Ռոման Պոլանսկին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր

պօլանսկիԿինոռեժիսոր Ռոման Պոլանսկին Լոկառնոյի 67-րդ միջազգային կինոփառատոնի (օգոստոսի 6-16-ը) պատվավոր հյուրն է: Օգոստոսի 14-ին, այսինքն` իր 81-ամյակից չորս օր առաջ, Պոլանսկին լսարանին կներկայացնի իր վերջին աշխատանքը` «Մորթիներով Վեներան»: 2013 թ. ժապավենը, որի գլխավոր դերը կատարել է Պոլանսկու կինը` Էմանուել Սենյեն, արժանացել է «Սեզար» ֆրանսիական ազգային կինոմրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում և դարձել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» հավակնորդ:

Պոլանսկին արժանացել է Լոկառնոյի կինոփառատոնի հատուկ մրցանակի ժամանակակից կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Անվանի ռեժիսորն այնտեղ կանցկացնի վարպետության դաս, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: «Վստահ եմ, որ դոգմատիզմի բոլոր ձևերին հակառակ` ռեժիսորի հետ հանդիպելու հնարավորությունն ամբողջ փառատոնի ամենահուզիչ պահերից մեկն է»,- ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կառլո Կատրիան:

2009 թ. սեպտեմբերին Պոլանսկին, որը հեղինակել է նաև «Ռոզմարիի երեխան», «Դառը լուսին», «Չինական թաղամաս», «Նողկանք» ֆիլմերը, ձերբակալվել է Շվեյցարիայում, ուր ժամանել էր Ցյուրիխի կինոփառատոնի հատուկ մրցանակ ստանալու համար: Կալանքի վերցնելու համար հիմք էր ծառայել 1977 թ. 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ նրա անօրինական սեռական կապի մասին ԱՄՆ-ում հարուցված գործը:

Ռեժիսորը բանտից դուրս է եկել գրավի դիմաց, և գրեթե 10 ամիս տնային կալանքի մեջ է եղել լեռնադահուկային Գշտաադ շվեյցարական առողջարանի իր շալեում: 2010 թ. հուլիսին Շվեյցարիայի իշխանությունները հրաժարվել են էքստրադիցիայի ենթարկել ռեժիսորին, հանել են կլանքը, ինչից հետո Պոլանսկին լքել է իր շալեն և Շվեյցարիայից մեկնել Ֆրանսիա:

Աղբյուրը՝ itar-tass.com

Դիտվել է 154 անգամ