Ռոման   Բալայան՝ մի ոտքով    հողին, իսկ  մյուսով՝  օդում  

ռոման«Մոսկվա»   կինոթատրոնում  «Ճախրող  հրեշտակներ. Ռոման  Բալայան»  վավերագրական ֆիլմի երևանյան  նորամուտը  Ռոման Բալայանի   հոբելյանական մեծարման երեկոյի վերածելու   բոլոր փորձերը   ապարդյուն  անցան: Հոբելյարը   բացարձակապես  անտարբեր է   պաշտոնական  արարողությունների, մեծարման ցանկացած դրսևորման  հանդեպ:

«Ճախրող  հրեշտակներ. Ռոման  Բալայան»  ֆիլմը  ռեժիսոր  Սամվել Սարիբեկյանը նվիրել է  իր երկար տարիների  բարեկամ, բայց  նախևառաջ իր ուսուցչ  Ռոման Բալայանի   70 –ամյակին: Խորհրդային, ռուսական  և ուկրաինական կինոյի  հայտնի ռեժիսորին նվիրված  փաստագրությունը ներկայացնում է  Ռոման Բալայանի անցած ստեղծագործական ուղին: Տարիներ շարունակ  Սամվել Սարիբեկյանի  տեսախցիկը հետևել  է   Բալայանին՝  ռեժիսորին, ուսուցչին, քաղաքացուն, արցախցուն   ու  պարզապես մարդուն: Ու հիմա նրա ստեղծագործական  ճանապարհի ուղեկիցների, ընկերների, արվեստագետների  ու  հոգեհարազատ մարդկանց  հուշերում ամբողջանում է կինոյի  իսկական վարպետի  կերպարը:

«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմն առանձին դրվագներով անդրադառնում է  կինոռեժիսորի  ստեղծագործության մեջ  քիչ  թե  շատ նշանակալի, շրջադարձային  ֆիլմերին.  «Թռիչքներ երազում և արթմնի», «Պահպանիր ինձ իմ թալիսման», «Դրախտի  թռչուններ»:  Երևանի կինոյի  և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ  Մուրադյանը  ոչ պաշտոնական հոբելյանական ցուցադրության առիթով նկատեց,   որ  ինչպես  և   ցանկացած   տաղանդավոր մարդ,  Ռոման Բալայանը լի է  հեգնանքով: Ապա  անդրադարձավ  հատկապես այն ֆիլմին, որը ժամանակին  գրեթե  հեղափոխական  շրջադարձ էր խորհրդային կարծրատիպերը կոտրելու, մարդուն նոր` բալայանական  անսովոր   ու ազնիվ    հայացքով գնահատելու իմաստով.  «Այսքան տարիներ անց «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմն իմ մեջ է:Ես հիշում եմ այդ ֆիլմի  երևանյան պրեմիերան, երբ  Ռոմանը Երևան եկավ  Օլեգ Յանկովսկու  հետ՝ մասնակցելու ֆիլմի  երևանյան   առաջին   ցուցադրությանը: Այն ժամանակ մենք   հայկական  միակ՝ պետական  հեռուստատեսության տաղավարում մոտ   40 -րոպեանոց  զրույց  ունեցանք,   և  Օլեգ Յանկովսկին  բացվել ու անկեղծացել էր այնքան, որքան այն ժամանակ Մոսկվայում դեռ չէր   կարելի, բայց   Երևանում արդեն կարելի էր»:

Թերևս ռեժիսորի հետ հանդիպման առիթը չկորցնելով`  դարձյալ ու դարձյալ անդրադարձ  եղավ  նրա   ստեղծագործական կյանքի ամենակարևոր  ու այդպես էլ  չիրականացած  ծրագրերից մեկին` Հրանտ Մաթևոսյանի   «Գոմեշի» էկրանավորմանը: Այդ թեման  չշրջանցեց  նաև  մաեստրո  Մանսուրյանը. «Սիրելի Ռոմա,  ես շատ ուրախ  եմ, որ այսօր միասին մի  սրահում ենք, մի  ֆիլմի առիթով, որը  քո վաստակի  գնահատումն  է: Ես  մշտապես հմայված եմ եղել ռեժիսոր լինելու քո մարդկային կարողությամբ: Ես երբեք  չեմ մոռանա Հրանտ Մաթևոսյանի վերաբերմունքը քո հանդեպ. որքան էր սպասում քեզ  և ինչքան էր ուզում, որ  դու նկարեիր իր  գործը»:

«Ճախրող  հրեշտակներ. Ռոման  Բալայան»  ֆիլմի  հեղինակն  իր   կյանքի  երջանիկ  բարեբախտությունն է համարում,  որ  տարիներ առաջ մոսկովյան բարձրագույն ռեժիսորական  դասընթացների  ժամանակ  հայտնվեց  հենց   Բալայանի արվեստանոցում.  «Ռոման մի մարդ  է, որ   մի ոտքով  ամուր կանգնած  է  հողին է, իսկ մյուսով    ճախրում է  օդում, հենց դա է արվեստը»:

Բալայանից սովորելու  այնքան  բան կար և ոչ միայն  ռեժիսուրայի  ասպարեզում, փաստում է Սամվել Սարիբեկյանը: Հիմա    միայն ափսոսում   է, որ մի քանի շատ կարևոր  դրվագներ  դուրս  են  մնացել  ֆիլմից, դրվագներ, որոնք  չափազանց  բնորոշ են   Բալայան ռեժիսորին ու մարդուն, որոնց թվում նաև՝  ղարաբաղյան  շարժման սկզբնական  փուլում Մոսկվայի  կինոյի տանը տեղի  ունեցած  ազգամիջյան հիմնախնդիրներին նվիրված  հայտնի  քննարկումը, երբ  Բալայանն ի պատասխան ադրբեջանցիների  այն  հայտարարությանը, թե հայերն ալբանացի են, ասել էր. «Այո, մենք ալբանացիներ ենք, բայց  ուզում ենք  հայերի հետ ապրել»: Ինքը` Բալայանը, ֆիլմի  մասին   սակավախոս է . «Ճիշտ  հայկական   ոճով  ֆիմ  է, կարծում եմ, որ չափազանց  կոմպլեմենտար  ֆիլմ  է  ստացվել: Երբ  տեսա ֆիլմը, Սամվելին խնդրեցի, որ մի քիչ մաքրի  ու որոշ դրվագներ հանի: Միայն  մի բան կարող եմ խնդրել` փոքր-ինչ ավելի   համեստ լինել: Եթե ֆիլմը ձեզ դուր գա, ես Սամվելի համար ուրախ  կլինեմ»:

Նունե  Ալեքսանյան

 

 

Դիտվել է 252 անգամ