք ցուցադրվում են ամերիկյան հեղինակավոր հեռուստաալիքներում: Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» ֆիլմը 2014 թ. պատվոգրի  արժանացավ երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

Ալիսա Գևորգյան

 

Դիտվել է 464 անգամ