«Ոսկե ծիրանը» երևանյան թեժ կինոմթնոլորտ է խոստանում

oske-ciran-mijazin-1-n51086-1«Ոսկե ծիրանը» երևանյան փառատոն է և հյուրերին հնարավորինս լավ ներկայացնելու է մեր մայրաքաղաքը: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նկատում է, որ «Ոսկե ծիրանի» օրերին զբոսաշրջությունն ակտիվանում է. դա փաստում են նաև տուրիստական գործակալությունները: Փառատոնի մասնակիցները հետո աշխարհում մեր գովքն են անում ու իրենց ընկերներին խորհուրդ տալիս տեսնել Հայաստանն ու «Ոսկե ծիրանը»:
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրանի» կողքին է ու պատրաստվում է հետագայում ավելի մեծ ներգրավվածություն ունենալ: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը վատ գաղափար չի համարում Երևանի մասին ամբողջական ֆիլմ ստեղծելն ու ներկայացնելը փառատոնի հյուրերին, որպեսզի նրանք ավելի շատ տեղեկություններով հեռանան մեր երկրից: Դա ինքնին քարոզչական ու ճանաչողական նշանակություն կունենա:
Կարապի լճի մեծ էկրանը փառատոնի օրերին կցուցադրի տարբեր ֆիլմեր: Եկող տարի էկրաններ կտեղադրվեն Երևանի մյուս վարչական շրջաններում ևս, որպեսզի կինոմթնոլորտին հաղորդակից դառնան ավելի մեծ թվով երևանցիներ:
«Ոսկե ծիրանը» հուլիսի 13-ին կմեկնարկի ավանդական Ծիրանօրհնեքով, որ նախատեսված է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի կունենա Յուրի Գարմաշի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Փարաջանովին:
Սերգեյ Փարաջանովի արվեստը «Ոսկե ծիրանի» մի շարք նախագծերի առանցքում է: Մարտին Սկորսեզեի ձեռնարկած հիմնադրամի կողմից վերականգնված «Նռան գույնը» ֆիլմով կբացվի փառատոնը, այնուհետև հանդիսությունը կշարունակվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կներկայացվի փարաջանովյան թեմաներով գեղարվեստական ինստալյացիոն ծրագիր: Փառատոնի եզրափակիչ ֆիլմը ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի՝ Կաննի մրցանակակիր «Հրաժեշտ լեզվին» ֆիլմն է:
«Ոսկե ծիրանի» մրցութային և արտամրցութային ծրագրերը կներկայացնեն 49 երկրների 300 ֆիլմ: Փառատոնի կազմակերպիչները բոլոր միջոցառումներից ու ծրագրերից վեր են դասում կինոդիտումները: Ի վերջո, «Ոսկե ծիրանը» Հայաստան է բերում մեծ կինոյի բարձրարվեստ նմուշներ, փառատոնային ֆիլմեր, որոնք մասնագիտական բարձր շրջանակներում անցաթուղթ են ստացել և ինքնատիպ կինոմտածողության որակումը վաստակել:
Երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, հարգանքի տուրք, հայկական, ուկրաինական, գերմանական ընտրված ֆիլմերի ծրագրեր. գերնպատակը կինոմթնոլորտ ստեղծելն ու հատկապես երիտասարդներին լավ կինո դիտելու հնարավորություն ընձեռելն է: Դրանից բացի, մեր ռեժիսորներն ու սցենարիստները հնարավորություն են ունենում շփվելու օտարերկրացի կինոգործիչների հետ. ծնվում են համագործակցության նոր գաղափարաներ: Փառատոնի հյուրերը ցանկություն են հայտնում հայկական մի շարք ֆիլմեր ցուցադրել դրսի փառատոներում: Այս ամենին գումարվում են վարպետության դասերը, որ անց են կացնում մեծ կինոյի հայտնի գործիչները:
«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ կինոփառատոնը խոստանում է, որ եկող շաբաթ հուլիսյան Երևանում թևածելու են մեծ կինոյի շունչն ու տրամադրությունը:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 240 անգամ