Հարություն Խաչատրյան. «Նրբաճաշակ հանդիսատեսի քիմքին հարմար շատ ֆիլմեր կան, մնում է, որ բոլորը ժամանակ տրամադրեն ու նայեն  ֆիլմերը»

Harutyun KhachatryanՀուլիսի 13-20-ը Երևանում կկայանա «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Բազմաթիվ արվեստասերների ամենասիրված ու սպասված մշակութային իրադարձության մասին «Կինոաշխարհը» զրուցել է փառատոնի գլխավոր տնօրեն  Հարություն Խաչատրյանի հետ:

 - Արդեն 11-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դառնում է ամառային Երևանի անբաժանելի մասը,  բազմաթիվ արվեստասերներ մեկ շաբաթ վայելում  են տարվա ամենասիրված ու սպասված մշակութային  տոներից մեկը: Պատասխանատվության հսկայական բեռով այդ հրաշալի կինոմթնոլորտը  կարողանո՞ւմ է արդյոք վայելել միջոցառման հիմնական պատասխանատուն:

- Կարծում եմ` պատասխանատու ոչ մի անձ իր աշխատանքն ամբողջությամբ չի վայելում ընթացքում: Վայելում ես  հետո, երբ ամեն ինչ ավարտված է, երբ տեսնում ես մարդկանց, որոնք գոհ ու երջանիկ են այդ ֆիլմերը դիտելուց, կինոյի հրաշալի վարպետների հետ շփվելուց հետո: Երբ տեսնում ես երիտասարդների, որոնք վերլուծում, քննադատում կամ ֆիլմերից հատվածներ են պատմում միմյանց: Այդ ժամանակ ես հասկանում, որ արել ես մի գործ, որի համար երջանիկ ես: Իսկ փառատոնին նախորդող երեք ամիսները, բուն փառատոնի օրերն ու դրան հաջորդող 15 օրերը (երբ փակում ես պարտքերդ, փորձում ես բուժել ստացած վիրավորանքներն ու վերքերը, մարսել նկատողությունները, ինչու չէ, նաև գովեստները),  չափազանց լարված են: Ինչպես միշտ, այս անգամ էլ արվել է ամեն ինչ, որպեսզի ներկայացնենք ֆիլմեր, որոնք պատիվ կբերեին յուրաքանչյուր կինոփառատոնի: Հրաշալի ֆիլմեր են՝ իրենց փիլիսոփայությամբ, ուղղվածությամբ, որն ամեն տարի տաբեր է»:

- Փառատոնի կազմակերպիչներից Միքայել Ստամբոլցյանը վերջերս նշեց, որ եթե նախորդ տարի ներկայացված ֆիլմերում գերակշռում էր հայրեր-որդիներ բարդ հարաբերությունների թեման, ապա այս տարի  գերիշխում է բարոյական անկման խնդիրը: Կինոփառատոնը կարելի՞ է դիտարկել որպես հայելի  հասկանալու համար, թե ուր է գնում մարդկությունը, ինչ արժեքներով է ապրում այսօրվա անհատը, և ինչ արագությամբ են փոխվում արժեքային ընկալումները:

- Ես կասեի՝ ոչ թե փառատոնը, այլ կինոն ընդհանրապես: Փառատոնը կինոյի շարունակությունն է և ընտրում է այն,  ինչ կա շուկայում: Իրականում լավ ֆիլմերն այնքան էլ շատ չեն աշխարհում, տարվա ընթացքում 40-50 ֆիլմ. լավագույն դեպքում: Ընտրվում է այդ ֆիլմերի   60-70 տոկոսը, որոնք էլ շրջում են բոլոր փառատոներում: Այո, այդ ֆիլմերն արտացոլումն են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու տրամադրությունների:

- Ի՞նչ տրամադրություններ կան այսօրվա համաշխարհային կինոյում:

- Բարոյականության ճգնաժամի խնդիրն է այսօր արդիական կինոյում, միայնակության խնդիրը, երիտասարդների ու ավագների միջև խզված կապերը, հոգևոր ու մտավոր անհասկանալի կապերի փնտրտուքները: Աշխարհում մեծացել է փախուստի ցանկությունը, թվում է` երկրների միջև սահմանները բացվել են, բայց առաջացել են այլ սահմաններ: Կան հավերժ, կրկնվող  թեմաներ, կան այդ թեմաներին յուրահատուկ մոտեցումներ… Շատ բան կա կինոյում: Ֆիլմերը կնայենք, այդ ամենի մասին դեռ կհասցնենք խոսել:

- Ասում են` ժամանակակից արվեստը միտված է պարզունակության: Կա՞ նման բան կինոյում:

- Մի պահ կարծես վավերագրական կինոն գնում էր դեպի խոսքը, դեպի հեռուստատեսային հաղորդման ձևաչափը, պարզեցված գաղափարները, բայց վերջին շրջանում հեղինակային կինոն դարձյալ ավելի ընդգծված է դարձել, մարդկանց մեջ կուտակված անհանգստությունները սկսեցին արտահայտվել կինոլեզվով: Դրանք պարզունակ չեն կարող լինել, որովհետև հոգեվիճակները միշտ բարդ են: Աշխարհի վիճակն այսօր այնպիսին է, որ վավերագրական կինոն ավելի քան կարևորվում է: Ամեն ինչ անցնում է վավերագրական կինոյի միջով, բոլոր պատերազմները, մարդու միայնակությունը, այն մեծ սուտը, որ կոչվում է դեմոկրատիա, կեղծ արդարությունը, որը մեզ մատուցվում է: Վավերագրական կինոն ամեն ինչ արտահայտում է: Եթե խաղարկային կինոյի առանցքոմ անհատն է, ապա վավերագրական կինոյի հենքը գլոբալ խնդիրներն են: Երկուսն էլ շատ հետաքրքիր են:

- Ինչո՞վ է առանձնանում «Ոսկե ծիրանն» ընդհանրապես, և ինչո՞վ կառանձնանա հատկապես 11-րդ «Ոսկե ծիրանը»: Որո՞նք կլինեն փառատոնի ամենահետաքրքիր ու սպասված ակնթարթները:

- Ոսկե ծիրանը» հետաքրքիր  է նրանով, որ ներկայացնում է հեղինակային կինո և նպատակ չունի բավարարել  համի ու հոտի ինչ-որ անհասկանալի ճաշակներ: Այս փառատոնը բերում է ֆիլմեր, որոնք շատ բարդ են, գուցե անհասկանալի: Բայց այս տարիների ընթացքում ձևավորվել է հանդիսատես, որի համար հասկանալի են դրանք, սիրված ու սպասված: Այս տարի ավելի շատ նախապատվություն է տրվել ասիական կինոյին, որը վերջին տասնամյակին չափազանց հետաքրքիր է դարձել:  Այս տարի Հայաստան են գալիս  Տիա Շանգեն , Կիմ Կի Դուկը, կհույընկալենք Օթար Իոսելիանիին, որը Կովկասից տեղափոխվել է Եվրոպա: Կներկայացվեն նրա հին ու նոր ֆիլմերը: Կփորձենք համեմատականներ անցկացնել դրանց միջև: Նրբաճաշակ հանդիսատեսի քիմքին հարմար շատ ֆիլմեր կան, մնում է, որ բոլորը ժամանակ տրամադրեն ու նայեն այդ ֆիլմերը: Ամեն ինչ արվել է, որ դրանք մատչելի լինեն: Տոմսերը կվաճառվեն ընդամենը 500 դրամով, որպեսզի մեր աշակերտները, ուսանողները, ուսուցիչները, արվեստագետները կարողանան հնարավորինս շատ ֆիլմեր դիտել:

Փառատոնի օրերին, իհարկե, կլինեն վարպետության դասեր հետաքրքիր կինոգործիչների մասնակցությամբ: Դրանք կանցկացվեն ոչ միայն «Նաիրի» կինոթատրոնում, այլև «Թումո» կենտրոնում՝ պատանիների համար, ինչը չափազանց կարևորում եմ: Փառատոնի օրերին կնշվի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը, դա կնշանավորվի մի շարք միջոցառումներով: 11-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը Փարաջանովի վերամշակված ու թվայնացված «Նռան գույնն»  է, իսկ փակման ֆիլմը` Ժան Լյուկ Գոդարի՝ Կաննի կինոփառատոնում «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթած ֆիլմն է:

Ալիսա Գևորգյան

Դիտվել է 442 անգամ