Թե ինչ  պատահեց, երբ  Աննա Մուգլալիսը պատահաբար տրորեց անծանոթի ոտքը

մուգլալիսԱյս  փոքրիկ   անախորժությունը պատահեց փարիզյան մետրոյում, այն ժամանակ, երբ հունական  ծագումով  դասական ֆրանսուհին  բնավ   չէր մտածում  արտիստուհու կարիերայի, թատրոնի և առավել ևս  կինոյի   մասին: Անծանոթը, ումից  Մուգլալիսն իր խզված, թավշյա  ու  անսովոր տեմբր  ունեցող  ձայնով բարեկրթորեն  ներողություն խնդրեց, ի պատասխան առաջարկեց  իր հեղինակած տեքստերը  կարդալ ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկում: Փոքրիկ   անախորժությունն  իսկապես ճակատագրական  դեր ունեցավ: Այսօր Աննա Մուգլալիսը  ժամանակակից  ֆրանսիական կինոյի  շատ ռեժիսորների մուսան է, իսկական ֆրանսուհու տիպաժ, որ նրբագեղությունը, բնական   անկաշկանդ   ու  անսեթևեթ  հմայքը ներդաշնակում է  դիվական ձգողականության հետ:

Մուգլալիսն  անուղղակիորեն արդեն  մասնակցություն ունեցել է երևանյան «Ոսկե ծիրան»  կինոփառատոնում: Երկու տարի առաջ  հենց   «Ոսկե ծիրանի»  արտամրցութային  ծրագրում  տեղի ունեցավ 2008-ին նկարահանված  «Կոկո  Շանել  և  Իգոր  Ստրավինսկի»  ֆիլմի  երևանյան  նորամուտը: Այն, ինչ կատարվեց այս ֆիլմից հետո ,  օրինաչափորեն Աննա Մուգլալիսին  դասեց ֆրանսիական նորաձևության կուռքերի շարքը, չնայած  մինչև մեծն Մադմուազելի դերով հանդես գալը երիտասարդ  դերասանուհին  արդեն  հասցրել էր  դառնալ լեգենդար    Կառլ  Լագերֆելդի  մուսան: Եվ  գլամուրային պերճանքների  հանդեպ  իր  ակնհայտ անտարբերությամբ  հանդերձ` Աննա Մուգլալիսն    ակնթարթորեն հայտնվեց  ամենանրբագեղ   ֆրանսուհիների  շարքում:

11-րդ  «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի շրջանակում  Աննա   Մուգլալիսը  հայ  կինոսերներին ներկայացավ  ոչ միայն  Ժոան Սֆարի  «Գենսբուր. հերոսական կյանք»  ֆիլմում  կերտած երգչուհի Ժուլիետ  Գրեկոյի  ինքնատիպ  կերպարով, այլև  որպես փառատոնի միջազգային մրցույթի   խաղարկային ֆիլմերի  ժյուրիի  անդամ: Անզուգական  Ֆանի Արդանից հետո  Աննա  Մուգլալիսը  երկրորդ   հայտնի   ֆրանսուհին է, որ  մասնակցում է   երևանյան փառատոնին:

Իր  հանրահայտ հայրենակցուհուն  ներկայացնելով  հայ  հանդիսատեսին` դեսպան Անրի Ռենոն  նշեց, որ իր համար մեծ պատիվ էր  հայտնի  դերասանուհու  հետ անցնել   հայկական կինոփառատոնի  կարմիր գորգով: Հայաստանյան  կարճատև  ուղևորությունը Մուգլալիսը  հաճելի  հայտնություն է համարում, աշխատանքը  ժյուրիում՝ հետաքրքիր: Անդրադառնալով  Ժոան  Սֆարի  ֆիլմին` փաստում է, որ իր  համար չափազանց  հետաքրքիր  փորձառություն  էր աշխատել  Գենսբուրին նվիրված ֆիլմում, որին   համարում է  մեծ հրահրող  ու   խուլիգան: Բայց ինքնամփոփ   ու  լրատվամիջոցների   համար փակ  մարդու  համարում ունեցող  դերասանուհին  առավել անկեղծ  ու  բաց էր   իր վարպետության դասի ընթացքում. հաճույքով պատասխանում էր   հարցերին, պատմում  իր  թուլությունների ու  տագնապների մասին` չշրջանցելով   նաև   իր ստեղծագործական ճանապարհի, կինոյում և թատրոնում  նոր ծրագրերի   թեման: Հաջողության  բանաձևի   մասին  «Կինոաշխարհի»  հարցին ի պատասխան` դերասանուհին տալիս է պարզ  ձևակերպում . «Ես սիրում եմ կարդալ,  և  դա ինձ  օգնում է  դիմակայել  բազմաթիվ խնդիրների` սկսած   ստեղծագործական ճգնաժամերի  հաղթահարումից մինչև  պարզ կենտրոնացումն  ու  ինքնակատարելագործումը» :

Դերասանուհին  հաճույքով  ու  հումորով   է   խոսում  իր   ձայնի մասին, այն մասին, թե  որքան հաճախ   է  այն արջի  ծառայություն  մատուցել իրեն: Շատ  ռեժիսորներ, ովքեր  հմայված  էին  դերասանուհու  արտաքինով, հրաժարվում էին նրան նկարելու  մտադրությունից, երբ լսում էին  նրա   ձայնը, կամ լավագույն դեպքում տարեց անբարոների   դերեր էին  առաջարկում: Աննան նաև  հիշում է, որ  բազմիցս  իրեն առաջարկել են   վիրահատական   ճանապարհով  փոխել ձայնը, ինչին միայն  հումորով է վերաբերվել:

Չնայած  գրեթե  15-ամյա  կինոփորձառությանն ու  18-ից ավելի հայտնի կինոդերերին` դերասանուհին առայսօր  չի կարողանում հաղթահարել բեմի   ու տեսախցիկի  վախը, դա անհաղթահարելի  մի  տագնապ  է, որն   ապրում է  ամեն  անգամ, երբ բեմ  է  դուրս գալիս. «Սկզբնական շրջանում   ես դեռ հույս ունեի, որ կգա ժամանակ, երբ կհաղթահարեմ  այդ հուզմունքն ու վախը, որ դարձել էին իմ անբաժան ուղեկիցը: Երբեմն   այնքան    էի  վախենում, որ  սրտխառնոց էի ունենում, ամբողջ մարմնով սկսում  էի  դողալ: Երբ հասկացա, որ այդ  վախն անբաժան է ինձնից, սովորեցի դա վերածել ոգեշնչման: Հիմա  այն ինձ օգնում է կենտրոնանալու և   ոգևորվելու: Դա յուրօրինակ   ալքիմիա  է, իսկ երբեմն  էլ  տրանսի է նմանվում, բայց այդ ամենի արդյունքում ես  ոգեշնչվում եմ: Երբեմն էլ ներկայացումից  ընդամենը  րոպեներ առաջ եմ գալիս  թատրոն, հաճախ էլ  մի բաժակ  գինի եմ  խմում  ու նոր միայն դուրս գալիս բեմ»։

Մուգլալիսի  առավելություններից մեկը  ճիշտ դերեր ընտրելու կարողությունն է, նա  անկեղծորեն   փաստում   է, որ ռեժիսորների  հետ ստեղծագործական տարաձայնություններն  ու  խնդիրներն  անխուսափելի են: Բայց  դա  չի  խանգարում դերասանուհուն  դիվանագիտորեն համաձայնության  եզրեր  գտնել ռեժսորների հետ  ու միաժամանակ   հավատարիմ  մնալ  կերպարի իր մեկնաբանությանը: 36-ամյա  արտիստուհին   բնավ   չի վախենում  ռեժիսորներին  մերժել  և ավելի հաճախ մերժում է խաղալու հրավերները, քան ընդունում  դրանք,   և դա համարում է իր անհատականությունն  ու ինքնավստահությունը  պահպանելու լավագույն  ճանապարհը: Նաև   նշում է, որ  գուցե  հենց այդ պատճառով  իրեն սկսեցին նկարահանվելու  առաջարկներ անել ոչ թե իր սերնդակից ռեժիսորները, այլ` ավագ սերնդի  ու արդեն հայտնի դեմքերը, որոնց հետ այսօր շատ ավելի հեշտ է փոխըմբռնման հասնում:  Իր դերերի մասին  Աննա   Մուգլալիսը   ջերմ   կարոտով  է խոսում, վստահ է, որ իր բոլոր դերերը  իրեն որպես դերասանուհի   ու անհատականություն   շատ են հարստացրել,  ու դժվարանում է  ասել՝  երբ   հերթական կերպարն  է   ստեղծում, ավելի շատ տալի՞ս է, թե՞  ստանում: Ասում է` ամենակարևորը   մշտապես հենց այդ ստեղծագործական վիճակում ապրելն է:

Նունե  Ալեքսանյան

Դիտվել է 374 անգամ