Լևոն Աթոյանց. «Այսօր էլ, եթե պատերազմ լինի,  էլի հաղթելու ենք: Դա մեր ճակատագիրն է»

AtoyancԿենսագրություն, որը կարելի է նույնացնել հայ կինոյի պատմության հետ: Կինոօպերատոր Լևոն Աթոյանց. ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: Սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: 1955-ին տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել «Հայֆիլմում»: Նկարել է 30-ից ավելի ֆիլմեր, այդ թվում՝  «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «Զինվորն ու փիղը», «Վառված լապտեր», «Որտեղ էիր,  մարդ Աստծո», «Աղետ» և այլն: Որպես օպերատոր 1994 թ. մեկնել է Արցախ՝ դառնալով նաև արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:

«Նե՛րս մտեք, այս դուռը երբեք փակ չի լինում»,- Լևոն Աթոյանցի հարևանուհին այսպիսով կանխում է վաստակաշատ կինոօպերատորի բնակարանի դուռը թակելու իմ, ինչպես պարզվում է, անիմաստ փորձը: Գրադարանի պահոց հիշեցնող նեղլիկ սենյակի իր անկյունում, համակարգչի առջև հայ կինոյի նահապետներից մեկն է:

- Ես սովորում էի Թիֆլիսի ռուսական դպրոցում, մեր սերունդը կռիվ էր տեսել, ու այդ կռիվը տեղափոխվել էր նաև դպրոց՝ դառնալով մեր խաղի անբաժանելի  մասը: Թիֆլիսն այն ժամանակ շատ հայկական էր, մինչ օրս պահել եմ հեռախոսագիրքը, քաղաքի կեսը հայկական ազգանուններ ունեն: Շատ զբաղմունքներ եմ ունեցել՝ նամականիշներ հավաքելուց մինչև ռադիոկոնստրուկցիա, իսկ կինոն իմ կյանք մուտք գործեց պատահաբար: Մերաբի Ջալիաշվիլի անունով տղա կար մեր դասարանում, որտեղից որտեղ 16 միլիմետրոնոց զսպանակով լուսանկարչական սարք էր գտել ու բերել դասարան: Ժապավեն չկար, բայց միացնում էինք, դռռոց էր դուրս գալիս ու այդպես իբր  նկարում էինք միմյանց: Հետո մեկ այլ նման սարք ընկավ ձեռքս, ու հասկացա, որ այդ սարքն  ինձ  ձգում է: Բացի  այդ, ես մեծացել եմ մի թաղամասում, որտեղ նկարահանվել են  «Պեպոն», «Գիքորը»: Այն կամուրջը, որտեղ ֆիլմում կանգնած է Գիքորը, գտնվում էր մեր տան կողքին: «Վրացֆիլմում» հայ կինոօպերատորներ կային, դասընկերոջս մորեղբայրը ստուդիայի տնօրենն էր: Նա խրախուսեց, որ մուտք գործենք այնտեղ որպես ասիստենտ: Իսկական կինոկրթությունը հետագայում ստացա «Հայֆիլմ» կինոստուդիայում: «Все осталное блеф» ինչպես ասում են:

Լևոն Աթոյանցը Հայաստան եկավ 1955 թվականին:

- Մեծ քաղաք, անծանոթ մարդիկ: Ընդամենը երկու ծանոթի հասցե ունեի, եկուսն էլ պատռեցի ու դեն շպրտեցի: Այն երկու տարիները, որոնք անցկացրեցի դրանից հետո, լավ է` չհիշեմ: Քնում էի կայարանում, բոլոր միլիցիոներներն ինձ ճանաչում էին: Ինձ մեծ դժվարությամբ ընդունեցին «Հայֆիլմ», որովհետև գրանցում չունեի: Մի օր էլ որոշեցի խորամանկ քայլի դիմել: Անատոմիկի հարևանությամբ գտնվում էր Սպանդարյան շրջանի միլիցիայի բաժանմունքը: Այդ ժամանակ  Նորքի բաղերում էի քնում, մի օր էլ ոտքով իջա դեպի միլիցիա, ամեն անգամ փորձում էի համոզել, որ ինձ գրանցեն: Օրվա հերթապահը մի գեղեցիկ աղջիկ էր, ասացի, կրկին մերժում ստացա: Նա սուրճ առաջարկեց, ես էլ չհրաժարվեցի: Մինչ նա գնաց ներս սուրճը պատրաստելու, ես վերցրի կնիքն ու ինձ անհրաժեշտ խփեցի: Հենց այսպես ձեռք բերված թղթի շնորհիվ ես ընդունվեցի «Հայֆիլմ»  որպես լուսավորող: Առաջին աշխատանքը Կամոյին նվիրված «Անձամբ  ճանաչում եմ» ֆիլմն էր:

Լևոն Աթոյանցն այսօր սիրով է հիշում նրանց, ովքեր օգնեցին կերտել կինոյում անցած  իր հրաշալի ճանապարհը: Ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հետ երկու ֆիլմ է նկարել, այդ թվում՝ «Քաոսը», Արման Մանարյանի հետ աշխատել է նրա դիպլոմային «Տժվժիկ»  ֆիլմում, Դմիտրի Քեոսայանի հետ նկարահանել է ծանր  ճակատագրի արժանացած «Ավդոյի մեքենան» :

- Բոլոր ֆիլմերը սիրում եմ, դրանք  ինձ համար շատ թանկ են, չնայած ֆիլմերից յուրաքանչյուրը, եթե նկարեի այսօր, բոլորովին այլ կերպ կնկարեի: Ինձ համար չափազանց ծանր էր «Հայֆիլմի»  կորուստը: 35 տարի դա իմ տունն էր: Ես այնտեղ սենյակ ունեի, որտեղ բոլոր ֆիլմերից ցուցանմուշներ էի հավաքել: Ամեն ինչ թալանվեց, ամեն ինչ ոչնչացվեց, մնաց ընդամենը մեկ տեսախցիկ, որով նկարել էի «Հեղնար աղբյուրը»:

Լևոն Աթոյանցի նկարահանած «Որտե՞ղ էիր, մա՛րդ Աստծո» ֆիլմը (ռեժիսոր Առնոլդ Աղաբաբով) ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունում  հաղթող  է ճանաչվել  «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում: Անկախության շրջանի հայկական կինոարտադրանքի մեջ  լավագույնը ճանաչված այս ֆիլմը ստեղծվեց պատերազմական ծանր տարիներին՝ 1991-94  թթ.:

- Ֆիլմի աշխատանքները սկսվել էին դեռ 88 թ., բայց Աղաբաբովի դեմ սկսեցին ինչ-որ դավեր նյութել, ու ֆիլմն ընդհատվեց: Սկզբնական աշխատանքների ժամանակ նկարահանումների վայրն ընտրելիս  ես Աղաբաբովին առաջարկեցի Լոռվա մարզի իմ պապական գյուղը՝ Գոգարանը: Շատ հավանեց, ու սկսվեցին նկարահանումները: Սենյակը, որտեղ նկարահանման ողջ սարքավորումներն էին, 88-ի երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ փլուզվել էր:  Իսկ  նկարահանող խումբը փրկվեց միայն պատահականության շնորհիվ. լուսավորողներն աշխատավարձ չստանալու պատճառով բունտ էին արել, ու խումբը դեկտեմբերի 6-ին եկել էր Երևան: Ֆիլմի նկարահանման աշխատանքները վերսկսվեցին 91-ին: Նախկին կադրերը չօգտագործվեցին, ամեն ինչ նկարահանվեց նորից: «Որտե՞ղ էիր, մա՛րդ Աստծո» ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվեցին 1994-ին:

Հայրական կողմս արմատներով Արցախից է: Ես անընդհատ առիթ եմ փնտրել այնտեղ մեկնելու: 1962 թ. Թիֆլիսում բնակվող ադրբեջանցի մի վարորդ՝ Ռաշիդը, որին Ռաֆիկ էինք ասում, ինձ տարավ Շուշի: Այնտեղ շատ լավ լուսանկարներ արեցի, շուկայում տարազով ադրբեջանցի կանանց փորձեցի նկարել, բայց նրանցից մեկն ինձ մոտեցավ ու  ասաց,  որ իրենց չի կարելի նկարել: Դրանից հետո միշտ էլ ցանկություն եմ ունեցել մեկնել Արցախ, բայց չէր ստացվում: 94-ին «Որտե՞ղ էիր,  մա՛րդ Աստծո» ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո` հաջորդ օրն իսկ մեկնեցի Արցախ:

Լևոն Աթոյանցն Արցախ է մեկնել կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ: Նկարահանումներ է կատարել Աղդամում, Ֆիզուլիում, Մաղավուզում, Տողում և այլն: Նկարահանված նյութն օգտագործվել է ռեժիսորի տարբեր ֆիլմերում:

- Ամենասարսափելին առաջին տասը օրերն էին, հետո սովորեցի: Նայում ես՝ մարդիկ հանգիստ, անգամ կատակներ են անում: Մի կողմում պայթյուններ են, մյուս կողմում՝ հանգիստ  զրուցում են: Նկարահանման ժամանակ վախ չես զգում,  դու պարզապես գործ ես անում: Բայց սարսափելի մի տեսարան նկարեցի, որից ուշքի չէի գալիս. 12 նոր երիտասարդ տղաներ էին եկել: Անզգուշորեն զինամթերքի մոտ կրակ էին վառել, որպեսզի տաքանան: Հզոր պայթյունից 12-ի մարմիններն էլ կտոր –կտոր էին եղել: Ես այդ տեսարանը նկարեցի, թվում էր՝ վախի զգացողությունն ամբողջությամբ կորցրել եմ, բայց ավելի ուշ սարսափելի սրտխառնոց սկսվեց: Միանգամից երկու ծխախոտ դրեցի բերանս, մեկը չէր օգնի: Հետո օղի տվեցին ինձ… Դաժան բան է պատերազմը:

Լևոն Աթոյանցը ցույց է տալիս այդ օրերին արված  բազմաթիվ լուսանկարներ, որտեղ, ի հեճուկս ներկայացված սարսափելի իրականությանը, մեր տղաների զարմանալիորեն ուրախ, հույս  ու լավատեսություն ներշնչող դեմքերն են: Լևոն Աթոյանն ասում է.

- Այնտեղ բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք, որովհետև ուրիշ ճանապարհ չունեինք: Այսօր էլ, եթե պատերազմ լինի, էլի հաղթելու ենք: Դա մեր ճակատագիրն է: Հակառակը  լինել չի կարող: Ոմանց կարծիքով` նոր պատերազմի դեպքում ջահելները չեն կարող կռվել, բլեֆ է դա, ինչպես և համոզվեցինք սահմանային վերջին միջադեպերի ժամանակ: Շատ բան է  փոխվել այսօր, իհարկե, բոլորի ուշքն ու միտքը փողն է, որը պատրաստ են շորթել ցանկացած եղանակով, ամոթ չկա: Բայց միևնույն է, պատերազմի դեպքում  բոլորս կհամախմբվենք, ամենավերջին վախկոտն էլ կգնա,  մեր անջատիչը կմիացնենք, մեզ  ու մեր հողը կպաշտպանենք: Ուրիշ ճանապարհ չունենք:

 

- Իսկ ինչո ՞ւ 1915 թվականին դա տեղի չունեցավ:

- Որովհետև այն ժամանակ մեզ խաբեցին, իսկ հիմա խաբվել այլևս չենք կարող: Աշխարհը փոքրացել է: Երկիր մոլորակն այսօր դարձել է մեկ ընդհանուր կոմունալ բնակարան, որի շուրջ կարող ես պտտվել  ընդամենը չորս ժամվա ընթացքում: Իսկ մեր երկիրը կշարունակի հազարամյակների իր ճանապարհը՝ պահպանելով աշխարհին ուղեղներ մատակարարելու իր առաքելությունը: Այլ խնդիր կա. փող ունեցողներն այսօր Հայաստանում անդադար եկեղեցիներ են կառուցում: Լավ կլիներ`  մեկն էլ «Հայֆիլմը» կառուցեր: Դա՛ էլ յուրօրինակ մի եկեղեցի է: Լավ երիտասարդներ ունենք, շատերն են ընտրում  կինոյի ճանապարհը, բայց ի՞նչ կարող են անել ավարտելուց հետո: Պետք է ի վերջո գործի այդ կինոֆաբրիկան, որը կմիավորի տաղանդավոր մարդկանց: Պատկառելի տարիքում էլ Ալբերտ Մկրտչյանը, օրինակ, այսօր ինչ-որ բան է փորձում անել, բայց կինոն մենակ մարդու գործ չէ, թիմային աշխատանք է: Իսկ կինոյի զարգացման համար Հայաստանը հրաշալի երկիր է: Այստեղ կան աշխարհագրական բոլոր գոտիները. 100 կիլոմետրի վրա կարող ես և՛ կանաչ անտառ նկարել, և՛ ձյունածածկ լեռներ: Հոլիվուդում նույնը անելու համար 5000 կիլոմետր պիտի անցնես: Մեր ճանապարհները լավն են, հյուրանոցները՝ նույնպես, խուժանություն չկա, գիշերն էլ ման գաս` վտանգավոր չէ: Կինոյի զարգացման համար այս ամենը կարևոր բաղադրիչներ են:

Ալիսա Գևորգյան

Դիտվել է 334 անգամ