Հայաստանյան Հոլիվուդ, որ աննախադեպ հեռանկարներ և 8-10 հազար աշխատատեղ է խոստանում Հայաստանին. կդառնա՞ այն իրականություն

KenDavitianԱրտասահմանցի կինոարտադրողների համար Կովկասն էկզոտիկա է։ Հարուստ ու բազմազան բնություն, արտասովոր ռելիեֆ, հետաքրքիր միջավայր, ինքնատիպ ճարտարապետություն։ Ռեժիսորները հաճախ Կովկասում հանպատրաստից գտնում են այն, ինչ ֆիլմի նկարիչը պատկերել է իր համակարգչում։ Բացի այդ, Կովկասում ֆիլմ նկարելն ավելի էժան է նստում, եթե անգամ հատուկ տաղավարներ կառուցվեն։ Պարզ  է. աշխատուժն անհամեմատ էժան է, քան Եվրոպայում կամ Ամերիկայում։

Բայց հաճախ արտասահմանցի կինոարտադրողները գալիս կանգնում են Հայաստանի ու Վրաստանի սահմանին, երկմտում՝ ո՞ւր գնալ, հետո կողմնորոշվում և ուղղվում են դեպի Վրաստան։ Պատճառն այն է, որ մենք կինոյի մասին օրենք չունենք։ Իսկ օտարերկրացիներն առաջնորդվում են  հստակ օրենքներով ու պայմանագրերով. ի՞նչ է պահանջում նրանցից այն  երկիրը, որտեղ իրենք պատրաստվում են նկարահանումներ անցկացնել, իրե՞նք ինչ կարող են պահանջել  այդ երկրից, հարկային ու մաքսային ի՞նչ դաշտ կա  տվյալ երկրում: Հայաստանում այս հարցերն օրենքով կանոնակարգված ու հստակեցված չեն։ Ուստի օտարերկրյա ներդրողները շրջանցում են Հայաստանը։ Ի վերջո, նրանց համար միևնույն է՝ որ երկրում կաշխատեն. Կովկասը Կովկաս է։ Մʹենք պետք է շահագրգռված լինենք, որ Հայաստանը գրավիչ դարձնենք նրանց համար, իսկ դրա ամենագլխավոր նախապայմանը օրենսդրական պարզ ու մատչելի դաշտն է՝ զերծ  քաշքշուկներից  ու ավելորդություններից։ Գործնական պարզ հարաբերություններ. սա է ամերիկացիների ուզածը։

Հուլիսի առաջին օրերին ԱՄՆ-ից Հայաստան են եկել Hollywood Film Partners-ի հիմնադիր-պրոդյուսերներ Քեն Դավիդյանն ու Արսեն Բաղդասարյանը։ Քեն Դավիթյանին շատերը ճանաչում են որպես հայտնի կատակերգակ դերասան։  Նա խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում։ Մեկ տարի առաջ է հիմնադրվել նրանց ընկերությունը։ Երրորդ համախոհն ու գործընկերը Արա Խաչատրյանն է՝ դարձյալ ԱՄՆ-ից։ Երեքով ստեղծելով Hollywood Film Partners-ը՝ նրանք իրենց թիկունքում ունեն մի հեղինակավոր հայի հովանավորությունը, որի անունը չեն տալիս, բայց որը հորդորել է Քենին ու Արսենին գնալ Հայաստան, համապատասխան մարդկանց գտնել ու ներկայացնել իրենց նոր նախագծերը։

- Ինչո՞ւ հենց Հայաստան եկաք, մանավանդ որ տեղի կինոյի ոլորտին ծանոթ չեք, ոչ մեկին չեք ճանաչում ու անորոշության մեջ եք արդեն 10 օր։

 Քեն Դավիթյան- Այն մարդը, ավելի ճիշտ՝ այն հայը, որն ուղղորդեց մեզ Հայաստան, ասաց. «Գնացեք, փորձեք, եթե ստացվի, շատ լավ։ Իսկ թե չստացվի, գոնե կիմանանք, որ ձեռքներիցս եկածն արել ենք մեր հայրենիքում ներդրումներ անելու համար։ Իմ ժողովուրդը աշխատասեր է, բանիմաց, պարզապես ինքնադրսևորվելու նպաստավոր պայմաններ չկան։ Ամեն ինչ անենք, որ հայ մասնագետները համախմբվեն, հայենիքում մնան, աշխատեն, արտադրանք տան ու աշխարհը հետաքրքրվի  նրանցով»։

Աշխարհում շատ հեղինակավոր հայեր կան, որոնք լուրջ դիրք են զբաղեցնում։ Կինոյի ոլորտում էլ են նրանք հայտնի։ Թերևս չկա ամերիկյան մի ֆիլմ, որի ենթագրերում չկարդանք հայի անուն-ազգանուն։ Եթե մի ոլորտում հայ կա, նա գտնում է մեկ ուրիշ հայի, նրան թիկունք դառնում, հետո երկուսով գտնում են երրորդ հային, ու այդպես հայերով համախմբվում են։ Նրանց մեջ արյունն է խոսում, որ հիշողություն, անցյալ ունի։

-Կարելի՞ է ասել, որ Դուք էլ եք համախմբվել հենց այդ նպատակով՝ փնտրել ու գտնել հայերի, նրանց համար աշխատանքի պայմաններ ստեղծել։ Բայց դա ուզում եք իրագործել Հայաստանում։

Քեն Դավիթյան - Այո՛, հենց այդ նպատակն ունենք։ Մեր ընկերությունը մտադիր է աշխարհի տարբեր երկրներում 13 մասնաճյուղ ստեղծել՝ կինոստուդիաներ` Universal Studios-ի օրինակով։ Ինչո՞ւ 13-ից մեկն էլ Հայաստանում չլինի։ Ինչո՞ւ չջանանք, որ մեր հայրենիքում աշխատանքի լավ պայմաններ ստեղծվեն, կինոյի ամերիկացի մասնագետները համագործակցեն հայերի հետ, համաարտադրություններ ստեղծվեն։ Իհարկե, լավ կլինի, որ դրսում աշխատող կինոօպերատորները, սցենարիստները, դերասանները, ռեժիսորները գան Հայաստան ու այստեղ աշխատեն։ Չափանիշները շատ բարձր են լինելու՝ ամերիկյան որակ, որպեսզի արտադրանքը դուրս գա միջազգային շուկա ու եկամուտներ ապահովի։

Հիմա մենք եկել ենք Հայաստան ու մեծ կինոստուդիա բացելու նախագիծն ուզում ենք ներկայացնել համապատասխան մարդկանց։ Մենք չենք եկել ֆինանսական աղբյուրեն որոնելու։ Ամեն ինչով ապահովված ենք. մնում  է միայն օրենսդրական ու հարկային դաշտերն ուսումնասիրել։  Գիտեք, որ ամերիկացիներն օրենք սիրող մարդիկ են, սևով սպիտակի վրա պիտի գրված  լինի ամեն ինչ, պայմանագրեր ստորագրված լինեն, որպեսզի համաձայնեն Հայաստանում աշխատել։

- Բայց մի՞թե չգիտեք, որ մեր երկիրը կինոյի մասին օրենք չունի։ Ի՞նչ երաշխիքներով եք եկել Հայաստան։ Ի վերջո, բոլորը գիտեն ամերիկացիների բնավորությունը. նրանք մեկ անգամ են շանս տալիս. կարողացար օգտագործել ու հաջողել` կեցցես, եթե ոչ, սխալները շտկելու երկրորդ հնարավորություն չեն տալիս, առանց երկար-բարակ մտածելու գործ կբռնեն մեկ ուրիշի հետ։ Նրանց ամեն ցենտը հաշված է, ու երբեք առանց երաշխիքների փողը քամուն չեն տա։

Արսեն Բաղդասարյան - Ճիշտ եք, ամերիկացիները շատ հաշվենկատ են ու գործնական։ Այդ սկզբունքով է պայմանավորված ամերիկյան կինոյի հաջողությունը։ Մենք այստեղ պարզեցինք, որ Հայաստանը կինոյի մասին օրենք չունի։ 10 օր է այստեղ ենք, բազմաթիվ լրատվամիջոցներ են հետաքրքրված մեզնով. պիտի գտնենք այն պատասխանատուներին, որոնք կկարողանան պատասխանել մեր հարցերին ու հստակ ասել՝ հնարավո՞ր է Հայաստանում մեծ կիոստուդիա բացել ու աշխատել ամերիկացիների հետ։ Մենք պատրաստ ենք մեծ ներդրումներ անել, բայց պիտի հստակ իմանանք, որ մեր ծախսածը վերադառնալու է մեզ, օգուտ է բերելու թե՛ մեզ, թե՛ տեղացիներին։ Քենը ոգևորված է. նա լսել է, որ Դիլիջանում միջազգային բարձրագույն դպրոց է բացվելու։ Արդեն պատկերացնում է, թե ինչ հրաշալի ծրագիր կստացվի. դպրոց, կողքին՝ ստուդիա, հաջորդիվ՝ հյուրանոցային համալիր, ժամանցի վայրեր, որտեղ կգան մեծ թվով կինոգործիչներ, ու կստեղծվի ուսումնաարտադրական մի փոքրիկ քաղաք, որը մեծ թվով զբոսաշրջիկներ կբերի Հայաստան։

- Փաստորեն, արդեն հստակ ծրագիր ունեք։

Քեն Դավիթյան - Մենք բիզնես պլան ունենք։ Hollywood Film Partners-ը համագործակցում է բազմաթիվ մեծ ընկերությունների հետ՝ սկսած Sony-ից։ Մեր ֆիլմերի բյուջեն սկսվում է 5 մլն դոլարից, իսկ ամենաթանկը 130 մլն է։ Կիոստուդիաներ հիմնելու յուրաքանչյուր նախագիծը կարժենա 300 մլն դոլար։ Եթե ծրագիրն իրականացվի, Հայաստանում կստեղծվի 8-10 հազար աշխատատեղ։ Ես լավ եմ ճանաչում իմ ազգակիցներին. տուր նրանց նպաստավոր պայմաններ, և նրանք կաշխատեն, լավ որակ կտան։ Հայերն ամեն ինչից փող են սարքում։

- Դուք շահագրգռված եք նաև, որովհետև հայ եք և ուզում եք ձեր ազգակիցներին, այսպես ասած, լավություն անել, ճի՞շտ եմ հասկանում։

Արսեն Բաղդասարյան - Այո՛, իսկ ինչո՞ւ ոչ։ Մեզ ասվել է՝ ստուդիան պետք է հիմնվի կաʹմ Հայաստանում, կաʹմ Դուբայում։ Բայց մեր ցանկությունն է, որ այս հնարավորությունից  հայերը, հայաստանցիներն օգտվեն։ Ամեն կերպ ուզում ենք այստեղից ԱՄՆ գնալ լավ նորություններով ու ամերիկացիներին ներկայացնել հետագա համագործակցության նախնական պայմանավորվածությունը։ Եթե այդ նախադրյալներն ունենանք, ամերիկացիներին կարող ենք համոզել 13 ստուդիաներից մեկն էլ Հայաստանում հիմնել։ Կա հայերի մի նոր սերունդ, որը բոլորովին այլ մտածողություն ունի։ Տեսնելով շնորհալի մարդու՝ այդ հայը ձեռք է մեկնում նրան ու քաշելով բարձրացնում աստիճանով։ Երբ  արդեն իրենից բարձր է կանգնած, հիմա էլ նա է ձեռքը պարզում, որ իրեն օգնողն էլ բարձրանա այդ աստիճանով, ու այդպես շարունակ։ Այդ նոր հայի համար խորթ են նախանձն ու չկամությունը. նա շատ գործնական է, ու դա հրաշալի է։ Հին ու անիմաստ պայքարի ձև է կանգնել աստիճանին ու ոտքով հրել-գցել քեզնից ցածր կանգնածին։

- Դուբայում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ Ձեզ համար։ Ի վերջո, անհերքելի է` Էմիրաթները Հայաստան չէ։ Բայց դուք պատրաստ եք այստեղ էլ  ամեն ինչ սկսել զրոյից, որովհետև սա ձեր հայրենիքն է։

Քեն Դավիթյան - Հայրս գերմանական ճամբարից եկել է Ամերիկա ու ամեն ինչ սկսել զրոյից։ Աղբ հավաքող է եղել։ Մեկ դոլար, հետո՝ երկու, երեք։ Ու այսպես, հարստացել է։ Հայը չի վախենում ամեն ինչ նորից սկսելուց։ Ես էլ եմ սկզբում հորս բիզնեսով զբաղվել, աղբ եմ հավաքել Ամերիկայի փողոցներում, բայց գիտեի, որ իմը կինոն է։ Փոքր դերեր, հիասթափություններ, հետո նորից աղբահավաքություն, դարձյալ դերեր, մինչև որ դարձա Քեն Դավիթյան։ Ես ուզում եմ տեսնել այն մարդուն, որի աչքերում կրակ կա, որը կհավատա այս նախագծին ու կկանգնի մեր կողքին։ Այդ կրակն է պակասում հայերի աչքերում, բայց հենց այդ կրակն է ամեն ինչի սկիզբը։

- Բացի կինոստուդիա հիմնելու գաղափարից, հայկական թեմայով կինոնախագիծ չե՞ք ուզում իրականացնել։

Արսեն Բաղդասարյան - 2016-ին ուզում ենք ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել։ Սցենարը չեմ պատմի, բայց կասեմ, որ պիտի աշխարհին ներկայացնենք հզոր, հերոսական հայի կերպար, որի սրտում վրեժի կրակ կա։ Այդ հերոսն այնպիսին է լինելու, որ բոլոր ազգերի կինոդիտողները տեսնեն նրան ու իրենք էլ բարբարոսի նկատմամբ վրեժով լցվեն։ Մենք մտադիր չենք եղեռնի փաստը ներկայացնել սպանդի արյունալի տեսարաններով։ Այդ ֆիլմը պետք է լինի մեր  «Շինդլերի ցուցակը»։ Իսկ մինչ այդ նկարահանելու ենք հայկական թեմայով գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ «Հարսանեկան գորգը»։ Տողատակում դարձյալ ցեղասպանության թեման է լինելու։ Տատն իր թոռանը պատգամում է գտնել իր հարսանեկան գորգը, որ Արևմտյան Հայաստանում՝ իր հայրենիքում, նվիրել են իրեն, բայց որն անհետացել է։ Հերոսը գորգի հետքերով գալիս է Հայաստան։ Այստեղ որոշ արկածներ է ունենում, հետո գնում է Թուրքիա ու ընտանեկան գորգը գտնում մի թուրքի տանը։ Թուրքը հրաժարվում է այն վաճառել, որովհետև գնորդը հայ է։ Դեպքերն այնպես են ծավալվում, որ թուրքը համոզվում է` գորգը հային է պատկանում և անարդարացիորեն է հայտնվել իր տանը։ Թուրքը ոչ թե վաճառում է, այլ նվիրում է գորգը հային, որը դառնում է նրա հարսանեկան խորհրդանիշը։ Տեսեք, ֆիլմում չկա ցեղասպանության պատկեր, բայց կա ցեղասպանության հետևանք-պատմություն։

Ֆիլմում շատ հայեր են խաղալու, նրանցից մեկն էլ Քենն է։ Նկարահանումների մի մասն էլ Հայաստանում են իրականացվելու։ Սցենարի հեղինակներն էլ են հայ՝ Լիոն Ալեքսանդր և Ջորջ Մավյան։ Սցենարն ամերիկացիներն են վերամշակել, որպեսզի իրենց չափանիշներին համապատասխան լինի ու հետաքրքրի նաև օտարերկրացիներին։ Ամերիկյան ֆիլմ է. շահույթն ամենակարևորն է։

Լոս Անջելեսից եկած Քեն Դավիթյանն ու Արսեն Բաղդասարյանը կարճ ժամանակ ունեն այստեղ համախոհներ ու գործնական մարդկանց գտնելու համար։ Քենը հորդորում է. «Հայն իր երկրում բնական հանածոներ չունի, որ վաճառի ուրիշներին ու դրանով ապրի։ Մեր միակ հարստությունը մեր խելքն է. ճիշտ ու տեղին օգտագործենք մեր բնատուր խելքը»։

Հարցազրույցը` Նաիրա Փայտյանի

 

Դիտվել է 803 անգամ