«Մեռյալ հովիտը»

mryalՌեժիսոր Ռոման Մուշեղյանի մոտ 70 րոպե տևողությամբ «Մեռյալ հովիտ» ֆիլմը պատմում է մի խումբ երիտասարդների մասին, որոնք որոշում են իրենցից մեկի ծննդյան օրը տոնել Մեռյալ հովիտ կոչվող արգելոցում: Պարզվում է, որ դա հաջող գաղափար չէր, քանի որ գիշերն անտառում դժվար չէ կորչելը: Տագնապալի է նաև այն, որ այստեղ է բնակվում առեղծվածային մի ուրվական՝ ճերմակ զգեստով հանգուցյալ մի կին, որ նպատակադրված է մեկ առ մեկ որսալ ու սպանել երիտասարդներին: Լեղապատառ հերոսները պետք է արագ կողմնորոշվեն ու պայքարեն թեʹ արտաքին և թեʹ ներքին թշնամու դեմ, եթե ուզում են կենդանի մնալ այս գիշեր:

«Մեռյալ հովտի» ստեղծողները պնդում են, որ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա: Գուցե: Նման բան էին ասում և ամերիկյան հանրահայտ «Բլերի վհուկը» (1999թ.) ֆիլմի կապակցությամբ, բայց պարզվեց, որ թե՛ Բլեր քաղաքը, թե չար վհուկի մասին լեգենդները մաքուր հորինվածք են: Բայց, վերջին հաշվով, այս հանգամանքը էական չէ, երբ խոսքը ֆիլմերի որակի մասին է:

Իրականության պատրանքն ավելի արժանահավատ դարձնելու համար համաշխարհային կինոյում վերջին 30 տարվա ընթացքում, մասնավորապես՝ սարսափ ֆիլմերում, բազմիցս դիմել են արդեն առանձին ենթաժանր դարձած «գտնված ֆիլմ» (անգլերեն՝ found footage) հնարքին, որը կիրառվում է և «Մեռյալ հովտում»: Սա այն է, երբ պերսոնաժներն իբր իրենք են նկարել ֆիլմն իրենց տեսախցիկներով, բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով, և այդ ամբողջ նյութը ներկայացվում է որպես իրական: Փաստորեն, դերասանական խաղը, պերսոնաժների գործողություններն ու հարաբերությունները, պատմության զարգացման ընթացքը պետք է հատկապես բնական լինեն, որպեսզի դիտողն ընդունի խաղի կանոնները: Ոչ պակաս կարևոր է օպերատորությունը, որ նախապես պլանավորված չերևա, բայց և չափից դուրս քաոտիկ էլ չլինի:

Այս և բազմաթիվ այլ մանրուքներ չափազանց կարևոր են found footage ֆիլմում իրականության պատրանք ստեղծելու համար: Սակայն այս ամենը մի գրոշ էլ չի արժենա, եթե չլինի գեղարվեստական ստեղծագործության ամենահիմնարար տարրը՝ դրաման: «Մեռյալ հովտի» գլխավոր խնդիրն էլ գուցե հենց այն է, որ տպավորություն է ստեղծվում, թե ֆիլմը նկարահանված է զուտ հնարքի՝ տրյուկի համար, իսկ մարդկային դրաման, ուժեղ պերսոնաժներն ու տրամաբանությունը երկրորդական կամ երրորդական դեր են խաղում:

Առաջին իսկ ակնթարթներից ֆիլմը ջանում է վախենալու թվալ: Ու դա արտահայտվում է անդադար հնչող արտակադրային երաժշտությամբ, ինչն արդեն իսկ հակասում է ֆիլմի կոնցեպցիային: Նման կինոնկարներում, որտեղ խաղարկայինը ներկայացվում է որպես վավերագրություն, պատկերն ու ռիթմը պետք է բավական լինեն զարհուրելի ու տագնապալից մթնոլորտ ստեղծելու համար: Իրական աշխարհում, բնականաբար, սաունդթրեք չկա, իսկ նրա առկայությունը նման ֆիլմում կարող է  փոշիացնել պատրանքը: «Մեռյալ հովտում» երաժշտությունը բառի բուն իմաստով գրեթե չի լռում:

Եվս մի տարր, որը կարող է օտարել դիտողին ու կոտրել իրականության պատրանքը: Լեզուն: Ո՞ր մի հայը, հայտնվելով մի իրավիճակում, երբ մոլորվել է անտառում, կատարյալ խավարի մեջ և ընկերներին հերթով դաժանորեն սպանում են, կշարունակի խոսել գրական «է» օժանդակ բայով՝ ավելի խոսակցական «ա»-ի փոխարեն: Հերոսները երբեմն կիրառում են բառարանային բառեր, որոնք դժվար թե այդ պահին առաջինը գային մարդու մտքին: Չի օգնում և այն, որ դերասանների խաղն իսկապես խաղ է հիշեցնում: Չափազանցված շարժուձևը, առոգանությունը, ժամանակի թատերական զգացողությունը տպավորություն են ստեղծում, որ հերոսները միշտ նախապես տեղյակ են, թե ինչ է լինելու հետո:

Նույնը կարելի է ասել օպերատորական աշխատանքի մասին: Ֆիլմի կոնտեքստում օպերատորը, ինչպես արդեն ասացինք, հերոսներից մեկն է: Խցիկը երբեմն մի տեսակ անբնական դողէրոցք է ապրում՝ թռչելով դեմքից դեմք, մեկ էլ՝ պետքական պահին, վերցնում է ակնհայտորեն նախապես մտածված ընդհանուր պլաններ:

Սակայն ամենակարևորն այն է, որ սյուժե՝ որպես այդպիսին, չկա: Կա սյուժեի նախադրյալ՝ երիտասարդները տոնում են ընկերոջ ծնունդն անտառում, ու վատ բաներ են սկսում պատահել: Բայց ովքե՞ր են այս մարդիկ, ինչո՞ւ դիտողը պետք է նրանց ապրումակցի: Իրավիճակն ինքնին ապրումակցում չի կարող առաջացնել. այն արժեքավորվում է գեղագիտական կոնտեքստում: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ նախապատմություն է բացահայտվում, որոշ պերսոնաժներ որոշակի տեղեկություն են իրենց մասին հայտնում, բայց դրանք կարծես միայն բառեր են մնում: «Մեռյալ հովտի» հերոսների «դեմքերին կենսագրություն չկա», հետևաբար չկա նաև մարդկային դրամա:  Իսկ առանց դրա մնում է միայն 70-րոպեանոց թափառումը մութ անտառում, որտեղ մերթ ընդ մերթ ծառերի հետևում երևում է սպիտակ ուրվականը՝ «զարհուրելի» արտակադրային հնչյունների ուղեկցությամբ:

«Մեռյալ հովիտը» վառ ապացույցն է նրա, թե ինչ է լինում, երբ արվեստագետը հնարքը վերածում է ֆիլմի հիմնաքարի: Փաստը մնում է փաստ. found footage-ն ընդամենը միջոց է, ոչ թե նպատակ: Ճիշտ կիրառման դեպքում այն օգնում է ստանալու ռեալիստական, լարված տրամադրություն, բայց դժվար թե երբևէ կարողանա ինքն իրենով իր ուսերին տանել մի ամբողջ ֆիլմ:

 

Արթուր Վարդիկյան

Դիտվել է 334 անգամ

Calendar

September 2014
M T W T F S S
« Aug   Oct »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930