Գագիկ Հարությունյան. «Այս պատերազմի յուրահատկությունն այն էր, որ խաղաղ բնակչությունն ու կռիվը մի տեսակ միաձուլվել էին»

Gagik HarutyunyanՎավերագրող Գագիկ Հարությունյանն  Արցախյան պատերազմի վավերագրությունը սկսեց 1992 թ., երբ ռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ մեկնեց Արցախ նկարահանումների:

- Կարող եմ ասել, որ բաց չեմ թողել ռազմական որևէ կարևոր գործողություն՝ Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղի ազատագրումից  մինչև Մինբաշիրի գործողությունը 1994 թ.:  Նկարահանումներ եմ կատարել Արցախի բոլոր թեժ կետերում: Այդ ժամանակահատվածում իմ մեջ տպավորված ամենավառ կերպարը սովորական հայ զինվորն էր: Կարեն Գևորգյանն այն ժամանակ անընդհատ պահանջում էր նկարել դեմքեր` շարքային կռվող տղաների դեմքերը: Ժամանակն անցնում է, ու ես ավելի ու ավելի լավ եմ հասկանում, թե  որքան կարևոր էր դա: Այս պատերազմի յուրահատկությունն այն էր, որ խաղաղ բնակչությունն ու կռիվը մի տեսակ միաձուլվել էին: Կային դրսևորումներ, որ հատուկ էին միայն այդ տարածաշրջանին, արցախցուն: Եվ դա բնական էր. արցախյան գյուղերի միջին տարիքն ամենաքիչը 700-800 տարի է: Հետևաբար նրանք իրենց հողին կպած ժողովուրդ են: Այդ առումով մեզնից շահեկանորեն տարբերվում են, և դա ես փորձել եմ ընդգծել իմ «Մուսա լեռից Խնապատ» ֆիլմում: Այս պատերազմն իր բնույթով իսկապես հայրենական էր, հայրենիքի, հողի պաշտպանության համար, ու մեզ այս անգամ հաջողվեց հաղթել ու պահել այդ հողը:

- Իսկ ի՞նչ կասեք  մեր հակառակորդի մասին, ինչպիսի՞ն էր նա  մարտի դաշտում, որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, թե ադրբեջանցի զինվորը վախկոտ է:

- Ես կարող եմ պատմել այն, ինչ տեսել եմ իմ աչքերով: Ադրբեջանցի զինվորներից շատերը տարբեր տեղերից հավաքված ու Ղարաբաղի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ էին: Նրանցից շատերը ցանկություն չունեին կռվելու:  Չեմ կարող ասել՝ վախկոտ էին, թե ոչ: Մարդն ամեն տեղ մարդ է, բայց այն, որ  հայ և ադրբեջանցի զինվորների բարոյահոգեբանական կեցվածքների միջև հսկայական տարբերություն կա, անվիճելի է: Կուզեի հիշել Խոջալուի պատմությունը, որի շուրջ նրանք անընդհատ վայնասուն են բարձրացնում: Ես մի ընկեր ունեի՝ Արկադի անունով: Մի անգամ հարցրի նրան Խոջալուի գործողության մասին, որովհետև իմ հիշողությամբ նա պետք է մասնակցած լիներ այդ գործողությանը, որովհետև հենց այդ կողմերում էր կռվում: Պարզվեց` չի մասնակցել գործողությանն այն պատճառով , որ Արկադի Տեր-Թադևոսյանը նրան և մի քանի տղաների պատժել է, որովհետև  առանց հրամանի մտել ու դատարկել են ադրբեջանական գյուղը: Այսինքն` մարդկային սուղ ներուժի ու  պատերազմի այդ դաժան պայմաններում անգամ հայ հրամանատարը պահպանում էր կարգ ու կանոնն ու մարդկայնությունը: Խոջալուում ադրբեջանցի խաղաղ բնակիչների համար մերոնք միջացք են բացել, որովհետև գործողությունը պետք է իրականացվեր շատ արագ, իսկ ռազմական արվեստում այդպես է, եթե ուզում ես արագ նպատակիդ հասնել, պետք է ժողովրդին անմիջապես դուրս բերես: Եթե խնդիր ես դնում քո առաջ սպանդ իրականացնել, շատ ավելի ուժեղ հակահարված ես ստանում և դժվարացնում ես քո խնդիրը: Խոջալուի բնակիչներն ընկել էին ադրբեջանցիների Աղդամից ուղղված կրակահերթի տակ, և այդ մասին նշվել է բազմիցս: Ի վերջո, նրանց խոշտանգված դիակները ադրբեջանական տարածքում էին հայտնաբերվել, իսկ սեփական դիակները խոշտանգելն ու թալանելը հեռու չէր ադրբեջանցիներից: Նման բաների մենք ականատես ենք եղել բազմիցս:

- Ինչպիսի՞ ֆիլմերի վերածվեցին այդ տարիներին իրականացված նկարահանումները:

- «Պատերազմ առանց մեկնաբանության» տասը մասից բաղկացած ֆիլմը Կարեն Գևորգյանի գլխավորությամբ մեր ողջ թիմի լուրջ աշխատանքն էր: Դրանից հետո ստեղծվեց «Երկընտրանք» ֆիլմը, դարձյալ Կարեն Գևորգյանի նախաձեռնությամբ: Ավելի ուշ ես նկարահանեցի «Այր ու հացը», որը նվիրված է այն կանանց, որոնք պատերազմում կորցրին իրենց տղամարդկանց ու պատերազմից հետո ստիպված էին մենակ տանել կյանքի ծանր բեռը: Ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» մշակութային կենտրոնում, և ի զարմանս ինձ այն չափազանց ջերմ ընդունեց հատկապես երիտասարդությունը: Կարծում եմ` նման ֆիլմերի մեծ բաց կա այսօր մեր հեռուստաէկրաններին:

Մի քանի տարի առաջ փորձեցի նկարահանել նովելներ: Դրանցից մեկը՝ «Ինչպես է դա եղել»,  նվիրված էր Արկադի Տեր-Թադևոսյանին: Ֆիլմը նկարահանելիս միասին մեկնեցինք Տող գյուղ, որտեղից նա սկսել էր իր գործունեությունը: Արկադի Իվանիչը Տող էր մեկնել  իբրև բնակարան վերանորոգող: Բնակարանը վերանորոգում էին, իսկ գիշերները, ինչպես ասում են, ձեռքի հետ կազմում էին գործողությունների քարտեզները: Նա հրաշալի մարդ է, չափազանց համեստ: Երբ  պատմում է, թե ինչպես հայտնվեց այս պատերազմում, հումորով ասում է. «Թոշակի էի անցել, տանը  նստած`  չգիտեի ինչ անել, ես էլ որոշեցի գնալ պատերազմ»: Ես կարծում եմ, որ հրաշալի սպաներ մենք շատ ունենք, բայց խաչը հայտնվեց Կոմանդոսի գլխին, և հենց նա դարձավ այս պատերազմի գլխավոր հերոսներից մեկը:

Gagik Harutyunyan2Երկու տարի առաջ Գագիկ Հարությունյանն ավարտեց իր հեղինակային «Մուսա լեռից Խնապատ» ֆիմը, որում զուգահեռներ է անցկացրել Մուսա լեռան և Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի միջև: Երկու հերոսական պատմություն փակուղու մեջ հայտնված, բայց հրաշքով փրկված հայկական երկու բնակավայրերի մասին: Ֆիլմը հաջողությամբ ներկայացվել է տարբեր երկրներում: Հեղինակի «Գութաներգ» նախագծի հետ միասին սույն թվականի մայիսին այն ներկայացվեց նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում: 

- Կաննի կինոշուկայում «Գութաներգը» ներկայացրեցի որպես փորձնական ծրագիր: Ես փորձում էի գտնել համագործակցության հնարավորություն և  Կոմիտասի լեզվով ներկայացնելով մեր մշակույթը` մտնել եվրոպական կինոշուկա: «Գութաներգը» մի եզակի աշխատություն է, որն  ուղիղ 100 տարի առաջ Կոմիտասը թարգմանել է տվել ֆրանսերեն և ցանկացել է այն ներկայացնել Ֆրանսիայում: 39 տպագիր էջ, չափազանց հետաքրքիր մի աշխատանք: Գութաներգեր շատ կան Հայաստանում, բայց Կոմիտասին գրավել է  հատկապես Մշո գութաներգը, որին ծավալուն աշխատություն է նվիրել: Այս պատմությանն է նվիրված  ֆիլմը:

Կաննում ես որոշեցի իմ խնդիրն ավելի բարդացնել. ցանկություն ունեմ նախագծում ներգրավել համաշխարհային արվեստի այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Պենդերեցկին, Մոնսերատ Կաբալիեն, Սպիվակովը : Սպիվակովը հրատարակել է Զարեհ Սահակյանցի աշխատությունը, որում «Գութաներգը» հարմարեցվել է դասական լարային գործիքներին: Ես մասնագետ չեմ, բայց լսելով այդ ստեղծագործությունը` ցնցվում եմ: Սա մեր երաժշտության, մասնավորապես Կոմիտասի հզորությունն է, որը մենք պետք է պատշաճ կերպով օգտագործենք և դրանով շարժվենք առաջ»:

2011 թ. Մոսկվայում կայացած «Ռադոնեժ»  հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնում  ռեժիսոր և պրոդյուսեր Արման Գասպարյանի «Հայկական հաց» ֆիլմի համար Գագիկ Հարությունյանն արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

- Այս ֆիլմում թվում է, թե հերոսուհին պատմում է իր անձնական ցավի մասին, բայց յուրաքանչյուր անհատի ցավի մեջ նաև ընդհանուրի ցավն է :  «Հայկական հացը» մեր ժողովրդի մեծ ցավի մասին է:

Խաչատուր Դադայանի աշխատությունների հիման վրա նպատակ կա  համացանցում ստեղծել ֆիլմաշար  հայկական կապիտալի պատմության մասին: Մեր այսօրվա գործարարնեը պետք է ծանոթանան այդ պատմությանը, որովհետև առանց պատմությունը հասկանալու և վերլուծելու` հնարավոր չէ առաջ շարժվել: Ցավոտ մի բան կա այսօրվա մեր իրականության մեջ, որն ավելի նկատելի է, երբ դրսից ես նայում այդ իրականությանը. մեր հասարակությունը չի փորձում զարգանալ, դրա համար ջանքեր չի ուզում գործադրել:

Գիտեք, իմ կարծիքով մեր պատմության մեծագույն դժբախտությունն այն է, որ չենք կարողանում հասարակություն դառանալ, պարզապես չենք  հասցնում: Տեսեք՝ 1915 թվականից 37 թիվ,  37-ից 41 թիվ: Ժամանակ կա՞ր, որ հասցնեինք շնչել, չկար, չէր ստացվում: Հանգստության առումով համեմատաբար երկար ժամանակահատվածը 45-80-ականներն էին, երբ մեր ազգը, լավ կամ վատ, կարողացավ հավաքել իր ուժերը, կազմակերպվել որպես հանրություն:

- Այսինքն` 80-ականների ազգային զարթոնքի համար ինչ-որ առումով պարտական ենք այդ տարիների՞ն:

- Ավելի շուտ ես կասեի՝ այդ տարիների կայունությանը: Այլ խնդիր է, թե ինչ գնով է տրվել մեզ այդ կայունությունը: Ես ինքս բռնադատվածի ընտանիքի ժառանգ եմ, հայրս աքսորվել է 1933 թ.: Շատ լավ պատկերացնում եմ այդ զրկանքները, որոնց միջով անցավ մեր ողջ ժողովուրդը: Այնպես որ այդքան էլ երջանիկ չէին այդ 70 տարիները, բայց փաստ է, որ հենց այդ տարիներին մեր երկրում զարգացավ կրթությունն ու գիտությունը, ժողովուրդը սկսեց շնչել, ձևավորվել որպես ազգ, ինչի դրսևորումն էր  նաև 1988-ը:

Ալիսա Գևորգյան

 

Դիտվել է 618 անգամ