Օթար Իոսելիանի`   «Ականջիս առ այսօր հայերենն է   հնչում»

օթարՓետրվարից   սկսած` Օթար Իոսելիանին   փորձում է  աննկատ ապրել  հոբելյանական տարին. հոբելյաններ   չի սիրում: Լրագրողների հետ շփումներում տաբուներ չունեցող ռեժիսորն այդ թեման ամեն  կերպ  շրջանցում է. 80-ամյակն առանձնապես  հետաքրքիր  զրույցի թեմա չէ, բայց  «Ոսկե ծիրանի» հրավերը, իհարկե, ընդունել  է  ու  Երևանում էր` մասնակցելու  11-րդ միջազգային կինոփառատոնի   «Հարգանքի տուրք»  ծրագրին, որը ներկայացնում է   վաղ շրջանի Իոսելիանիին՝ նրա    «Տերևաթափը»,  «Ապրում էր մի երգող կեռնեխ»,  «Հովվերգությունը»  և  արդեն  80-ամյակի նախաշեմին  նկարահանած  «Խաժամուժը»:

Երիտասարդ  վրացի  կինոռեժիսոր  Նիկոյի մասին Իոսելիանիի կինոպատմությունն  անմիջապես ինքնակենսագրական ֆիլմ  որակումների առիթ դարձավ, ինչը ռեժիսորը կտրականապես չի ժխտում, բայց և լիովին համաձայն չէ, չնայած  ընդհանրությունները շատ են: Արդեն   30  տարուց   ավելի  Փարիզ-Թբիլիսի դեգերումները  դարձել են  ռեժիսորի  կյանքի բնականոն ընթացքը: Հեռանալով   խորհրդային կայսրությունից` նա երազում   էր  Փարիզում գտնել  ազատության  այն տարածքը, որտեղ կարող է անել  ամեն ինչ  իր  կինոն նկարելու  համար: Ինչպես    և   «Խաժամուժի» Նիկոն, նա ստիպված էր ընդունել,  որ այստեղ  ևս իրականությունն   այլ է: Կորցնելով   այն Փարիզը, որում երազում էր  իր կինոն նկարել,  և չգտնելով այն Թբիլիսին, որտեղ  մեծացել էր, Իոսելիանին  երեք  տասնամյակ  է,  ինչ  յուրաքանչյուր  ֆիլմի նկարահանումների  ավարտից հետո  վերադառնում  է Թբիլիսի: Ինչպես   խոշոր  մեգապոլիսների` Փարիզի, Մոսկվայի, այնպես  էլ   փոքր, կամերային   մայրաքաղաքների` Թբիլիսիի, Երևանի ճարտարապետական դիմագծի  ու  քաղաքային մշակույթի  յուրաքանչյուր փոփոխություն  ռեժսորը  ցավագին կորուստ է համարում:

Իր   մանկության  մայրաքաղաքից  մեծ  կարոտով  հիշում է  հին Թիֆլիսի հայկական մթնոլորտը. «Թբիլիսին հայկական քաղաք էր, այն հայերն են կառուցել, շատ  աշխատող մարդիկ էին: Ես մեծացել եմ հայերի միջավայրում և ականջիս առայսօր հայերենն է   հնչում: Սոլոլակը, որ հայերն էին ապրեցնում, լիքն էր տաղանդավոր  հայ  արհեստավորներով, հրաշալի մարդիկ  էին: Հետո, ցավոք, շատ հայեր հեռացան, հիմա քաղաքը դատարկվել  է, քանի  որ մտավորականներն   են հեռացել,    ու  տարբեր տեղերից  գռեհիկներն   ու  ցածրակարգերը  լցվել  են  Թբիլիսի: Հիմա  մենք քայլում ենք փողոցով, բայց ոչ ոք մեզ չի ճանաչում: Չկա մեկը, որին կարելի է բարևել: Թբիլիսին դատարկվել է: Երբ հեռանում ես քո քաղաքից, պետք է հիշես, որ վերադառնալու ես արտասահման»:

Կորստի նույն զգացումը  վրացական կինոյի վարպետն ապրել է նաև Երևանում. տարիների  ընդմիջումից   հետո  այստեղ  չի  գտել իր հիշողության մեջ կենդանի   մնացած   արևային քաղաքը, որտեղ մթնոլորտ էին ստեղծում  պայծառ ու կոլորիտային մարդիկ, իսկ   քաղաքն  էլ  շնչում էր ջերմ կենսախնդությամբ: Հիմա փոխվել են ոչ միայն երևանցիները, այլև` քաղաքի   դիմագիծը: «Երևանը  պարզապես այլանդակել են»,- փաստում  է  ռեժիսորը:  Երևանյան  երկօրյա  այցի ընթացքում   Իոսելիանիին   հանձնվեց      «Ոսկե ծիրանի»  պատվո մրցանակը, որը  նրա վաղեմի բարեկամի՝ Փարաջանովի անունն է   կրում:

- Դուք  երկար  տարիների բարեկամությամբ կապված եք եղել  լեգենդար մարդկանց հետ, ինչպիսին էր,  օրինակ` Փարաջանովը: Ինչպիսի՞  ընկեր էր նա:

- Նա  պարզապես լուսարձակող մարդ էր, հրաշալի, անսպառ  երևակայություն ուներ: Ինչ  էլ  որ  նա  աներ, անվերջանալի  մոգություն էր: Իսկ որպես ընկեր Սերժը  չափազանց  հոգատար  ու   ուշադիր էր իր  ընկերների հանդեպ: Սկզբում  նա  աշխատում էր  Թիֆլիսում,  և  եթե անկեղծ լինենք, պարզապես խալտուրա էր անում: Բայց հետո  գնաց Ուկրաինա  ու նկարեց  իր  զարմանալի  ֆիլմը՝  «Մոռացված նախնիների ստվերները»,  որով և սկսվեց  իսկական  Փարաջանովը: Բայց պետք է ասեմ, որ նախևառաջ նա  պարզապես  լավ թիֆլիսցի տղա էր:

- Ընդունված  է  համարել, որ  խորհրդային  շրջանում  մշակութային այլախոհությունն ավելի  վտագավոր էր, քան քաղաքականը:

- Ի՞նչ   ասել է  մշակութային այլախոհություն, ի վերջո,  այն ժամանակ  յուրաքանչյուրը,  ըստ էության, խիստ   սահմանափակ ընտրություն ուներ, կարելի  էր  նկարել  բոլշևիկյան   գաղափարախոսության  ֆիլմ, ռոմանտիկ տեքստեր  գրել կամ էլ  ոչ  խորհրդային  ֆիլմ  նկարել: Բայց հակախորհրդային  ֆիլմ  ոչ  ոք  չէր  կարող նկարել:

- Դուք խոսում  եք  ռոմանտիկ  տեքստերի   մասին, մինչդեռ  Ձեր  ֆիլմերում  լռությունը  շատ ավելի  խոսուն է, քան ցանկացած տեքստ:

-Միշտ  մտածել եմ, որ  կինոն  բառերի   արվեստ չէ, եթե կա կադրը, ապա բառերն ավելորդ են:

- Ձեզ հետաքրքրո՞ւմ  է  ժամանակակից կինոն:

- Ես   պարբերաբար  դիտում եմ ինչ-որ  ֆիլմեր, որոնց  մեծ մասը պարզապես աղբ է: Բայց  երևի գիտեք, որ  հավանականության տեսության համաձայն` կեղտի մեջ ոսկի գտնելն ավելի   հեշտ  է: Տեսեք,  հիմա   երիտասարդները  նկարում  են ու նկարում: Եվ  մեկ էլ տեսնում ես, որ  այդ  համատարած  աղբի մեջ   հայտնվում է մի հրաշալի  ֆիլմ,  ու   մի  երիտասարդ  աղջիկ`  Ռուսուդան  Չկոնիան,  նկարում է  «Ժպտա»  ֆիլմը:

Նունե   Ալեքսանյան

 

 

 

Դիտվել է 322 անգամ