Կլոր սեղան. «Սերգեյ Փարաջանով․ կյանքը, արվեստը, պոեզիան»

10Օր 1-ին

Այս տարի համայն կինոաշխարհը նշում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանը։ Հայաստանի կամ հայերի հետ կապված ցանկացած կինոփառատոն կամ որևիցե այլ կինոֆորում կրում է նրա անունը և կամ էլ իր ծրագրի մեջ ներառում է վարպետին նվիրված յուրատեսակ թեմատիկ միջոցառումներ։ Բացառություն չէր «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, բացառություն չէր նաև այս տարվա «Ոսկե ծիրանը»։

Փարաջանովի կերպարը 8 օր շարունակ թևածում էր մայրաքաղաքում, ասես իր հովանին նետելով քաղաքի և դրա կինոսեր բնակիչների վրա, ուղեկցելով նրանց դեպի մութ դահլիճներ՝ հաղորդակցվելու կինոյի և արվեստի հրաշքի հետ։ Իսկ բացման ու փակման պաշտոնական արարողությունների հանդիսավոր կարմիր գորգն ականատեսների ու հյուրերի վկայությամբ այս տարի ամենևին էլ կարմիր չէր, այլ «նռան գույնի» էր․․․

«Ոսկե ծիրանի» շրջանակներում մի ամբողջ ծավալուն և ընդգրկուն ծրագիր էր նվիրված Փարաջանովին։ Այս ամենից արժե հատկապես առանձնացնել կինոփառատոնի նոր նախաձեռնությունը, որ կոչվում է «Ծիրանի ծառ»։ Պարզվում է` մենք Երևանում մի գողտրիկ անկյուն ունենք, որը շնչում և արտաշնչում է ժովորդական արվեստի հինավուրց, արխաիկ ոգով, ձգտում լինել ակտիվ, կենդանի և արդիական։ Դա «Ժողովրդական արվեստների հանգույց» կրթամշակութային հիմնադրամն է, որը ժամանակի հետ կարող է դառնալ ազգագրական արվեստների օրրան և դուստր փառատոն` ներառելով և նոր կյանք տալով այսօր մի փոքր մոռացության մատնված ժողովրդական արվեստներին։ Միգուցե և ոչ շատ հեռավոր ապագայում այստեղ իսկապես որ ծնվի ու ծաղկի այնքան բաղձալի էթնոգրաֆիկ ֆիլմերի փառատոնը։ Նշենք, որ այս յուրահատուկ մշակութային օազիսի հիմնադիրն ու տնօրենը ԱՄՆ-ից եկած գործարար և բարեգործ Լևոն Դեր-Պետրոսյանն է, ով նաև հայկական ավանդական խոհանոցի մեծ գիտակ է, խոհարարական արվեստի նուրբ վարպետ։

1

Հենց այստեղ 2 օր շարունակ տեղի ունեցավ «Սերգեյ Փարաջանով․ կյանքը, արվեստը, պոեզիան» գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցում էին տեղական և միջազգային, արտասահմանից հատուկ հրավիրված մասնագետներ՝ արվեստաբաններ, մշակութաբաններ, ազգագրագետներ,  կինոգետներ, կինոքննադատներ, մշակութային լրագրողներ և առհասարակ արվեստասեր լայն հասարակություն՝ Փարաջանովի ինքնատիպ արվեստի սիրահարներ։

Ներկայացնում ենք գիտաժողովի առաջին օրվա քրոնիկոնը՝ ըստ ելույթների և զեկույցների հաջորդականության։ Հանդիպումն այս վարում էր կինոգետ Գարեգին Զաքոյանը, որ իր մուտքի խոսքում հույս հայտնեց, որ կենտրոնն այս կլինի կենսունակ և կնպաստի նրան, որ ժողովրդական արվեստը դուրս գա զուտ թանգարանային իրականությունից և ապրի նաև մեր օրերում։

8

Զաքոյանի ելույթին հաջորդեց ԵԹԿՊԻ ռեկտոր, Հայաստանի ազգային կինոակադեմիայի ղեկավար, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի ելույթը, որում նա մասնավորապես նշեց․

«Այստեղ նստած են մարդիկ, որոնց երիտասարդությանն անսպասելիորեն, բայց բարեբախտորեն համընկավ Փարաջանովը։ Երբ ի հայտ եկավ նրա «Մոռացված նախնիների ստվերները», որը Եվրոպայում հայտնի է մեկ այլ՝ «Հրեղեն ձիեր» անվամբ, բոլորիս համար իսկական հայտնություն եղավ։ Եվ նրանից հետո մենք սկսեցինք ավելի լայն տեսնել աշխարհը, այն ամենը, ինչ չէինք տեսնում առանց նրա։ Փարաջանովը մետաֆիզիկական ժամանակի գիտակցությունն էր։ Նա սնվում էր մշակույթի ամենախորքային ակունքներից։ Եվ նա մեզ էլ այդ հիշողության մասնակիցն էր դարձնում։ Ուստի դժվար է նրան ժամանակակից անվանել։ Նրա արվեստը ժամանակից դուրս է, հավերժությանն է պատկանում։ Քանի որ այն, ինչ շատ ժամանակակից է, ժամանակի հետ էլ անցնում-գնում, վերանում է։ Մեր այսօրվա աշխարհում չկա Չար ու Բարի։ Մեֆիստոֆելն այլևս չի ցանկանում տանել մարդկային հոգին, որովհետև չի գտնում այն։ Եվ ժամանակակից կինոն էլ դրա վկայությունն է։ Այսօր հոգևոր-բարոյական ճգնաժամ է։ Այլևս չկա գեղեցկություն, միայն ճշմարտություն, նատուրալիզմ։ Եվ այդ ճանապարհին կորցնում ենք իդեալը, որովհետև եթե ճշմարտությանը չի գումարվում իդեալը, ապա այլևս գեղեցկություն չկա և արվեստ էլ չկա։

Ահա այս խնդիրներն են ինձ հուզում այսօր` կապված Փարաջանովի հետ։ Հուսով եմ, որ այսօր կքննարկենք այս բոլոր հարցերը։ Ես ուրախ եմ, որ բոլորս հավաքվել ենք մի հարկի տակ, այն էլ այսպիսի նշանակալի առիթով։ Ինչպես ասում էր Փարաջանովը, «Աստված մեկն է, բայց շրջապատված  տարբեր մշակույթներով։ Եվ նրանք բոլորն էլ տանում են դեպի Նա․․․»:  Փարաջանովը նրանցից մեկն է, ովքեր գիտեին այդ հանդիպման վայրը և հենց այնտեղ էլ կանգնած էին։ Նա ցանկանում էր մոտեցնել մեզ այդ ճանապարհին ու նշանակետին։ Փարաջանովը առաջիններից մեկն էր, ոոնք սովորեցրին մեզ, թե ինչ է ազատությունը։ Ըստ նրա` ազատությունն այն է, որ կարող ես չանել այն, ինչ չես ուզում։ Սա էր նրա ընտրությունը»։

«Ժողովրդական արվեստների հանգույց» մշակութային հիմնադրամի տնօրեն Լևոն Դեր-Պետրոսյանն էլ իր վաղ մանկությունից մի պատմություն պատմեց.

«Ես մանուկ էի, երբ ապրում էինք գյուղում։ Մեր տանը շատ գորգեր կային։ Ես խաղում էի գորգի վրա, դաս էի անում, հաց ուտում, իսկ երբ հոգնում էի, պառկում և քնում էի, հանգստանում գորգի վրա։ Գորգն ինձ համար կյանքի մետաֆիզիկան է, աննյութական, եթերային մի բան, ոգեղեն սկզբի մարմնավորում և արտահայտություն։ Իսկ երբ ավելի մեծացա, մեկնեցի սովորելու, սկսեցի աշխատել, իմ այս մանկական հիշողությունները կարծես գիտակցության ընդհատակ անցան։ Մի օր էլ, երբ Սան Ֆրանցիսկոյում էի, ինձ գորգ նվիրեցին, և այս նվիրական հիշողությունները սրբազան մասունքների նման ինձ վերադարձան, ես խենթի պես սկսեցի գորգեր հավաքել ու նաև ժողովրդական արվեստի առարկաներ, սկսեցի ծանոթանալ այս արվեստը մեր օրերում պահպանող և արարող վարպետների հետ։ Եվ այդպես միտք հղացավ հիմնելու ժողովրդական արվեստի կենտրոն, որը հավաքատեղի կլինի ամբողջ աշխարհից եկած նկարիչների, ժողովրդական վարպետների համար ու նաև կկրթի երեխաներին, նրանց մեջ հարգանք և սեր կսերմանի ձեռքի ազնիվ աշխատանքի ու ժողովրդական արվեստի նկատմամբ։ Խոսքիս վերջում կուզեի ավելացնել, որ մեր այս բակում մի հոյակապ ծիրանի ծառ ենք տնկել ի պատիվ կինոփառատոնի։ Շուտով այն կսկսի պտուղներ տալ։ Եվ ես ի սրտե, անկեղծ հուսով եմ, որ նույնպիսի պտուղներ պիտի տա նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ մեր արգասաբեր համագործակցությունը»։

Ելույթ ունեցավ նաև կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սուրեն Հասմիկյանը, որ հետևել է Փարաջանովի արվեստին դեռևս 1960-ական թթ․ սկսած․

«Ես շատ եմ խոսել ու գրել Սերգեյ Փարաջանովի մասին։ Ուստի այսօր կլինեմ հնարավորինս հակիրճ։ Կցանկանայի երկու կարևոր հանգամանք մատնանշել՝ կապված Փարաջանովի կյանքի, ստեղծագործության և, առհասարակ պոետիկայի, նրա անվան հետ կապված առասպելի, միթոսի հետ։

Այստեղ միշտ էլ գոյություն ունի գաղտնիքի տիրույթ։ Փարաջանովի ֆենոմենի մասին միայն երկու բան կասեմ։ Առաջինն այն է, որ նա կատարելապես ազատ մարդ էր։ Նա խոսում ու գործում էր առանց հետևանքների մասին մտածելու։ Ինչն էլ դուր չէր գալիս խորհրդային իշխանություններին։ Եվ ինչի համար էլ նրան ի վերջո պատժեցին։ Իսկ մյուսն էլ այն է, որ հանճարեղ ռեժիսորը սովորեցրեց մեզ խաղալ իրերի, առարկաների հետ, հիմնովին փոխեց մեր պատկերացումները նյութականի մասին։ Մենք այսօր իրերի, նյութի զոհն ենք։ Իսկ Փարաջանովը փոխեց մեր պատկերացումները իրեղենի մասին, փոխեց դրա ֆունկցիոնալ նշանակությունը։ Նա դեմ դուրս եկավ առարկաներին` պատերազմ հայտարարելով նրանց։ Այսպիսով նա իր ժամանակից առաջ անցավ` կանխագուշակելով գալիք մարտահրավերները։ Իր վարքագծով և ապրելակերպով նա մեզ անընդհատ յուրատեսակ դասեր էր տալիս։ Կարծում եմ` Փարաջանովն իսկապես երջանիկ մարդ էր։ Եվ նա երջանկություն էր գտնում անգամ իր անազատության մեջ»։

Սուրեն Հասմիկյանի ելույթի ասես օրգանական շարունակությունն էր մշակութաբան և ազգագրագետ Լևոն Աբրահամյանի խոսքը.

«Անձամբ ինձ վրա Փարաջանովը շատ խոր ու հիմնավոր ազդեցություն է թողել։ Կարծում եմ, որ նա իրավամբ կարողանում էր ներթափանցել տարբեր ժողովուրդների պատմական հնագույն շերտերը՝ իր իսկ արվեստում պահպանելով դրանց արխաիկ հիշողությունը։ Նա ծեսեր էր հորինում ու աննկարագրելի հավաստիություն հաղորդում դրանց։ Փարաջանովն ամեն ինչում որոնում ու գտնում էր գեղեցիկը․․․Շատ տեղերում հանդիպել եմ, որ ռեժիսորին համարում են ազգագրական կինեմատոգրաֆի, վիզուալ մարդաբանության ներկայացուցիչ։ Նա իսկապես որ իր գործերում օգտագործում էր ազգագրությունը, մարդաբանությունը որպես նյութ։ Չնայած նշեմ, որ նրա համար բացարձակապես  կարևոր չէր այդ իրերի, առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը։ Դրանց հիմնական իմաստը գեղեցկության մեջ էր։ Փարաջանովն ինքն էր նշանակություն և գործառույթ հորինում։ Սակայն այդ հորինվածքը չի զգացվում։ Ամեն ինչ շատ բնական էր։ Ոչինչ բուտաֆորային չէր, նա իրական առարկաներ էր օգտագործում։ Այդ պատճառով էլ էկրանին, կադրի կոմպոզիցիայում դրանք շատ հավաստի էին դիտվում։ Չկար և ոչ մի խաբկանք»:

«Ոսկե ծիրանի» ողջ ընթացքում փարաջանովյան զրույցների մշտական մասնակիցն էր նաև ռուս մշակութաբան, կինոգետ, ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Կուլտ կինո» սիրված հաղորդաշարի վարող, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը։ Ահա թե ինչի վրա շեշտը դրեց  նա.

«Փարաջանովյան արվեստն այն ամենի հայելացումն է, ինչը մենք` մշակութաբաններս, անվանում ենք «տրանսկուլտուրալիզմ»։ Այսինքն՝ տարբեր երկրների, ազգերի ու ժողովուրդների մշակույթ՝ միևնույն ժամանակ, միևնույն տեղում և մեկ միասնական հարթության վրա։ Շատ ուրախ եմ, որ այստեղ՝ Երևանում ցուցադրում են նրա հատկապես վաղ՝ 1950-ական թթ․ նկարահանած ֆիլմերը։ Եվ հանդիսատեսն էլ, մասնավորապես, երիտասարդները հնարավորություն ունեն դիտելու դրանք և պատկերացում կազմելու Վարպետի նաև առաջին աշխատանքների մասին։ Քանի որ հենց դրանք էլ սնում են նրա արվեստի ակունքերն ու կենսունակություն հաղորդում դրանց։ Սա նրա ստեղծագործության սաղմնային, սակայն չափազանց կարևոր ու նշանակալից շրջանն է։ Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս այն մշակույթների առանձնահատկությունները, որոնք նա ուսումնասիրում և ներկայացնում էր։ Քանզի ծնված լինելով Թբիլիսիի նման քաղաքում` Փարաջանովը հավասարապես կրողն էր մոտ 4-5 տարբեր մշակույթների։ Սա վերաբերում է նաև դավանանքին, հավատքին, կրոնի հարցերին։ Եվ եկեք չմոռանանք, որ այս երկու հասկացություններն ու գործոններն էլ լիովին մոռացված էին խորհրդային ժամանակներում։ Թեʹ Աստված էր մոռացված և թեʹ ամեն ազգայինը, ժողովրդի օրիգինալ, ոչ ոքի և ոչնչի չնմանվող արվեստն ու մշակույթը»:

https--fbcdn-sphotos-a-a.akamaihd.net-hphotos-ak-prn1-59945_325227717581723_304120794_nԵվ Փարաջանովյան զրույցների առաջին օրը եզրափակեց լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, որի նկարած անմոռանալի լուսանկարն էլ հենց զարդարում էր այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բոլոր ազդագրերը.

«Ինչպես արդեն նշեց հարգելի պարոն Ռազլոգովը, Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում։ Եվ սա ոչ միայն կենսագրական փաստ է, այլև շատ կարևոր, հիմնարար նշանակություն ունեցող երևույթ։ Քանի որ Թբիլիսին ֆանտաստիկ քաղաք է, պարզապես ցնցող։ Ռեժիսուրայի և դրամատուրգիայի անվճար վարպետության դասեր ամեն օր, փողոցում։ Արվեստի, մշակույթի բնօրրան և տոն։ Ամենատարբեր էթնոսների ու կրոններ դավանող մարդկանց հավաքատեղի։ Այն բակը, որտեղ նա ծնվել և մեծացել է, ասես թատրոն լիներ։ Եվ նա էլ մեծանալով դարձավ այս ամենի մի ներդաշնակ, օրգանական մասը։ Կարծում եմ, որ Փարաջանովը որոշ իմաստով կին էր։ Քանի որ դեռևս մանուկ ժամանակից սկսած` իր քրոջ հետ խաղեր էր խաղում, ներկայացումներ բեմադրում ու քիչ-քիչ ներթափանցում կնոջ խորհրդավոր ներաշխարհ, հոգու եզերք։ Չէ՞ որ կնոջ էությունն ավելի նուրբ է ու զգայական, գողտրիկ և խորը։ Սա լրիվ այլ ֆենոմեն է, մեկ այլ տիեզերք։ Կյանքի լիության զգացումը, զգայական աշխարհի գեղեցկությունը, իրական ապրումների մաքրությունը նա վերափոխում էր անիրականի, ֆանտաստիկի։ Եվ եթե դրան գումարենք նաև նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, ապա արդեն ավելանում է նրա գերզգայականությունը, լարվածությունը, իրականության, սիրո ողբերգական, սահմանային ընկալումն ու տիեզերական չափումը։ Վիզուալ իմաստով նա կյանքը լրիվ այլ կերպ էր տեսնում։ Նա մեծ վիզիոներ ու նույնքան մեծ միստիֆիկատոր էր։ Եվ արտահայտում էր դա կինոյի լեզվով, քանզի հենց սկզբից գիտակցեց այս արվեստի մեծ պոտենցիալն ու հզոր ուժը։ Նրա ստեղծագործության մեջ արվեստաբանական մի քանի շերտեր կան, ընդ որում՝ անսպառ։

Փարաջանովը շարունակում է ապրել նաև մեր օրերում․․․

Իսկ ելույթս կուզեի ավարտել մի կատակով․ Փարաջանովը վրացիների և հայերի հետաքրքիր համեմատություն էր անում։ Նա ասում էր, որ վրացիները նման են խաղողի որթի։ Նրանք ևʹ միասին վազ են, ևʹ առանձին վերցրած` դրա հատիկները։ Իսկ հայերը նման են նռան։ Նրանք մեկն են, միասնական, իրար մեջ մտած։ Եվ այնքան դժվար է քանդել նրանց այս կեցությունը, մեկը մյուսից անջատել, բաժանել նրանց։ Հայը լրիվ այլ տրամադրություն և հոգեվիճակ է»:

Օր 2-րդ

Երկրորդ օրվա քննարկումը դարձյալ վարում էր կինոգետ Գարեգին Զաքոյանը, որ նախ ողջունեց բոլոր ներկաներին, ապա խոսքը տվեց կինոգետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կինոարվեստի բաժնի գիտաշխատող Արսեն Համբարձումովին։

«Ես կցանկանայի խոսել Փարաջանովի արվեստում իրերի յուրօրինակ օգտագործման մասին։ Քանզի համոզված եմ, որ նրա արվեստում առարկայական աշխարհը յուրահատուկ խորհրդանշական արտահայտություն է ստանում։ Դրանց գործառույթները բազմազան են։ Դրանք դիպչում են հերոսներին, փոխազդում նրանց հետ, ներգործում, փոխում նրանց ճակատագրերը։ Այս ամենը վերաբերում է ռեժիսորի այն ֆիլմերին, որոնք անմիջականորեն առնչվում են հենց ֆիզիկական իրականությանը։ Իրերն ու առարկաները Փարաջանովի մոտ խաղարկվում են ու զարգանում։ Սա անսյուժե կինեմատոգրաֆի օրինակ է, որտեղ սյուժետային գիծն անհրաժեշտ չէ և ամենևին ավելորդ է, այն որևիցե իմաստային ծանրաբեռնվածություն չի կրում։ Իհարկե, այս ամենը կա նաև Փարաջանովի կինեմատոգրաֆիական աշխարհում, սակայն ես կուզեի խոսել նաև իրերի դերի ու նշանակության մասին ինքնին նրա սցենարներում ու նաև պլաստիկական աշխատանքներում, որոնք իրենցից կերպարվեստի նմուշ են ներկայացնում. նրա կոլաժները, խաղալիքները, տիկնիկները և այլն։ Չէ՞ որ իրերը նախևառաջ նրա կյանքում էին մեծ դեր խաղում։ Եվ հենց այս մասին էլ իրենց գրքերում գրում են Կարեն Քալանթարն ու Վասիլի Քաթանյանը։ Իրերը Փարաջանովի ֆիլմերի միզանսցեններում, կադրի կոմպոզիցիաներում սկզբունքային նշանակություն ունեն։ Հետաքրքիր է նաև այն, թե ինչպես է այս կամ այն իրը փոխներթափանցում կողքին գտնվող մեկ այլ առարկայի կամ նույնիսկ մարդու հետ` լիովին վերափոխվելով ու տրանսֆորմացվելով, վերաիմաստավորվելով և վերարժևորվելով։ Այս ամենի մասին գրում էր նաև Մարտին Հայդեգգերը։ Շատ կարևոր է այս դեպքում արվեստի կերպարային կառուցվածքը` ստրուկտուրան։ Փարաջանովի ֆիլմերը հաճախ նմանվում են գեղեցիկ պատկերների հավաքածու-շղթայի, որոնք թվում է, թե կապված չեն միմյանց հետ մեկ միասնական սյուժետային գծով։ Սակայն դրանց միջև կան շատ ակտիվ ներքին կապեր, որոնք էլ միավորում են դրանք մեկ միասնության մեջ և հանդիսատեսի մեջ բազմապիսի ասոցիացիաներ ծնում։ Եվ նույնիսկ Վարպետի վաղ ֆիլմերը դժվար է սյուժետային անվանել։ Նրա համար ամենակարևորը ստատիկ կադրն է, որը լցված է փարաջանովյան իրեղեն աշխարհով, նյութական իրականությամբ, որն ընկալվում է որպես աննյութական, ոգեղեն սուբստանցիա և ընդհակառակը։ Այս ամբողջ կերպարային համակարգն է, որ իմաստային դեր է ստանում։ Դրանք իրենց մեջ յուրատեսակ լիցք, զարկերակ են կրում` արտացոլելով հեղինակի օրիգինալ տեսլականն ու կյանքը տեսնելու կերպը։ Իրերի հայեցման պրոցեսի հետևանքով էլ հանդիսատեսը որոշակի ինֆորմացիա է ստանում։ Փարաջանովի կինոաշխարհում մարդու և իրի միջև անքատկելի կապ է ստեղծվում։ Եվ սա մի իսկական, շշմելու և ցնցող հայտնություն է։ Ընթացքի օբյեկտիվությունը, առօրյա տրամաբանությունն իրենց տեղն են զիջում անգիտակցական սկզբին, իռացիոնալ տարերքին, սուբյեկտիվությանն ու հեղինակի անձնական աշխարհընկալմանը` ցուցադրելով նրա անկրկնելի ներաշխարհը, հոգևոր նախասկիզբը։ Քանի որ հենց իրերի միջոցով է, որ Փարաջանովն արտահայտում է իր վերաբերմունքը կյանքի հիմնական հասկացությունների ու դրա բուն էության վերաբերյալ»։

Հաջորդիվ հանդես եկավ Ջեյմս Սթեֆֆենը, որ կինոյի պատմաբան է, կինոարվեստի և մեդիայի մասնագետ։ Նշենք, որ իր դոկտորական աստիճանը նա ստացել է Ատլանտայի «Էմորի» համալսարանում` պաշտպանելով ԽՍՀՄ-ում ազգայինի և գեղագիտության մշակութային քաղաքականության վերաբերյալ և մասնավորապես Սերգեյ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտական թեզ։ Հավելենք, որ Սթեֆֆենը նաև Վուդրոֆի գրադարանի արխիվի ղեկավար և գրադարանավար է, որի հետաքրքրությունների ոլորտում է մեդիա գրագիտությունն ու դրա դասավանդումը։ Պարոն Սթեֆֆենը մասնավորապես ասաց.

«Խոսքս թերևս կսկսեմ իմ հեղինակած գրքի ներածությունից, որտեղ խոսվում է Փարաջանովի և Վիկտոր Շկլովսկու մասին։ Ինչպես գիտեք, Շկլովսկին շատ էր հետաքրքրվում Փարաջանովի գործերով ու հետագայում էլ սկսեց համագործակցել նրա հետ՝ կապված իր սցենարների վրա տարվող աշխատանքների հետ։ Առաջին հանգամանքը պոետիկ կինոն է, այսինքն՝ պոեզիան և պրոզան (արձակը) կինոյում, ինչի մասին ինքը` Շկլովսկին 1927 թ․ մի ամբողջ էսսե է գրել։ Բայց հետո նա մեկ այլ գիրք գրեց` «Արվեստն իբրև գործիք»։ Ու արդեն այս գրքում նա գրում է օտարվածության, անհաղորդության մասին։ Նա մանրամասն վերլուծում է արվեստը, արվեստի ստրուկտուրալ առանձնահատկությունները, խոսում ձևի և բովանդակության, դրանց փոխհարաբերությունների և հակազդեցության մասին։ Եվ Փարաջանովին էլ օրինակ է բերում` որպես օտարման ու անհաղորդության, բարձր, էլիտար պատվանդանին գտնվող արվեստի և հանդիսատեսի միջև յուրատեսակ պատի գոյության փայլուն օրինակի։ Փոխարենը Փարաջոնվին բնորոշ է գերհագեցած ու լարված էսթետիզմը, որը և նրան հաճախ հեռացնում է հասարակ հանդիսատեսից։ Փարաջանովը սիրում էր մեզ համար առօրեական, սովորական առարկաները տեղադրել նոր իրավիճակում և կամ դրանք լրիվ այլ բնույթով ու գործառույթով օգտագործել։ Այսպիսով իրը դադարում է պարզապես օբյեկտ լինելուց և վեր է ածվում էսթետիկական առարկայի։ Այս օտարումն առկա է նաև այն բանում, որ ռեժիսորն իր ֆիլմերում երաժշտություն է օգտագործում։ Այսինքն՝ հետաքրքրականը ոչ թե այն է, որ նա երաժշտություն է օգտագործում, այլ այն, թե ինչպես է դա օգտագործում։ Սա արդեն ֆիլմը վեր է ածում աուդիո-կոլաժի։ Բայց կրկին առանց երկխոսությունների։ Սակայն Փարաջանովը նաև լռությունն է շատ յուրօրինակ օգտագործում՝ էպիզոդների սկզբում և վերջում։ Յուրատեսակ է նաև այն, որ հեղինակը մեզ է ներկայացնում էսթետիկական օբյեկտն ու կոտրում դրա հետ կապված ընդունված բոլոր հնարավոր ու անհնար կարծրատիպերը։ Շատ բաներ էլ նա դիտմամբ է անում, օրինակ, երբ չի ներկայացնում դիալոգներ։ Հենց այս ամենի մասին էլ գրում է Շկլովսկին իր հայտնի գիտական ուսումնասիրության մեջ։ Սակայն կարծում է, որ այս օտարումը նաև հակառակ արդյունք ունի. ստիպում է հանդիսատեսին ավելի ակտիվ ու ներգրավված լինել ֆիլմի ողջ ընթացքի, դրա ամեն մի դետալի մեջ»։

Կլոր սեղան-գիտաժողովը շարունակեց կինոռեժիսոր, նկարչուհի և բանաստեղծուհի Տատյանա Դանիելյանցը.

«Ես ապրում եմ Ռուսաստանում և Վենետիկում։ Քանի որ ես նույնպես արվեստագետ եմ, պոետ, նշեմ, որ իմ և իմ սերնդակիցների համար, երբ խոսում էինք խորհրդային կինոյի մասին, միայն երկու անուն կար՝ Փարաջանով և Տարկովսկի։ Մենք երիտասարդ էինք և աշխարհը, կյանքն ու մարդկանց ընկալում էինք հենց նրանց արվեստի պրիզմայով։ Հասունանալով ես կարճամետրաժ ֆիլմ նկարահանեցի, որը կոչվում էր «Երազների որմնանկարներ»։ Ամեն տարի Երևան եմ գալիս և ասեմ, որ իմ ամենասիրելի վայրերից մեկն այստեղ հենց Փարաջանովի տուն-թանգարանն է։ Այն ոգին, որ թևածում է այստեղ, աննկարագրելի է, այն որևէ ուրիշ բանի հետ չես փոխի, չես համեմատի նույնիսկ։ Այն դարձել է իմ հոգևոր տունը։ Ըստ իս, Փարաջանովը փոխել է կինեմատոգրաֆիական մտքի ամբողջ ընթացքը` սկսելով ամեն ինչ սկզբից, մոռանալավ ամեն ինչ, կարծես առաջին անգամ, ինքնամոռաց կերպով տրվելով նախաստեղծ ներշնչանքի ոգուն։

Եվ այսպես, իմանալով, որ հաջորդ, այսինքն` արդեն այս տարին, հոբելյանական է, ես սկսեցի մշակութաբանական ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարել Վենետիկում` փորձելով պարզել այն կապերը, որոնք գոյություն ունեն Փարաջանովի, Վենետիկի և, առհասարակ Իտալիայի միջև։ Իմացա, որ 1977 թ․ այստեղ տեղի ունեցած արտ-բիեննալեի ժամանակ կազմակերպվել է նաև նրա ռետրոսպեկտիվը։ 1983 թ․ այնտեղ մի գիրք է հրատարակվել՝ «Ճանապարհորդություն անցյալի և ապագայի միջով․ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմություն»։ Այս գրքում հայ, ռուս, լեհ, ֆրանսիացի և իտալացի կինոգետներն ու կինոքննադատները վերլուծում են ժամանակակից Հայաստանի կինեմատոգրաֆի համայնապատկերը։ Եվ այս հոդվածներում բազմիցս խոսվում է Փարաջանովի մասին։ Եվ ահա իր մահվանից 2 տարի առաջ` 1988 թ., Փարաջանովը գալիս է Վենետիկ` Լիդո կղզի` մասնակցելու ամենամյա կինոփառատոնին։ Ես գնացի Սբ․ Ղազար կղզի, որին, պարզվում է, Փարաջանովը նվիրաբերել է իր յուրահատուկ կոլաժներից մեկը, որը կատարված էր Լեոնարդո դա Վինչիի ոճով ու մաներայով։ Դրանում նա օգտագործել էր հայ քահանաների, եպիսկոպոսների թիկնոցների թանկարժեք մասնահատվածներ։

Փարաջանովը մեծ էր, վեհ մարդ էր։ Նա դուրս էր, վեր էր ցանկացած գաղափարախոսությունից։ Նա ինքը գաղափարախոսություն էր։ Անձամբ ինձ թվում է, որ նա վենետիկցի էր, կոլորիստ, որ աշխատում էր ապակիով, հայելիներով, փետուրներով, մետաքսով, զանազան գործվածքներով, թանկարժեք քարերով, ուլունքներով, ժանյակներով։ Եվ ես էլ որոշել եմ մի ցուցահանդես նվիրել Փարաջանովի հիշատակին, որը, հուսով եմ, այս սեպտեմբերի 5-ին կբացվի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Ցուցահանդեսը կունենա «Նվերներ» խորհրդանշական վերնագիրը, քանի որ ինքը` Փարաջանովը, շատ հյուրասեր ու առատաձեռն մարդ էր, սիրում էր նվերներ անել թեʹ մտերիմներին ու հարազատներին և թեʹ անծանոթ մարդկանց։ Ասեմ, որ այցելուներին շատ հետաքրքիր բաներ են սպասում։ Ու նաև` կոլաժների ցուցադրություն։ Այսպիսով, իմ խորին համոզմամբ, արվեստը, մշակույթը համամարդկային է, ունիվերսալ, որը ժամանակ և ավանդույթ է միահյուսում»։

Տիկին Դանիելյանցի ելույթին հաջորդեց արվեստաբան, հնագետ, հնէաբան Հասմիկ Հմայակյանի խոսքը․

«Ես կցանկանայի խոսել Փարաջանովի արվեստում առկա երեք հիմնական գույների, դրանց միասնության ու նաև հակամարտության մասին․ կարմիր, սպիտակ և սև։ Սպիտակը խորհրդանշում է մայրական կաթն ու տղամարդու սերմնահեղուկը, կարմիրը՝ մարդկային արյան ամենատարբեր դրսևորումները, իսկ սևը՝ արտաթորանքը։ Սրանք ի հայտ են գալիս մարդկային կենսագործունեության տարբեր փուլերում։ Մարդկանց կողմից այս գույները օժտվել են գերբնական ու ծիսական նշանակությամբ։ Սպիտակը կուսության, մաքրության խորհրդանիշն է։ Կարմիրը` գեղեցկության, սիրո, կրքի և հասունացման, իսկ սևը՝ մահվան։ Այսինքն` այս երեք մետաֆիզիկական գույներն ամփոփել են մարդկային կյանքի բոլոր հիմնական շրջափուլերը։ Այս երեք գույների սիմվոլիկան ու դրանց խորհրդաբանությունն անսպառ են։ Ավելի լայն ու խորը իմաստով այս երեք գույները կազմում են համայն Տիեզերքի եռամիասնությունը։ Սպիտակը խորհրդանշում է երկինքը, կարմիրը՝ երկիրը, իսկ սևը՝ անդրշիրիմյան աշխարհը։

Սակայն ես կուզեի խոսել նաև փարաջանովյան արվեստում առկա պատուհանների մասին, պատուհանի այլաբանական ընկալման մասին։ Բացի լույսի աղբյուր լինելուց` դրանք նաև այս ու այն աշխարհների միջև սահմանի դեր են կատարում։ Ու այս ամենը նա անում էր ինտուիտիվ, ենթագիտակցական կերպով։ Այս ամենը վկայում է փարաջանովյան սյուրռեալիստական հայացքի ամենատեսության, հեռուն ընդգրկելու և ապագան կանխագուշակելու եզակի կարողության մասին»։

Սերգեյ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված 2-րդ կլոր սեղանը եզրափակվեց կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի տպավորիչ ելույթով.

 «Փարաջանովն ունիկալ ֆենոմեն է։ ՎԳԻԿ-ի պատմության մեջ նա միակն էր, որի դիպլոմային աշխատանքը դիտել են երկու անգամ։ Ինչպես Փելեշյանն է ասում. «Ռեժիսորի համար ամենակաևորը առաջին ֆիլմն է։ Այնտեղ արդեն ամեն բան կա»։ Ռեժիսորը զարմանալի տեսլական ուներ։  Նրա նատուրան, բնույթն էր այդպիսին՝ տեսնել ամեն բան մոգականի, կախարդականի, հեքիաթի պրիզմայի միջով, ինչը սաղմնային վիճակում առկա էր և նրա ավարտական ֆիլմում։ Արդ, ուզում եմ խոսել այն մասին, որ Փարաջանովը հիրավի կարողանում էր ներթափանցել այլ ազգերի, ժողովուրդների մշակութային ամենախոր շերտերի և անգամ պատմական հիշողության մեջ։ Եվ դա բացատրել լոկ այն հանգամանքով, որ Փարաջանովը ծնվել ու մեծացել է Թիֆլիսում, մի քաղաքում, որ ինքնին մշակույթների խաչմերուկ և համաձուլվածք է, կլիներ շատ թերի: Մի կողմ դնելով այն փաստը, թե ինչ ահռելի դեր են ունեցել հայերն այդ քաղաքի պատմության և զարգացման մեջ, ձևակերպեմ այսպիսի մի հարց միայն. բազմազգ այդ քաղաքում ծնված քանի՞ ոչ հայկական ծագում ունեցող անհատի անուն կարելի է տալ, որոնց բնորոշ է ուրիշ ազգերի մշակույթի մեջ թափանցելու կարողությունը… Այնինչ, չէ՞ որ արվեստում, մասնավորապես՝ հենց հայկական կինեմատոգրաֆում Փարաջանովը տաղանդավոր նախնի ուներ հանձին Համո Բեկնազարյանի, որին նույնպես բնորոշ էր «տրանսկուլտուրալիզմ» ասվածը, ազգագրականությունն ու վիզուալ մարդաբանությունը։ Նրանց երկուսի ստեղծագործական կենսագրություններում էլ առկա են էթնոգրաֆիզմն ու ծիսականությունը։ Սակայն Բեկնազարյանի դեպքում դրանք բնույթով դոկումենտալ են, հավաստի, իսկ Փարաջանովի դեպքում՝ պայմանական ու խորհրդանշական։

Կարող եմ ասել, որ մեզ՝ հայերիս, առհասարակ, բնորոշ է այդ հատկությունը` ուրիշ մշակութային տարածության մեջ կայանալը։ Կայանալը, ոչ թե նմանակելը: Դա ոչ թե մեր մշակույթի առանձնահատկությունն է, որը միշտ եղել և մնում է շատ ինքնատիպ, այլ մեր բնության` էության առանձնահատկությունը: Այդ պատճառով էլ մենք այդքան հեշտությամբ կայանում ենք դրսում, կարողանում ենք մտնել ու ադապտացվել այլ, մեզանից շատ տարբեր մշակույթների և իրականության մեջ։ Իմ այս թեզն ապացուցվում է նաև անընդհատ համալրվող մեր Սփյուռքի գոյությամբ։ Անշուշտ, դրանից մենք այնքան էլ չենք շահում, թեև Հայաստանի, հայերի ու մեր արվեստի անունն ենք բարձր պահում աշխարհում, կայացման այս ճանապարհին նաև նշանակալի, արժեքավոր բաներ ենք կորցնում, ձուլվում ենք, փոշիանում, անէանում է մեր ինքնությունն ու ազգային ինքնագիտակցումը։ Ինչպես, օրինակ` Ռուբեն Մամուլյանի կամ Ատոմ Էգոյանի դեպքում է, երբ այսպիսի հարց են տալիս, թե արդյոք ո՞րն է հայկական տարրը նրանց ֆիլմարվեստում։ Նույնիսկ Փարաջանովի առնչությամբ են նման հարց տալիս` համարելով նրան բացառապես «տրանսնացիոնալ երևույթ»: Այնինչ համոզված եմ, որ «Նռան գույնը» երբևէ նկարված ամենահայկական ֆիլմն է: Կարծում եմ, որ ամեն դեպքում արվեստը պետք է լինի ազգայինի և համամարդկայինի միասնական խառնուրդ, այսինքն՝ լայնացնի նեղ ազգային շրջանակները` ձգտելով համամարդկային հնչեղության, հետաքրքիր և հասկանալի դառնալով համայն աշխարհին, բայց նաև չկորցնելով շատ կարևորը, էականը՝ ազգային էությունը, կոլորիտը, ինչ-որ չափով ու ինչ-որ իմաստով նաև ֆոլկլորն ու էկզոտիկան, որոնք նույնպես արվեստի առանձնահատկությունը, յուրահատկությունն են կազմում: Այս ամենը հատուկ է և Սերգեյ Փարաջանովին»։

Մարիա Թոքմաջյան

 

 

Դիտվել է 398 անգամ