ԱՌՆՈԼԴ ԱՂԱԲԱԲՅԱՆ – 85

082226bc0078b05bf50c6e04e9e19ffcԱյս անվան հետ են կապված հայ կինոյի պատմության շատ հետաքրքիր, նշանակալի էջեր:

Սցենարիստ, կինոդրամատուրգ և ռեժիսոր Առնոլդ Աղաբաբյանը (Աղաբաբով) հիրավի մեծ ներդրում ունի մեր ֆիլմարվեստում: Ու թեև ֆիլմերի լուսագրերում, ինչպես և Աղաբաբյանի փաստաթղթերում, նրա ազգանունը միշտ գրվել է փոխված վերջավորությամբ, քանի որ ծննդով Բաքվից էր, ինձ համար քաջալերող է հայ կինոգետ Գրիգոր Չախիրյանի օրինակը: Նա դեռևս 1971 թ. Մոսկվայում հրատարակված իր «Հայաստանի մեծ էկրանը» («Большой экран Армении») գրքում վերականգնել է իր հայրենակցի ազգանվան ճշմարիտ ձևը, ավելին, բացառապես հայեցի է այն ներկայացրել:
Առնոլդ Աղաբաբյանի հետ ինձ բախտ վիճակվեց վարել իմ առաջին հարցազրույցը: Կինոգետ Գարեգին Զաքոյանն առաջարկեց մեզ` այն ժամանակ ուսանողներիս, Ազգային ֆիլմադարանի համար հարցազրույցների շարք անել հայ կինոգործիչների հետ: Աննկարագրելի էր շփոթմունքս, երբ իմացա, որ «Բարև, ես եմ» ֆիլմի սցենարի հեղինակի հետ պիտի հանդիպենք: Նկարահանումն սկսվելուն պես իմ հուզմունքն անմիջապես նկատեց Առնոլդ Ռուբենովիչը և շտապեց հանգստացնել. «Լա՛վ, էդպես խառնվել պետք չէ, հո կլասիկներ չենք»: Այնինչ, ես շատ լավ գիտակցում էի, թե ով է իմ զրուցակիցը, բայց նրա բարի, համեստ կերպարն իսկապես հանդարտեցրեց ու շատ օգնեց երկխոսության կայացմանը:

Arnold Aghababov

Ռեժիսոր Արման Երիցյանը, կինոգետ Սիրանույշ Գալստյանը, Առնոլդ Աղաբաբյանը և օպերատոր Սիրական Աբրոյանը

Նախքան այդ զրույցին անդրադառնալը հարկ եմ համարում ներկայացնել Առնոլդ Աղաբաբյանի (1929-1999) կինոգործունեությունը: Սկսենք այն փաստի հիշատակումով, որ «Բարև, ես եմ» սցենարը նրա դիպլոմային աշխատանքն է: 1965-ին այս սցենարի հիման վրա Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած (օպերատոր` Ալբերտ Յավուրյան) համանուն ֆիլմն առայժմ միակ լիամետրաժ հայկական կինոնկարն է, որ ներկայացվել է Կաննի հիմնական մրցույթում: Այնպես որ վերնագիրը լրիվ արդարացված կարող է համարվել. չէ՞ որ մեծահամբավ կինոփառատոնի էկրանին իր ճակատագրով, ներաշխարհով և մտահոգություններով հայտնված հայ հերոսն առաջին անգամ աշխարհին ասում էր` բարև, ե՛ս եմ: Ֆրանսիացի անվանի կինոպատմաբան Ժորժ Սադուլը փառատոնի օրերին այն համեմատել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմի հետ:

BAREV-ES-EMՄեր կինոգիտության մեջ բազմիցս գրվել է, որ այս ֆիլմով նշանավորվեց հայ կինոյի վերելքը և կարևորվեց անցյալի, հիշողության տեղը և դերը հայի գիտակցության մեջ, առհասարակ նրա կյանքում: «Հիշողություններն անցյալի բեռ չեն, այլ` քաղց»,- ասում է  կինոնկարի գլխավոր հերոսը` ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանը:

Հպարտությամբ կարելի է նշել, որ սա մի ֆիլմ է, որի պոետիկան չափազանց արժանի և համաքայլ է 1960-ականների կինոմտածողությանը, որտեղ յուրացված են այն ժամանակի նոր դրամատուրգիական ու ոճական եղանակները, իսկ հերոսների խոսքն ու լեզուն անկաշկանդ են, բնական: Ֆիլմին յուրօրինակ մթնոլորտ հաղորդող երկխոսությունների տեքստի մեջ ժամանակ առ ժամանակ ներխուժում է նաև հեղինակի ձայնը, որն ընկալվում է որպես արտակադրային պերսոնաժ: Նա ականատես է, մասնակից ֆիլմում պատմված իրադարձություններին, ավելին, այդ «հեղինակը» գլխավոր հերոսի «երկրորդ եսն է» և ավելին գիտի նրա մասին:

Ֆիլմի դրամատուրգիայում կան բազմաթիվ անտեսանելի թելեր, որոնք հանդիպեցնում են մարդկանց, կապակցում իրարից հեռու տարածքները, դեպքերը: Բայց դրանք երբեք չեն հանգուցալուծվում սցենարական կարծրատիպային մոդելների տրամաբանությամբ:

«Բարև, ես եմ» ֆիլմն իրադարձություն էր ոչ միայն հայ, այլև ողջ խորհրդային երկրի կինեմատոգրաֆում: Կինոգետ Կարեն Քալանթարի վկայությամբ, այս կինոնկարը միաձայն ճանաչվել է 1965-ի ողջ խորհրդային կինոարտադրանքի լավագույն գործերից մեկը, ընդ որում, նշվում էր նրա ազգային ինքնատիպությունը:

Մեկ տարի անց` 1966-ին, Աղաբաբյանն արդեն հանդես է գալիս իբրև սցենարի հեղինակ և ռեժիսոր` բեմադրելով «Գառնի» կինոնկարը (օպերատոր` Կարեն Մեսյան): Ընդամենը 32 րոպե տևողությամբ այս ֆիլմն այսօր էլ զարմացնում և հիացնում է իր նկարահանման ոճով և բովանդակության խտությամբ: Մեր օրերում` գրեթե մոռացված հայ կինոյի համատեքստում, բացառիկ ուրախալի փաստ է, որ այս ֆիլմը հասանելի է համացանցում: Փա՛ռք Աստծո, որ գտնվել են մարդիկ, որոնք գիտակցել ու կարևորել են նման կինոնկարի արժեքը:


Բազմազան էին Աղաբաբյանի դրամտուրգիական կարողություններն ու թեմատիկ հետաքրքրությունները: Սույն հոդվածում ներկայացված է նրա սցենարական աշխատանքների ոչ լիակատար ցանկը:

Այսպես, 1975 թ. մեր կինոյում հայտնվում է անսպասելի մի ֆիլմ` «Շեկ ինքնաթիռ» վերնագրով, որի սցենարիստը և բեմադրիչը դարձյալ նա է: Դա ժամանակակից մի հեքիաթ է` կիսով չափ իրական… Հետաքրքիր կլիներ պարզել, թե ինչպե՞ս այն կդիտվի այսօր:

Մի ֆիլմ էլ ունի Աղաբաբյանը, որ պատմում է հեռավոր Սիբիր արտագնա աշխատանքի գնացած հայերի` «խոպանչիների» մասին: Վերնագիրը «Յոթ սարից այն կողմ է» (1980):

Արմատների, ազգայինի թեման, որ ի հայտ էր եկել Աղաբաբյանի տակավին առաջին աշխատանքում, շարունակ հուզում էր նրան: Կինոգետ Սուրեն Հասմիկյանի վկայությամբ, 90-ականների սկզբներին Աղաբաբյանը սցենար էր առաջարկել ֆրանսիական Դիմադրության շարժման վերաբերյալ, որ, ըստ էության, «արմատների» շուրջ յուրատիպ խորհրդածություն էր: Սցենարն այն մասին էր, որ «երբ մարդը դադարում է զգալ իր արմատները, ազատում է իրեն կյանք պարգևած աղբյուրի առաջ ունեցած բոլոր պարտավորություններից, նա դրանով իսկ իրեն դատապարտում է մենակության, վտանգավոր մենակության, որ կարող է վախկոտություն և ապագա դավաճանություն սնուցել…»,- գրում է Հասմիկյանն իր «Սեղմ կադր» գրքում:

Նույն 90-ականներին Աղաբաբյանը գրում է համամարդկային մի հոյակապ սցենար` նվիրված արցախյան ազատամարտին: Խոսքը «Թևանիկի» մասին է: Ցավոք, այն ժամանակ միջոցներ չգտնվեցին այդ ֆիլմի ստեղծման համար: Բնավ նպատակ չունեմ ժխտելու Ջիվան Ավետիսյանի նկարած ֆիլմի արժանիքները, որի նովելներից մեկը հենց այս սցենարի հիման վրա է բեմադրվել: Պարզապես ուզում եմ հիշեցնել մի երևույթի մասին, որ առկա է ստեղծագործական դաշտում, հատկապես` կինոյում: Ամեն մի գործ ունի իր ստեղծման ժամանակը, իր էներգետիկան, որ բխում է որոշակի անհատական կենսափորձից: Երբեմն, եթե անգամ նույն հեղինակն է այն իրականացնում, բայց ոչ այն պահին, երբ ամբողջ էությամբ պատրաստ էր դրան, ստեղծագործությունը կորցնում է անբացատրելի, սակայն էական մի բան: Կարծում եմ` մարտական և այլ տեսարանների նկարահանման հարցում մեծ հմտություն և երևակայություն բանեցնող կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հետ միասին այն օրերին  նա ուրիշ բնույթի լայնակտավ մի կինոժապավեն կստեղծեր, որը նաև քաղաքական ռեզոնանս կունենար…

Առնոլդ Աղաբաբյանի «Արևիկ» (1978) ֆիլմը, որն այն ժամանակ արժանացել է Պրահայի հեռուստատեսային ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր` «Զլատա Պրահա» մրցանակին, մոսկովյան մամուլում անվանել են խորհրդային հեռուստատեսության հաղթանակ: Վառ բնավորություններով ու իր մարդկայնությամբ գերող այս ֆիլմում առավել, քան համոզիչ դերակատարումներով հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանը, Խորեն Աբրահամյանը և վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին: Պետք է ասել, որ լինելով ինքնատիպ սցենարիստ` Առնոլդ Աղաբաբյանը որպես բեմադրիչ հանդես գալիս աչքի էր ընկնում դերակատարների դիպուկ ընտրությամբ և նրանց հետ աշխատելու յուրօրինակ կարողությամբ, եթե անգամ խոսքն անվանի դերասանների մասին էր, ինչպես, օրինակ` «Արևիկ»-ում» է:

Ահա ֆիլմի հակիրճ բովանդակությունը. ավտովթար է տեղի ունենում, և ֆիլմի գլխավոր հերոսուհու` Արևիկի վկայության պատճառով բանտում է հայտնվում մի տղամարդ, որի կինը մահացած է: Առանց այն էլ դժվարին կյանքով ապրող  երիտասարդ կինն իր վրա է վերցնում մենակ մնացած երեխաների խնամքը:

1992-ին Առնոլդ Աղաբաբյանն ավարտում է իր վերջին` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (ըստ Զորայր Խալափյանի համանուն վեպի) հինգ մասանոց ֆիլմի աշխատանքները: Ըստ էության, դա հայկական առաջին և առայժմ միակ բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարն է, այսինքն` աննախադեպ մի երևույթ հայ ազգային կինոյի պատմության մեջ: Այս ֆիլմ-վիպերգությունն ընդգրկում է մեր ժողովրդի դրամատիկ շրջադարձներով հագեցած կյանքի հսկայական մի ժամանակահատված` խորհրդային կարգերի հաստատումից մինչև 80-ականները: Հերոսներն անցնում են ստալինյան ժամանակների, Երկրորդ աշխարհամարտի` Հայրենական պատերազմի, առհասարակ կյանքի դժվարին փորձությունների միջով` հավատարիմ մնալով իրենք իրենց, պահպանելով մարդկայինը: Ֆիլմում փայլուն դերակատարումներով հանդես են եկել Աննա Էլբակյանը, Գրիգոր Մանուկյանը (Մանուկով), Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Ալլա Թումանյանը, Ազատ Գասպարյանը: Այս էպոպեայի ամենատպավորիչ դրվագներից մեկում մարդկանց անունների (ստալինյան զոհերի ցուցակը)  թվարկումը զուգահեռ մեքենագրվում է, բայց գրամեքենայի աշխատանքի ձայնը հնչում է ճիշտ և ճիշտ ինքնաձիգի կրակահերթի նման: Ստալինյան բռնությունների ժամանակն արտահայտող այս ակնհայտ կինոմետաֆորը ցնցում է իր պարզությամբ և փոխաբերական խորքով. մարդկանց գնդակահարումը կռահվում է էկրանին ուղղակիորեն ցուցադրվելու փոխարեն: Հայկական այս ֆիլմի գոյության մասին անգամ գաղափար չունեցող ամերիկյան կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հանրահայտ «Շինդլերի ցուցակը» (1996) ֆիլմում (որի սցենարի հեղինակը` Սթիվեն Զայիլյանը, զարմանալի զուգադիպությամբ հայ է) հնչում են նացիստական Օսվենցիմից մազապուրծ մարդկանց անունները, իսկ կադրում նրանց անվան տառերը գրամեքենայի կոճակների տակից դուրս են թռչում` լցնելով ողջ էկրանը: Այդ տառերը դառնում են փրկված կյանքերի վերացական, բայց միաժամանակ տեսանելի հաստատում: Այդպես սովորական մի առարկա` գրամեքենան, կարող է դառնալ հզոր սինեմատիկ կերպար: Այդքան մեծ են կինոյի հնարավորությունները, երբ նրա արտահայտչամիջոցներից օգտվում են նրանք, ովքեր տիրապետում են պլաստիկ պատկերային լեզվի գաղտնիքներին:

Առնոլդ Ռուբենովիչի աշխատասենյակում դրված էր մի հին, տպավորիչ գրամեքենա, որն իբրև կենսագրություն ունեցող իր` անմիջապես գրավեց մեր ուշադրությունը: Նա ասաց, որ 30 տարի է` դրանով է աշխատում, ամեն տեղ իր հետ տանում է, քանի որ ուրիշ մեքենայով փորձել է, բայց չի կարողացել աշխատել: Եվ նա այդ գրամեքենայի միջոցով գրում էր իր զարմանալի սցենարները, գրում էր, ինչպես զգում էր: Իսկ այն հարցին, թե կինոդրամատուրգն արդյոք պե՞տք է ձգտի արդիականության, արդիական լինելուն, տվեց խիստ անկեղծ և անմիջական, պարզ մի պատասխան. «Եթե Աստված մեզ սիրեց, կստացվի»: 

 Այդպիսին մնաց մեր հուշերում հայ կինոյի դասական, սակայն համեստագույն, լուսավոր այդ մարդը` Առնոլդ Աղաբաբյանը, որ ավաղ, մեր հարցազրույցից մոտ մեկ տարի անց հեռացավ կյանքից` չբոլորած իր կյանքի ուղու նույնիսկ յոթ տասնյակը…

Ստորև ներկայացնում ենք հատվածներ նրա խոսքից.

«Բարև, ես եմ» ֆիլմի հերոսի նախատիպը

- Երբ Հայաստան եկա, Բաքվից տեղափոխվելով Երևան, ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողեցին Արագածը և Արտյոմ Իսահակովիչ Ալիխանյանը: Նա շշմելու մարդ էր: Եվ մեծ հանցագործություն էր, որ այդ մեծ մարդուն հանեցին այստեղից, ու նա թողեց գնաց: Եվ մեր ֆիզիկան տապալվեց: Ալիխանյանը շատ լայն հետաքրքրությունների տեր մարդ էր, արվեստ էր սիրում, նկարչություն լավ գիտեր: Նա հեքիաթի, լեգենդի պես մնաց իմ մեջ: Մանավանդ, երբ միասին Արագածը բարձրացանք, մառախուղի մեջ կանգնած` ոնց էինք խոսում… Դե, ես ջահել էի, 25-26 տարեկան, կյանքումս այդպիսի գիտնական չէի պատկերացրել. նրանք մի տեսակ լուրջ, ծանր են… Ես խորապես հիացած էի Ալիխանյանով: Իսկապես, հեքիաթային, լեգենդար բաներ ուներ: Գիտեք, քանի~ նկարչի է նա օգնել: Ինքն էր ստեղծում Վերնիսաժը: Նստած գրքեր էր թերթում, հետևում, թե ինչ են գրում: Ֆիլմադարան ուներ և փոքրիկ կինոդահլիճ: Օրինակ` Չապլինի «Ոսկու տենդը» առաջին անգամ նրա մոտ եմ տեսել: Ընկերների համար էր ցուցադրում, ես էլ պատահաբար հայտնվեցի այդտեղ: Կրկնում եմ, նա իմ մեջ մնաց որպես լեգենդ: Նույնիսկ Բաքվում եղած ժամանակ լսել էի նրա մասին, պատմում էին, թե ինչ տեսակ մարդ է: Կարելի է համարել, որ նա դեռևս մանկությունից իմ մեջ կար ու այդպես մնաց: Բայց չէի պատկերացնում, որ նրա մասին կարող եմ գրել:

«Բարև, ես եմ» սցենարի ծնունդը

- Երբ գնացի Մոսկվա, կտրվեցի նրանից: Բայց հետո կամաց-կամաց հետ եկավ ամեն ինչ` Արագածը և այն, թե ինչպես այդ ինտելիգենտ մարդը թողեց Լենինգրադն ու եկավ, այս վայրի սարերի մեջ տիեզերական ճառագայթների հետազոտման կայան ստեղծեց: Ալիխանյանի կենսագրությունը չէր, որ վերցրի: Բայց կերպարն իմ մեջ էր:

Տեսա «Մանկական աշխարհ» հանրախանութը, հետո ինձ ցույց տվեցին հին «Մանկական աշխարհը»: Իսկ վերնագիրը… Մի ծանոթ աղջիկ կար, Վերա էր անունը, կես ռուս էր, կես` թաթար: Շատ քիչ էր խոսում, կարող էր ողջ երեկոյի ընթացքում մի բառ նույնիսկ չասել: Մեծ, հսկա քաղաքում, ինչպիսին Մոսկվան է, մարդը շատ ավելի միայնակ է: Այդքան մարդկանց ու եռուզեռի մեջ է հատկապես մենակությունը զգացվում: Անապատում գիտես, որ մենակ ես, մեկ` դու և մեկ` անապատ: Իսկ մարդաշատ քաղաքում… Եվ մի անգամ երեկոյան այդ աղջիկը զանգահարեց ու ասաց. «Բարև՛, ես եմ»: Այդպես պարբերաբար զանգ էր տալիս, ասում` բարև, ես եմ, ու հետո կարող էր լռել:  Կյանքում նրան առանձնապես չէի նկատում, բայց զանգերից այնքան էի ուրախանում, ոգևորվում: Եվ դա նստվածք տվեց: Սցենարը գրելիս էլ վերնագրի մասին մտածելու բան չունեի, արդեն պարզ էր: Իմիջիայլոց, այն ժամանակ ամեն ինչ շուտ էր տարածվում: Մեկ էլ տեսանք` Ենգիբարյանն այդ նույն վերնագրով ներկայացում արեց: Ֆրունզե Դովլաթյանն անմիջապես ինձ ասաց. «Գնա, հետը խոսիր, ասա, որ դա մեր ֆիլմի վերնագիրն է»:

Այն օրերին, երբ ֆիլմ էր նկարվում, բոլորը գիտեին, խոսում էին դրա մասին, հետաքրքրվում, սպասում էին, մանավանդ ինտելիգենցիան: Անծանոթ մարդիկ փողոցում կանգնեցնում, հարցնում էին, թե ֆիլմը նկարվո՞ւմ է, ո՞նց են ընթանում նկարահանումները: Ասում էի` ներեցեք, իսկ դուք ո՞վ եք: Օրինակ` ասում էին. «Գիտեք, ես ինժեներ եմ, բայց լսել եմ ձեր սցենարի մասին»: Ամբողջ Երևանը, ժողովուրդը կարծես սպասողական վիճակի մեջ էր, ինչ-որ լավ բանի էր սպասում: Ինձ չէր դա ուղղված, այլ` ֆիլմին:  Իսկ եթե մարդիկ շատ սպասում են, այդ բանը ծնվում է: Նույնիսկ հրաշք կարող է ծնվել: Տա Աստված, որ Հայաստանը նորից այդպիսի ժամանակաշրջան ապրի: Հիմա ստուդիայում չգիտեն նույնիսկ, թե կողքին ինչ է նկարվում, չեն հետաքրքրվում, թե ով ինչ է անում: Իսկ այն ժամանակ ընկերոջս` Սուրեն Հասմիկյանի հետ գնում էի սրճարան, մեկ էլ մի երիտասարդ էր մոտենում, ասում. «Գիտեք, ես այսինչն եմ և ուզում եմ իմանալ, ո՞նց է ձեր ֆիլմը»: Ինչ-որ աժիոտաժ էր: Դա մի ուրիշ դարաշրջան էր: Եթե «Բարև, ես եմ» չծնվեր, մի ուրիշ բան կծնվեր:

Ֆիլմը չունեցավ էպիգոններ

- Իսկական, լավ արվեստի գործը, մասնավորապես` ֆիլմը, էպիգոններ չի ունենում: Այ, թող փորձի ինչ-որ մեկը Փարաջանովի էպիգոնություն անի: Այո, ես էլ եմ շատ հիանում Փարաջանովով, բայց մի կադր չեմ կարող անել այնպես, ինչպես նկարել է Փարաջանովը: Գիտե՞ք, թե էպիգոնությունը որ դեպքում է ծնվում, երբ մի ինչ-որ սովորական, հասարակ միտք, իդեա հանկարծ հաջողություն է ունենում: Նայում են, ասում` այ, ես էլ կարող եմ այդպես անել: Իսկ լուրջ գործն էպիգոն, որպես կանոն, չի ունենում: Ասենք, Ֆելլինիի էպիգոնը ո՞րն է: Ամեն մի ստեղծագործություն գագաթնակետ է ինքնին:

Ուսուցիչների մասին

- «Школа»-ի` դպրոցի հասկացողություն Հայաստանում չի եղել: «Школа» կար Մոսկվայում, ՎԳԻԿ-ում` Գերասիմովի արվեստանոցը: Գերասիմովն ամենամեծ, ամենաուժեղ կինոդասավանդողն էր, ուսուցանողը: Դովլաթյանը հենց նրա մոտ էր սովորել: Իմիջիայլոց, Գերասիմովը ոչ ոքի չէր խեղդում, թե այսպես կամ այնպես պիտի անել: Նա կողքից օգնում էր: Իսկ օրինակ` Էյզենշտեյնը, որ շատ մեծ է, հսկա, նույնպես դասավանդել է բավական ժամանակ, ՎԳԻԿ-ը համարյա թե նա է ստեղծել, սակայն մի ռեժիսոր չտվեց: Նա հսկա էր, և երիտասարդը, որ եկել էր նրա մոտ սովորելու, ճնշվում էր նրա մեծությունից, գիտելիքների հզորությունից: Լավ ուսուցիչ էր նաև Միխայիլ Ռոմը` պոետիկ, ինտելեկտուալ կինոյի:

Ես Բլեյմանի արվեստանոցում եմ կրթվել: Դա ամենաազատամիտ արվեստանոցն էր, որովհետև Միխայիլ Բլեյմանն ամենաբարի մարդն էր: Ասում էր` գրիր, լավ է: Եթե լավ չէր, ապա մի դառը անեկդոտ կպատմեր, դու էլ նրա հետ միասին կծիծաղեիր, հետո տանն արդեն սկսում էիր մտածել` ախր, իմ մասին էր պատմում էդ մարդը… Բայց երբեք ուղիղ չէր ասում, շատ բարի էր: Միայն մի կնոջ, որ մեզ հետ էր ընդունվել, միանգամից հանեց իր կուրսից` ասելով, որ նա արվեստի մարդ չէ, քանի որ այսպես սկսեց իր խոսքը. «Մի բացասական հերոս, որի անունը Պոկոյնիկով է…»:

«Բարև, ես եմ» սցենարը իմ դիպլոմային աշխատանքն էր: Ես ամենավերջինը ներկայացրի: Բլեյմանը չէր շտապեցնում, սպասում էր, ու ես մի կերպ ծայրը ծայրին հասցրի: Կիսատ էր, չէի կարողանում շարունակել: Մտածեցի նույնիսկ` գուցե չավարտեմ: Բլեյմանը բարկացավ, ասաց. «Գնա, ման արի, գինարբուքների մասնակցիր, ինչ անում ես, արա և գլուխդ ազատիր ամեն ինչից ու գրիր»: Առաջին կեսը շատ էր հավանել և ինձնից սպասելիքներ ուներ:

«Շախմատի տենդը»` ֆիլմի սկիզբ

- Կարեն Գևորգյանն ինձ ցույց էր տվել իր նկարած շախմատի կադրերը, որ հոյակապ էին: Բայց նա չգիտեր, դեռ չէր որոշել, թե ինչ կանի, ինչպես կօգտագործի դրանք: Պատմեցի Դովլաթյանին, անմիջապես ասաց` կվերցնենք, կդնենք ֆիլմի մեջ: Նա այդպիսին էր, ինչ լավ բան տեսնում էր, վերցնում էր, որովհետև գիտեր, թե ինչպես վարվի: Երբ տեսավ այդ կադրերը, միանգամից ասաց` արի դնենք ֆիլմի սկզբի տեսարանում:

«Արևիկի» մասին

- Այս ֆիլմի ստեղծման պատմությունը շատ ծիծաղելի սկիզբ ունի: Մի կուսակցական պաշտոնյա սցենար էր սկսել գրել, նույնիսկ ավանս էր ստացել, բայց գործն անավարտ էր մնացել: Ստուդիայում գտան, որ ես կարող եմ դրությունը փրկել: Երբ կարդացի այդ սցենարը, ցնցված էի, կյանքումս այդպիսի անհեթեթ սցենար կարդացած չկայի: Տարա Հայրյանի մոտ, ասաց. «Մի բան արա՛, պարտիայի պատիվը փրկիր»: Ես, իհարկե, հասկացա, որ ծանր հետևանքներ կլինեն, անպայման մի բան պիտի անեմ, թե չէ այնպիսի վիճակում կարող է հայտնվեմ, որ հետո գլխի էլ չընկնեմ, թե ով «օգնեց» ինձ սայթաքել: Նախնական տարբերակը մի կողմ դրած` մտածեցի, որ մի բան կգրեմ, սակայն մտադիր չէի ինքս նկարել: Գրելու ընթացքում բավական ոգևորվեցի գլխավոր հերոսուհու` Արևիկի կերպարով: Դեռ մի քանի էջ էր գրված, և նա անսպասելի ինձ տարավ: Քանի որ ֆիլմը նկարելու միտք չունեի, հույս ունեի, որ չի ընդունվի, սակայն շատ հավանեցին: Նույնիսկ այն պաշտոնյա հեղինակը: Հետո նա հարցրեց, թե արդյոք իր գրածից թեկուզ մի հատված չե՞նք կարող մտցնել սցենարի մեջ: Բացատրեցի, որ սա ոչ մի կապ չունի իր գրածի հետ: Հետո Մոսկվայում ինձ հարցրին, թե հավանո՞ւմ եմ արդյոք իմ գրած սցենարը: Անկեղծ ասացի, որ հավանում եմ: Իրենք էլ ասացին, որ ես պիտի նկարեմ:

Գլխավոր դերակատարուհու ընտրությունը

1337630352_arevik.3- Սոֆիկո Ճիաուրելիի պլանի դերասանուհի, որ կոմեդիայից մինչև թագուհի կարող է խաղալ, շատ քիչ կա աշխարհում: Ես երջանիկ եմ, որ նրա հետ աշխատեցի: Իմիջիայլոց, նրանից շատ բան սովորեցի, թե ինչպես աշխատել դերասանի հետ նկարահանումների ժամանակ: Հենց սկզբից նրան էի պատկերացնում այդ դերում: Սոֆիկոն վերցրեց սցենարը, որ կարդա: Թիֆլիսում ընկերներ ունեի. նրանք ինձ տարան ռեստորան, լավ խմեցրին ու նախապատրաստեցին, որ նա հաստատ մերժելու է: Ես ու Արկադի Հայրապետյանը, որի հետ համատեղ պիտի բեմադրեի ֆիլմը, որոշեցինք ամեն դեպքում  գնալ և տղամարդավարի լսել, եթե նույնիսկ բացասական է լինելու պատասխանը: Եկանք թատրոն, և Սոֆիկոն ասաց. «Այնպիսի հրաշք դեր եք ինձ առաջարկում, ես հո ապուշ չեմ, որ հրաժարվեմ»: Երբ վրացի ընկերներս իմացան, որ համաձայնվել է, հիասթափություն ապրեցին, անգամ զայրացան մի քիչ: Չէին սպասում: Եվ հետո էլ շատ հեշտ աշխատեցինք:

Երբ Լենինգրադի ընկերներիցս մեկն իմացավ, որ Սոֆիկոն է ֆիլմում խաղալու, ասաց. «Արիկ, դու կորած ես: Նա կին չէ, վագր է, քո հերը կանիծի: Նկարահանման ամբողջ խումբը նրանից փախչում էր, երբ իմ ֆիլմում էր նկարվում»: Սակայն մոտ մի տարի աշխատեցինք, այդ աղջիկը մի անգամ ձայնը չբարձրացրեց, մի անգամ չասաց` ես համաձայն չեմ, այսպես եմ ուզում անել կամ այնպես: Մի քանի բառեր ունեինք, որոնց միջոցով խնդիրը պարզ էր դառնում, երկար բացատրության կարիք չկար: Հերոսուհին հաճախ պիտի արտասվեր, ու երբ մի տեսարանն ավարտում էինք, Սոֆիկոյի ականջին ասում էի. «Софочка, здесь промази»: Ջուլիետա Մազինայի` արտասուքն աչքերին ժպիտն էի ուզում: Սոֆիկոն դա սիրում էր և շատ լավ էր անում:

Մեծատաղանդ եռյակը

- Շատ հետաքրքիր, փայլուն եռյակ ստացվեց` Սոֆիկոն, Արմեն Ջիգարխանյանը և Խորեն Աբրահամյանը: Իմիջիայլոց, Խորեն Աբրահամյանի մասին ուզում եմ հատուկ ասել, որ նա շատ մեծ դերասան է, հոյակապ դերասան, բայց շատ հակառակորդներ ունի: Նրա հետ աշխատելը հեքիաթ էր: Չեմ ասում` հեշտ էր: Գալիս էր, հոգիդ հանում, ընդհուպ մինչև` գուցե վերնագիրը փոխենք… Բայց ամեն մի ասածից հետո սկսում էի մտածել, և մեջս ստեղծագործական պրոցեսներ էին տեղի ունենում: Մարդը հաճախ պայքարում է նրա դեմ, ինչ սիրում է:

Սկիզբը

- Ես բոլորովին ուրիշ ասպարեզում էի աշխատում Բաքվում` ԿԳԲ հետախուզությունում: Ստալինի մահից հետո մեզ մոտ սկսեցին գալ ռեաբիլիտացվածների (արդարացված զոհերի) հարազատները: Երբ փաստաթղթերում կարդում էին «գնդակահարություն» բառը, մեզ վրա էին գրոհում նրանց հայացքները: Այնինչ 1937-ին ես ընդամենը 7-8 տարեկան երեխա էի եղել: Զզվեցի այդ գործից, գնացի մեր ղեկավարի մոտ, որ ռուս հետախույզ էր, ամբողջ պատերազմի ընթացքում Գերմանիայում էր եղել: Ասացի` ինձ ազատեք այս աշխատանքից, ես պիտի հետախույզ լինեի, բայց եկել, այսպիսի տեղում եմ աշխատում, որ բոլորովին իմ բանը չէ: Շատ կարգին մարդ էր: Ասաց. «Ես քեզ թույլ կտամ գնալ, եթե մի հեղինակավոր, պրեստիժ ունեցող գործով զբաղվես»:

Հանդիպեցի ընկերոջս, որ թերթում բաժնի վարիչ էր աշխատում: 24 տարեկան էի, և կյանքումս գրելու փորձ չէի արել: Ընկերս առաջարկեց գրել իրենց թերթի համար: Գրում էի ինֆորմացիա, ասում էին` սա ինֆորմացիա չէ, ակնարկ է: Ակնարկ էի գրում` պատմվածք էր ստացվում: Հետո Կասպից ծովում մի պատահար եղավ. 23 հոգի զոհվեց, հիմնականում նավթագործներ էին: Ոչ ոք չէր կարողանում հասնել դեպքի վայր, թույլ չէին տալիս: Կնոջս հայրը, որ այդ ոլորտում մեծ դեր ուներ, իր մոտորանավակով ինձ այնտեղ հասցրեց: Ու ես մի քանի ակնարկ գրեցի, որոնք տպվեցին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում: Հետո հայտնի վավերագրող Ռոման Կարմենը դրանք օգտագործեց և ինձ շնորհակալական նամակ գրեց: Ես ուրախանում էի, բայց չգիտեի, որ դրա համար փող պիտի ստանամ: Մերոնցից մեկը` կարծեմ Հակոբ Սալախյանը, կարդացել էր և մտածելով, որ մենք ժամանակակից կյանքի մասին գրող սցենարիստ չունենք, խոսել էր Իլյա Էրենբուրգի հետ և ասել, որ իմ գրածը կինոյի համար է, իսկական սցենարներ են: Այդպես ինձ նամակ ուղարկեցին, հրավիրում էին «Հայֆիլմ»: Երբ կինոգետ, խմբագիր Սաբիր Ռիզաևի հետ հանդիպեցի, ասացի` ինձ մի սցենար տվեք, կարդամ, պատկերացում կազմեմ: Տվեց, կարդացի: Երբ կարծիքս հարցրեց, անկեղծ ասացի, որ այն, ինչ այդտեղ կարդացի, սուտ էր: Ասաց. «Դո՞ւ էլ զգացիր, դե գնա ու գրիր այնպես, ինչպես որ զգում ես»:

Ամեն ինչ այդպես սկսվեց:

Սիրանույշ Գալստյան

Դիտվել է 479 անգամ