Կիմ Կի-Դուկ. դպրոց գնալը պարտադիր չէ, կյանքն ամենամեծ դպրոցն է

Նա 32 տարեկանում է իր կյանքի առաջին ֆիլմը տեսել, ու այդ օրվանից կյանքը փոխվել է։  Կինոն նրա աշխարհը չի փոխել, բայց օգնել է աշխարհի նկատմամբ վերաբերմունքն ու տեսակետն արտահայտել։  Կիմ Կի-Դուկ. նա կորեական կինոյի ամենաճանաչված վարպետն է։ Նրա ֆիլմերի շնորհիվ աշխարհը ճանաչել է Կորեան ու կորեացուն։ 1990-ականներից ի վեր Կիմ Կի-Դուկը նկարահանել է 20 ֆիլմ։ 2004 թվականին նրա երկու ֆիլմերը Վենետիկի և Բեռլինի կինոփառատոներում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում երկու մրցանակ են բերել հեղինակին։

 kim1Մարդկային հարաբերությունների խորքային վերլուծություն, ներքին պայքար, առօրյա, կենցաղային կյանք, որը լավագույնս բացահայտում է մարդկային էությունն ու լույս սփռում մարդ արարածի հոգու թաքուն շերտերի վրա։  Կիմ Կի-Դուկին  հաճախ մեղադրում են դաժանության մեջ. իր ֆիլմերում նա դաժան տեսարաններ է պատկերում, բայց դրանց հետևում հեղինակի նուրբ սիրտն ու հումանիզմն է թաքնված։

Կիմ Կի-Դուկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն է։ Առաջին անգամ է Հայաստանում։ Մեր երկիրը նրան անծանոթ մի աշխարհ է, որը կորեացին նոր-նոր է  սկսել բացահայտել ու ճանաչել։ Հայաստան գալու նախօրեին է որոշ տեղեկություններ քաղել համացանցից։ Վարպետության դասի առաջին իսկ րոպեներին Կիմ Կի-Դուկը խոստացավ ավելին իմանալ Հայաստանի ու հայերի մասին։ Մեր երկիրը նրան հետաքրքրել է. 3 ժամ քայլել է Երևանի փողոցներով, անցել նաև հասարակական վայրերով ու շուկաներով, նկատել, որ մեր քաղաքում էլ կան աղքատներ։ «Ես շատ ընդհանրություններ գտա Հայաստանի ու Կորեայի միջև։ Անմիջապես նկատվում է, որ երկու երկրներն էլ տառապանքի, պատերազմների ճանապարհով են անցել։ Այսօրվանից սկսած` Հայաստանի մասին կկարդամ ու ավելի լավ կտեղեկանամ, որովհետև փոքր երկրներն իրենց մշակույթով ու մտածողությամբ ինձ ավելի շատ են հետաքրքրում, քան մեծ պետություները։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ ժոովրդին, որ ճանաչում է ինձ ու ծանոթ է իմ ֆիլմերին։ Առանձնահատուկ շնորհակալ եմ «Ոսկե ծիրանին»` իմ 6 ֆիլմերը ցուցադրելու համար»,-ասաց կորեացի վարպետը։

Կիմ Կի-Դուկը հետադարձ հայացք գցեց իր անցյալին. դպրոց չի գնացել, 6 տարեկանից ստիպված է եղել աշխատել` կենցաղը հոգալու համար։ Մինչև 32 տարեկանը ավտոմեքենաներ է վերանորոգել, հետո հետաքրքրվել կինոյով, մեկնել Ֆրանսիա` կրթություն ստանալու և սկսել է ֆիլմեր նկարահանել։

«Այն, ինչ սովորեցրել ինձ կյանքը, ոչ մի դպրոց չէր սովորեցնի։ Ես կինոյի մջոցով արտահայտում եմ կյանքից ստացած իմ տպավորությունները, իմ ապրածն ու զգացածը։ Առանց դպրոց գանլու էլ կարողացել եմ այդ ամենը դրսևորել, ուրեմն, իմ խորին համոզմամբ, դպրոց գնալն ամենևին էլ պարտադիր չէ։ Կորեցիների 50 տոկոսն ի վիճակի չէ դպրոց հաճախել։ Իմ ֆիլմերը երջանիկ ավարտ չունեն, որովհետև դա է իրականությունը. կյանքում ոչ մի երևույթ երջանիկ վերջաբան չի ունենում։ Իմ ֆիլմերում իրական կյանքն է` առանց միջամտության, որտեղ չկա բարու և չարի սահման, որովհետև իրականում ոչ բարին  կա, ոչ էլ չարը։ Իմ որոշ ֆիլմեր ազգային նրբերանգներ ունեն, որոշներում էլ երկխոսություններ միտումնավոր չեմ օգտագործել։ Ուշադրությունս բևեռել եմ դերասանների դիմախաղի, աչքերի արտահայտության, ներքին հույզերի վրա. դրանք ավելի զորավոր են, քան խոսքը։ Խոսքը հաճախ շեղում է, խանգարում, խաբում, իսկ դիմախաղը կեղծել չի կարող։»,- իր կինոմտածողությունը մեկանաբնում է Կիմ Կի-Դուկը։

Նա 2-3 պատրաստի սցենար ունի, որ հարմար պահի ֆիլմի կվերածի։ «Ոսկե ծիարնին» մտադիր է դիտել հատկապես փոքր երկրների ֆիլմերը, որովհետև դրանցում ավելի յուրօրինակ առանձնահատկություններ է նկատում։ Օրինակ է բերում Պուսանի փառատոնը, որտեղ տաջիկական կամ ղազախական ֆիլմերը շատ ավելի արժեքավոր ու բարձրակարգ են, քան եվրոպական ու ամերիկյան կինոն։

Կիմ Կի-Դուկը, ինչպես «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ, վարպեության դասին էլ կորեական ժողովրդական երգով ավարտեց հանդիպումը։ Ասում են` նա ինքնաբուխ երգում է այն միջավայրում, որը նրան հարազատ է դառնում առաջին իսկ րոպեներից։

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 558 անգամ